Բերանի խոռոչում կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝

  • Հարականջային գեղձը (glandula parotis), շճային տիպի թքագեղձերից ամենախոշորն է, տեղավորված դեմքի կողմնային երեսին և ականջի խեցուց քիչ ցած ու առաջ՝ խրվելով նաև ստորին ծնոտի ճյուղի հետին մասի՝ հետծնոտային փոսի մեջ (fossa retromandiburaris)։ Գեղձի ծորանն ունի 5-6 սմ երկարություն, դուրս գալով գեղձի առաջային եզրից, գնում է առաջ ծամիչ մկանի (m. masseter) մակերեսով՝ մինչև նրա առաջային եզրը և, այտի ճարպային հյուսվածքի միջով անցնելով, ծակում է թշամկանը (m. buccinator)։
  • Ենթածնոտային գեղձը (glandula submandiburaris) խառը բնույթի, բարդ բշտախողովակազմ գեղձ է, մեծությամբ երկրորդն է։ Գեղձի ծորանը անցնում է m. mylohyoideus-ի վրայով, բերանի հատակի երկայնքով ուղղվում է վեր և ենթալեզվային գեղձից միջայնորեն բացվում է թքային պտկիկի վրա։
  • Ենթալեզվային գեղձը (glandula subliagualis) լորձային տիպի բարդ բշտախողովակակազմ գեղձ է։ Տեղավորված է մախաթկորճային մկանի (m.mylohyoideus) վերևում բերանի խոռոչի հատակին և, ծածկվելով միայն լորձաթաղանթով, լեզվի ու ստորին ծնոտի ներքին երեսի միջև գոյացնում է ենթալեզվային ծալքը (plica sublingualis)։ Գեղձի գլխավոր արտատար ծորանը ձգվում է ենթածնոտային գեղձի ծորանի կողքով և նրա հետ միասին բացվում է միևնույն բացվածքով, կամ անմիջապես նրա մոտ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 270