Երաժշտական ազգագրություն

Երաժշտական ազգագրություն, երաժշտական էթնոգրաֆիա (երաժշտական ֆոլկլորագիտություն), երաժշտագիտության և ընդհանուր ազգագրության ճյուղ. Ուսումնասիրում է ժողովրդական երաժշտական ստեղծագործությունը, երաժշտական կենցաղը՝ պատմական զարգացման ընթացքում։ Երաժշտական ազգագրության ուսումնասիրման եղանակներն են՝ անմիջական զննումներ և գիտական փաստագրություն, երաժշտական նմուշների գրառում (XIX դ. 90-ական թթ. նաև մեքենական ձայնագրում՝ հետագա նոտագրմամբ), գրի առնված եղանակների և խոսքերի գաղափարական-գեղագիտական, երաժշտական-ոճական և կոմպոզիցիոն (լադային կառուցվածք, մելոդիկա, ռիթմիկա, բազմաձայնություն, երգչախմբային և գործիքային ֆակտուրա ևն) վերլուծում, ժողովրդական-երաժշտական համակարգերի և ժողովրդական գործիքների լարվածքի որոշում (ձայնագիտական սարքի օգնությամբ)։ Այս գիտության հետաքրքրություններից մեկն է բանավոր ճանապարհով դարերի խորքից եկած երաժշտությունը։ Տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1945 թվականին՝ հոլանդացի Յապ Կունսթի կողմից։ Առավել հայտնի էթնոերաժշտագետներից են Բելա Բարտոկը, Սիմհա Արոմը, Զոլտան Կոդայը, Պատրիք Մուտալը և այլ երաժիշտներ։

Երաժշտագետ-ազգագրագետ Ֆրանսես Դենսմորը, 1916 թ.

Երաժշտական ազգագրության խնդիրներն են՝ հայտնաբերել տարբեր դարաշրջանների ժողովրդական երաժշտական ստեղծագործությունները, պարզաբանել երաժշտության ազգային-ոճական հատկանիշները, երաժշտության դերը ժողովրդի հոգևոր մշակույթի պատմության մեջ և ժամանակակից հասարակական կյանքում ու կենցաղում։ Բացահայտում է ժողովրդական երաժշտության, բանաստեղծության և պարերի փոխադարձ կապը, ժողովրդական երաժշտության և կոմպոզիտորների ստեղծագործության փոխազդեցությունը, տարբեր ժողովուրդների երաժշտական առնչությունները (վերջինը Երաժշտական ազգագրության մի առաևձին ենթաճյուղի՝ համեմատական երաժշտագիտության խնդիրն է)։ Այս հարցերի պարզաբանմամբ երաժշտական ազգագրությունը լրացնում է ընդհանուր երաժշտագիտությունը և ազգագրությունը։ Դեռևս հնում ժողովրդական երաժշտության նմուշներն այս կամ այն չափով գրի են առնվել և ուսումնասիրվել, իսկ XVIII դ. ընդհանուր ազգագրական նկարագրություններում և աշխատություններում գրավել ավելի մեծ տեղ։ Որպես գիտության ինքնուրույն ճյուղ երաժշտական ազգագրությունը ձևավորվել է XIX դ. երկրորդ կեսին։ Հայ ժողովրդի երաժշտական արվեստը հնագույն ժամանակներից արժանացել է պատմագիրների, բանաստեղծների, կոմպոզիտորների և գեղագետների ուշադրությանը։ Միջնադարում գրառվել և մշակվել են բազմաթիվ ժողովրդական երգերի խոսքեր, եղանակները խազերով ձայնագրվել և առատորեն օգտագործվել են հոգևոր երաժշտության մեջ։ Մանրանկարներում պահպանվել եև ժողովրդական պարերի, գործիքների, հանդեսների բազմաթիվ պատկերներ։ Նոր ժամանակներում հայ ժողովրդական երգերը ձայնագրել են՝ Ն. Տիգրանյանը, Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ս. Մելիքյանը և ուրիշներ։ Հայ ժողովրդական երաժշտության առանձին նմուշներ ձայնագրել են նաև ռուս երաժիշտներ Ի. Դոբրովոլսկին, Մ. Ա. Բալակիրևը, Մ. Պ. Մուսորգսկին, Մ. Մ. Իպպոլիտով-Իվանովը և այլք։ Հայ երաժշտական ազգագրության հիմնադիրը, գիտական առումով, Կոմիտասն է։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտական ազգագրություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 104