Էդիթ Գրյոն (դան․՝ Edith Grøn, փետրվարի 19, 1917(1917-02-19)[1], Կոպենհագեն, Դանիա - մարտի 15, 1990(1990-03-15), Մանագուա, Նիկարագուա), դանիական ծագումով նիկարագուացի քանդակագործ։ Համարվում է Նիկարագուայի 20-րդ դարի ամենանշանավոր քանդակագործներից մեկը։ Նրա աշխատանքները կարելի է տեսնել հասարակական վայրերում, Նիկարագուայում և արտասահմանում։

Էդիթ Գրյոն
դան․՝ Edith Dorthe Grøn
Ծնվել էփետրվարի 19, 1917(1917-02-19)[1]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
Մահացել էմարտի 15, 1990(1990-03-15) (73 տարեկան)
Վախճանի վայրըՄանագուա, Նիկարագուա
Քաղաքացիություն Նիկարագուա
ԿրթությունEscuela Nacional de Bellas Artes (Nicaragua)?, Սան Կարլոս ակադեմիա և Կոլումբիայի համալսարան
Մասնագիտությունքանդակագործ
 Edith Grøn Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդիթ Դորտե Գրյոնը ծնվել է 1917 թվականի փետրվարի 19-ին, Կոպենհագենում, Սոֆի (ծննդյամբ` Ռասմուսսեն) և Վիլհելմ Անդերսեն Գրյոնների ընտանիքում[2]։ 1923 թվականին, երբ նա 6 տարեկան էր, նրա ընտանիքը, այդ թվում եղբայրը Նիլսը, տեղափոխվել են Նիկարագուա, քանի որ նրա մորը խորհուրդ էին տվել բնակվել ավելի տաք կլիմա ունեցող երկրում արթրիտի պատճառով[2][3]։ Բացի նրա մոր հիվանդությունից, Կենտրոնական Ամերիկա տեղափոխվելու պատճառը նաև տնտեսական ճգնաժամն էր, որ գոյություն ուներ Դանիայում Առաջին աշխարհամարտից հետո[3]։ Նրանց ընտանիքը ժամանել է ներգաղթային ընկերության հետ, որը պայմանագիր է կնքել Նիկարագուայի կառավարության հետ մինչև 2000 դանիական ընտանիքների վերաբնակեցման համար[4]։ Գրյոնի ընտանիքը 100 միգրանտների խմբում էր, որոնք ի սկզբանե բնակություն էին հաստատել Մատագալպա քաղաքի մոտակայքի լեռներում գտնվող ֆերմայում[5]։ Երկրի ներսում մի քանի տեղափոխություններից հետո նրանց ընտանիքը վերջապես բնակություն է հաստատել Մանագուա քաղաքում, որտեղ Վիլհելմը տնօրինել և ղեկավարել է «Դանիական տուն» (իսպ.՝ La Casa Dinamarca) ռեստորանը [2]։ Դեռևս վաղ տարիքից Էդիթը սիրում էր ստեղծել արվեստի գործեր, նախ ներկերով, այնուհետև կավով[3]։

Գրյոնը տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Կոլեխիո Բաուտիստայում և Մանագուայում[5]։ 1931 թվականին նա լուրջ ավտովթարի է ենթարկվել, երբ հայրը կորցրել է մեքենայի կառավարումը, և նա դուրս է նետվել առջևի դիմապակուց` կոտրելով դեմքի բոլոր ոսկորները։ Հյուսիսային Ամերիկայից ժամանած բժիշկ-միսիոներների կողմից կատարված բազմաթիվ վիրահատություններից հետո նա ապաքինվել է, բայց մնացել է սպիներով պատված[3]։ 1942 թվականին[5] ընդունվել է Գեղարվեստի ազգային դպրոց (իսպ.՝ Escuela Nacional de Bellas Artes), որտեղ սովորել է Խենարո Ամադոր Լիրայի ղեկավարության ներքո, ինչպես նաև այլ ուսանողների հետ, ինչպիսիք են Ռոբերտո դե լա Սելվան և Ֆերնանդո Սարավիան[3]։ 1943 թվականին Գրյոնը ստացել է Ռուբեն Դարիոյի արվեստի մրցանակ «Մահացած տերը» (իսպ.՝ Amo Muerto) աշխատանքի համար, որն այնուհետև ցուցադրվել է Մանագուայի մշակույթի ազգային պալատում[2][6]։ Այս քանդակը պատկերված էր սգացող շունը իր երիտասարդ տիրոջ գերեզմանի մոտ[5]։ Իր արվեստը բարելավելու և շարունակելու նպատակով Գրյոնը 1944 թվականին տեղափոխվել է Մեխիկո և սովորել Սան Կառլոսի ակադեմիայում` Ֆիդիաս Էլիսոնդոյի մոտ[2][5]։ Այնտեղ նա ուսումնասիրել է դասական արվեստ և ճարտարապետություն[6], նույն թվականին ցուցադրել է իր El Puntigado-ն, որի մասին գրել է մեքսիկական մամուլը և նրան հատկացվել է կրթաթոշակ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում սովորելու համար[2][3]։ Քանդակը իրենից ներկայացնում է լաց լինող երեխայի պատկեր, որին որպես պատիժ քոթակել են մտրակով[3]։ 1946 թվականին ընդունվել է Կոլումբիայի համալսարան[5], որտեղ սովորել է կերամիկա և քանդակագործություն, իսկ 1948 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Նիկարագուա[6]։

Կարիերա խմբագրել

 
Դարիոյի կիսանդրին Ռուբեն Դարիոյի անվան ազգային թատրոնում
 
«Էստաֆետա» (իսպ.՝ El Relevo)` տեղադրված է Մանագուայի փոստային բաժանմունքի դեմ հանդիման

1940-1952 թվականներին Գրյոնը հարաբերություններ է պահպանել Սիլվիո Տուրիոսի հետ, որը հայտնի է որպես Բիլ։ Նա բռնցքամարտիկ և հրշեջ էր, և իր մարմնի կազմվածքի շնորհիվ ծառայել է որպես բնորդ նրա մի քանի քանդակների, այդ թվում «Էստաֆետա» (իսպ.՝ El Relevo) կոմպոզիցիայում մկանուտ մարզիկներին պատկերելու համար։ Ըստ նրա կենսագիր Խոսե Վիվոյի` «Էստաֆետա»-ն ամբողջ աշխարհում հայտնի է որպես իմաստության և գիտելիքների փոխանցման խորհրդանիշ[7]։ Գրյոնն իր առաջին անհատական ցուցահանդեսը անցկացրել է 1953 թվականին Մշակույթի ազգային պալատում, որտեղ ցուցադրվում էին նրա մեծ թվով կոստումբրիստական գործեր և մի քանի մերկ պատկերներ։ Սան Հասինտոյի ճակատամարտի հարյուրամյակը նշելու համար նա քանդակել է Անդրե Կաստրո Էստրադային, որը 1956 թվականին տեղադրվել է Հակիդեա Սան Հասինտո քաղաքում[2]։ 1958 թվականին Գրինը ստեղծել է լրագրող Գաբրի Ռիվասի կիսանդրին և նույն թվականին Նիկարագուայի կառավարության կողմից պարգևատրվել է Ռուբեն Դարիոյի շքանշանով։ Հաջորդ տարի նա ավարտել է պատմաբան Խուլիան Ն. Գուերերոյի պատվերով մայրերին նվիրված հուշարձանի պատրաստումը։ Monumento a la Madre-ի արձանը տեղադրված է Բոակոյում[8]։

Գրինը աշխատել է կավով, քարով և փայտով[3], ինչպես նաև օգտագործել է բետոն և տարբեր մետաղներ։ Նրա սկզբնական աշխատանքները ռեալիստական էին, և նա ձգտում էր կատարելության այդ ուղղությամբ, բայց նրա վրա ազդել է ռումինական մոդեռնիստ Կոնստանտին Բրանկուզին, որն էլ նրան տեղափոխել է դեպի ավելի ոճավորված ձևերի[2][6]։ 1960 թվականին ավարտել է Նիկարագուայի գրողների և նկարիչների ասոցիացիայի համար նախատեսված գեներալ Խոսե Դոլորես Էստրադայի արձանի աշխատանքները[9]։ Նա հայտնի էր Ռուբեն Դարիոյի իր քանդակներով, ինչպես նաև պատկերում էր այնպիսի անհատականությունների, ինչպիսիք են Խոսեֆա Տոլեդո դե Ագուերին, Պաբլո Անտոնիո Կուադրան և ուրիշներ[3]։ 1958 թվականին կերտած նրա Դարիոյի քանդակը տեղադրվել է Ֆլորիդայի նահանգի Մայամի քաղաքի զբոսայգում, 1961 թվականին[10]։ Նույն թվականին Գրյոնը կերտեց Դարիոյի քարե գլուխը` այն անվանելով La Cartuj[3]: 1962 թվականին, ի հիշատակ Նիկարագուայի բնիկ ժողովրդի իսպանացի նվաճող Հիլ Գոնսալեսի դեմ ապստամբության 350-ամյակի, Գրյոնը քանդակել է կասիկ Դիրյանգենի արձանը, հարգանքի տուրք մատուցելով դիմադրության կազմակերպչին։ 1964 թվականին նա կերտեց Դարիոյի կիսանդրին գվատեմալական սպիտակ մարմարից, որը դարձավ բանաստեղծի պաշտամունքային կերպարը[2]]: 1970-ականներին Գրյոնի մոտ հայտնաբերվեց բերանի քաղցկեղ, և նա քիմիաթերապիայի բուժումներ էր ստանում Հյուսթոնի Մ. Դ. Անդերսոնի անվան Ուռուցքաբանության կենտրոնում։ Նա սկսեց կորցնել տեսողությունը և 1981 թվականից ստիպված էր անցնել նկարչության և փայտի դրվագազարդման աշխատանքներ կատարելուն։ Նրա ամենահայտնի կտավներն են՝ «Աղջիկը ցանցաճոճի մեջ» (իսպ.՝ Muchacha en la hamaca), «Անմեղը» (իսպ.՝ Cándida), «Մերկը» (իսպ.՝ Desnudo) և «Արցունքներ աղետից հետո» (իսպ.՝ Llanto después del desastre), վերջինը նվիրված էր 1972 թվականի Նիկարագուայի երկրաշարժին[2]։

Գրյոնի բազմաթիվ քանդակները զարդարում են Նիկարագուայի հասարակական վայրերը, ինչպիսիք են «Էստաֆետա»-ն (իսպ.՝ El Relevo), որը գտնվում է Մանագուայի փոստային բաժանմունքի դիմաց, Անդրե Կաստրո Էստրադայի հուշարձանը, որը պատվիրվել է 1956 թվականին ուսանողների և ուսուցիչների կողմից, որոնք վերապատրաստվել են ուսուցիչ Միգել Ռամիրես Գոյենի կողմից, Խոսե Դոլորես Էստրադայի քանդակը, որը կանգնեցված է Մասայա քաղաքի մուտքի մոտ Լագունա Տիսապա արգելոցում, «Նիկարագուայի աստղը» (իսպ.՝ La Estrella de Nicaragua)[11], Դիրյանգենի արձանը, որը զարդարում է Մանագուայի Լաս Պիդրեսիտաս զբոսայգին, Ռուբեն Դարիոյի քանդակը, որը գտնվում է Նիկարագուայի կենտրոնական բանկում, որը երկրում բանաստեղծի ամենահայտնի գործերից է[11], ինչպես նաև Դարիոյի կիսանդրին, որն ավարտվել էր 1964 թվականին և զարդարում է նրա անունը կրող Ազգային թատրոնը[12]։ 1959-1980 թվականներին Գրյոնը ստեղծեց ավելի քան 300 քանդակագործական աշխատանքներ։ Դրանք տեղադրված են ոչ միայն Նիկարագուայում, այլև Բելգիայում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեքսիկայում, Պերուում, Իսպանիայում և այլ երկրներում[13][3]։ 1989 թվականին նրան շնորհվել է Ռուբեն Դարիոյի շքանշան` մշակութային անկախության համար[2]։

Մահ և ճանաչում խմբագրել

Գրյոնը մահացել է կոկորդի քաղցկեղից 1990 թվականի մարտի 15-ին, Մանագուայում[2]։ 2007 թվականին Իսպանիայի դեսպանության Իսպանական մշակույթի ինստիտուտում անցկացվել է քանդակագործի և նրա աշխատանքների ու լուսանկարների ցուցահանդեսը[11]։ 2010 թվականին իսպանացի գրող Ժոզեֆ Մ. Վիվոն հրատարակել է «Էդիթ Գրյոն, քանդակագործի կենսագրությունը» (իսպ.՝ Edith Grön, Biografía de una Escultora) գիրքը[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

  • Agüero, Arnulfo (2017 թ․ փետրվարի 28). «Los cien años de Edith Gron. Conozca trazos de su vida y esculturas famosas» [One hundred years of Edith Gron: Discover the strokes of her life and sculptures] (իսպաներեն). Managua, Nicaragua: La Prensa. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  • D'Hondt, Steff (2016 թ․ հունիսի 24). «Edith Grøn». Sie Plex (հոլանդերեն). The Netherlands. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին. Self-published but with citation to sourcing.{{cite web}}: CS1 սպաս․ postscript (link)
  • González, Marta Leonor (2011 թ․ հունվարի 29). «Edith Gron, genio y arte» [Edith Gron, genius and art] (իսպաներեն). Managua, Nicaragua: La Prensa. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  • Kühl, Eddy Edith Grön, esa escultora desconocida(իսպ.) // Revista de Temas Nicaragüenses : diario. — Harvey, Louisiana: José T. Mejia, 2017. — № 109. — С. 7—10. — ISSN 2164-4268. Архивировано из первоисточника 18 Սեպտեմբերի 2017.
  • Kühl Arauz, Eddy (2007 թ․ հոկտեմբերի 27). «El mundo de Edith Gron» (իսպաներեն). Managua, Nicaragua: La Prensa. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  • «1923: Inmigración Danesa a Nicaragua» (իսպաներեն). Managua, Nicaragua: La Estrella de Nicaragua. 2014 թ․ մայիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  • «La vida de Edith Grön en la pluma de José M. Vivó» (իսպաներեն). Managua, Nicaragua: El Nuevo Diario. 2010 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  • «Ruben Dario, (sculpture)». Smithsonian. Washington, D. C.: Art Inventories Catalog, Smithsonian American Art Museums. 1995. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Գրյոն» հոդվածին։