Էկոլոգիական միգրանտ

մարդիկ ստիպված հեռանում են իրենց հայրենի բնակավայրերից՝ տեղի միջավայրի փոփոխության պատճառով

Էկոլոգիական միգրանտ, մարդ, որը ստիպված է լքել իր տարածաշրջանը տեղական միջավայրի հանկարծակի կամ երկարաժամկետ փոփոխությունների պատճառով։ Այդ փոփոխությունները սպառնում են իրենց սեփական բարեկեցությանը կամ իրենց ընտանիքի բարեկեցությանը և ներառում են այնպիսի բնական երևույթներ, ինչպիսիք են երաշտը, անապատացումը, ծովի մակարդակի բարձրացումը և սեզոնային եղանակային պայմանների խախտումները։ Էկոլոգիական միգրանտները տեղափոխվում են այլ երկրներ կամ իրենց հայրենի երկրի այլ շրջաններ։ Թեև ներկա պահին գոյություն չունի էկոլոգիական միգրացիայի միասնական և հստակ սահմանում, այդ գաղափարն ավելի ու ավելի մեծ ուշադրություն է գրավում, քանի որ քաղաքական գործիչները, բնապահպաններն ու սոցիոլոգները փորձում են բացահայտել կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի վատթարացման հնարավոր սոցիալական հետևանքները։

Երաշտից տուժած Օկլահոմայի էկոլոգիական միգրանտները («Փոշոտ կաթսա»), 1936

Սահմանում խմբագրել

«Էկոլոգիական միգրանտ» հասկացությունը չի համապատասխանում փախստականների իրավաբանորեն սահմանված սահմանումներից ոչ մեկին[1]։ Հետազոտողները կասկածի են ենթարկում էկոլոգիական միգրանտների բուն գաղափարը գիտական հիմնավորման պակասի և «միգրացիայի սպառնալիք մոգոնելու» փորձի պատճառով՝ տեղափոխությունների մեծ մասի իրական քաղաքական պատճառները թաքցնելու նպատակով[2][3]։ Էկոլոգիական աղետներից փրկված մարդիկ սովորաբար տեղափոխվում են ժամանակավորապես և ոչ շատ հեռու։

«Էկոլոգիական միգրանտ» եզրույթն առաջին անգամ առաջարկել է Լեսթեր Բրաունը 1976 թվականին։ Միգրացիայի միջազգային կազմակերպությունն առաջարկում է էկոլոգիական միգրանտների հետևյալ սահմանումը[4]

«Էկոլոգիական միգրանտները մարդիկ կամ մարդկանց խմբեր են, որոնք իրենց կյանքի կամ կենսապայմանների վրա բացասաբար ազդող տեղական միջավայրի կտրուկ կամ երկարաժամկետ փոփոխությունների պատճառով ստիպված են ժամանակավորապես կամ ընդմիշտ լքել իրենց տները՝ տեղափոխվելով այլ երկրներ կամ իրենց հայրենի երկրի այլ շրջաններ»։

Էկոլոգիական միգրանտների տեսակներ խմբագրել

Միգրացիայի միջազգային կազմակերպությունն առանձնացնում է էկոլոգիական միգրանտների երեք տեսակ․

  • Միգրանտներ էկոլոգիական արտակարգ իրավիճակի հետևանքով, մարդիկ, որոնք ստիպված են ժամանակավորապես փախչել բնապահպանական աղետի կամ հանկարծակի տեղի ունեցած էկոլոգիական խնդրի պատճառով։ Օրինակ՝ այս կատեգորիան ներառում է փոթորիկներից, ցունամիից, երկրաշարժերից և այլնից փախչող մարդկանց։
  • Էկոլոգիապես հարկադրված միգրանտներ, մարդիկ, որոնք տեղափոխվել են իրենց հայրենի միջավայրի բնապահպանական պայմանների վատթարացման պատճառով։ Օրինակ՝ այս կատեգորիայի մեջ մտնում են մարդիկ, որոնք ստիպված են գաղթել շրջակա միջավայրի վատթարացման այնպիսի դանդաղ գործոնների պատճառով, ինչպիսիք են անտառապատումը, ափամերձ գոտու դեգրադացիան և այլն։
  • Էկոլոգիապես պատճառաբանված միգրանտներ, հայտնի նաև որպես տնտեսական միգրանտներ բնապահպանական գործոնների հետևանքով, մարդիկ, որոնք արտագաղթում են շրջակա միջավայրի գործոններով պայմանավորված հնարավոր ապագա խնդիրներից խուսափելու համար։ Օրինակ՝ մարդիկ, որոնք տեղափոխվում են անապատացման հետևանքով առաջացած բերքատվության նվազման պատճառով։

Թվակազմ խմբագրել

Տասնամյակներ շարունակ էկոլոգիական միգրանտների ու փախստականների ընդհանուր թիվը հաշվելու մի քանի փորձ է արվել։ Ջոդի Յակոբսոնը, որին համարում են այս թեմայի առաջին հետազոտողը, հայտարարել է, որ «էկոլոգիական փախստականների» թիվը մոտեցել է 10 միլիոնի։ Նրա կարծիքով՝ ծովի մակարդակի բարձրացման «վատագույն սցենարի» դեպքում «էկոլոգիական փախստականների» թիվը վեց անգամ կգերազանցի քաղաքական փախստականների թիվը[5]։ 1989 թվականին ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Մուստաֆա Տոլբան հայտարարել է, որ «առնվազն 50 միլիոն մարդ կարող է դառնալ էկոլոգիական փախստական, եթե աշխարհը չաջակցի կայուն զարգացման ռազմավարությանը»[6]։ 1990 թվականին Կլիմայի փոփոխության հարցերով փորձագետների միջկառավարական խումբը հայտարարել է, որ կլիմայի փոփոխության ամենալուրջ հետևանքը կարող է դառնալ «առափնյա գծի էրոզիայից, հեղեղներից և ուժեղ երաշտից փախած միլիոնավոր մարդկանց» միգրացիան[7]։ 90-ականների կեսերին բրիտանացի բնապահպան Նորման Մայերսը դարձել է այդ գաղափարի ամենանշանավոր կողմնակիցներից մեկը՝ հայտարարելով ,որ «էկոլոգիական փախստականները շուտով կդառնան հարկադիր փախստականների ամենամեծաքանակ խումբը»[8]։ Նա նաև պնդել է, որ 90-ականների կեսերին աշխարհում գոյություն է ունեցել 25 միլիոն էկոլոգիական փախստական, 2010 թվականին այդ թիվը կկրկնապատկվի, իսկ 2050 թվականին կհասնի 200 միլիոնի[9]։ Մայերսն էկոլոգիական միգրացիայի պատճառների թվին է դասում այնպիսի գործոններ, ինչպիսիք են անապատացումը, ջրի պակասը, ոռոգվող հողերի աղակալումը և կենսաբազմազանության սպառումը։ Նա նաև ենթադրել է, որ 2050 թվականին Չինաստանում էկոլոգիական միգրանտների թիվը կկազմի 30 միլիոն, Հնդկաստանում՝ 30 միլիոն, Բանգլադեշում՝ 15 միլիոն, Եգիպտոսում՝ 14 միլիոն, գետերի դելտայի մոտ գտնվող այլ շրջաններում՝ 10 միլիոն, և ափամերձ գոտիներում՝ 1 միլիոն[10]։ Ավելի ուշ Մայերսը ենթադրել է, որ 2050 թվականին էկոլոգիական միգրանտների թիվը կմոտենա 250 միլիոնի[11]։

Այդ հայտարարությունները լայն տարածում են ստացել, և ըստ ամենահանրաճանաչ կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը աշխարհում կհայտնվի 150-200 միլիոն էկոլոգիական փախստական։ Այս կարծիքը տարբեր ձևակերպումներով պարունակվում է Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի[12], Մեծ Բրիտանիայի կառավարության[13] (Կլիմայի փոփոխության տնտեսության վերաբերյալ Շտեռնի զեկույց) կլիմայի փոփոխության ազդեցիկ զեկույցներում, այնպիսի ոչ կառավարական կազմակերպությունների զեկույցներում, ինչպիսիք են Friends of the Earth[14], Greenpeace Germany[15] (Jakobeit and Methmann 2007) և Christian Aid[11], ինչպես նաև միջկառավարական կազմակերպությունների զեկույցները, որոնց թվում են Եվրոպայի խորհուրդը[16], ՅՈՒՆԵՍԿՕ[17], Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (Brown 2008) և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը[18]։

Ներքին միգրացիայի մոնիթորինգի կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականի առաջին կեսին 7 միլիոն մարդ ստիպված է եղել արտագաղթել երկրի ներսում՝ եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով։ Այս թիվը ռեկորդային է և երկու անգամ գերազանցում է բռնության և հակամարտությունների պատճառով արտագաղթող մարդկանց թիվը[19][20]։

2018 թվականին BBC-ն հայտնել է, որ «ՄԱԿ-ի տվյալներով՝ էկոլոգիական միգրանտների 80 տոկոսը կանայք են»[21]։

Համաշխարհային հանրության արձագանք խմբագրել

Էկոլոգիական միգրանտներին ապաստանի հնարավոր տրամադրման վերաբերյալ արձագանքը միանշանակ չէ, քանի որ շատ երկրներ ստիպված են լուծել իրենց ներքին խնդիրները։ Օրինակ՝ Հնդկաստանը, որի բնակչությունը գերազանցում է 1 միլիարդը, սահմանային արգելագիծ է կառուցում Բանգլադեշի հետ։ Չնայած, որ արգելագծի պաշտոնական նպատակը թմրավաճառության արգելքն է, այն կարող է նաև դադարեցնել Բանգլադեշից 20 միլիոն պոտենցիալ էկոլոգիական փախստականների միգրացիան[22]։ Կանադայում, ընդհակառակը, դանդաղորեն աճում է հասարակական ճնշումը, որը կոչ է անում ստեղծել էկոլոգիական միգրանտներին ընդունելուն և տեղավորելուն ուղղված քաղաքականություն[23][24][25][26]։ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի փախստականների և միգրանտների հարցերով գագաթնաժողովում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ էկոլոգիական փախստականների վերաբնակեցման ծրագրերը բավարար չեն[27]։ Շվեդիան, որն իր բաց դռների քաղաքականության շրջանակներում ապաստան է առաջարկել զինված հակամարտությունների գոտիներից փախստականներին, փոխել է քաղաքականությունը դեպի զսպվածություն և նույնիսկ փախստականներին դրամական խրախուսանք է առաջարկել ապաստանի տրամադրման մասին դիմումը հետ վերցնելու համար[28][29]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Garcia, Stephanie (2019 թ․ դեկտեմբերի 13). «Why climate migrants don't have refugee status». PBS NewsHour (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  2. Hein de Haas: Climate refugees: The fabrication of a migration threat
  3. Boas, I., Farbotko, C., Adams, H., Sterly, H., Bush, S., van der Geest, K. et al. (2019). Climate migration myths. Nature Climate Change. 9 (901—903).
  4. «DISCUSSION NOTE: MIGRATION AND THE ENVIRONMENT» (PDF).
  5. Jacobson, J.L. (1988). Environmental Refugees: a Yardstick of Habitability Արխիվացված 2019-06-09 Wayback Machine, Worldwatch paper 86, Worldwatch Institute, Washington DC, page 38
  6. Tolba, M. K. (1989). Our biological heritage under siege. Bioscience 39, 725—728, page 25
  7. Warner K and Laczko F. (2008). ‘Migration, Environment and Development: New Directions for Research Արխիվացված 2023-05-19 Wayback Machine’, in Chamie J, Dall’Oglio L (eds.), International Migration and Development, Continuing the Dialogue: Legal and Policy Perspectives, IOM, page 235
  8. Myers, Norman (2002). «Environmental refugees: A growing phenomenon of the 21st century». Philosophical Transactions of the Royal Society of London. Series B: Biological Sciences. 357 (1420): 609–613. doi:10.1098/rstb.2001.0953. PMC 1692964. PMID 12028796.
  9. Myers, N. (1997). 'Environmental Refugees', Population and Environment 19(2): 167-82
  10. Myers, N. and Kent, J. (1995). Environmental Exodus: an Emergent Crisis in the Global Arena, (Climate Institute date=December 2011: Washington DC)
  11. 11,0 11,1 Christian Aid (2007). ‘Human Tide: The Real Migration Crisis Արխիվացված 2019-06-09 Wayback Machine’ (CA: London), page 6
  12. Brown, O (2008). 'Migration and Climate Change', IOM Migration Research Series, paper no.31, www.iom.int
  13. Stern, N. (Ed.) (2006). The Economics of Climate Change: The Stern Review, Cambridge University Press, Cambridge
  14. Friends of the Earth, 'A Citizen’s Guide to Climate Refugees, Fact Sheet Four: Predictions of Climate Refugees to 2050' (FOTE: London), 2007: 10
  15. Jakobeit, C., and Methmann, C. (2007). Klimafluchtlinge — Die Verleugnete Katastrophe, Greenpeace, Hamburg
  16. Parliamentary Assembly Doc. 11084, 23 October 2006, The Problem of Environmental Refugees: 1
  17. UNESCO (2007)
  18. UNHCR (2002), ‘A critical time for the environment’, Refugees No.127. Geneva.
  19. Rosane, Olivia (2019 թ․ սեպտեմբերի 13). «Record 7 Million People Displaced by Extreme Weather Events in First Half of 2019». Ecowatch. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
  20. «INTERNAL DISPLACEMENT FROM JANUARY TO JUNE 2019» (PDF). Internal Displacement Monitoring Centre (IDMC). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 15-ին.
  21. «Climate change 'impacts women more than men'». BBC News. The BBC. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  22. Grant, Harriet; Randerson, James; Vidal, John (2009 թ․ դեկտեմբերի 4). «UK should open borders to climate refugees, says Bangladeshi minister». The Guardian.
  23. Murray, Sheila (2010). «Environmental Migrants and Canada's Refugee Policy». Refuge: Canada's Periodical on Refugees. 27 – via Academic ONEfile.
  24. Keung, Nicholas. «Ottawa urged to open doors to 'climate migrants' | Toronto Star». thestar.com.
  25. Dinshaw, Fram (2015 թ․ հոկտեմբերի 30). «Mass migration crisis likely to get much worse». National Observer.
  26. «Environmental migrants breathing easier in Canada | Toronto Star». thestar.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  27. Grandia, Kevin (2016 թ․ սեպտեմբերի 20). «Climate refugees? We don't have a plan for that». National Observer. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  28. Crouch, David (2015 թ․ նոյեմբերի 24). «Sweden slams shut its open-door policy towards refugees». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  29. «Sweden is paying refugees £3,500 each to go home». The Independent (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էկոլոգիական միգրանտ» հոդվածին։