Դեֆոլտ կամ պարտազանցում (անգլ.՝ default), պարտապանի՝ պարտքը վճարելու պարտավորությունների կատարման անկարողություն՝ ինչպես դրա տոկոսների, այնպես էլ փոխառված միջոցների մայր գումարի մասով։ Ընկերության կամ ֆիզիկական անձի կողմից դեֆոլտի հայտարարման դեպքում սկսվում է սնանկության ընթացակարգը, որի ընթացքում սահմանվում են պարտքի վերադարձման, դրա լրիվ կամ մասնակի դուրսգրման ընթացակարգերը[1]։

Դեֆոլտի տեսակներ խմբագրել

Դեֆոլտը կարող է լինել երկու տեսակի.

  1. Տեխնիկական դեֆոլտ․ պարտավորությունները տվյալ պահին մարելու անկարողություն, սակայն հետագայում դրանք կատարելու հնարավորությամբ։ Եթե տեխնիկական դեֆոլտի շրջանակում, որը սահմանափակված է կոնկրետ ժամկետներով, պարտավորությունները չեն կատարվում, ապա տեղի է ունենում սովորական կամ հասարակ դեֆոլտ։ Տեխնիկական դեֆոլտը հաճախ հանգեցնում է վարկառուի սնանկության[2]։
  2. Վերջնական դեֆոլտ (սովորական, հասարակ)․ բոլոր պարտքերի վճարման կամ պարտավորությունների կատարման անկարողություն։ Սա նշանակում է վարկառուի սնանկություն։ Կան դեֆոլտի ենթատեսակներ ըստ օբյեկտների, այսինքն՝ վարկառուների՝ ֆիզիկական անձի, ընկերության, պետության (սուվերեն) դեֆոլտ։
  • Եթե դա ընկերություն է, ապա նշանակվում է արբիտրաժային կառավարիչ, որը որոշում է հետագա քայլերը (ընկերության վաճառք՝ ամբողջությամբ, ընկերության վաճառք՝ մաս-մաս և այլն)։
  • Եթե ֆիզիկական անձի չկատարում է, ապա այդ վարկառուի դեմ գործողությունները, երբ դեֆոլտը հայտարարվել է, կարգավորվում է օրենսդրությամբ, բայց ամենից հաճախ շարքային քաղաքացին պաշտպանված է օրենքով։
  • Եթե պետությունը հայտարարում է դեֆոլտ («սուվերեն դեֆոլտ»), ապա պարտքերն ու վեճերը ենթակա են կարգավորման միջազգային մակարդակով։

Պարտքի առարկայի մասով կարող է հայտարարվել պարտատոմսերի (պարտատոմսային փոխառության պայմանագրի պայմաններով՝ տոկոսները կամ մայր գումարը ժամանակին չվճարելը), մուրհակների, ուղղակի դրամական փոխառությունների, բանկային չեկերի մասով դեֆոլտ։

Պետության դեֆոլտ խմբագրել

Պետության դեֆոլտը տեղի է ունենում, եթե պետությունը ժամանակին չի կարողանում կատարել իր պարտավորությունները ներքին կամ արտաքին վարկատուների նկատմամբ։ Սուվերեն պարտքի վերակառուցումը ստանդարտացված ընթացակարգ չունի. յուրաքանչյուր երկրի համար առանձին կազմվում է անհատական մարման ծրագիր և հաճախ գործընթացը կարող է տարիներ տևել։ Այնուամենայնիվ պարտքի մարման ծրագիրը չի երաշխավորում վարկատուների միջոցների ամբողջական վերադարձ՝ վարկառուի կողմից։

Պետության կողմից դեֆոլտի հայտարարումը նվազեցնում է երկրի վարկային վարկանիշները. երկրի համար դժվար կամ անհնար է դառնում նոր վարկեր ներգրավելը, որպես հետևանք՝ արտաքին կապիտալի սահմանափակ ազդեցությունը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։

Պետության կողմից դեֆոլտի հայտարարման օրինակներից են՝ Ռուսաստանի դեֆոլտը 1998 թվականին[3], Արգենտինայի դեֆոլտը 2001 թվականին[4], Մեքսիկայի դեֆոլտը 1982 թվականին, Ուրուգվայի դեֆոլտը 2003 թվականին[5], Հյուսիսային Կորեայի դեֆոլտը 1987 թվականին[6], 2015 թվականի հուլիսի 1-ին Հունաստանի տեխնիկական դեֆոլտը[7]։

Պետական պարտքերով դեֆոլտի հայտարարում խմբագրել

Պետական պարտքի դեֆոլտ կարող է հայտարարվել.

  1. Արտաքին պարտքի գծով․ այլ երկրների, միջազգային հիմնադրամների, օտարերկրյա կորպորացիաների նկատմամբ։ Որպես կանոն, այն ձևակերպված է հատուկ արժեթղթերով՝ պետական պարտատոմսերով։
  2. Ներքին պարտքի գծով․ տեղական բանկերի, հիմնադրամների, ներդրողների և բնակչության նկատմամբ, ներառյալ՝ կենսաթոշակների, սոցիալական նպաստների, պետական ծառայողների աշխատավարձերի վճարումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դեֆոլտ․ բացելով փակագծերը». Banks.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Дефолт». www.audit-it.ru. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  3. Новости, Р. И. А. (20110824T1245). «Дефолт 1998 года в России: причины, хронология, последствия. Справка». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  4. «Аргентинский кризис: первое предупреждение для России». NEWSru.com (ռուսերեն). 2001 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  5. ИноСМИ, Il Messaggero (20110801T1436). «Четыре дефолта за последние 20 лет: Мексика, Россия, Аргентина и Уругвай». ИноСМИ (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  6. «North Korea Is Told of Loan Default». The New York Times Company.
  7. «Греция не выплатила в срок свой долг МВФ». tass.ru. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.