Թադևոս Զաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թադևոս Հարությունի Զաքարյան (1862, Շամախի - 1918, Բաքու), հայ բժիշկ, գրող, հասարակական, ազգային գործիչ։
Ծնվել է | 1862 |
---|---|
Ծննդավայր | Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1918 |
Մահվան վայր | Բաքու, Բաքվի նահանգ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ռազմաբժշկական ակադեմիա |
Մասնագիտություն | բժիշկ, գրող և հասարակական գործիչ |
Ռազմական ծառայություն | Ռուսական կայսերական բանակ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1862 թվականին Շամախիում։ Միջնակարգ կրթության ընթացքում կատարյալ ուսումնասիրել է հայոց լեզու և հայ ժողովրդի պատմություն։ Ավարտել է Ռազմաբժշկական ակադեմիան և ստացել բժշկի մասնագիտություն։ Ուսանողական տարիներին ընկերակցել է Հովհաննես Հովհաննիսյանի և Գարեգին Ենգիբարյանի հետ, որոնց հետ ամառները շրջել է Հայաստանի գավառներում՝ հայ գյուղացուն անմիջականորեն ծանոթանալու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով։ 1880-ական թվականներին այդ թեմաներով մի շարք հոդվածներ է տպագրել «Աղբիւր» հանդեսում։ Դեռևս ուսանողական տարիներից զբաղվել է գրական ու հասարակական աշխույժ գործունեությամբ։ Երկար տարիներ բժշկական, ազգագրական, բանասիրական, հրապարակախոսական արժեքավոր հոդվածներով աշխատակցել է Թիֆլիսի «Տարազ», «Մուրճ», «Մշակ», ինչպես նաև Երևանի «Պսակ», Էջմիածնի «Արարատ» և այլ պարբերականների՝ ստորագրելով «Զ.» կամ «Թ. Զ.» ծածկանուններով։
1917 թվականին եղել է Բաքվի Հայոց կուլտուրական միության բժշկական սեկցիայի ընդամենը 9 համար հրատարակած «Առողջ կեանք» ժողովրդական առողջապահիկ ամսագրի խմբագիր-հրատարակիչը։ Ամսագրի տպագրությունն իրականացվել է Բաքվի Երևանցյանի տպարանում։
Թադևոս Զաքարյանը մի քանի գրքերի ու թարգմանությունների հեղինակ է։ Որպես զինվորական բժիշկ ծառայել է Արդահանում, Ախալքալաքում, Բաթումում, Գորիում և ամենուր բարի հիշատակ է թողել։ Պետական բժշկական ծառայությունը թողնելուց հետո հաստատվել է Բաքվում, որտեղ եռանդուն մասնակցություն է ունեցել քաղաքի հասարակական կյանքին։ Եղել է Բաքվի հայոց միջնակարգ դպրոցների հոգաբարձության անդամ։ Ունեցել է բժշկապետի կոչում։
1918 թվականի սեպտեմբերյան կոտորածից հետո Ադրբեջանի թուրքա-թաթարական բռնակալ կառավարության հրամանով ձերբակալվել ու նետվել Բաքվի բանտը, որտեղ և բարբարոսական տանջանքներից նահատակվել է 56 տարեկանում։
Գրականություն խմբագրել
- Բժ. Թադէոս Զաքարեան, «Տարազ», Թիֆլիս, 1919, թ. 9։
- Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Ա. հատոր, Դիւցազնամարտ, 1890-1914, Լոս Անճելըս, 1992։
- Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, Երևան, 2002։
- Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, Երևան, 2005։
Աղբյուրներ խմբագրել
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Զաքարյան» հոդվածին։ |