Տելեոլոգիա (հունարեն՝ τέλειος, ավարտ, նպատակ), նպատակաբանություն, իդեալիստական ուսմունք նպատակի օբյեկտիվ գոյության և նրանով պայմանավորված՝ աշխարհի նպատակահարմար կազմակերպվածության և երևույթների նպատակադրության մասին։ Այդ ուսմունքը ընդունում է Աստծու՝ որպես բարձրագույն ուժի գոյությունը, որը նպատակահարմարություն և ներդաշնակություն է մտցնում աշխարհում։ Տելեոլոգիան անբավարար է համարում աշխարհի պատճառական բացատրությունը, քանի որ այն, իբր, տալիս է երևույթների գործողության միայն «կույր» մեխանիզմը, մինչդեռ նպատակաբանական բացատրությունը աշխարհին հաղորդում է իմաստ՝ այն ներկայացնելով որպես կարգավորված, «կենդանի» ամբողջություն։ Արտաքին նպատակների տելեոլոգիայի ուսմունքներում այդ ֆունկցիան վերագրվում է իրերից դուրս գտնվող (տրանսցենդենտ) նախասկզբին, իսկ իմանենտ տելեոլոգիայի ուսմունքներում, որոնք սերում են Արիստոտելից, ենթադրվում է բուն իրերին ներհատուկ մի ակտիվ նախասկիզբ, որը որոշակի ու ավարտուն ձև է տալիս անշարժունակ ու ձևազուրկ մատերիային՝ դրանով իսկ հանդես գալով որպես մի յուրատեսակ «վերջնական, կամ նպատակային, պատճառ»։ Տելեոլոգիայի բոլոր ուսմունքներում էլ նպատակային նախասկիզբը մետաֆիզիկական բնույթ ունի։ Այնպես որ պատճառի ու նպատակի, դետերմինիզմի ու նպատակաբանության հակադրմանը և ըստ այդմ՝ «գործող պատճառների» ու «վերջնական, կամ նպատակային, պատճառների» տարբերակմանը համապատասխանում է փորձնական, բնագիտական («ֆիզիկական») և մտահայեցողական, փիլիսոփայական (մետաֆիզիկական) ճանաչողության հակադրումը։ Սակայն մեխանիստորեն ըմբռնված պատճառականության սկզբունքի անբավարարության գիտակցումը փիլիսոփայության պատմության մեջ դրդել է գտնելու նպատակաբանական բացատրության հետ այն հաշտեցնելու եղանակներ։ Նպատակաբանական ուսմունքները տեսական բնագիտության և փիլիսոփայության մեջ աշխուժացան XIX դարի մեխանիստական բնագիտության սահմանափակությունների քննադատության հետևանքով (վիտալիզմ), իսկ XX դարի՝ համակարգային մոտեցման և կիբեռնետիկայի մշակման կապակցությամբ։ Սակայն օրգանական ամբողջությունների, ինքնահարմարվող, ինքնակառավարվող, ինքնակարգավորվող բարդ համակարգերի նկարագրության համար նպատակաբանական պատկերացումների օգտագործումը լավագույն դեպքում փոխաբերական իմաստ կարող է ունենալ, իսկ նպատակաբանական մեկնաբանությունը բոլորովին անհիմն է։ Տելեոլոգիան, որքանով որ այն ենթադրում է արտագիտական էությունների գոյությունը, անհարիր է գիտական մտածելակերպին։

Պլատոնը և Արիստոտելը Ռաֆայելի «Աթենական դպրոց» կտավում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 633