Էնեոլիթ (լատին․՝ aeneus-պղնձե և հուն․՝ λίθος (աօց)-քար), պղնձի դար, պղնձաքարային դար, նոր քարի դարից (նեոլիթ) բրոնզի դարին անցնելու ժամանակաշրջան։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

էնեոլիթում քարե գործիքների կողքին երևան են գալիս առաջին պղնձե գործիքները, որոնք սկզբում պատրաստվում էին զտաբեկոր, այնուհետև՝ հանքային պղնձից։ Ուսումնասիրողների մեծ մասը էնեոլիթը համարում է ոչ թե նախնադարյան պատմության առանձին ժամանակահատված, այլ բրոնզի դարի նախնական շրջան։ Եգիպտոսում և Միջագետքում էնեոլիթը սկսվում է մեր թվարկությունից առաջ 4-րդ, Եվրոպայում՝ մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակներում։ Նախկին ՍՍՀՄ-ի տարածքում հայտնի են Անաուի, Նամազգա-թեփեի (Միջին Ասիա), Տրիպոլիեի (Ուկրաինա) էնեոլիթյան բնակատեղիները։ էնեոլիթյան մարդը բնակվել է գետերի ու լճերի ափերին, զբաղվել բրիչային երկրագործությամբ և անասնապահությամբ։ էնեոլիթին բնորոշ է փայլեցրած գունազարդ (հալաֆյան տիպի) և սև խեցեղենը, հանդիպում է նաև անփայլ, ալիքավոր նախշերով և հարդախառն կոպիտ խեցեղեն։

Հայկական լեռնաշխարհ խմբագրել

Հայկական լեռնաշխարհի էնեոլիթյան բնակատեղիները պատկանում են հիմնականում մեր թվարկությունից առաջ 5-4, մասամբ՝ 3 հազարամյակներին։ Դրանցից արժեքավոր նյութեր են տվել հատկապես Շամիրամ-Ալթի (Վանա լճի մոտ, ուրարտական Մենուա թագավորի ջրանցքի ափին), Նախիջևանի Քյուլ-թափա առաջին, Էջմիածնի Մոխրաբլուր, Մխլու-թափա արհեստական բլուրները, Թեղուտը (Էջմիածնից հարավ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 55