Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբ

Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբ, գտնվում է Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում։ Ընդգրկված է Ջրամբարի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն խմբագրել

Ապարանի ջրամբարի ձախ ափին է գտնվում վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբը, որը բաղկացած է Թուխ Մանուկ, Սուրբ Վարդան, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցիներից և քառակող կոթողներից։

1962-1967 թթ. ջրամբարի շինարարության պատճառով Թուխ Մանուկ և Սուրբ Վարդան եկեղեցիները տեղափոխվել են գյուղի արևելյան եզրի՝ «Խաչեր» կոչվող բարձունքի վրա, իսկ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին մնացել է տեղում։

Սուրբ Պողոս-Պետրոս խմբագրել

 
Եկեղեցի Սուրբ Պողոս -Պետրոս

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայկական ճարտարապետության «գմբեթավոր սրահ» տիպի շինության առաջին օրինակն է։ Ըստ ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի` այն սկզբնապես եղել է հեթանոսական մեհյան, որը 4-րդ դ. սկզբներին վերածվել է եռանավ բազիլիկ կառույցի և միայն 5-րդ դ. վերջին ու 6-րդ դ. սկզբին Գրիգոր Գնթունի իշխանի կողմից՝ գմբեթավոր սրահի։ Շինարարական արձանագրությունը պահպանվել է եկեղեցու աջակողմյան որմնամույթի վրա։ Ուղղանկյուն դահլիճ է, որի հյուսիսային և հարավային պատերին կից երկու զույգ հզորացված որմնամույթերի վրա բարձրացված է տրոմպային փոխանցումով գմբեթը (այժմ՝ քանդված)։ Արևելյան կողմում՝ ներսից պայտաձև, դրսից ուղղանկյուն ծավալով խորանն է։ Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում։
Հիմնովին նորոգվել է 1896 թվականին։ Մեզ է հասել խոնարհված վիճակում։

Թուխ Մանուկ մատուռ խմբագրել

 
Թուխ Մանուկ մատուռ

Թուխ Մանուկ եկեղեցին կառուցվել է 4-5-րդ դդ.: Միանավ, պայտաձև խորանով, թաղածածկ, կղմինդրե ծածկով երկայնական սրահ է։ Կառուցված է եղել տեղական տուֆի խոշոր սրբատաշ քարերով։ 1862 թվականին Մահտեսի Հակոբն ու իր որդի Սարգիսը նորոգել են եկեղեցին՝ շարվածքի համար օգտագործելով ավելի փոքր քարեր։ Ունի երկու մուտք՝ հյուսիսային և հարավային կողմերում։

Սուրբ Վարդան եկեղեցի խմբագրել

Սուրբ Վարդան եկեղեցին համալիր կառույց է՝ բաղկացած եկեղեցուց և երկհարկ դամբարանից։ Թվագրվում է 5-րդ դ.: Ուղղանկյուն հիմքով, միանավ, թաղածածկ, կղմինդրածածկ շինություն է՝ կառուցված տեղական կարմրավուն տուֆի խոշոր սրբատաշ քարերով։ Պահպանվել են եկեղեցու պատերի հիմնային մասերը։ Հարավային կողմից կից է երկհարկ դամբարանը, որից պահպանվել է միայն 2,8 մ խորությամբ գետնափոր մասը՝ անմշակ գետաքարերով շարված։ Եկեղեցու աղոթասրահի և գետնափոր դամբարանի մուտքերը հարավարևմտյան կողմի նախասրահից են։

Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է 451 թ.՝ Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան Մամիկոնյանի հիշատակին, իսկ դամբարանում ամենայն հավանականությամբ թաղված է նրա զինակից՝ Նիգ-Ապարանի տեր, նախարար Տաճատ Գնթունին։

Ս. Վարդան եկեղեցին և դրան կից երկհարկ դամբարանը վաղ միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշներից են։ «Խաչեր» կոչվող վայրում՝ եկեղեցիների հարևանությամբ, և հնագույն գերեզմանոցում կանգնած են վաղ միջնադարյան երկու քառակող կոթողներ[1]։

Գրականություն խմբագրել

  • Սահինյան Ա., Զովունիի ճարտարապետական խումբը, «Լրաբեր հաս. գիտ.», 1968, N 1։
  • Պետրոսյանց Վ., Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1988

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Զովունի գյուղատեղիի հուշարձանախումբ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 703