Զարմանալի պատմություն, որ նման է հեքիաթի
«Զարմանալի պատմություն, որը նման է հեքիաթի» (ռուս.՝ Удивительная история, похожая на сказку), ռեժիսոր Բորիս Դոլինի ֆիլմը, որը նկարահանվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Անճոռնի բադիկը» հեքիաթի մոտիվներով «Մոսնաուչֆիլմ» ստուդիայում։ Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1960-ական թվականներին։ Այն նկարահանվել է «Ասկանիա-Նովա» արգելոցում[1]։ Պրեմիերան տեղի է ունեցել 1966 թվականի դեկտեմբերի 27-ին։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Թվական | 1966 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բորիս Դոլին |
Սցենարի հեղինակ | Բորիս Դոլին |
Դերակատարներ | Օլեգ Ժակով |
Օպերատոր | Էդուարդ Էզով |
Երաժշտություն | Ալեքսեյ Մուրավլյով |
Կինոընկերություն | Գիտահանրամատչելի և ուսումնական ֆիլմերի կենտրոնական ստուդիա |
Սյուժեն խմբագրել
Տղան գտնում է կարապի ձու և այն տանում հավանոց։ Որոշ ժամանակ անց ձվից դուրս է գալիս «բադիկ», որը ծննդյան պահից սկսած իրեն օտար է զգում բոլոր թռչունների շրջապատում։ Հավը, հոգ տանելով իր ճտերի մասին, ցուցադրաբար անտեսում է օտարականին։ Հնդկահավերը ծիծաղում են նրա վրա, իսկ գետային բադերը չեն նկատում նրան։
Թափառումների ժամանակ բադիկը լսում է, թե ինչ են խոսում թռչունները։ Ծեր ջայլամը պատմում է, թե ինչպես է ինքը Հարավային Ամերիկայում փախել ձիավորներից՝ ձգտելով նրանց ուշադրությունը շեղել փոքր ջայլամներից։ Բևեռային սագը հիշում է, թե ինչպես են Վրանգել կղզի (որտեղ նա ապրում էր ընտանիքի հետ) եկել էին օրնիթոլոգները և սկսել թռչուններին օղակավորել։
Մի քանի անգամ բադիկը հայտնվում է մահվան եզրին։ Զգուշացնելով կռունկներին աղվեսի մոտենալու մասին՝ նա վնասում է թևը։ Ձկնորս պապը վիրավոր թռչունին տանում է տուն՝ ցանկանալով խնձորով սագ պատրաստել։ Առաջին դեպքում բադի ձագին փրկում է ձկնորսի թոռնուհին, երկրորդ դեպքում՝ փարոսի պահապանը, որը բուժում է թռչունին և ազատ արձակում նրան։
Խառնվելով կարապների երամի հետ՝ բադիկը միանգամից գլխի չի ընկնում, թե ինչու իրեն այլևս չեն քշում։ Հետո նա տեսնում է իր արտացոլումը ջրի մեջ և հասկանում, որ ինքն էլ է դարձել նրանց պես մի գեղեցիկ կարապ։
Մրցանակներ և փառատոներ խմբագրել
- 1966 – Վենետիկի կինոփառատոն (երեխաների և պատանիների համար նախատեսված ֆիլմերի մրցույթ) – պատվավոր դիպլոմ
- 1966 – Միլանի միջազգային կինոտոնավաճառ – ժյուրիի դիպլոմ
- 1967 – Գոթվալդովի (Չեխոսլովակիա) մանկական և պատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնում հանդիսատեսի քվեարկության արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը,
- 1972 – ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (ռեժիսոր Բորիս Դոլինին) «Կույր թռչուն», «Զարմանալի պատմություն, որը նման է հեքիաթի», «Բրեմի տունը», «Լեռների թագավորը և մյուսները» ֆիլմերի համար։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Информация о заповеднике «Аскания-Нова»(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ խմբագրել
- «Զարմանալի պատմություն, որ նման է հեքիաթի» ֆիլմը IMDB կայքում
- «Զարմանալի պատմություն, որ նման է հեքիաթի» ֆիլմը(չաշխատող հղում) Հայրենական կինոյի հանրագիտարանում