Էլեուտերոկոկուս փշավոր

բույսերի տեսակ
Էլեուտերոկոկուս փշավոր
Էլեուտերոկոկուս փշավոր
Էլեուտերոկոկուս փշավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Արալիազգիներ (Araliaceae)
Ենթաընտանիք Արալիայիններ (Aralioideae)
Տրիբա Schefflerieae
Ցեղ Էլեուտերոկոկուս (Eleutherococcus)
Տեսակ Էլեուտերոկոկուս փշավոր (E. senticosus)
Միջազգային անվանում
Eleutherococcus senticosus

Էլեուտերոկոկուս փշավոր (լատին․՝ E. senticosus), արալիազգիների ընտանիքի, էլեուտերոկոկուս ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Թուփ է՝ 1-3, հազվադեպ 7 մ բարձրությամբ, բաց մոխրագույն, երկարավուն, ակոսավոր կեղևով և բաց գորշավուն կամ դեղնագորշավուն ընձյուղներով, որոնք, ինչպես և ճյուղերը, ծածկված են խիտ, բարակ, սուր, փուխր, ուղիղ և դեպի ցած ծռված անկանոն փշերով, երբեմն՝ առանց փշերի։ Տերևները բարդ թաթաձև են, կազմված 5 տերևիկներից, 6-12 սմ երկարությամբ կոթուններով, ծածկված նուրբ փշիկներով և շիկավուն մազմզուկներով։ Տերևիկները հակառակ ձվաձև են, էլիպսաձևից մինչև երկարավուն, կարճ կամ երկարավուն սրածայր, սեպաձև հիմքով, կրկնակի սղոցաեզր, վերևի կողմից՝ մուգ կանաչ, ներքևի կողմից՝ բաց գույնի, երկու կողմերից էլ մերկ կամ ծածկված կոշտ մազիկներով (հատկապես՝ ջղերի ուղղությամբ)։ Վերին տերևիկը ավելի խոշոր է՝ 6-12,5 սմ երկարությամբ և 3-7 սմ լայնությամբ, կողմնայինները մանր են, կարճ կոթունավոր։ Հովանոցները գտնվում են ընձյուղների ծայրին, նոսր են, գնդաձև, տեղավորված միայնակ, զույգերով կամ 3-ական, երկար, մերկ ծաղկակիցներով։ Կենտրոնական հովանոցը բազմածաղիկ է և խոշոր, երկար (8-10 սմ) կոթունավոր, կրում է ստերջ ծաղիկներ։ Բաժակաթերթիկներն ունեն մանր ատամիկներ։

Պսակաթերթիկները շուտ են թափվում, իգական ծաղիկներինը դեղնավուն են, իսկ երկսեռ և առէջային ծաղիկներինը՝ մանուշակագույն։ Նորմալ զարգացած առէջները կրկնակի երկար են պսակաթերթիկներից։ Սերմնարանը 5 բնանի է, սռնակները սերտաճած են, սպին ազատ է։ Պտուղը համարյա գնդաձև է, սև 0,7-1 սմ տրամագծով, կողքերից խիստ սեղմված 5 կորիզներով։

Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հեռավոր Արևելքում, Կորեայում (բացառությամբ հարավային շրջանների), Ճապոնիայում (Հոկայդո), Չինաստանում (Մանջուրիա, Հեբեյ)։ Աճում է փշատերև և խառը անտառներում, խմբերով և փոքր մացառուտներով, անտառաեզրերում, բացատներում։ Մանջուրական ֆլորայի բնորոշ տարրերից մեկն է։

Մերձծովյան երկրամասում լեռներն է բարձրանում ծովի մակերևույթից մինչև 600—800 մետր։

Կիրառություն խմբագրել

Քչապահանջ, դեկորատիվ թուփ է, որը պիտանի է նաև կենդանի ցանկապատների համար։ Ստվերատար է, պահանջկոտ է հողի և օդի խոնավության նկատմամբ։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։ Բնափայտը ամուր է, պիտանի է մանր խառատային իրերի պատրաստման համար։

Էկոլոգիական խումբը' XII: Մշակության հավանական շրջանները' 5—7, 9—17, 21, 29, 31[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. Հատոր 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեուտերոկոկուս փշավոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեուտերոկոկուս փշավոր» հոդվածին։