Էջմիածնի կամավորական ջոկատ

Էջմիածնի կամավորական ջոկատ, կամավորական զորամիավորում։ Կազմավորվել է 1990 թվականին Էջմիածին քաղաքում՝ Էջմիածնում և շրջանի գյուղերում 1988 թվականին ստեղծված ջոկատների միավորումով։ 1992 թվականին ջոկատի հիմքի վրա ստեղծվել է Էջմիածնի 5-րդ կամավորական գումարտակը։ 1993 թվականին գումարտակն ընդգրկվել է ՀՀ բանակի 5-րդ բրիգադի կազմում։ 1990 թվականի նոյեմբերին ջոկատի 13 մարտիկներ հրամանատար Մ. Գրիգորյանի հետ ձերբակալվել են խորհրդային բանակի կողմից, բայց որոշ ժամանակ անց գերությունից ազատվել։

Էջմիածնի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Մտնում էԷջմիածնի 5-րդ կամավորական գումարտակ
Անվանված էՎաղարշապատ
Ստեղծվեց1990
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՀ.Նավասարդյան, Ա.Հարությունյան, Մ.Գրիգորյան

1989-1994 թվականներին ջոկատները մասնակցել են Արցախի Հանրապետության Հադրութի (Մելիքաշեն, Հախլլու, Խրմնջուղ, Դուդուկչի, Էդիլլու, Աղբուլաղ, Տող, Հողեր), Մարտակերտի (Հաթերք), Ասկերանի (Խոջալու), Շուշիի (Քարինտակ, Շուշի), Քարվաճառի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Մ. Գրիգորյանը (ընդհանուր հրամանատար), Հ. Նավասարդյանը, Ա. Հարությունյանը։ Շրջանի կամավորական ջոկատների կազմավորման գործում նշանակալից դեր է ունեցել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Համլետ Նահատակյանը։ Ջոկատից Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է 21, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 24, «Արիության» մեդալով՝ 57 ազատամարտիկ։ Ջոկատի չորս անդամ (Մ. Գրիգորյան, Գ. Մելքոնյան, Ս. Սարոյան, Լ. Երանոսյան) ստացել են ՀՀ բանակի գեներալի կոչում։ Մ. Գրիգորյանին շնորհվել է «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչումը։ Ջոկատից զոհվել է 93 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։