Դիոգենես[3] Սինոպացի (հունարեն՝ Διογένης ὁ Σινωπεύς, շուրջ մ.թ.ա. 404 թ., Սինոպ - մ.թ.ա. 323 թ. հունիսի 10, Կորնթոս), հին հույն փիլիսոփա, կինիկյան փիլիսոփայական դպրոցի կարկառուն ներկայացուցիչ, Անտիսթենեսի աշակերտը։

Դիոգենես Սինոպացի
Διογένης ὁ Σινωπεύς
Ծնվել էմոտ մ. թ. ա. 400[1] Սինոպ, Թուրքիա[2]
Մահացել էմոտ մ. թ. ա. 323[1] Ancient Corinth, Corinth Municipality, Corinthia, Պելոպոնես, Հունաստան[2]
ՔաղաքացիությունSinope
ՈւղղությունԿինիկներ[1][2]
Մասնագիտությունփիլիսոփա
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ՈւսուցիչXeniades? և Անտիսթենես
ԱշակերտներԿրատես Թեբեացի և Onesikritos?
 Diogenes of Sinope Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ըստ անտիկ հեղինակների կիսաառասպելական տեղեկությունների՝ իր հայրենի Սինոպ քաղաքում երիտասարդ հասակում իր հոր հետ զբաղվել է դրամ կեղծելով։ Երբ դրա մասին իմացվել է, հորը բանտարկել են, իսկ Դիոգենեսը փախել է քաղաքից՝ վարելով ծայրահեղ աղքատի կյանք։ Իմանալով, որ Աթենքում ապրում է մի փիլիսոփա, որը լինելով բարեկեցիկ ընտանիքից, համակերպվել է աղքատության հետ՝ գալիս է Անտիսթենեսի մոտ, որպեսզի նրանից սովորի ընտելանալ աղքատությանը։ Անտիսթենեսը սկզբում չի համաձայնում նրան ընդունել որպես աշակերտ։ Դիոգենեսը մի քանի անգամ խնդրելով բարկացնում է Անտիսթենեսին, որը սկսում է ծեծել նրան փայտով։ Դիոգենեսը, դիմանալով հարվածներին, ասում է. «Դու այնքան ամուր փայտ չես գտնի, որը կոտրի իմ կամքը»։ Այդ բառերը դուր են գալիս Անտիսթենեսին և նա ընդունում է Դիոգենեսին։

Անտիկ հեղինակները հաղորդում են Աթենքում Դիոգենեսի կողմից գրված 14 երկասիրության մասին, որոնց մեջ ներկայացված են ինչպես փիլիսոփայական աշխատություններ («Առաքինության մասին», «Բարու մասին» և այլն), այնպես էլ մի քանի ողբերգություն։

Դիոգենեսի մասին պահպանվել են բազմաթիվ անեկդոտիկ պատմություններ։

  • Երբ մի անգամ ցերեկով շրջում էր ճրագը ձեռքին, նրան հարցրին, թե ինչ է անում, նա պատասխանեց. «Մարդ եմ որոնում»։
  • Երբ նա վերադարձել է օլիմպիական խաղերից, նրան հարցրել են. «Շատ մարդ կա՞ր»։ Նա պատասխանել է. «Ժողովուրդ՝ շատ, մարդ՝ քիչ»։
  • Մի անգամ Ալեքսանդր Մակեդոնացին իր շքախմբով գալիս է Դիոգենեսի մոտ և հարցնում. «Ի՞նչ կուզես դու քեզ համար»։ Դիոգենեսը այդ ժամանակ կիսապառկած է լինում խոտին։ Տեսնելով, որ Ալեքսանդրը կանգնել է արևի դիմաց և ստվեր է գցում իր վրա՝ ասում է. «Մի քիչ էն կողմ գնա արևից»։
  • Երբ Ալեքսանդրը վերադառնում էր, նրա խմբի մարդիկ զարմացած էին Դիոգենեսի «հիմարության» վրա, որ նա չօգտագործեց պահը մի արժեքավոր բան ստանալու համար։ Ի պատասխան Ալեքսանդրը նկատեց. «Եթե ես չլինեի Ալեքսանդր, կուզենայի լինել Դիոգենես»։
  • Մի անգամ ծովահենները բռնել էին Դիոգենեսին և հանել վաճառքի որպես ստրուկ։ Երբ գնորդներից մեկը՝ կորնթացի Քսենիադը հարցնում է. «Դու ի՞նչ կարող ես անել», նա պատասխանում է. «Թող ինձ գնի այն մարդը, որը տիրոջ կարիք ունի»։ Գնորդին դուր եկավ այս պատասխանը, և նա գնեց նրան, դարձրեց իր երեխաների ուսուցիչ։ Երբ երեխաները մեծացան, նրան ազատ արձակեց։

Դիոգենեսը եղել է փայլուն հռետոր։ Ասում են, որ Էգինացի Օնեսիկրիտեսը ուղարկել է Աթենք իր որդուն՝ Անդրոսթենեսին, որը սկսեց լսել Դիոգենեսին և էլ չվերադարձավ։ Հայրը ուղարկեց երկրորդ որդուն՝ Թիլիսկոսին, որը նույնպես չվերադարձավ։ Հայրն էլ ստիպված հետևեց որդիներին։ Դիոգենեսը ապրել է իննսուն տարի, մահացել է Ալեքսանդր Մակեդոնացու հետ նույն օրը, նրա տապանաքարին նկարել են շուն և գրվել են հետևյալ տողերը.

Թող ծերանա պղինձը ենթարկվելով ժամանակի կամքին, սակայն
Քո փառքը՝ Դիոգենես, կապրի առհավետ,
Դու մեզ սովորեցրեցիր ինչպես ապրել, բավարարվելով նրանով ինչ ունենք,
Դու մեզ ուղի ցույց տվեցիր, որից ավելի հեշտը չկա

Ուսմունքը խմբագրել

Համընդհանուր բարոյական նորմերին հակադրվելը Դիոգենեսը դարձնում է սկզբունք՝ արհամարհելով ամեն կարգի ծաղր ու հայհոյանք։ Դիոգենեսը ծաղրում էր ոչ միայն հարստությունը, փառքը, ազնվական ծագումը, այլև ժխտում էր ընտանիքի ու պետության անհրաժեշտությունը։ Որպես միակ պետություն ընդունում էր ողջ աշխարհը՝ իրեն համարելով «աշխարհի քաղաքացի»։ Ըստ նրա՝ ինչպես ծառաներն են ստրկության մեջ իրենց տերերի ձեռքին, այնպես էլ հիմար մարդիկ ստրկության մեջ են իրենց ցանկությունների ձեռքին։ Հաճույքի հանդեպ արհամարհանքը սովորության միջոցով դառնում է գերագույն հաճույք։ Ըստ նրա՝ կրթությունը զսպում է պատանիներին, մխիթարում է ծերերին, հարստացնում է աղքատներին, զարդարում է հարուստներին։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Visuotinė lietuvių enciklopedija (լիտ.)
  3. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 59. ISBN 99941-56-03-9.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոգենես Սինոպացի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոգենես Սինոպացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 395