Դարևսկու վահանագլուխ իժ

Դարևսկու վահանագլուխ իժ
Դարևսկու վահանագլուխ իժ (արու)
Դարևսկու վահանագլուխ իժ (արու)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ինֆրակարգ Alethinophidia
Ընտանիք Իժեր (Viperidae)
Ենթաընտանիք Viperinae
Ցեղ Իսկական իժեր (Vipera)
Տեսակ Դարևսկու վահանագլուխ իժ (V. darevskii)
Միջազգային անվանում
Vipera darevskii
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Դարևսկու վահանագլուխ իժ կամ Դարևսկու իժ (լատին․՝ Vipera darevskii), իժերի ընտանիքի իժերի ենթաընտանիքի օձ։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում է Vipera կամ Pelias ցեղին։

Հանդիպում է Շիրակի մարզում. Ջավախք-Աշոցքի աշխարհագրական մարզի բնաշխարհիկ է։ Տարածված է ցուրտ ու խոնավ տափաստանամարգագետնային բուսականությամբ քարքարոտ կենսավայրերում։

Մարմինը հաստ է, երկարությունը՝ 13-42 սմ, պոչը՝ 6-8 անգամ կարճ։ Էգերը խոշոր են արուներից։ Գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է հարթ վահանիկներով։ Աչքերը խոշոր են՝ մուգ գորշավուն ծիածանաթաղանթով, բիբը՝ օվալաձև, ուղղահայաց։ Աչքերից դեպի հետ, մինչև պարանոցը, ձգվում են մուգ զոլեր։ Գլխի ճակատային վահանակի վրա առկա է տձև կամ երկայնակի ձգված խալ։ Սև խալեր կան նաև սպիտակավուն կամ գորշ շրթնային վահանիկների վրա։ Մարմնի թեփուկները կատարավոր են, անփայլ։ Մեջքը մոխրագույն է, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։ Մեջքի երկայնքով, ծոծրակից մինչև պոչի ծայրը, ձգվում է մուգ գորշավունից սև լայն խալերից կազմված զիգզագանման նախշ։ Մուգ խալերի մեկական շարք կա նաև կողմնային մակերեսներին։ Բազմաթիվ սև կետիկների խտության հաշվին էգերի որովայնի մակերեսը մոխրագույն է, արուներինը՝ գրեթե սև՝ սպիտակ բծերով։

Սնվում է մանր հոդվածոտանիներով (մորեխներ, ծղրիդներ) և մանր ողնաշարավորներով (մողեսներ, մանր կրծողներ)։ Ձմեռում է աշնան երկրորդ կեսից գարնան կեսերը։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսին։ Օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը էգը ծնում է 2-8 ձագ։

Օգտակար է. կարգավորում է միջատների և կրծողների թվաքանակը։ Պահպանության նպատակով խնամվում է անազատ պայմաններում։

Տարածվածություն խմբագրել

Տեսակի արեալը ներառում է Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասը Հայաստանի սահմաններում` մինչև Վրաստանի հետ սահմանը (Աչքասար լեռ), ծովի մակարդակից 2350-3000 մ բարձրության վրա, հայտնի է նաև Շիրակի մարզում և Աշոցքի տարածաշրջանում։ 2008 թվականի տվյալներով՝ տարածման արեալը գրավում է ընդամենը 200 հա[1]։

Էկոլոգիա խմբագրել

ենթալպյան գոտում գտնվող քարքարոտ լեռնալանջերը և ժայռային ցցվածքները՝ ծածկված տափակ քարերի կույտերով հանդիսանում են տեսակին բնորոշ բիոտոպներ[1]։

Ակտիվ են մայիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջը։ Սնվում են անողնաշար կենդանիներով և մողեսներով։ Զուգավորումը սկսվում է մայիսի կեսերից։ Ձվակենդանածին տեսակ է։ Ձագերը (5-8) ծնվում են սեպտեմբերի կեսերին։ Ծնվելուց անմիջապես հետո սկսվում է մաշկափոխությունը։ Բարձրադիր գոտիներում դիտվող ծնվելու ուշ ժամկետները հիմք են տալիս ենթադրելու, որ բնության մեջ նորածիններն անմիջապես անցնում են ձմեռման, իսկ սնվել սկսում են հաջորդ տարվա գարնանը[1]։

Պահպանություն խմբագրել

Նեղ արեալային տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Պոպուլյացիաների խտությունը բնորոշ բիոտոպերում բավականին բարձր է` 1 հա մակերեսին տարբեր տարիներին հաշվառվել է 10-12 առանձնյակ։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում բնորոշ ապրելավայրերի քայքայումը, բարձրադիր մարգագետինների ինտենսիվ յուրացումը, ընտանի կենդանիների անվերահսկելի արածեցումը և ապօրինի որսը։

Պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում։ 2004 թվականից սկսած՝ «Կովկասում Դարևսկու իժի պահպանման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ բիոտոպերի տարանջատման և պահպանության նպատակով մշակվել և իրականացվում են կոնսերվացիոն միջոցառումներ։ Անհրաժեշտ է սահմանազատել և ցանկապատել տեսակի բնորոշ բիոտոպերը և ընդգրկել «Արփի լիճ» ազգային պարկի արգելոցային գոտում և սահմանել խիստ վերահսկողություն այս տեսակի ապօրինի որսի նկատմամբ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարևսկու վահանագլուխ իժ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարևսկու վահանագլուխ իժ» հոդվածին։