Թեոդոր Հերցկա (գերմ.՝ Theodor Hertzka, հունգ.՝ Hertzka Tivadar, հուլիսի 13, 1845(1845-07-13)[1][2] կամ հուլիսի 14, 1845(1845-07-14)[3], Պեշտ, Պեշտ, Հունգարիա - հոկտեմբերի 22, 1924(1924-10-22)[1][2][4], Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[5]), ավստրոհունգարացի տնտեսագետ և հրապարակախոս։ Հայտնի է իր «Ֆրիլանդիա» (1890) ուտոպիստական վեպով։

Թեոդոր Հերցկա
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 13, 1845(1845-07-13)[1][2] կամ հուլիսի 14, 1845(1845-07-14)[3]
ԾննդավայրՊեշտ, Պեշտ, Հունգարիա
Մահացել էհոկտեմբերի 22, 1924(1924-10-22)[1][2][4] (79 տարեկան)
Մահվան վայրՎիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[5]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունլրագրող, տնտեսագետ և գիտաֆանտաստիկ գրող
Ստորագրություն
Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Հերցկան ծնվել է Պեշտում, պահպանողական հրեական ընտանիքում։ Հայրենի քաղաքում գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Վիեննայի համալսարան, այնուհետև տեղափոխվել Լորանդ Էտվյոշի համալսարան։ Դոկտորական աստիճան է ստացել տնտեսագիտությունից։ 1872 թվականից աշխատել է Վիեննայում` Neuen Freien Presse օրաթերթում, որտեղ աստիճանաբար զբաղեցրել է տնտեսագիտական բաժնի խմբագրի պաշտոնը։ 1874 թվականին դարձել է ավստրիական դպրոցի տնտեսագետներին միավորող ընկերության համահիմնադիրը, հրատարակել է մի քանի մենագրություններ` հիմնականում նվիրված ֆինանսական քաղաքականությանը։ Թեոդոր Հերցկան իրեն դրսևորել է որպես ձախ լիբերալ ուղղության ներկայացուցիչ։ Նա ակտիվորեն քարոզել է անձնական նախաձեռնությունը, հասարակական սեփականությունն ու առևտրի ազատ լինելը որպես տնտեսական աճի գլխավոր գործոններ, եղել է բիմետալիզմի հակառակորդը և ոսկեդրամի շրջանառության կողմնակիցը։ Նրա հայացքներն իրենց ազդեցությունն են թողել գերմանացի փիլիսոփա Եվգենի Դյուրինգի և գերմանացի տնտեսագետ, սոցիոլոգ Ֆրանց Օպենհայմերի գաղափարախոսության վրա։ 1879 թվականին հիմնադրել է սեփական Wiener Allgemeine Zeitung թերթը, իսկ 1886-1899 թվականներին եղել է նրա գլխավոր խմբագիրը։ Այդ ժամանակից սերտորեն շփվել է սիոնիստական շարժման հիմնադիր Թեոդոր Հերցլի հետ։ «Ֆրիլանդիա» վեպի տպագրումը ոչ միայն բուռն հետաքրքրություն է առաջացրել այդ ուտոպիայի հանդեպ (1893 թվականին Հերցկան հրատարակել է նրա շարունակությունը, 1896 թվականին լույս է տեսել վեպի 10-րդ հրատարակությունը), այլև Գերմանիայում և Ավստրո-Հունգարիայում, սկանդինավյան երկրներում ֆրիլանդական բազմաթիվ ընկերությունների հիմնադրման առիթ է հանդիսացել։ Սակայն 1894 թվականին Արևելյան Աֆրիկա կատարած գիտական արշավախմբի անհաջողությունից հետո (այն նպատակ ուներ կոոպերատիվ գաղութ հիմնելու, ինչը, սակայն, ընդամենը 4 ամիս է գոյատևել) Հերցկայի ուտոպիայի հանդեպ հետաքրքրությունն անկում է ապրել։ Անհաջող ավարտ է ունեցել նաև կոոպերատիվ գաղութների հիմնումը Պարագվայում, ԱՄՆՎաշինգտոն նահանգում։ 1899 թվականին Հերցկան Վիեննայից տեղափոխվել է Բուդապեշտ, որտեղ 1901 թվականից եղել է Magyar hirlap ամսագրի խմբագիրը։ 1912 թվականին հրատարակել է իր վերջին խոշոր աշխատանքը` «Հասարակության խնդիրը», որում հեռացել է տնտեսագիտական նախկին հայացքներից և կրոնի նախնական դերը հռչակել մարդկության վերադաստիարակման ու բարձրագույն նպատակների համար նրա էներգիայի օգտագործման գործում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղափոխվել է դստեր մոտ` Գերմանիա, որտեղ էլ մահացել է։

«Ֆրիլանդիա» խմբագրել

Հերցկայի վեպը գրված է չոր ոճով և ավելի շատ հիշեցնում է տնտեսագիտական տրակտատ և կոնկրետ գործողությունների պլան (վերջինս տրված է գլխավոր հերոսի օրագրային գրառումների տեքով)։ Տեքստը բաժանված է երեք մասի։ Առաջինում նկարագրված է Ազատության միջազգային հասարակության հիմնադրումը, երկրորդ մասում նկարագրված է Ֆրիլանդիան իր գոյության հինգերորդ տարում, իսկ երրորդ մասի գործողությունները ծավալվում են Ֆրիլանդիայի հիմնադրման 25-րդ տարում։ Սյուժետային հիմնական գաղափարը պտտվում է ինքնակառավարվող գաղութների կառուցման շուրջ, որը հիմնադրված կլինի կոոպերատիվ սկզբունքներով ժամանակակից Քենիայի տարածքում։ Իր գոյության 25-րդ տարում Ֆրիլանդիայի տարածքում ապրում են 6 միլիոն սպիտակամորթ գաղութարարներ և 15 միլիոն տեղացիներ։ Նրանց ինքնակառավարվող հասարակությունը կարողանում է նույնիսկ հետ մղել Եթովպիայի հարձակումը։

Հերցկայի գլխավոր գաղափարը եղել է ռենտայի և վաշխառուների արգելքը. հողն ու կապիտալը մրցակից ընկերություններին պետք է տրվեն անվճար։ Աշխատելով համեստ պարգևատրման դիմաց` նրանք զերծ կլինեն սնանկացումից, սակայն ոչ մեկը որպես սեփականություն չի ունենա ո'չ հող, ո'չ կապիտալ` իրենց բաժինը ստանալով ընդհանուր կապիտալով։ Հերցկա տնտեսագետը կարծում էր, որ տնտեսական ցածր աճը բացատրվում է նրանով, որ ախատողները բավական քիչ եկամուտ են ստանում իրենց կողմից արտադրված ապրանքից։ Առաջարկելով փոխել շահույթի նորման, բայց չժխտելով անհատական նախաձեռնության սկզբունքը` նա ցանկանում էր հասնել գների իջեցման։

«Ֆրիլանդիայում» հատուկ տեղ է զբաղեցնում կանանց հարցը։ Հերցկան ցանկանում էր բացառել կանանց բոլոր ոլորտներից, որտեղ նրանք կարող էին մրցակցել տղամարդու հետ` միակ հնարավորությունը հատկացնելով երեխաների, հիվանդների ու ծերերի խնամքին։ Անհատականությունը սոցիալականության հետ միավորելու իր փորձում նա, իր իսկ բառերով, հենվում էր Ֆրենսիս Բեկոնի ուսմունքին, ում համարում էր «բոլոր մտածողներից, ներառյալ` ժամանակակից մտածողները, ամենից ողջամիտն ու պարզը»։

Վեպի եզրափակիչ մասում պրոտագոնիստ Կարլ Շտրալը (ում հետազոտող Ու. Բախն անվանում էր հենց Հերցկայի ալտեր էգոն) շարադրում է համաշխարհային պատմության դրույթները։ Նախապատմական դարաշրջանում մարդկությունն արևադարձում էր` դրախտային հավաարակշռության մեջ լինելով ինքն իր և շրջակա բնության հետ։ Քաղաքակրթության ընթացքում մարդը սովորեց օգտագործել բնության բարիքները իր նպատակների համար և աստիճանաբար օտարացավ բնությունից։ Մարդկության մեծ մասը գաղթեց հյուսիս` չափավոր կլիմայական շրջան. անհյուրընկալ բնության պայմաններում մարդը ստիպված էր այն նվաճել։ Ամենաբարձր տեխնոլոգիական մակարդակով կառուցելով Ֆրիլանդիան` մարդկությունը թևակոխում է ապաշխարման ու բնությանը վերամիավորվելու փուլ։

Հերցկայի գաղափարներն իրենց ազդեցությունն են ունեցել Թեոդոր Հերցլի (գրել է «Նորացված հող» վեպը Պաղեստինում արաբների ու հրեաների խաղաղ գոյակցության մասին) գաղափարախոսության վրա։ Ազդեցության վառ օրինակ է կոոպերատիվների ստեղծման գաղափարը, ինչը բարձրագույն հոգևոր արժեքների հիման վրա (կիբուց) կարող է հաշտեցնել կոլեկտիվիզմն ու անհատականությունը։ Հերցկայի վեպը լույս է տեսել Էդվարդ Բելամիի «Հայացք հետ» ուտոպիայի հետ միաժամանակ, նրան նույնիսկ անվանում են «ավստրիական Բելամի»։ Սակայն Հերցլը քննադատել է Հերցկային այն բանի համար, որ «Ֆրիլանդիայում» լուծում է մտացածին խնդիրներ այն դեպքում, երբ հրեական պետության ստեղծումը գոյություն ունեցող խնդրի լուծում է։

Աշխատություններ խմբագրել

  • Die Mängel des österreichischen Aktiengesetzentwurfs. Wien, 1875
  • Währung und Handel. Wien, 1876
  • Die Gesetze der Handelspolitik. Leipzig, 1880
  • Die Gesetze der sozialen Entwickelung. Leipzig, 1886
  • Das Personenporto. Wien, 1885
  • Freiland. Ein sociales Zukunftsbild, 1890
  • Eine Reise nach Freiland. Leipzig, 1893
  • Das soziale Problem, 1912

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 FamilySearch — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118825186 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն խմբագրել