Կոստյում (ֆր.՝ Costume— հագուստ, հանդերձ, զգեստ), ավանդական վերնահագուստ (հագուստ),որպես կանոն պատրաստված մեկ ամբողջական կտորից, ավանդաբար տղամարդու։ Իր մեջ ներառում է պիջակ, անթև բաճկոն (ժիլետ) և տաբատ։ 20-րդ դարի կեսերից արդեն նաև կանացի զգեստ, սովորաբար իր մեջ ներառում է ժակետ և կիսաշրջազգեստ, սակայն կան նաև կանացի կոստյումներ ՝ բաճկոնով և տաբատով (քիչ տարածված)[1]։

Տղամարդ` ամբողջովին դասական կոստյումով.սերթուկ, սպիտակ վերնաշապիկ, փողկապ, երկքղանցք բաճկոն, գրպանի ժամացույց, կրծքի սպիտակ թաշկինակ, տաբատ: 1901 թ.
Ժամանակակից կոստյումներ խանութում

Դասական կոստյումի մեջ ամենից հաճախ մտնում են պիջակը[2] և տաբատը, ավելի քիչ անթև բաճկոնը, այն լրացնում է վերնաշապիկը, փողկապը կամ փողկապ-թիթեռնիկը և դասական կոշիկները, երբեմն գլխարկը, կրծքի թաշկինակը, ճարմանդները կամ գրպանի ժամացույցը, շղթան, որն անցնում է անթև բաճկոնի(ժիլետ) կոճակների միջով։ Կոստյումների բազմազնությունը պայմանավորված էր գունային գամմայով (առավել տարածված գույներ էին սևը, մոխրագույնը, սպիտակը, մուգ կապույտը, մուգ կանաչը, մուգ կարմիրը, կապույտը և այլն), վերնահագուստի տեսքով (դա կարող է լինել պիջակ, սերթուկ, այցեզգեստ, ֆրակ, սմոքինգ, վերարկու, թիկնոց), կոճակների շարքով (միաքղանցք կամ երկքղանցք), ժիլետի առկայությամբ կամ բացակայությամբ, աքսեսուարների առկայությամբ (գրպանի ժամացույց, կրծքի թաշկինակ, ճարմանդներ), դարձածալի ձևով և այլ պարամետրերով։

Դասական կոստյումը ծնվել է դեռևս 17-րդ դարի կեսերին ՝ Լյուդովիկոս 14-րդ թագավորի Վերսալյան Բակում։ Ֆրանսիական նորաձևությունն ընդունել են նաև այլ երկրներ, մասնավորապես Մեծ Բրիտանիան, որտեղ 19-րդ դարի սկզբին արդեն հայտնվում է ժամանակակից կոստյումի նախատիպը։ Շուրջ չորս դար այն ամենօրյա հագուստ էր։ 17-րդ դարում այն պարունակում էր սերթուկ, վերնաշապիկ, բաճկոնակ, բրիջիներ, զուգագուլպաներ և կոշիկներ։ 18-19-րդ դարերում կոշիկները կարող էին լինել ճտքակոշիկ կամ կիսակոշիկ(արդյունքում ամրապնդվեցին վերջինները), ժանյակը փոխարինեց պարանոցի թաշկինակին, վերնաշապիկը ստացավ ժամանակակից, ավելի նեղ տեսք, տաբատները դարձան երկար։ Մինչև 20-րդ դարի սկիզբը հանրաճանաչ էին ձեռնափայտն ու գլանագլխարկը(ցիլինդր), իսկ մինչ Առաջին աշխարհամարտը սպիտակ ձեռնոցներ կրելը պարտադիր էր արիստոկրատների համար։ Այնուհետև մինչև 1960-ական թվականները, որպես կանոն, կոստյումը ներառում էր բաճկոն և գլխարկ, ավելի ուշ այն դարձավ ավելի քիչ հայտնի։ 1960-ական թվականներից նորաձևության մեջ ամրապնդվեցին կրկնակի կոստյումները` միաքղանցք բաճկոններով, որոնք մինչև հիմա պահպանում են իրենց դիրքերը։

Ավանդաբար դասական կոստյում կրել են միայն տղամարդիկ, սակայն 20-րդ դարում հասարակության մեջ կնոջ դերի ամրապնդմանը զուգընթաց այն սկսեցին կրել նաև կանայք։ Սկզբում դասական կոստյումը ամենօրյա հագուստ էր, սակայն 50-60-ական թվականներից այն սկսեց զիջել դիրքերը և դարձավ հագուստի օրինակ դասական ոճի սիրահարների համար կամ հատուկ դեպքերի համար` հեղինակավոր աշխատանք, պաշտոնական միջոցառում, տոն, այցելություն մշակութային հաստատություններ, ելույթ հանրության առջև և այլն։

Նախկինում դերձակները կոստյումները կարում էին պատվիրատուի պատվիրած գործվածքներից, սակայն արդյունաբերական հեղաշրջումից հետո սկսվում է զանգվածային արտադրություն, և բացվում են բազմաթիվ խանութներ, որտեղ վաճառվում էին ապրանքների լայն տեսականի։ Այժմ կոստյումի ձեռքբերման մի քանի հիմնական եղանակներ կան` պատվիրել սեփական գործվածքներից, պատվիրել կատալոգից, ձեռք բերել պատրաստի կոստյումներ, ինչպես նաև առանձին-առանձին ձեռք բերել կոստյումի տարրերը։

Տղամարդու կոստյումի պատմություն խմբագրել

 
Յոհան Քրիստիան ֆիշերը սերթուկով, ժիլետով և բրիջիով: Նկարը Թոմաս Գեյնսբորոյի, 1780 թ.

Կոստյումը տարբեր փոփոխություններով արդեն չորս հարյուր տարի է համարվում է տղամարդկանց հագուստը։ Նա շատ անգամ է փոփոխվել, բայց ընդհանուր կանոնները մնացել են նույնը։

Ծնունդ խմբագրել

Ժամանակակից կոստյումը Ֆրանսիայում հայտնվեց 17-րդ դարում։ Այդ ժամանակ այն կազմված էր կեղծամից, սերթուկից (այն տարբերվում էր 19-րդ դարի սերթուկից), բարձր օձիքով սպիտակ վերնաշապիկից, ժաբոյից, ժիլետից, մինչև ծնկները հասնող կարճ տաբատ-բրիջիից, սպիտակ զուգագուլպաներից և կիսակոշիկներից։ Այն ներմուծեց Լյուդովիկոս 14-րդ թագավորը` ժամանակի նորաձևության «օրենսդիրը»։

Նոր կոստյումների առաջացման հետ կտրուկ փոխվում է նորաձևությունը` Վերածննդի դարաշրջանի կրկնօրինակներից և տաբատներից դեպի նոր ժամանակների ազնվական զգեստներ։ 1666 թվականին անգլիական թագավոր Չարլզ 2-րդ-ը ֆրանսիական գործընկերների ազդեցությամբ ներմուծեց նոր, բրիտանական պալատական նորաձևություն։ Ինչպես նա որոշել էր, տղամարդու կոստյումը պետք է ներառեր երկար սերթուկ( կամզոլ), բաճկոն (այն ժամանակ այն անվանում էին պետտիկոատ), պարանոցի թաշկինակ, կեղծամ, մինչև ծնկները հասնող կարճ տաբատ- բրիջի, սպիտակ զուգագուլպաներ, դասական կոշիկներ, գլխարկ։ Հարկ է նշել, որ նկարագրված ժամանակահատվածում կոստյում կրում էին պալատականները, արիստոկրատները, մտավորականները, և այն համարվում էր պալատական, պաշտոնական զգեստ։ 18-րդ դարում կոստյումները մնում են նույնը, փոխվում են միայն գույները և որոշ արտաքին առանձնահատկություններ։ Բացի այդ, այս ժամանակահատվածում նրա տարրերը հոսում են բարձր ժողովրդական նորաձևություն։

19-րդ դարի կոստյում խմբագրել

 
Կոստյումի նմուշ 1919 года, Վերսալյան պայմանագիր

Հաջորդ փոփոխությունները տեղի են ունենում Մեծ Բրիտանիայի ռեգենտության ժամանակաշրջանում (1811—1820): Բրիտանացի դենդի[Նշում 1] Ջորջ Բրամմելը խիստ ժամանակակից տղամարդու կոստյում է ստեղծում։ Այդ ժամանակ այն իր մեջ ներառում էր մուգ, սովորաբար սև ֆրակ, սպիտակ վերնաշապիկ, պարանոցի սպիտակ թաշկինակ, նուրբ երանգի ժիլետ և տաբատ, սև երկարաճիտ կոշիկներ։ Նոր պարզությունն ու համեստությունը արմատապես տարբերվում էին նախորդ դարերին բնորոշ շքեղությունից և վառ գունապնակից։

Սկսած Վիկտորյական դարաշրջանից Մեծ Բրիտանիայում փոխվեց նաև նորաձևությունը։ 19-րդ դարի կեսերին հայտնի դարձան սերթուկն ու այցեզգեստը։ Վերջինն առջևում լայն կտրվածք ուներ, ինչը նրան ձիավարության համար ավելի հարմար էր դարձնում։ Այն հագնում էին ցերեկը և պաշտոնական միջոցառումների ժամանակ, և ֆրակը այդ ժամանակից ի վեր դառնում է երեկոյան զգեստ և պահպանում է իր դիրքերը ևս մեկ հարյուրամյակ։ ժիլետ կրում էին ցանկացած տեսակի վերնահագուստի տակից։ Կոստյումի անբաժանելի տարրերն էին գլխարկ-ցիլինդրը և ձեռնոցները։ Անգլիայից կոստյումը տարածվեց ամբողջ Եվրոպան, ինչպես նաև ԱՄՆ-ի արևելյան հատվածները։ Աշխարհի գաղութացումը բերեց նոր նորաձևություն իր բոլոր հեռավոր անկյուններում։ 19-րդ դարի երկրորդ կեսին ծնվում է ուղիղ բաճկոնը, որը տաբատների և ժիլետների հետ ձևավորում է այն կոստյումը, որն այսօր կոչվում է դասական։ Այնուհետև նորաձևություն մտան ֆետրե գլխարկն ու կատելոկը սառը եղանակների համար, և ծղոտե գլխարկ-կանոտյեն ամառային տապի համար։ Նոր գլխարկներին աստիճանաբար փոխարինելու են գալիս գլանագլխարկները`ցիլինդրները։

19-րդ դարի վերջին հայտնվում են ոչ ֆորմալ, հարմարավետ կոստյումներ, որոնք նախատեսված էին սպորտով զբաղվելու, քաղաքից դուրս կամ լողափին կրելու համար։ Այստեղ կարելի է նշել գործված ժիլետները կամ ջեմպերները, որոնք ավելի մեծ ազատություն էին տալիս որսորդության, ձկնորսության, սպորտի ժամանակ, կոշիկներն ու ճտքակոշիկները, կոպիտ գործվածքից պատրաստված գոտիով բաճկոնները,որը ձգում էր իրանը, կեպկաները, զանգապանները` բրիջիների հետ կրելու համար։ Այնուամենայնիվ, մշտապես այդպիսի հագուստ կրելը ամոթաբեր էր, այն ջենտլմեններին անարժան էր համարվում։

Երեկոյան ընդունելությունների համար սովորաբար կրում էին ֆրակ և սպիտակ փողկապ, սակայն դարավերջին նորաձևություն մտավ սմոքինգը, որը սովորաբար կրում էին սպիտակ փողկապով։ «Սմոքինգ» անվանումը կոստյումը ստացել Է ԱՄՆ-ում հայտնվելով։ Սկզբում այն ծխելու կոստյում էր, մոխիրը թափելը քաղաքակիրթ չէր, իսկ ատլասե դարձածալերից այն հեշտ էր մաքրել։ Ամերիկացիներն այն ավելի վաղ են սկսել կրել, իսկ Առաջին համաշխարհային պատերազմից հետո համատարած տարածում է ստանում։

20-րդ դարի կոստյում խմբագրել

 
Տղամարդ այցեզգեստով, 1901 թ.

20-րդ դարի սկիզբը Մեծ Բրիտանիայում նշանավորվեց այսպես կոչված Էդվարդյան դարաշրջանով։ Սերթուկները դարձան ավելի քիչ ժողովրդականություն վայելող, պահպանողական հագուստ, մարդիկ հիմնականում նախընտրում էին այցեզգեստներ կամ բաճկոններ։ Հայտնի են դառնում սև փողկապները, դրանք կրում էին մասնավոր միջոցառումներին, որոնք, որպես կանոն, անցկացվում էին առանց կանանց։ Ֆրակը սկսեցին օգտագործել սմոքինգի հետ։ Վերջինս համատարած տարածում ստացավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, պահպանողական անգլիացիները այն վերջնականապես ճանաչեցին միայն 1920-ական թվականներին։ Հյուսիսային Ամերիկայում մեծ ժողովրդականություն է ձեռք բերում կոստյում-«սակե»ն։ Այնուամենայնիվ, սովորական գործնական կոստյումի համեմատ այն համարվում էր ոչ պաշտոնական, քանի որ ամուր էր նստում ուսերին`չունենալով կողմնակի ներսակարեր։ Գիրությանը հակված ամերիկացիները ըստ արժանվույն գնահատեցին կոստյումի ազատ հատվածնեը։

Լուսանկարում պատկերված են Վերսալյան պայմանագրի առաջնորդները։ Ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ, ինչպես օրինակ տվյալ իրավիճակում, նրանք հագնում էին այցեզգեստներ և բաճկոններ։ Պաշտոնական հանդիպումներին նրանք երկար սերթուկներով էին։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1920-ական թվականներին այցեզգեստը դառնում է պաշտոնական հագուստ, առօրյա կյանքում հայտնի են դառնում բաճկոնները։ Հասարակության ավելի պահպանողական մասը երկար սերթուկներ էր կրում, կամ, ինչպես իրենք էին անվանում, «Արքայազն Ալբերտի վերարկուն»։ Հայտնի էին մուգ երանգների փողկապները։ Նորաձևության մեջ մտան լայն, ուղիղ տաբատները։ Սովորական լայն տաբատները անվանում էին «Օքսֆորդյան պարկեր»:Դրանք,ի նշան բողոքի, կրում էին Օքսֆորդի համալսարանի ուսանողները, որոնց արգելել էին կրել բրիջներ։ 20-40 ական թվականներին բարձր գոտկատեղով տաբատներ կրելու միտում կար։ 20-ական թթ. բոլորը կրում էին միաքղանցք կոստյումներ, երկքղանցք նախընտրում էին պահպանողական և տարեց մարդիկ։ Միևնույն ժամանակ 20-ական թթ. նորաձև էր համարվում երկքղանցք ժիլետը`յուրաքանչյուր կողմում չորս կոճակով և միաքղանցք կոստյումը։

1930-ական թվականները նշանավորվեց հզոր, կարող տղամարդու, գանգստեր-մաֆյոզներիի կերպարով` լայն դարձածալերով,հսկա ուսերով, լայն տաբատով։ 1930-ական թթ. (հետո նաև 1970) նորաձև էին երկար բաճկոններն ու ժիլետները։ 1940-ական թվականներից սկսեցին արտադրվել նոր, անհարմար բաճկոններ, և շատ տղամարդիկ սկսեցին բողոքել դրանցից։ Այն ձգվում էր, երբ նրանք նստում կամ կռանում էին։ Շուրջ երկու տասնամյակ նորաձևության մեջ ամրապնդվել էին երկքղանցք բաճկոնները։

1940-1950-ական թվականները բնութագրվում են տարատեսակ կոստյումներով և նրանց պարզեցմամբ։ Վերարկուները, սերթուկներն ու բաճկոնները ուղիղ էին, իսկ 1960-ական թվականներին երկքղանցք կոստյումները դուրս եկան նորաձևությունից։

1950-1960-ականների սահմանագծին ժիլետը դադարում է կոստյումի պարտադիր մաս լինելուց, սակայն այն օգտագործվում է մինչ օրս։ «Ջինսային հեղափոխությունից» հետո համատարած օգտագործումից դուրս է գալիս նաև դասական գլխարկը։ 60-ականներին հայտնի էին ուղիղ բաճկոններով կրկնակի կոստյումները։

1960-ականների վերջից և 1970-ականների սկզբից որոշ չափով ժողովրդականություն էր վայելում Неру ոճի բաճկոնը(կոկորդի տակ կոճկվող, բարձր օձիքով։ ԱՄՆ-ում այն կրում էր, օրինակ, Ջոննի Կարսոն

1970-ական թթ. նորաձևություն են վերադառնում երկար վերարկուներն ու ժիլետները` «Շաբաթ երեկոյան տենդը» հանրաճանաչ ֆիլմի ազդեցության տակ։ Կոստյում-եռյակները նույնպես ասոցացվում էին դիսկո-մշակույթի հետ։

Ուշ 70-ականներին շատ ընկերություններ, առաջին հերթին ՝ Haggar-ը, հանրահռչակեցին կրկնակի կոստյումները, ինչպես նաև առաջին անգամ ներկայացրին կոստյումի տարրերը առանձին-առանձին գնելու հնարավորությունը[3]։

1980-ականներին արտադրողների մեծ մասը պատրաստում էր կրկնակի կոստյումներ, իսկ այն քչերը, որոնք շարունակում էին ժիլետներ պատրաստել, դրանք դարձնում էին միաքղանցք և 4 կոճակներով։

1985-1986 թթ. կոստյում-եռյակների համար նորաձևությունն աստիճանաբար սպառում է իրեն ՝ տեղը զիջելով երկքղանցք և միաքղանցք կոստյումներին։

60-ական թվականներից սկսած դասական կոստյումները դադարում են առօրյա հագուստ լինելուց։ Մասսայական տաբատները տեղը զիջում են ջինսերին, բաճկոններն ու սերթուկները` սվիտերներին, ֆուտբոլկաներին և այլ հագուստներին, կոշիկները` ճտքակոշիկներին և կրոսովկաներին։ Նորաձևություն են մտնում կտրվածքներով սվիտեր-ժիլետները, որոնք դասական ժիլետներից ավելի հայտնի են դառնում։

21-րդ դարի կոստյում խմբագրել

20-րդ դարի 90-ական թվականներին և 21-րդ դարի սկզբին երկքղանցք կոստյումների ժողովրդականության պոռթկում էր, բայց շուտով այն մարեց։

Ներկայումս կրկնակի կոստյումները ավելի հայտնի են, քան կոստյում-եռյակները։ Բաճկոնը և տաբատը սովորաբար պատրաստվում են մեկ նյութից, գործնական կոստյումի համար դա հաճախ բուրդ (նյութ) է։ Անցած տասնամյակում հանրաճանաչ էին երեք կոճակներով միաքղանցք բաճկոնները, այժմ նորաձև են երկու կոճակներով բաճկոնները` նեղ դարձածալերով և կարճեցված փեշերով։ Սակայն վաճառքում հանդիպում են ընդհուպ չորս կոճակ ունեցող տարբերակները։ Ներկայումս դասական կոստյումները կրում են կամ դասական ոճը գնահատողները, կամ հատուկ առիթներով։ Նորաձևություն են մտնում նաև դասական ոճի առարկաներ, բայց ժամանակակից մշակմամբ, ինչպես նաև վառ գույներով և նկարներով բաճկոններ, գունավոր ջինս-տաբատներ և այլն։

Կանացի կոստյումի պատմություն խմբագրել

 
Կանացի զբոսանքային կոստյումներ, 1894, Butterick ընկերություն

Կանացի կոստյումը ծնվել է 1660-ական թթ., երբ ձիավարության համար կանացի կոստյումի մեջ հայտնվեց բաճկոնի/ժիլետի և կիսաշրջազգեստի համադրությունը:Նման հագուստ, որը կապված չէր ձիարշավի հետ, հայտնվում է 19-րդ դարի վերջում։ Այստեղ անհրաժեշտ է լեզվական տեղեկություն։ Կոստյումը անվանում էին costume, բայց ոչ suit: Երկու բառերն էլ ռուսերենում թարգմանվում են «կոստյում»։ Բայց առաջին դեպքում կոստյումը որպես հագուստի պարագաների համադրություն, իսկ երկրորդը նշանակում է կոստյում` որպես դասական հագուստ, որը նման է տղամարդու կոստյումին։ Այսպիսով, կոստյումի այս ձևը դառնում է դասական կոստյում միայն Առաջին համաշխարհային պատերազմից հետո[4]։

Դերձակները կանացի կոստյումներ պատրաստելիս օգտագործում էին փափուկ գործվածքներ և ձգտում ընդգծել կանացիությունն իրենց աշխատանքներում։ Կիսաշրջազգեստով կոստյումը դառնում է ամենօրյա կանացի հագուստ, այն հագնում էին, երբ գնում էին աշխատանքի կամ քաղաքից դուրս։ Ոչ պաշտոնական միջոցառումներին հագնում էին կոկտեյլային զգեստներ։

20-րդ դարի կեսերին հայտնվում են կանացի գործնական կոստյումները, որոնք սովորաբար կազմված էին ժակետից և կիսաշրջազգեստից, հիմնականում մուգ երանգների։ Նրա տակ սովորաբար հագնում էին բաց երանգի վերնաշապիկ, զուգագուլպաներ և կոշիկներ, ավելի քիչ էին պարանոցի զարդարանքներն ու կրծքի թաշկինակները։ 1964 թվականին դիզայներ André Courrèges-ը ներդնում է կանացի տաբատով կոստյումները։ Դրանք սկսում են օգտագործվել կիսաշրջազգեստի հետ միասին:Թե' դրանք, թե' մյուսները 1970-1980-ական թվականներին ամրապնդվում են որպես կանացի մշտական պաշտոնական հագուստ։ Դրան մասամբ նպաստում է բեսթսելլեր Dress for Success-ը։

Կոստյումի տարրեր խմբագրել

Կոստյումները կարող են լինել շատ բազմազան` կախված ոճի ընտրությունից և հագուստի հատուկ տարրերից։

Ձև խմբագրել

Կախված ձևից` կոստյումը (բաճկոնակ, սմոքինգ կամ սերթուկ) կարող է լինել միաքղանցք և երկքղանցք։ Առաջին տիպի կոստյումները առավել տարածված են, դրանցում ձախ և աջ կողմերը փոքր-ինչ համընկնում են, իսկ կոճակները գտնվում են աջ կողմում։ Երկքղանցքները համարվում են պահպանողական ոճի կոստյումներ։ Պարբերաբար տեղի են ունենում դրանց ժողովրդականության բռնկումներ, բայց դրանք մի քանի տարուց ավելի չեն շարունակվում։ Երկքղանցք կոստյումների ձախ մասը լավ ծածկում է աջը, իսկ կոճակները գտնվում են երկու սիմետրիկ շարքերում։ Հաճախ հեռու ընկած շարքը պարզապես դեկորատիվ է, սակայն կան նաև երկու շարքերը կոճկելու տարբերակներ։ Երկքղանցք կոստյումները ավելի պաշտոնական են և նրբագեղ, դրանք միշտ կրում են փողկապի հետ միասին։ Միևնույն մոդելը կարող է համալրվել նաև միաքղանցք ժիլետով, սակայն հանդիպում են նաև երկքղանցք մոդելներ։

Բացի այդ, կոստյումները կարելի է բաժանել երեք հիմնական կատեգորիաների[5]։

Անգլիական ձև

Նման մոդելների համար թույլատրելի են միաքղանցք և երկքղանցք բաճկոնները` համապատասխանաբար 2-3 և 4-6 կոճակներով։ Բաճկոնները պարտադիր պիտի ունենան թեթևակի հարված ուսեր, ուղղանկյուն կամ սրածայր դարձածալեր` կոճականցքերով, ձգված իրան, երկու արտաքին փակվող գրպաններ և հետևի կողմում երկու բացվածք։ Նաև աջ կողմում կարող է ունենալ լրացուցիչ գրպան` «տոմսերի» համար։ Տաբատները, որպես կանոն, նեղ են, կարող են ունենալ նաև մանժետներ։ Նման ձևը թույլ է տալիս ընդգծել ուսերի գիծը և գոտկատեղը` ստեղծելով ավելի ագրեսիվ և հզոր կերպար։ Հարմար է ատլետիկ կամ նիհար կազմվածք ունեցողներին։ Անգլիական կոստյումի դասական նախշեր են քառակուսին («Ուելսի արքայազնը», «Գլեն», «Թարթան») և «եղևնին»։

Իտալական ձև

Տարբերվում է ավելի համեստ ուրվագծով, որը ստացվում է աստառի մեծ մասի բացակայությամբ։ Մոդելները պատրաստվում են հիմնականում թեթև գործվածքներից (կտավատ, բամբակ, սիրսաքեր[Նշում 2]): Բաճկոնը, անգլիականի հետ համեմատած, ունի ավելի քիչ արտահայտված փեշեր և ավելի լայն դարձածալեր։ Ավելի «խիստ» կոստյումների ուսերը, անգլիական տարբերակի համեմատ, աստիճանաբար լայնանում են։ Ամենօրյա մոդելների ուսային աստառները փոքր են և կարող են նույնիսկ ընդհանրապես բացակայել։ Ավանդական իտալական բաճկոնները ևս չունեն բացվածքներ, սակայն բավական տարածված են մեկ ձևավոր բացվածքով մոդելները։ Տաբատները կարճ են, առանց ընդգծված կարերի և բարձր գոտկատեղով։

Ամերիկյան

Բնութագրվում է ավելի ազատ ձևով և ֆիգուրի ոչ այնքան ցայտուն նստեցվածքով։ Բաճկոնը ուղիղ է և նույնիսկ թեթևակի կարճ, առանց ուսի վառ արտահայտված բարձիկների։ Հետևի կողմից կենտրոնում ունի մեկ բացվածք։ Տաբատները ազատ են, իրենց լայնությամբ պայմանավորված` ներքևի մասում պարտադիր ունեն ամբողջական ծալվածք։

Տղամարդու գործնական կոստյում խմբագրել

Գործնական կոստյումը փաստացի համարվում է բիզնեսի և պաշտոնական միջոցառումների հագուստ։ Սովորաբար բաղկացած է բաճկոնից և տաբատից` կարված մեկ տեսակի գործվածքից, և նախատեսված է միասին կրելու համար[6]:.

Կոստյումը կարելի է ձեռք բերել ինչպես պատրաստի, այնպես էլ պատվերով։ Անհատական կարը նույնպես բաժանվում է, այսպես կոչված, Made-to-Measure-ի և Bespoke-ի։ Առաջին դեպքում դերձակն աշխատում է արդեն պատրաստի գործարանային շաբլոններով` հարմարեցված հաճախորդի համար։ Այսօրվա դրությամբ Made-to-Measure կոստյումներ առաջարկում են բազմաթիվ բրենդներ, ինչպես նաև վաճառում են արդեն պատրաստի մոդելներ (Henderson, Massimo Dutti, Gucci, Emporio Armani և այլն)։ Երկրորդ դեպքում արտադրանքը կարվում է հաճախորդի չափսերով։ Առավել նախընտրելի տարբերակը երկրորդն է, քանի որ դա թույլ է տալիս կոստյում կարել կատարյալ համապատասխան կոնկրետ անձի։ Այս մեթոդը, միևնույն ժամանակ, առավել թանկ է։ Նաև վտանգ կա, որ հաճախորդի պարամետրերը կարող են կփոխվեն այն պահից, երբ նրանից վերցրել էին չափսերը։

Պատրաստի կոստյումները թույլ են տալիս զգալիորեն խնայել, բայց չեն ապահովում պատշաճ հարմարավետություն և, շատ հաճախ, բավարար որակ[7]։

Կոստյումների որակը որոշվում է կարերով, որոնք պետք է լինեն հարթ և ուղիղ, փոքր դետալներով (ինչպես նաև կոճակների որակը, նյութի հարմարեցումը նկարին, թևերի կոճակները արձակելու հնարավորությունը և այլն), և ընդհանուր տեսքով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ожегов Сергей Иванович. «Словарь русского языка». Около 53 тысяч слов. Издание 8-ое, стереотип. — Москва: Издательство «Советская энциклопедия», 1970. — 900 с.
  2. В английском языке есть удобное слово coat, которое характеризует сразу всю классическую верхнюю одежду.
  3. The Haggar Family & Corporation, Haggar, Ed R. June, 1999
  4. «Costume by John Redfern». Search the Collections. V&A Museum. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  5. «Советы по подбору классического костюма». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «Centeno, Antonio. Men's Suits:An Introduction to the Men's Business Suit. Version 16. Knol. 2008 Nov 30». knol.google.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. «Мужской костюм: введение». ATailoredSuit.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 20-ին.

Նշումներ խմբագրել

  1. Նրբաճաշակ հագնված արիստոկրատ երիտասարդ
  2. Բամբակյա կտորի տեսակ

Գրականություն խմբագրել

  • Antongiavanni, Nicholas: The Suit, HarperCollins Publishers, New York, 2006. ISBN 0-06-089186-6
  • Byrd, Penelope: The Male Image: men’s fashion in England 1300—1970. B. T. Batsford Ltd, London, 1979. ISBN 0-7134-0860-X
  • Croonborg, Frederick: The Blue Book of Men’s Tailoring. Croonborg Sartorial Co., New York and Chicago, 1907
  • Cunnington, C. Willett; Cunnington, Phillis (1959): Handbook of English Costume in the 19th Century, Plays Inc, Boston, 1970 reprint
  • Devere, Louis: The Handbook of Practical Cutting on the Centre Point System (London, 1866) revised and edited by R. L. Shep. R. L. Shep, Mendocino, California, 1986. ISBN 0-914046-03-9
  • Doyle, Robert: The Art of the Tailor, Sartorial Press Publications, Stratford, Ontario, 2005. ISBN 0-9683039-2-7
  • Druessedow, Jean L. (editor): Men’s Fashion Illustration from the Turn of the Century Reprint. Originally published: New York: Jno J. Mitchell Co. 1910. Dover Publications, 1990 ISBN 0-486-26353-3
  • Mansfield, Alan; Cunnington, Phillis: Handbook of English Costume in the 20th Century 1900—1950, Plays Inc, Boston, 1973
  • Stephenson, Angus (editor): The Shorter Oxford Dictionary. Oxford University Press, New York, 2007
  • Unknown author: The Standard Work on Cutting Men’s Garments. 4th ed. Originally pub. 1886 by Jno J Mitchell, New York. ISBN 0-916896-33-1
  • Vincent, W. D. F.: The Cutter’s Practical Guide. Vol II «All kinds of body coats». The John Williamson Company, London, circa 1893.
  • Waugh, Norah: The Cut of Men’s Clothes 1600—1900, Routledge, London, 1964. ISBN 0-87830-025-2
  • Whife, A. A (ed): The Modern Tailor Outfitter and Clothier. The Caxton Publishing Company Ltd, London, 1951
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դասական կոստյում» հոդվածին։