Թթվածնա-կոնվերտերային պրոցես

Թթվածնա-կոնվերտերային պրոցես, առանց վառելիքի ծախսի հեղուկ թուջը պողպատի վերամշակելու եղանակ, կատարվում է կոնվերտերում՝ թուջը վերևից տեխնիկապես մաքուր թթվածնով ներփչելու միջոցով։

Թթվածնա-կոնվերտերային պրոցես իրականացվում է հիմնային խեժա– դոլոմիտային աղյուսապատումով և խուլ հատակով կոնվերտերում։ Թթվածինն ավելի քան 10 կգ/սմ² ճնշմամբ ջրահովացվող ֆուրմերով տրվում է կոնվերտերի բկանցքի միջով։ Ֆոսֆորը կապող հիմնային խարամի առաջացման համար ներփչման սկզբում կոնվերտերի մեջ կիր են լցնում։ Փչման ազդեցությամբ թուջի խառնուկները (սիլիցիում, մանգան, ածխածին ևն) օքսիդանում են, անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, որի հետևանքով իջնում է խառնուկների պարունակությունը մետաղում և միաժամանակ, բարձրանում մետաղը հեղուկ վիճակում պահող ջերմաստիճանը։ Թթվածնա-կոնվերտերային պրոցեսի ընթացքը կախված է պրոցեսի ջերմաստիճանային ռեժիմից։ Կոնվերտացման ժամանակ օդային փչման (տես Բեսեմերյան պրոցես) փոխարեն թթվածնայինի կիրառումը թույլ է տալիս ստանալ փոքր քանակությամբ (0,002–0,006%) ազոտ պարունակող պողպատ։ Թթվածնա-կոնվերտերային պրոցեսի բարձր ջերմաստիճանը նպաստում է ածխածնի ինտենսիվ օքսիդացմանը, որի հետևանքով մետաղում լուծված թթվածնի պարունակությունը պակասում է մինչև 0,005– 0,01 %:

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 184