Թորբեն Ուլրիխ (հոկտեմբերի 4, 1928(1928-10-04)[1][2], Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[3] - դեկտեմբերի 20, 2023(2023-12-20)[4]), դանիացի թենիսիստ, ջազ կլառնետահար, երաժշտական քննադատ և նկարիչ, Metallica խմբի թմբկահար Լարս Ուլրիխի հայրը։ 1959 թվականին տղամարդկանց զույգերում մասնակցել է Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակչին, 1969 թվականին՝ ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը, Դանիայի բազմակի չեմպիոն, պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի հիմնադիրներից մեկը, Դևիսի գավաթի պատմության ամենատարեց մասնակիցներից մեկը։

Թորբեն Ուլրիխ
դան․՝ Torben Ulrich
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1928(1928-10-04)[1][2]
ԾննդավայրՖրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[3]
Մահացել էդեկտեմբերի 20, 2023(2023-12-20)[4] (95 տարեկան)
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունթենիսիստ, կինոռեժիսոր, լրագրող, գրող, բանաստեղծ, դերասան, նկարիչ և երաժիշտ
Ծնողներհայր՝ Einer Ulrich?[1], մայր՝ Ulla Ulrich?
ԵրեխաներԼարս Ուլրիխ[1]
Կայքtorbenulrich.com
 Torben Ulrich Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարզական կարիերա խմբագրել

 
Թորբեն Ուլրիխը 2009 թվականին

Թորբեն Ուլրիխը ծնվել է 1928 թվականին։ Հայրը եղել է թենիսիստ, 1924-1938 թվականներին ներկայացրել է Դանիան Դևիսի գավաթում։ Թորբենի կրտսեր եղբայրը՝ Յորգենը, հետագայում նույնպես դարձել է ազգային հավաքականի խաղացող և 1955-1971 թվականներին հանդես է եկել հավաքականի կազմում[5]։

Թորբենի մայրը՝ Ուլլա Մայերը, եղել է հրեա[6]։ 1943 թվականին՝ Դանիայի գերմանական օկուպացիայի ժամանակ, Թորբենի հայրը՝ Էյներ Ուլրիխը, երկրորդ փորձից կարողացել է ընտանիքին ձկնորսական նավով տեղափոխել Շվեդիա։

1945 թվականին Թորբենը երիտասարդների շրջանում դարձել է Դանիայի չեմպիոն, իսկ 1948 թվականին եզրափակչում հաղթել է Կուրտ Նիլսենին և դարձել Դանիայի մեծահասակների առաջնության չեմպիոն։ Երկար ժամանակ Ուլրիխը և Նիլսենը մրցել են Դանիայի լավագույն թենիսիստի կոչման համար։ 1948 թվականից Թորբեն Ուլրիխը սկսել է իր ելույթները Դանիայի հավաքականի կազմում։

Հաջորդ 20 տարիներին Թորբեն Ուլրիխը եղել է թենիսի միջազգային սիրողական մրցաշարերի կանոնավոր մասնակից, 1949 թվականին նա նվաճել է Մոնտե Կառլոյի Մակոմբերի գավաթը, 1954 թվականին հաղթող է դարձել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում։

1968 թվականին, 40 տարեկան հասակում, Ուլրիխը ներկայացրել է իր երկիրը Մեխիկոյի օլիմպիական խաղերի թենիսի ցուցադրական մրցաշարում և հասել քառորդ եզրափակիչ։ Ուլրիխը շարունակել է իր ելույթները նաև թենիսի բաց ժամանակաշրջանը սկսվելուց հետո։ Այդ ընթացքում նրա ամենահաջող ելույթը 1969 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալն էր։ 1972 թվականին նա դարձել է պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի հիմնադիրներից մեկը։ Ուլրիխը մասնակցել է վետերանների մրցումներին, որոնք նախատեսված են եղել 45 տարեկանից բարձր խաղացողների համար։ 1976 թվականին վետերանների վարկանիշում նա բարձրացել է առաջին հորիզոնական։ 1977 թվականին, 48 տարեկան 349 օրական հասակում, նա վերջին անգամ խաղացել է Դանիայի հավաքականի կազմում Դևիսի գավաթում՝ դառնալով այդ մրցաշարի ամենատարեց խաղացողներից մեկն իր պատմության ընթացքում[7]։ Ուլրիխը շարունակել է մասնակցել վետերանների մրցաշարերին նաև 60 տարեկանից հետո․ 1989 և 1990 թվականներին նա հաղթել է ԱՄՆ վետերանների փակ առաջնությունում 60 տարեկանից բարձր տարիքային խմբում և 1993 թվականին 65 տարեկանից բարձր խմբում։

Կարիերա արվեստում խմբագրել

Բացի թենիսից, Թորբեն Ուլրիխը իրեն դրսևորել է արվեստի տարբեր ձևերում։ Նա եղել է հաջողակ նկարիչ, նվագել է կլառնետ, սրինգ և սաքսոֆոն, 2000-ական թվականներին երիտասարդ ջազային դաշնակահար Սերեն Կյերգարդի հետ ձայնագրել է մի քանի սկավառակ[8]։ Այդ ժամանակ թողարկվել են նաև 1970-ական թվականների նրա ելույթների ձայնագրությունները «Blue Note» ջազ խմբի հետ[9]։ Ուլրիխը ռադիոյում ունեցել է իր սեփական ռադիոհաղորդումը՝ նվիրված ջազին։ 1950-ական թվականներին նա գրել է ջազային ակնարկներ դանիական «Politiken» թերթի համար[10]։ Թորբեն Ուլրիխը նաև թենիսի մասին երկու վավերագրական ֆիլմԻ ռեժիսոր է։

Թորբեն Ուլրիխի թենիսի և երաժշտության հանդեպ կիրքը փոխանցվել է նրա որդուն՝ Լարսին։ Դեռահաս տարիքում Լարսը ընդգրկվել է Դանիայի ուժեղագույն երիտասարդ թենիսիստների տասնյակում և մինչև 1980 թվականը զբաղվել է Նիկա Բոլետիերիի թենիսի ակադեմիայում[11]։ Հետագայում նա ընտրել է երաժշտական կարիերա և դարձել թմբկահար։ Նա «Metallica» խմբի հիմնադիրներից մեկն է։

Թորբեն Ուլրիխը մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 20-ին[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 711. — ISBN 978-0-942257-70-0
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 Kontraministerialbog
  4. 4,0 4,1 4,2 Torben Ulrich
  5. Ulrich, Torben // Historical Dictionary of Tennis / John Grasso (Ed.). — Plymouth: Scarecrow Press, 2011. — P. 291-292. — ISBN 978-0-8108-7490-9
  6. «Lars and Torben Ulrich in Conversation with Steffan Chirazi» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. Индивидуальные рекорды Արխիվացված 2017-07-09 Wayback Machine на сайте Кубка Дэвиса
  8. Mark Gilbert. (2011-09). «Jazz on its metal». Jazz Journal. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  9. Музыка: Хронология Արխիվացված 2015-10-03 Wayback Machine на официальном сайте (անգլ.)
  10. Mark Keil. (2008 թ․ մարտի 12). «The Journeyman On Torben Ulrich». Tennis Grand Stand. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. Paul Brannigan, Ian Winwood. No Life 'til Leather // Birth School Metallica Death. — Da Capo Press, 2013. — Vol. 1. — ISBN 978-0-306-82187-5.
  12. «В возрасте 95 лет скончался Торбен Ульрих». Metbash (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորբեն Ուլրիխ» հոդվածին։