Եղևնի փշոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ասեղնատերևավորներ
Ընտանիք Սոճազգիներ
Ցեղ Եղևնի
Տեսակ Եղևնի փշոտ
Լատիներեն անվանում
Picea pungens Engelm


Եղևնի փշոտ (լատին․՝ Picea pungens Engelm), սոճազգիների ընտանիքի, եղևնի ցեղի բույս է։

Նկարագրություն խմբագրել

Գեղեցիկ, մշտադալար ծառեր են՝ 20-45 մ բարձրությամբ և 70-120 սմ բնի տրամագծով, սիմետրիկ, բրգաձև սաղարթով, որը կազմված է հորիզոնական, օղակաձև դասավորված ճյուղերից։ Փշատերևներն ունեն 20-30 մմ երկարություն, չորսկողմանի, ամուր, ծակող, 3-6 հերձանցքային գծերով, գեղեցիկ արծաթասպիտակ գույնի։ Կոների երկարությունը կազմում է 5-10, լայնությունը՝ 2-3 սմ։ Գլանաձև են, հասունանում են օգոստոս-սեպտեմթեր ամիսներին։ Ապրում է 400-600 տարի։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկայի ժայռոտ լեռների անտառային գոտին է, որտեղ աճում է 2000-3300 մ բարձրության վրա։ Որպես բարձր-դեկորատիվ ծառատեսակ Եվրոպա է ներմուծվել 19-րդ դարի կեսերին և տարածվել ամենուրեք։ Հայաստանում մշակվել է 1938-1939 թվականներից։ Չափազանց լավ է հարմարվել ոչ միայն Արարատյան դաշտի խիստ ցամաքային պայմաններին, որտեղ լավ է աճում առատ ոռոգման պայմաններում, այլև Հայաստանի համարյա բոլոր կլիմայական գոտիներում, այդ թվում նաև բարձրլեռնային շրջաններում, ծովի մակերևույթից մինչև 2000-2200 մ բացարձակ բարձրության վրա։ Այս ծառատեսակը ունի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնցից ամենալայն տարածում է գտել արծաթափայլ ձևը։ Արծաթափայլ եղևնին ներկայումս ամենամեծ պահանջարկ վայելող դեկորատիվ ծառատեսակն է։ Այն տարածված է ամենուրեք՝ Սանկտ Պետերբուրգից մինչև Աշխաբադ։ Հայաստանում հաջողությամբ է աճում ինչպես Ղուկասյանում, Ամասիայում և մյուս բարձրլեռնային բնակավայրերում, այնպես էլ Արարատյան դաշտում, Մեղրիում և հատկապես անտառապատ շրջաններում։

Տարածվածություն խմբագրել

Ամենախոշոր ծառերը աճում են Երևանում։ Դրանք տնկվել են 1950 թվականին և ներկայումս 40-42 տարեկան են։ Չնայած դանդաղ են աճում, այնուամենայնիվ ներկայումս հասնում են 14-15 մ բարձրության ունեն 35-37 սմ բնի տրամագիծ։ Տարեկան միջին աճը կազմում է 37-40 սմ։ Ամենուրեք աչքի է ընկնում ցրտադիմացկունությամբ, շոգադիմացկունությամբ, երաշտադիմացկունությամբ։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Լավ է աճում նույնիսկ սննդանյութերով աղքատ, ոչ հզոր, քարքարոտ կավավազային հողերում։ Լավ է դիմանում քաղաքի յուրահատուկ պայմաններին' հողի տրորմանը, գազերին, ծխին, փոշուն։ Հաջողությամբ է աճում նաև արդյունաբերական ձեռնարկությունների բակերում։ Որպես լուսասեր ծառատեսակ պահանջում է բաց, արևոտ վայրեր։

Կիրառություն խմբագրել

Արծաթափայլ եղևնին բարձրարժեք, բարձր դեկորատիվ տեսակ է։ Այն կարելի է օգտագործել միայն փոքր քանակությամբ որպես սոլիտեր, գեղարվեստական խմբերում կամ խոշոր զանգվածներում։ ճատկապես հեռանկարային է մոնումենտալ շենքերի, հրապարակների, կենտրոնական փողոցների, պարտեզների ձևավորման համար։ Բարձր դեկորատիվ է կլոր տարվա ընթացքում, սակայն դեկորատիվության գագաթնակետին է հասնում մայիսի առաջին կեսի ընթացքում, երբ սկսում են բացվել նոր փշատերևները, որոնք հրաշալի կոնտրաստ են կազմում հին, ավելի մուգ գույնի փշատերևների ֆոնի վրա։ Այդ նույն ժամանակաշրջանում գեղեցիկ տեսք են ունենում նաև արական և իգական կոները։ Ներկայումս աստիճանաբար լայն տարածում են ստանում մեր հանրապետությունում։ Էկոլոգիական խումբը IX, մշակության հավանական շրջանները 1-32[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 41։