Թախիծ, ինտենսիվ հուզական վիճակ՝ կապված ինչ-որ մեկի (կամ ինչ-որ բանի) կորստի հետ, որի (կամ ինչի) հետ մարդը խորը հուզական կապ է ունեցել։ Այս եզրույթը չի օգտագործվում որպես դեպրեսիայի հոմանիշ[1]։ Այլ կերպ ասած՝ սա հիմնական հույզերից մեկն է[2], որը կապված է նշանակալի օբյեկտի, նույնականության մի մասի կամ սպասվող ապագայի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ կորստի զգացողության հետ։ Թախիծ հասկացության տակ ընկալվում է նաև ուժեղ, խորը վիշտ, տխրություն։

Վշտահար ընտանիք (ուղարկավորություն Սարաևոյի՝ 1992 թվականին տեղի ունեցած պաշարման ժամանակ):

Թախծի ախտանիշներ խմբագրել

Սովորական թախծի ախտանիշները լինում են երկու տեսակի[3]

  1. Ֆիզիկական ախտանիշներ (շնչառական դժվարություններ, կոկորդի ջղաձգություններ, արագացած շնչառություն, սրտխփոց և այլն),
  2. հոգեկան, հոգեբանական տառապանք, որը կարող է ներառել[4]՝
    • բացասաբար երանգավորված հուզական գործընթացներ,
    • հանգուցյալի կերպարով կլանվածություն,
    • մեղքի զգացողություն,
    • թշնամական և ագրեսիվ հակազդեցություններ,
    • վարքի բնական մոդելների կորուստ, շրջապատից մեկուսացվածություն և այլն։

Նորմալ և ախտաբանական թախծի տարբերություններ խմբագրել

Ախտաբանական թախիծը եզրույթ է, որն օգտագործվում է հոգեբուժության մեջ՝ որպես խանգարումների խմբի համախտանիշ[5]։ Նորմալ թախիծը տարբերվում է ախտաբանականից մի շարք հատկանիշներով.

  1. ինքնազգացողության դինամիկայի առկայություն․ թախիծը ոչ թե տրամադրություն/վիճակ է, այլ գործընթաց,
  2. ուշադրության պարբերական շեղում մահվան ցավոտ իրականությունից,
  3. հարազատ մարդու մահվանից հետո առաջին 6 ամսվա ընթացքում դրական զգացմունքների առաջացում,
  4. սուր վշտից անցում ինտեգրվածի,
  5. կորուստը վերապրած սուբյեկտի ունակությունը ոչ միայն ընդունել մտերիմ մարդու մահը և բաժանվել նրանից, այլև գտնել մահացածների հետ հարաբերությունները շարունակելու նոր և կառուցողական ուղիներ, ինչպիսին է նրա մասին հիշողությունների պահպանումը[6]։

Թախծոտ մարդուն աջակցելու մոտեցումներ խմբագրել

Գոյություն ունի երեք հիմնական մոտեցում[7].

  1. Ընկերակցություն և հոգեբանական աջակցություն (ցուցաբերվում է մտերիմ մարդկանց կողմից),
  2. հոգեբանական խորհրդատվություն (իրականացնում է որակյալ հոգեբանը),
  3. հոգեթերապիա և դեղորայքային բուժում (իրականացնում են հոգեբույժները, հոգեթերապևտները)։

Հոգեվերլուծության մեջ թախծի ֆենոմեն խմբագրել

Ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը կարծում էր, որ թախծի հիմնական գործառույթը կորցրած օբյեկտից հոգեկան էներգիան «վերցնելն» է։ Այդ ժամանակ «օբյեկտը հոգեբանորեն շարունակում է գոյություն ունենալ», իսկ դրա ավարտից հետո սեփական «եսը» ազատ է դառնում կապվածությունից և կարող է ազատված էներգիան հղել այլ օբյեկտների[8]։ Այսպիսով, Ֆրոյդի տեսությունը բացատրում է, թե ինչպես է մարդը մոռանում կորցրածի մասին։

Թախծի վերապրման փուլեր խմբագրել

Ռուսաստանում թախծի վերապրման թեմայով զբաղվել է հոգեբան Ֆեոդոր Վասիլյուկը։ Իր «Թախծի վերապրում» գրքում նա նկարագրել է թախծի վերապրման հինգ փուլ[9]։

  1. Շոկ և անզգայացում, սա թախծի նախնական փուլն է, երբ մարդն իմանում է գույժը։ Սգավորը կաշկանդվում է, լարվում։ Շնչառությունը դժվարանում է։ Սովորաբար նկատվում է ախորժակի և սեռական հակման կորուստ։ Մարդու գիտակցության մեջ առաջանում է տեղի ունեցածի անիրատեսական զգացողություն, հոգեկան ընդարմացում, անզգայունություն, շշմեցում։ Բթացվում է արտաքին իրականության ընկալումը, ինչը հանգեցնում է հիշողության խաթարումների։ Երբեմն նկատվում են չարության պոռթկումներ։ Բայց, այնուամենայնիվ, մարդը հոգեբանորեն բացակայում է ներկայում, կարծես ներկան անցնում է նրա կողքով։ Դա ժխտում է այն փաստը, որ «ես (վիշտս) այստեղ եմ»։ Տրավմատիկ իրադարձությունը կյանքը բաժանում է «առաջ» և «հետո» փուլերի՝ մարդուն թողնելով այն փուլում («առաջ»), որտեղ ամեն ինչ առաջվա պես էր։
  2. Որոնման փուլ, այս փուլը բնութագրվում է կորցրածը վերադարձնելու անիրատեսական ցանկությամբ և կորստի մշտական ժխտման ձգտումով։ Սովորաբար մարդը դժվարությամբ է պահում ուշադրությունը արտաքին աշխարհի վրա, իրականությունը կարծես քողարկված է թափանցիկ քողով։ Չնայած իրատեսական դիրքորոշմանը՝ հեղինակը շարունակ ունի հրաշքի հույս։ Մարդը փոքր-ինչ զգայուն է հակասությունների նկատմամբ, դա նրան թույլ է տալիս ապրել միմյանց գործերին չխառնվող երկու օրենքներով՝ արտաքին իրողության նկատմամբ իրականության սկզբունքով, իսկ կորստի նկատմամբ՝ «բավականության» սկզբունքով։
  3. Սուր թախծի փուլ, սա հուսահատության, տառապանքի, կազմալուծման և ռեակտիվ դեպրեսիայի ժամանակաշրջան է։ Սկզբնական շրջանում պահպանվում են և կարող են ուժեղանալ տարբեր մարմնական ռեակցիաներ՝ դժվար շնչառություն, կենսանվազություն (ասթենիա), ստամոքսի դատարկության զգացում, կրծքավանդակի ճնշվածություն, կոկորդի ծանրություն, հոտերի նկատմամբ զգայունության բարձրացում և այլն։ Սա ամենից ծանր տառապանքների, սուր հոգեկան ցավի ժամանակաշրջանն է։ Կարող են ի հայտ գալ տարօրինակ և վախեցնող զգացմունքներ և մտքեր։ Մարդու ներսում առաջանում է դատարկության և անմտության զգացում, հուսահատություն, լքվածության և միայնության զգացում, բարկություն, մեղքի զգացում, վախ, տագնապ և անօգնականություն։ Փոխվում է ուրիշների նկատմամբ վերաբերմունքը։ Կարող է նկատվել ջերմության կորուստ, դյուրագրգռություն, մեկուսանալու ցանկություն։ Ամենօրյա գործունեությունը փոխվում է. դժվար է լինում կենտրոնանալ, դժվար է գործն ավարտին հասցնել, իսկ բարդ կազմակերպված գործունեությունը կարող է ժամանակ առ ժամանակ մատչելի չլինել։ Հենց այս փուլում է կատարվում տխրության աշխատանքի գլխավոր գաղտնիքը, և միայն դա իմանալով է հնարավոր գտնել տարբեր դրսևորումների՝ ինչպես նորմալ, այնպես էլ ախտաբանական վշտի արտասովոր գունեղ պատկերը բացատրելու բանալին։
  4. «Վերապրուկային հարվածների և վերակազմակերպման» փուլ, այս փուլում կյանքը մտնում է իր սովորական հունի մեջ, վերականգնվում է քունը, ախորժակը, մասնագիտական գործունեությունը։ Կորուստը դադարում է լինել կյանքի ուշադրության կենտրոնում։ Թախծի վերապրումը տեղի է ունենում հաճախակի և ժամանակի ընթացքում հազվադեպ առանձին ցնցումների տեսքով։ Այս վերապրուկային բռնկումները կարող են լինել նույնքան սուր, որքան նախորդ փուլում։ Այս ընթացքում կորուստն աստիճանաբար մտնում է կյանքի մեջ, քանի որ մարդը ստիպված է լինում լուծել բազմաթիվ գործնական խնդիրներ, որոնք ինչ-որ կերպ միախառնվում են ապրումների հետ։
  5. «Ավարտի» փուլ, վերջին փուլը, որտեղ վշտահարը հաղթահարում է ավարտը դժվարացնող մշակութային որոշ արգելքներ։ Թախծի իմաստն ու խնդիրն այն է, որ կորցրածի (կորուստի) կերպարն զբաղեցնի իր մշտական տեղը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Оксфордский толковый словарь по психологии/Под ред. А.Ребера,2002 г.
  2. Lemeignan M., Guitart P.L., Bloch P. Autonomic differentiation of sex basic emotions // Int. J. of Psychophisiol. — 1991. — № 11. — С. 52—53.
  3. Линдеманн Э. Клиника острого горя. // Психология эмоций. / Под ред. В.К.Вилюнаса, Ю.Б.Гиппенрейтер.. — Москва: Изд-во Моск. ун-та,, 1984.
  4. Малкина-Пых И. Г. Психологическая помощь близким. — Эксмо, 2009.
  5. «МКБ 10».
  6. Shear M.K., Mulhare E. Complicated grief. — Psychiatric Annals.. — Vol.38, №10, 2008. — С. Р. 662–670..
  7. Уманский С.В. «Тяжёлая утрата и горе. Психологические и клинические аспекты».
  8. Зигмунд Фрейд Печаль и меланхолия / В.К.Вилюнаса, Ю.Б.Гиппенрейтер.. — Изд-во Моск. ун-та. — 1984..
  9. Василюк Ф. Е. Пережить горе. — О человеческом в человеке: сборник / ред. И.Т. Фролов. — М.: Политиздат, 1991.