Թռչնաբուծական ֆերմա, գյուղատնտեսական թռչունների (հավ, բադ, հնդկահավ, սագ, խայտահավ, լոր) բուծման, ձվի և թռչնամսի արտադրության ձեռնարկության ստորաբաժանում։

Թռչնաբուծարան Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի մոտ

Տեսակներ խմբագրել

Ըստ նշանակության լինում են՝ տոհմային (այլ տնտեսությունների համար հավերի հիբրիդ. ճտերի աճեցման) և մթերատու (ձվատու և մսատու ուղղություններ) թռչնաբուծական ֆերմաներ։

Ձվի արտադրության թռչնաբուծական ֆերմաները լինում են` 50 և 100 հազար ածան հավերի, մսի արտադրության (ըստ տարեկան մթերվող մսացու ճտերի) հավերի՝ 750 հազար, 1 միլիոն և 1,5 միլիոն, հնդկահավերի՝ 25, 50 և 100 հազար, բադերի՝ 125, 250 և 500 հազար համար։ Ավելի մեծ հզորության թռչնաբուծական ձեռնարկությունները կազմակերպում են որպես թռչնաֆաբրիկաներ։

Թռչնաբուծական ֆերմայի տեղակայում խմբագրել

Թռչնաբուծական ֆերմաներում թռչուններին տեղավորում են հատուկ շինություններում՝ թռչնանոցներում, թռչնաբուծական ֆերմաներում կան նաև կերարտադրամասեր, կերախոհանոց, ավտոտնակներ (ծածկարաններ), մեխանիզմների կայանատեղեր, կենդանաբանական և անասնաբուժական լաբորատորիաներ, անասնաբուժական շինություններ, թռչնաղբի մշակման արտադրամասեր, կեղտաջրերի մաքրման կառույցներ, կերի, ցամքարի և գույքի պահեստներ, թռչնաղբապահեստարան, վարչատնտեսական շենքեր և ծառայողակենցաղային շինություններ։ Թռչնաբուծական ֆերմաները կառուցում են հարթ ռելիեֆով չոր, չջրածածկվող հողամասերի վրա, տեղակայում բնակելի գոտու հողմահակառակ կողմում, անասնաբուժական և մաքրիչ կառույցների, կաթսայատների նկատմամբ՝ հողմակողմում։ Բնակելի շինություններից այն պետք է հեռու լինի առնվազն 300 մ։ Տոհմային մատղաշի և ճտահանության մասնաշենքերը տեղակայում են մյուս շինությունների հողմակողմում, իսկ արդյունաբերական նպատակով օգտագործվող շինությունները՝ թխսամայրերի շինությունների հողմահակառակ կողմում։ Սպանդանոցը տեղակայում են թռչնանոցի հողմահակառակ կողմում՝ առնվազն 60 մ հեռավորությամբ, թռչնաղբապահեստարանը կամ թռչնաղբի չորացման արտադրամասը՝ հողմահակառակ կողմում՝ առնվազն՝ 300 մ հեռավորությամբ։ Թռչունների պահվածքի գոտու մուտքի մոտ նախատեսում են սպասարկող անձնակազմի համար սանբլոկներ։ Վարչատնտեսական շենքը, անասնաբուժական լաբորատորիաները, նորոգման արհեստանոցները, ավտոտնակները, պահեստային շինությունները կառուցում են թռչնանոցներից առնվազն 60 մ հեռավորությամբ։

Թռչնաբուծությունը Հայաստանում խմբագրել

Հայաստանում առաջին թռչնաբուծական ֆերման հիմնադրվել է 1926 թվականին Թոխմախան գյուղում (այժմ՝ Երևանի շրջագծում)։ 1930 թվականին ստեղծվել է առաջին թռչնաբուծարանը (Դիլիջանի մոտ), ապա մինչև 1930-ական թվականների վերջը՝ ճտահանման կայաններ և թռչնաբուծական ֆերմաներով տնտեսություններ։ 1949-1951 թվականներին Հայաստանում կառուցվել է թռչնաբուծական, ինկուբատորային 7 կայան, իսկ 1953 թվականին դրանց թիվը հասել է 13-ի՝ 700 հազար ձվատարությամբ։ 1990 թվականին Հայաստանում խորհրդային կարգերի և տնտեսության փլուզման հետ վերացել են նաև պետական թռչնաբուծական ֆերմաները։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։