Ընծայեկ Տեր-Ստեփանյան
Ընծայեկ Տեր-Ստեփանյան (1892, Մարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ, Օսմանյան կայսրություն- 11 փետրվարի, 1920, Մարաշ), հայ բժիշկ, ազգային և հասարակական գործիչ։
Ծնվել է | 1892 |
---|---|
Ծննդավայր | Մարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 11 փետրվարի, 1920 |
Մահվան վայր | Մարաշ |
Ազգություն | հայ |
Կրթություն | |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1892 թվականին Օսմանյան կայսրության Հալեպի նահանգի Մարաշի գավառի կենտրոն Մարաշ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Մարաշի սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցու վարժարանում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Մարաշի Ազգային Կեդրոնական վարժարանում։ 1908 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Տարսոնի Սենթ Փոլ քոլեջը (Ամերիկյան Սուրբ Պողոս վարժարան)։
1908-1910 թվականներին ուսուցչություն է արել Մարաշի և Եդեսիայի (Ուրֆայի) ազգային վարժարաններում։ 1910-1916 թվականներին սովորել է Կ. Պոլսի Հայդար փաշայի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում` գիշերօթիկ ուսանողի կարգավիճակով։ 1916 թվականին այս վարժարանը նրա հետ միասին ավարտել են նաև Սարգիս Ազատյանը և Սամվել Գանձապետյանը ու զինվորական բժշկի վկայական ստացել։
1916 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ, ուղարկվել Դամասկոս և զինվորական բժիշկ ծառայել տեղի զինվորական հիվանդանոցում։ Այստեղ կարճ ժամանակում արժանացել է աշխատակիցների գնահատանքին ու հարգանքին։ 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, վերադարձել է Մարաշ և բժիշկ աշխատել։
Ը. Տեր-Ստեփանյանը եղել է նաև հասարակական և ազգային գործիչ։ 1919 թվականի ապրիլին Ազգային պատվիրակության կազմած Առողջապահական առաքելության (նախագահ՝ բժիշկ Ղազարոսյան) կազմում ընդգրկված հայ բժիշկները աշխատել են Կիլիկիան գրաված ֆրանսիական զինվորական ղեկավարության ներքո։ Կիլիկիան հայաթափելու օրերին՝ ֆրանսիացիների ու Հայկական լեգեոնի Մարաշից նահանջելուց հետո, բժիշկը ջանացել է հեռանալ թուրք չեթեների կազմակերպած սպանդից։ 1920 թվականի փետրվարի 11-ին Մարաշում` Ակսուի եզերքին, զոհվել է թուրք հրոսակների գնդակից` 28 տարեկանում։
Գրականություն խմբագրել
- Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ, Նիւ Եորք, 1934։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Գալուստեան Գրիգոր Հ., Մարաշ կամ Գերմանիկ եւ հերոս Զէյթուն, Նիւ Եորք, 1988։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուր խմբագրել
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։