Իսաո Տաքահատա (ճապ.՝ 高畑 勲, Տաքահատա Իսաո, հոկտեմբերի 29, 1935(1935-10-29)[1][2][3][…], Իսե, Միե, Ճապոնիա - ապրիլի 5, 2018(2018-04-05)[4][3][5][…], Տոկիո, Ճապոնիա[4]), ճապոնացի ռեժիսոր, անիմատոր, սցենարիստ ու պրոդյուսեր։ Համաշխարհային ճանաչում ու հարգանք է վայելում իր անիմեների համար։ Նրա գործերից են այնպիսի անիմեներ, ինչպիսիք են պատերազմական «Լուսատիտիկների գերեզմանոցը», ռոմանտիկ «Միայն երեկ»-ը, էկոլոգիական արկած «Պոմ Պոքո»-ն ու «Իմ հարևան Յամադաներ»-ը կատակերգությունը։

Իսաո Տաքահատա
Ի ծնե անուն՝高畑 勲
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 29, 1935(1935-10-29)[1][2][3][…]
Ծննդավայր՝Իսե, Միե, Ճապոնիա
Վախճանի թիվ՝ապրիլի 5, 2018(2018-04-05)[4][3][5][…] (82 տարեկան)
Վախճանի վայր՝Տոկիո, Ճապոնիա[4]
Քաղաքացիություն՝ Ճապոնիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, impresario, մուլտիպլիկացիոն տնօրեն, մուլտիպլիկատոր, պրոդյուսեր, թարգմանիչ, պրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0847223

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 9-ին։ 1959 թվականին ավարտել է Տոկիոյի համալսարանի ֆրանսիական գրականության դասընթացը։ Նա Հայաո Միյաձակիի հետ Գիբլի հանրահայտ ստուդիայի համահիմնադիրն է։

Աշխատանքը խմբագրել

Իսաո Տաքահատան ոգեշնչվել է ու որոշել անիմացիայով զբաղվել ֆրանսիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի վրա հիմնված «Le Roi et l'Oiseau» մուլտֆիլմից և ինքն իրեն հարց է տվել. «Իսկ հնարավո՞ր է նման բաներ անիմացիայով անել»։

Համալսարանում աշխատանք փնտրելիս Տաքահատան ընկերոջ առաջարկով ընդունվում է Toei Animation՝ աշախատելու որպես ռեժիսորի օգնական։ Հետաքրքրության համար նա մասնակցում է նաև կազմակերպության քննությանը, քանի որ արդեն այդ ժամանակ հետաքրքրված էր անիմացիայով։ Յուրօրինակ լուծումների համար Տաքահատային թույլ են տալիս միանալ Toei Animation-ին։ Տաքահատայի՝ միանալու որոշման պատճառն այն էր, որ «եթե սա անիմացիա լիներ, նույնպես հետաքրքիր կնայվեր»։ Նույն տարում Toei Animation-ում Տաքահատայից բացի ավելի քան 10 հոգի է սկսում աշխատել, որոնց մի մասն ուղարկված էր գլխավոր գրասենյակից։ Սա կատաղի մրցակցություն է ստեղծում սկսնակ ռեժիսորի համար. Տաքահատան դժվար ժամանակ է ունենում։

Իր առաջին ֆիլմը Տաքահատան նկարում է Յասուո Օցուքայի երաշխավորագրից հետո. վերջինս նրա ու Հայաո Միյաձակիի համատեղ ուսուցիչն էր։ Դա «Հոլս։ Արևի արքայազնը» անիմեն էր, որը շահույթ չբերեց։ Տաքահատան պատասխանատու էր անիմեի հաջողության համար, դրա պատճառով էլ կորցրեց իր պաշտոնը։ Որոշ ժամանակ նա չէր կարողանում նոր գործ սկսել, քանի որ նախկին թիմակիցների մեծ մասը պահպանում էին իրենց կարգավիճակն ու այդ ժամանակ աշխատում Toei-ի այլ նախագծի վրա։

1971 թվականին «Երկարագուլպա Պեպպին» անիմեն նկարելու համար Տաքահատան Հայաո Միյաձակիի ու Յոիչի Կոտաբեի հետ լքում է Toei Animation-ն ու միանում իրենց նախկին վերադասի՝ Դայկիչիրո Քուսուբեի հիմնած «A Production» (այժմ՝ «Shin-Ei Animation») ստուդիային։

Հեղինակից անիմե նկարելու թույլտվություն ստանալու համար նրանք Շվեդիա են ուղևորվում, սակայն Աստրիդ Լինդգրենը նրանց չի ընդունում ու, բնականաբար, թույլտվություն չի տալիս։ Հետագայում նրանք նկարեցին «Մեծ պանդա ու պուճուր պանդա» անիմեն, որի հերոսուհին իսկը Պեպպին էր։ Ուղևորությունն ամեն դեպքում անհետևանք չի մնում. Հայաո Միյաձակին, ոգեշնչվելով Շվեդիայի բնությամբ, ստեղծեց «Կախարդուհու առաքման ծառայությունը» անիմեն, որի երաժշտության ռեժիսորը Տաքահատան էր։

Նույն թվականին Տաքահատային ու Միյաձակիին առաջարկեցին ռեժիսոր դառնալ Մասաաքի Օսումիի «Լյուպեն 3» հեռուստատեսային անիմե սերիալի համար, քանի որ այն ցածր ռեյտինգ ու առատ սեքսուալ ու բռնության տեսարաններ ուներ։ Չնայած Միյաձակին ու Տաքահատան այն տեսքի բերեցին ու հաջողություն ապահովեցին՝ նրանց անուններն ամփոփվեցին «մի խումբ ռեժիսորների արտադրության» մեջ, իսկ հետագա սերիաների խմբագրմանը ներգրավվեց միայն Միյաձակին։

Հետագայում Zuiyo Enterprise հրավիրեց երեք ռեժիսորներին՝ Հեյդի նովելի հիման վրա անիմե նկարելու։ Արդյունքը «Հեյդին՝ Ալպերի աղջիկը» անիմեն էր։ Նկարչական իմաստով ստեղծողներն աշխատում էին եվրոպական բնապատկերները հնարավորինս ճիշտ ու մանրամասն նկարել, իսկ պատմության՝ չհեռանալ շվեյցարացիների ամենօրյա կյանքից ու քրիստոնեական կոնցեպցիայից։

Կազմակերպությունը ոտքի կանգնեց, վերանվանվեց Zuiyo Eizo (այժմ՝ Nippon Animation), և երկուսն էլ միացան նրան։

«3000 լիգա մամային փնտրելիս» անիմեն հիմնականում հետևում էր օրիգինալ պատմությանը, որի հիման վրա նկարվում էր, սակայն քանի որ այն նույնսիկ 100 էջի էլ չէր ձգում, Տաքահատան ընթացքում իր կողմից դրվագներ ու հերոսներ էր ավելացնում։ Գլխավոր հերոսը՝ Մարքոն, անկախ երեխա էր, որը թեթև էր տանում մեծահասակներին, իսկ մեծահասակները, թեպետ լավ մարդիկ էին, սերտորեն կապված էին քրեական աշխարհի հետ։ Սրանով Տաքահատան փորձում էր մոտեցնել անիմեն իրական աշխարհին։ Սակայն Կոտաբեն ու Միյաձակին հիասթափվեցին Տաքահատա-ռեժիսորից, նրանց դուր չեկավ այս անիմեն նկարելը, ու նրանք լքեցին Տաքահատային։

Տաքահատայի ամենաշատը սիրված անիմեներից մեկը՝ «Օմոհիդե Պորո Պորո (գրական` «Անձրևի կաթիլների նման թափվող հիշողությունները»)», Ճապոնիայում թողարկվել է 1991 թվականին, իսկ անգլալեզու հանդիսատեսի համար վերանվանվել է «Միայն երեկ»-ի։ Անիմեի նպատակային հանդիսատեսը մեծահասկաներն են։ Այն ներկայացնում է Տաեքոյի՝ միայնակ կնոջ կյանքն ու աշխատանքը Տոկիոյում։ Արձակուրդի ժամանակ Տաեքոն հետադարձ հայացք է նետում 1966 թվական, երբ նա դպրոցական աղջիկ էր, ու փորձում է այնտեղ գտնել իր ներկա խնդիրների արմատները ու լուծման բանալիները։

Տաքահատան էկրանավորեց նաև «Էննին՝ կանաչ տանիքներից» հայտնի ստեղծագործությունը, որ որպես անիմե ստացավ «Կարմրահեր Ան» անունը։ Անիմեում ավելի լավ, քան օրիգինալում, զարգացված էր խորթ ծնողների և երեխաների հարաբերությունները։

1982 թվականին Տաքահատան ընտրվում է «Փոքրիկ Նեմո» անիմացիայի համար որպես ռեժիսոր։ Ենթադրվում էր, որ անիմացիան պիտի Միացյալ Նահանգներ ուղևորվի։ Միյաձակիի ու Օցուքայի հետ (որն արդեն աշխատում էր Telecom ընկերությունում) Տաքահատան մեկնում է ԱՄՆ, սակայն ճապոնական ու ամերիկյան անիմացիոն տեխնիկաների միջև տարբերությունը ստիպում է Տաքահատային հրաժարվել աշխատանքից ու հեռանալ Telecom-ից։ Միյաձակին հետևում է ընկերոջը։

Միյաձակին հրավիրում է Տաքահատային միանալու Studio Ghibli ստեղծմանը, որը բացվում էր «Նավշիքաան հողմերի հովտից» անիմեի գրանցած հաջողությունից հետո։ Այնտեղ Տաքահատայի ստեղծած առաջին անիմեն «Լուսատիտիկների գերեզմանոցն» էր, որը քննադատների շրջանում մեծ հաջողություն է գրանցում, իսկ Ռոջեր Էբերտն ասում է, որ այն «երբևէ ստեղծված լավագույն ֆիլմերից է»։

2007 թվականի նոյեմբերի 4-ին Իսաո Տաքահատան Kobe Animation Awards մրցանակաբաշխությունում հատուկ մրցանակ է ստանում։

Ավելի քան տասը տարվա աշխատանքից հետո՝ 2013 թվականի նոյեմբերին, թողարկվում է Տաքահատայի դեռևս վերջին գործը՝ «Քագույա արքայադստեր հեքիաթը»։

Ազդեցությունն ու ոճը խմբագրել

Տաքահատայի վրա ազդեցություն են թողել իտալական նեոռեալիզմն ու ֆրանսիական 1960-ականների ֆիլմաարտադրության նոր ալիքը։ «Հեծանիվների գողերը» հիշատակվում են որպես «3000 լիգա մամային փնտրելիս» անիմեի ստեղծման վրա հատկապես շատ ազդած ֆիլմ։

Սա տարբերում է Տաքահատայի անիմեները մնացածներից, որոնք երևակայության վրա են կենտրոնացած. նրա ֆիլմերը, հակադրություն ստեղծելով, ռեալիստիկ են՝ էքսպրեսիոնիստական երանգներով։

Նեոռեալիզմն արտահայտվում է Տաքահատայի՝ ամենօրյա աշխարհիկ իրադարձությունների նկատմամբ առանձնակի ուշադրությամբ։ Հեռուստատեսային կարիերայի վաղ շրջանում նա հավատարմորեն հետևում էր եկեղեցի գնալու կամ շշերը մաքրելու աշխատանքի կամ էլ ֆերմերների՝ իրենց դաշտերում արվող գործի մանրամասն նկարագրություններին։ Որոշ բացառություններով՝ Տաքահատայի աշխատանքները ռեալիստիկ ու խորը դրամաներ են։

Ինչպես Միյաձակիի հետ, Տաքահատան ու Մայքլ Օչելոտը միմյանց ստեղծագործությունների մեծ գնահատողներ են։ Մինչ Մայքլ Օչելոտն «Պոմ Պոքո»-ն ու «Լուսատիտիկների գերեզմանոցը» դասում է իր սիրելի ֆիլմերի շարքին, Տաքահատան ասում է, որ Օչելոտի «Կիրիքուն ու կախարդուհին» գործը (որի ճապոներեն հնչունավորումն ինքն է ղեկավարել) դրական էմոցիաներ առաջացնող օբյեկտիվության առանցքային օրինակ է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսաո Տաքահատա» հոդվածին։