Եսավ Այդինյան
Եսավ Ասծատուրի Այդինյան (1916, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1985), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1966):
Եսավ Այդինյան | |
---|---|
Ծնվել է | 1916 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1985 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Հայկական ԽՍՀ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Եսավ Այդինյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Ավարտել է բանֆակը և որպես ուսուցիչ աշխատանքի անցել ԼՂԻՄ Մարտունու շրջանում։ 1936-1938 թվականներին եղել է Կարմիր Շուկա ավանի դպրոցի տնօրեն, 1938-1940 թվականներին՝ Մարտունու շրջժողկրթբաժվար։
1940 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայությունը չավարտած մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 9-րդ լեռնահրաձգային դիվիզիայի կազմում վաշտի հրամանատար Այդինյանը մասնակցել է Կուբանի և Կրասնոդարի ազատագրմանը։ 1943 թվականին Այդինյանի վաշտը հերոսաբար մասնակցել է Նովոռոսիյսկի ազատագրման մարտերին, որոնցից մեկում վիրավորվել է։ Բուժվելուց հետո կրկին մեկնել է գործող բանակ։ 1944 թվականին մասնակցել է Ուկրաինայի ազատագրման մարտերին և ծանր վիրավորվել Վինիցիայի մատույցներում։ Վեց ամիս անց կրկին վերադարել է ռազմաճակատ, մասնակցել Սանդոմիրի պլացդարմում մղված հայտնի ճակատամարտին, որտեղ կրկին վիրավորվել է[1]։
Պատերազմի ավարտից հետո մանկավարժ սպան վերադարձել է խաղաղ աշխատանքի, նշանակվել մարզային ժողկրթբաժնի վարիչի տեղակալ, իսկ 1946 թվականին ընտրվել է Լեռնային Ղարաբաղի ԼԿԵՄ մարզկոմի երկրորդ, ապա՝ առաջին քարտուղար։ Անբասիր աշխատանքի համար Այդինյանն արժանացել է շքանշանի և մի շարք մեդալների[1]։
1950 թվականին Այդինյանն ընտանիքով տեղափոխվել է Երևան, կրկին անցնել մանկավարժական աշխատանքի և հայ գրականություն դասավանդել Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումում, միաժամանակ ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1966 թվականին Այդինյանին շնորհվել է հանրապետության վաստակավոր ուսուցչի կոչում[1]։
Եսավ Այդինյանը մահացել է 1985 թվականին։
Պարգևներ խմբագրել
- ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1966)
- «Պատվո նշան» շքանշան
- «Կարմիր աստղի» շքանշան