Ժուկովսկու թեորեմ

հիդրոմեխանիկայի հիմնական թեորեմներից մեկը

Ժուկովսկու թեորեմ, հիդրոմեխանիկայի հիմնական թեորեմներից, ըստ որի հեղուկի կամ գազի հարթ–զուգահեռ հոսանքում գտնվող մարմնի վրա ազդող վերամբարձ ուժը պայմանավորված է շրջհոսվող մարմնին կապված մրրիկներով, որոնք առաջանում են հեղուկի մածուցիկության պատճառով։ Ձևակերպել է Նիկոլայ Ժուկովսկին (1904)։

Եթե անվերջ երկար գլանը ծնիչներին ուղղահայաց ուղղությամբ շրջհոսվում է անսեղմելի հեղուկի կարգավորված հարթ– զուգահեռ պոտենցիալ հոսանքով, ապա գլանի ծնիչի ուղղությամբ հատվածի երկարության միավորի վրա ազդող վերամբարձ ուժը հավասար է միջավայրի խտության, անվերջ հեռվում հոսանքի արագության և շրջհոսվող գլանն ընդգրկող ցանկացած փակ եզրագծով արագության շրջանառության արտադրյալին ():

Վերամբարձ ուժի ուղղությունն ստացվում է անվերջ հեռվում արագության վեկտորի ուղղությունից՝ այն ուղիղ անկյամբ շրջելով շրջանառության հակառակ ուղղությամբ։ Ժուկովսկու թեորեմը ճիշտ է նաև պրոֆիլը սեղմելի հեղուկի (գազի) մինչձայնային հոսանքով շրջհոսման դեպքում։ Հոսանքի ձայնային և գերձայնային արագությունների դեպքում Ժուկովսկու թեորեմ ընդհանուր տեսքով հնարավոր չէ ապացուցել։ Ժուկովսկու թեորեմի վրա են հիմնված թևի և թիավարման ժամանակակից տեսությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 302