«Դրամա» (ռուս.՝ «Драма»), ռուս գրող Անտոն Չեխովի պատմվածքը, որը գրվել և հրատարկվել է 1887 թվականին, հունիսի 13-ի «Օսկոլկի» ամսագրի («Осколки») № 24-ում Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Դրամա
ռուս.՝ Драма
«Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուի կազմը, 1884 թվական
Տեսակհրատարակություն և գրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էհունիսի 13 (25), 1887
ԹարգմանիչՍերգո Պայազատ

Հրատարակություններ խմբագրել

Ա. Չեխովի «Դրամա» պատմվածքը գրվել է 1887 թվականին, տպագրվել նույն թվականի հունիսի 13-ին «Օսկոլկի» («Осколки») թերթի № 24-ում Ա. Չեխոնտե ստորագրությամբ։ 1891 թվականին պատմվածքը հրատարակվել է «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուի կազմում։ Ներառվել է գրողի աշխատությունների ժողովածուում, որը կազմել է Ա. Մարքսը։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, նորվեգերեն, լեհերեն, ռումիներեն, չեխերեն և սերբախորվաթերեն։

Հայերեն թարգմանության հեղինակը Սերգո Պայազատն է[1]։

Պատմություն խմբագրել

Ն. Եժովի վկայությամբ՝ պատմվածքի սյուժեն Չեխովն ստացել է դրամատուրգ Վիկտոր Պետրովիչ Բուրենինից[2]։

Քննադատություն խմբագրել

«Դրամա» պատմվածքը Լև Տոլստոյի սիրելի ստեղծագործություններից մեկն է եղել։ Նա դա կարող էր կարդալ ու լսել «որքան հնարավոր է»[3]։ Ըստ Ս. Սեմյոնովի հուշերի՝ պատմվածքը «այնքան էր հիացնում Լ. Ն.-ին, որ նա դա պատմում էր անհաշվելի անգամներ և ամեն անգամ ամբողջ սրտով ծիծաղում»[4]։ Եժովի հաղորդմամբ՝ «... Լ. Տոլստոյը, կարդալով «Դրամա» պատմվածքը, ի սրտե քրքջաց ու խորդուրդ տվեց բոլորին կարդալ չեխովյան այդ պատմվածքը»[5]։ Բաժանելով Չեխովի լավագույն ստեղծագործությունները երկու խմբի՝ Լև Տոլստոյը այս պատմվածքը համարել է առաջին կարգի։

Ն. Միխայլովսկին հիշել է վաղ շրջանի Չեխովին, երբ վերջինս «հրաշալի հնարամտություն էր դրսևորում ծիծաղաշարժ էֆեկտների մասով (դժվար է առանց ժպիտի հիշել օրինակ «Վինտը» և «Դրաման»...»[6]։ Պատմվածքի մասին գրել են քննադատներ Յա. Աբրամովը, Ս. Վենգերովը, Վ. Չայլդսը և ուրիշներ[7]։

Կերպարներ խմբագրել

  • Մուրաշկինա, գրող, լիքը կազմվածքով տիկին՝ կարմիր ու մսոտ դեմքով, ակնոցով
  • Պավել Վասիլևիչ, հայտնի գրող։

Դիպաշար խմբագրել

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում հայտնի գրող Պավել Վասիլևիչի բնակարանում։ Մի անգամ առավոտյան նրա մոտ է գալիս Մուրաշկինա ազգանունով մի կին, որը գրող էր։ Պավել Վասիլևիչը չի ցանկանում ընդունել նրան, բայց քանի որ նա եկել էր արդեն հինգ անգամ, ի վերջո համաձայնվում է։

Տիկինը հայտնում է նրան, որ Վասիլևիչի արվեստի մեծ երկրպագուն է, և որ ինքը «ազատվել է՝ ծնելով մի դրամա», հեծեծալով խնդրում է լսել իր դրաման և կարծիք հայտնել։ Պավել Վասիլևիչը չէր սիրում կարդալ և լսել ուրիշների ստեղծագործությունները, դրանք հիշեցնում էին «ուղիղ իր վրա ուղղված թնդանոթի փող»։ Սակայն նա համաձայնվում է լսել տիկնոջը, սակայն կես ժամից ոչ ավելի։ Մուրաշկինան սկսում է կարդալ ստեղծագործությունը։ Կարդալու ընթացքում Պավել Վասիլևիչը հիշում է, թե ինչ էր կինը պատվիրել իրեն, որ բերի ամառանոց, մտածում էր, որ ինքն ինչով է մեղավոր, որ այս կինը դրամա է գրել։

Ընթերցումը շարունակվում է այնքան երկար, որ գրողն սկսում է ննջել։ Նրա աչքերին Մուրաշկինան արդեն երեքգլխանի էր թվում, հետո նրա գլուխը հասնում է մինչև առաստաղ, ուռչում ու դառնում է ահագին մի բան։ Պավել Վասիլևիչը, չտիրապետելով իրեն, սեղանից հափշտակում է ծանր պրեսպապիեն և ամբողջ թափով զարկում Մուրաշկինայի գլխին։ Հետո ներս վազող ծառային ասում է. «Կապեցե՛ք ինձ, ես սպանեցի նրան»։ Պատմվածքն ավարտվում է հետևյալ բառերով. «Երդվյալների դատարանը արդարացրեց նրան»։

Էկրանավորում խմբագրել

1960 թվականին հեռուստատեսության կենտրոնական ստուդիան Անտոն Չեխովի պատմվածքի հիման վրա նկարահանել է «Դրամա» կարճամետրաժ հեռուստատեսային ֆիլմը։ Ռեժիսոր՝ Գերման Լիվանով, դերերում՝ Ֆաինա Ռանևսկայա (գրող Մուրաշկինա), Բորիս Տենին (հայտնի գրող Պավել Վասիլևիչ)։

1969 թվական՝ «Դրամա» (El Drama, Իսպանիա), ռեժիսոր՝ Ֆրանսիսկո Աբադ («Չեխովյան պատմվածքներ» սերիալ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Չեխով, Անտոն Պավլովիչ; Եսայան, Դորա Գարեգինի; Մկրտչյան, Լևոն (1987). Թոռունյան, Է Բ (ed.). Ընտիր երկեր =: Избранные произведения: Рассказы, повести, пьесы: Պատմվածքներ, վիպակներ, պիեսներ. Ռուս դասականների գրադարան. Երևան: Սովետական գրող.
  2. «Исторический вестник», 1909, № 8, стр. 516
  3. П. Сергеенко. Как живет и работает гр. Л. Н. Толстой. Изд. 2-е, дополн. и испр., 1908, стр. 54
  4. «Путь», 1913. № 2, стр. 38; Чехов в воспоминаниях, стр. 369
  5. «Исторический вестник», 1909, № 8, стр. 503
  6. «Русское богатство», 1900, № 4, стр. 126—127
  7. «Вестник и библиотека самообразования», 1903, № 32, стр. 1329

Գրականություն խմբագրել

  • Чехов А. П. Драма // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Ein Drama. S. 459–464 in Gerhard Dick (Hrsg.) und Wolf Düwel (Hrsg.): Anton Tschechow: Das schwedische Zündholz. Kurzgeschichten und frühe Erzählungen. Deutsch von Georg Schwarz. 668 Seiten. Rütten & Loening, Berlin 1965 (1. Aufl.)

Արտաքին հղումներ խմբագրել