Ինլայթ

երիտասարդական ոչ-կառավարական, հասարակական կազմակերպություն

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն՝ ոչ կառավարական, հասարակական կազմակերպություն, որը հրապարակում և հանրայնացնում է երիտասարդ մասնագետների տեսակետներն ու հարցադրումները տարբեր ոլորտներին առնչվող վերլուծությունների տեսքով, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է բազմաբնույթ միջոցառումներ երիտասարդների կրթվածության մակարդակը բարձրացնելու և վերլուծական դաշտի զարգացումը խթանելու համար։

Ինլայթ
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայաստան
ԿարգախոսՀամարձակվի՛ր մտածել
Հիմնադրված2016
ՂեկավարԱննա Խաչյան
Անձնակազմ110
Կայքenlightngo.org

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը (նախկինում՝ Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը)՝ որպես նախաձեռնություն, ստեղծվել է 2013 թվականի հուլիսին մի խումբ երիտասարդների կողմից, 2016 թվականի հունիսին կայացել որպես հասարակական կազմակերպություն։ «Ինլայթ»-ի հիմնական նպատակն է՝ հանրային ֆունկցիոնալ մտքի կազմակերպումը։

Պատմություն խմբագրել

2008 թվականին Արեգ Քոչինյանը և Նիկոլայ Հարությունյանը համատեղ հիմնել են «Պատանի քաղաքագետների ակումբը», որը գլխավորապես բանավերճերի և քննարկումների հարթակ էր պատանիների համար։

2011 թվականին ակումբն անվանակոչվեց «Երիտասարդական վերլուծական կենտրոն», որի նպատակն էր բանավեճերի, քննարկումների, ինքնակրթության, ինքնազարգացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտներում առավել ակտիվ մասնակցության միջոցով պատրաստել իր անդամներին հետագա քայլերի իրականացման համար։

2013 թվականի հուլիսին ստեղծվեց «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» նախաձեռնությունը։ Նախաձեռնությունն նպատակ ուներ ապագա հասարակական կազմակերպության համար հավաքագրել հարկավոր ռեսուրսներ, մշակել և բանաձևել գաղափարները, նպատակները, սկզբունքները և տեսլականը, որը և իր հանգրվանին հասավ 2016 թվականի մայիսին։ Այդ ժամանակահատվածում նախաձեռնության անդամները մասնակցել, ակտիվորեն ներգրավվել, կազմակերպչական հարցերով աջակցել են տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին, որոնք ֆինանսավորվում ու իրականացվում էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ԵԱՀԿ-ի և այլ հեղինակավոր կառույցների կողմից և հովանու ներքո[1]։

2016 թվականի հունիսի 6-ին տեղի ունեցավ «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» (ԵՎՀԿ) հասարակական կազմակերպության պաշտոնական բացման արարողությունը։ Կազմակերպությունը ներգրավելով մասնագիտական տարբեր կողմնորոշումների եւ մտահորիզոնի տեր երիտասարդների, հրապարակում և հանրայնացնում էր նրանց տեսակետներն ու հարցադրումները տարբեր ոլորտներին առնչվող վերլուծությունների տեսքով։ Ինչպես նաև կազմակերպում և իրականացնում էր բազմաբնույթ միջոցառումներ[2]։ Կազմակերպության առաջին միջոցառումը՝ Վերլուծաբանների առաջին դպրոցը, որն իրականացվել է ԱՄՆ UGRAD հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպվել է 2016 թվականի օգոստոսի 22-ից 28-ը։

2017 թվականի հունվարի 14-ին տեղի է ունեցել կազմակերպության առաջին ֆորումը, փետրվարին մեկնարկել են #LiveTalks և #AcoyaTalks նախագծերը[3]։

2018 թվականի հոկտեմբերի 1-ին «Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ-ի անվանափոխության արդյունքում ձևավորվեց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ գործունեության ընդլայնված շրջանակով[4]։

Կառուցվածք խմբագրել

Կառույցի աշխատանքը համակարգվում է ըստ հետևյալ բաժինների՝

  • Վերլուծաբանների բաժին
  • Ասոցացված վերլուծաբանների բաժին
  • Խմբագիրների բաժին
  • Թարգմանիչների բաժին
  • Հասարակայնության հետ կապերի և մարկետինգի բաժին
  • ՏՏ բաժին
  • Աշխատակազմ

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի գործունեության և ղեկավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է Կազմակերպության բարձրագույն մարմնին` ժողովին։ Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններն են՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն խորհուրդը, նախագահը՝ փոխնախագահների հետ, վերահսկիչ հանձնաժողովը։ Այս մարմիններն ապահովում են «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն արդյունավետ ղեկավարումը, ինչպես նաև ղեկավարման մարմինների ներքին հավասարակշռումը։

Գործունեություն խմբագրել

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի գործունեությունը միտված է լրացնելու Հայկական վերլուծական (ուղեղային) կենտրոնների բացը և հանրայնացնելու մտածող երիտասարդության ձայնն առկա հիմնախնդիրների վերաբերյալ։ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը իր սեփական կայքերի և ԶԼՄ-ի միջոցով Հայաստանյան և արտասահմանյան լսարանին է ներկայացնում երիտասարդ վերլուծաբանների վերլուծությունները՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով։

  Մեր հիմնական նպատակն է դառնալ խոսափող ասելիք ունեցող երիտասարդների համար և այդ ասելիքը հասցնել հասարակությանը
- Արեգ Քոչինյան, ԵՎՀԿ նախագահ /2016-2018/
 

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի բոլոր հրապարակումները նախատեսված են լայն շրջանակների համար։ Վերլուծությունների հետազոտական ուղղություններն են՝ պատմություն, տնտեսություն, իրավունք, քաղաքականություն, միջազգային հարաբերություններ, փիլիսոփայություն, մշակույթ, արվեստ, կրոն, գրականություն և այլն։

Նպատակ խմբագրել

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի հիմնական նպատակն է հանրային ֆունկցիոնալ մտքի կազմակերպումը, որն իրագործելու համար կազմակերպությունը իր առջև դրել է հետևյալ նպատակներն ու խնդիրները՝

  • Հանրային շահառու կողմերի միջև հաղորդակցության կազմակերպում
  • Վերլուծական դաշտի կայուն զարգացում.
  • Ինտելեկտուալ առկա ներուժի նյութականացում՝ ի սպաս պետական և հանրային շահի

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի կարգախոսն է՝ «Համարձակվի՛ր մտածել»:

Գաղափարներ ու սկզբունքներ խմբագրել

 
ԵՎՀԿ

Կազմակերպության գաղափարական հենքը հայաստանակենտրոնությունն ու ազատականությունն է։ Կազմակերպության սկզբունքներն են՝

  • համահավասարություն
  • փոխգործակցություն
  • նախանձախնդրություն
  • արհեստավարժություն
  • հրապարակայնություն

Քաղաքական ուղղվածություն խմբագրել

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը ապակուսակցական կառույց է, այն չի հարում որևէ քաղաքական ուժի, հավասար հեռավորության վրա է բոլոր քաղաքական դերակատարներից և ուժային կենտրոններից։

Նախագծեր խմբագրել

Իր նպատակներին հասնելու և խնդիրները լուծելու համար «Ինլայթ»-ը մշակում և իրականացնում է համապատասխան ծրագրեր, դասընթացներ, դասախոսություններ, սեմինարներ, ժողովներ, գործնական պարապմունքներ, բանավեճեր, մրցույթներ և այլ միջոցառումներ։ Դրանցից են Վերլուծաբանների դպրոցը, #ԼiveTalks, #AcoyaTalks, Agora նախագծերը և այլն։

Վերլուծաբանների դպրոց խմբագրել

Երիտասարդության շրջանում ոչ ֆորմալ կրթության ճանապարհով վերլուծական և գիտական աշխատանքներ գրելու ունակությունները զարգացնելու նպատակով «Ինլայթ»-ը կազմակերպում է «Վերլուծաբանների դպրոց» ամենամյա ծրագիրը, որտեղ դասավանդում են ինչպես «Ինլայթ»-ի անդամները, այնպես էլ հայտնի մասնագետներ, ովքեր իրենց ոլորտում առաջատար և բարձրակարգ գիտելիքների կրող են և կարող են հնարավորինս օգտակար լինել երիտասարդներին։ Դասախոսություններն առնչվում են ոչ միայն վերլուծական հմտությունների զարգացմանը, այլ նաև տվյալ շրջանում հանրությանը հուզող արդիական խնդիրներին և մարտահրավերներին։

#LiveТalks խմբագրել

  • #LiveТalks-ը բաց դասախոսություններից, բանախոսություններից բաղկացած դասընթաց է՝ առավելապես ուղղված մեդիագրագիտությանը, վերլուծական և քննադատական հմտությունների զարգացմանը, գիտական հոդվածների հետ գրագետ աշխատանքին, վերլուծություններ գրելու նրբություններին և առհասարակ սովորելու և կրթվելու կարևորությանն ու նշանակությանը։
  • #LiveТalks-ը նաև բաց քննարկումների հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին բարձրացնել իրենց հուզող խնդիրները, քննարկել դրանց լուծման տարբերակներ, բանավիճել արդիական խնդիրների շուրջ։

#AcoyaТalks խմբագրել

  • #AcoyaTalks-ը վերլուծական վիդեոնախագիծ է, որը ներկայացնում է տեսանյութեր ամենատարբեր թեմաների շուրջ՝ զրույց-մենախոսություն ձևաչափով։ Նպատակը՝ երիտասարդների հարցադրումները, գաղափարները և վերլուծությունները հանրության լայն շրջանակներին առավել օպտիմալ եղանակով հասանելի դարձնելն է։
  • #AcoyaTalks-ը ACoYA TV առաջիկա նախաձեռնության առաջին ծրագիրն է։

Agora խմբագրել

Ագորան ազատ քննարկումների հարթակ է, որտեղ կազմակերպվում են տարաբնույթ և հետաքրքիր թեմաներով տեսանկարահանվող ելույթներ, հանդիսատեսի և ժյուրիի մասնակցությամբ՝ հարց ու պատասխան - քննարկում ձևաչափով։

Անդամակցություն խմբագրել

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի անդամ կարող է դառնալ Հայաստանի, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի։ Կենտրոնի անդամակցության հիմնական պահանջներն են ակադեմիական պատրաստվածություն, բուհական կրթություն (ուսանող կամ ավարտած), հետաքրքրվածություն, ակտիվություն, նախաձեռնողականություն, աշխատասիրություն։

Կամավորության վկայական խմբագրել

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը Հայաստանի առաջին հասարակական կազմակերպություններից է, որ ներդրեց կամավորության պայմանագրի ինստիտուտը։ Կենտրոնի անդամը կամավորական աշխատանքի պայմանագիր է կնքում կազմակերպության հետ, ըստ ցանկության։ Պայմանագրի ժամկետի լրանալուց հետո կամավորը ստանում է վկայական։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նպատակ ունեն ՀՀ վերլուծական դաշտը համեմել երիտասարդ դեմքերով». Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  2. «Խոսափող՝ ասելիք ունեցող երիտասարդների համար…». erit.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  3. «Երիտասարդները ցանկանում են «վերբեռնել» վերլուծական միտքը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  4. https://enlightngo.org/post/9766

Արտաքին հղումներ խմբագրել