Դամոնի (/ˈdmən/, հուն․՝ Δάμων) և Պիթիասի (/ˈpɪθəs/; հին հունարեն՝ Πυθίας կամ հին հունարեն՝ Φιντίας կամ Ֆինթիասի /ˈfɪntiəs/) պատմություն, պյութագորասական իդեալական ընկերության մասին հունական պատմագրություններում հանդիպող լեգենդ։ Պիթիասը մեղադրվում է բռնակալ Դիոնիսոս Ավագի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ և վերջինից խնդրում թույլ տալ իրեն կարգավորել իր գործերը պայմանով, որ իր ընկեր Դամոնը պատանդ վերցվի և իր՝ Պիթիասի չվերադառնալու դեպքում իր փոխարեն մահապատժի ենթարկվի։ Երբ Պիթիասը վերադառնում է, նրանց ընկերության վստահությունից ու սիրուց զարմացած Դիոնիսոսը ազատ է արձակում երկուսին էլ։

Դամոն և Պիթիաս

Հունական լեգենդ խմբագրել

Ինչպես պատմել է Արիստոքսենոսը, որից հետո էլ Ցիցերոնը (De Offic. 3.45), Դիոդորոս Սիկիլիացին (10.4) և այլք, փիլիսոփա Պյութագորասի հետևորդներ Պիթիասն ու իր ընկեր Դամոնը բռնակալ Դիոնիսոս Ավագի իշխանություն օրոք (մ․թ․ա 405–367 թվականներ) ճամփորդել են դեպի Սիրակուզա, որտեղ Պիթիասը մեղադրվել է բռնավորի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ և դատապարտվել մահվան։

Ընդունելով իր պատիժը՝ Պիթիասը խնդրել է թույլ տալ մի վերջին անգամ վերադառնալ տուն՝ գործերը կարգավորելու և հարազատներին հրաժեշտ տալու համար։ Չցանկանալով հայտնվել հիմար իրավիճակում՝ թագավորը մերժել է, հավատացած լինելով, որ ազատ արձակվելով Պիթիասը կփախչեր ու այլևս չէր վերադառնա։ Դամոնն ինքնառաջադրվում է որպես պատանդ Պիթիասի բացակայության ընթացքում, և երբ թագավորը պնդում է, որ եթե Պիթիասը հանկարծ ճիշտ ժամանակին չվերադառնա, Դամոնին մահապատժի կենթարկեն նրա փոխարեն, վերջինս համաձայնվում է և Պիթիասին թույլատրվում է մեկնել։

Դիոնիսոսը համոզված էր, որ Պիթիասը չի վերադառնալու, և երբ Պիթիասի վերադարձի օրը եկել է ու անցել, նա հրամայել է իրականացնել Դամոնի մահապատիժը, բայց հենց այն պահին, երբ դահիճը պատրաստվում էր սպանել Դամոնին, Պիթիասը վերադարձել է։

Ուշացման համար ընկերոջից ներողություն խնդրելով՝ Պիթիասը բացատրել է, որ Սիրակուզա վերադառնալու ճանապարհին ծովահենները գրավել են իր նավը և իրեն նավից դուրս նետել, բայց նա լողալով ափ է հասել ու որքան հնարավոր է արագ վերադարձել Սիրակուզա՝ ճիշտ ժամանակին հասնելով, որ փրկի ընկերոջը։

Դիոնիսոսն այնքան էր զարմացել ու գոհացել նրանց ընկերությամբ, որ ներում է շնորհել երկուսին էլ։ Ասում են նաև, որ բռնակալը ցանկացել է դառնալ նրանց երրորդ ընկերը, բայց մերժվել է։

Լեգենդի մեկ այլ տարբերակի համաձայն՝ դա եղել է Դիոնիսոսի ու իր պալատականների կողմից պլանավորած փորձություն։ Պյութագորասականները հայտնի էին իրենց բարոյական ուժով և գերազանցությամբ, բայց որոշ պալատականներ պնդել են, որ դա կեղծ կարծիք է, այլք չեն համաձայնել այդ տեսակետին, ուստի իրենց թագավորի հետ նրանք փորձություն են մշակել՝ մի այնպիսի իրավիճակ, որը ցույց կտար, արդյոք այդ երկու պյութագորասականները ապրում են այդ կարծրատիպին համապատասխան[1]։

Լեգենդի վրա հիմնված ստեղծագործություններ խմբագրել

 
Կադր «Դամոն և Պիթիաս» կինոնկարից (1914)
  • 1564 թվականին անգլիացի պոետ Ռիչարդ Էդվարդսը լեգենդի հիման վրա ստեղծել է «Դամոն և Պիթիաս» տրագիկոմեդիան։
  • Լեգենդի ժամանակակից լավագույն մեկնաբանությունը գերմաներեն «Die Bürgschaft» բալլադն է[2], որը գրվել է 1799 թվականին Ֆրիդրիխ Շիլլերի կողմից։
  • 1821 թվականին իռլանդացի բանաստեղծ Ջոն Բանիմը լեգենդի հիման վրա պիես է գրել, որին ծանոթանալով՝ Ջաստուս Ռաթբոնը հիմնել է «Պիթիասի ասպետներ» եղբայրությունը։
  • 1915 թվականին Ալբերտ Փեյսոն Թերհյունը հրատարակել է «Դամոնի ու Պիթիասի պատմությունը» գիրքը, որը «պատկերազարդվել է ըստ Universal Studios կինոստուդիայի[3] կողմից 1914 թվականին թողարկված կինոնկարի[4]», որտեղ գլխավոր դերերը կատարել են Վիլյամ Վորթինգտոնը և Հերբերտ Ռոլինզոնը։ Այս գրքում, ինչպես գերմաներեն բալլադում, Դամոնն է մեղադրվում և պետք է ժամանակին վերադառնա՝ կանխելու Պիթիասի սպանությունը։
  • 1925 թվականին Ուիլյամ Ֆոլքները Նոր Օռլեանի Double Dealer թերթում հրատարակել է Damon and Pythias Unlimited[5] ակնարկը, մեկն այն մի քանիսից, որոնք նա գրել է թերթի համար այդտեղ տեղափոխվելուց հետո[6]։
  • 1955 թվականին հրատարակված և Ֆրեդերիկ Պոլի հեղինակած «Պիթիաս» կարճ պատմվածքը միահյուսում է առասպելական տարրերը ժամանակակից քաղաքական և հոգեշարժական տարրերի հետ։
  • 1962 թվականին MGM կինոստուդիայի թողարկած «Դամոն և Պիթիաս» կինոնկարը ստեղծվել է հին լեգենդի հիման վրա, որտեղ Գայ Ուիլյամսը մարմնավորել է Դամոնին, իսկ Դոն Բուրնետը՝ Պիթիասին։
  • Ճապոնիայում Օսամու Դաձայի հեղիանակած «Վազի՛ր, Մելոս» կարճ պատմվածքն ու Միեկիկի Սուձուկիի հեղինակած մի մանկական հեքիաթ նույնպես հիմնված են այս լեգենդի վրա․ 1992 թվականին «Toei Company, Ltd.» ընկերությունը դրանք վերածել է անիմեի։
  • «Դրիմվորքս» ընկերության թողարկած «Սինդբադ. Յոթ ծովերի լեգենդը» անիմացիոն ֆիլմում (2003) գլխավոր հերոսը ճանապարհորդում է գանձ գտնելու նպատակով, իսկ նրա լավագույն ընկերը մնում է Սիրակուզայում՝ մահապատժի ենթարկվելու, եթե նա հանկարծ չվերադառնա․ նա վերադառնում է և երկուսն էլ փրկվում են։
  • Պատմությունը բավականին ճշգրտորեն վերարտադրվել է «Mythic Warriors: The Legend of Guardians» անիմացիոն շարքի դրվագներից մեկում։

Իդիոմատիկ կիրառություն խմբագրել

«Դամոն և Պիթիասը» դարձել է իսկական ընկերությունը խորհրդանշող իդիոմատիկ արտահայտություն և կիրառվել տարբեր ստեղծագործություններում։

  • Դենի Դիդրոյի «Բուրբոնցի երկու ընկեր» (1770) պատմվածքն սկսվում է «Այստեղ ապրում էին երկու տղամարդ, որոնց կարելի է անվանել Բուրբոնի Դամոն և Պիթիաս» բառերով։
  • 1865 թվականին Բումերի սատկելուց հետո Բումեր և Լազարուս շնիկներն անվանվել են «Սան Ֆրանցիսկոյի Դամոն և Պիթիաս»[7]։
  • Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Դոկտոր Ջեկիլի ու միստր Հայդի տարօրինակ պատմությունը» նովելում Հենրի Ջերկիլի երկու հին ընկերների մի քննարկման ընթացքում հիշատակվում է «Դամոն և Պիթիաս» իդիոմատիկ արտահայտությունը։
  • 1869 թվականի Գյուստավ Ֆլոբերի հեղինակած «Զգացմունքների դաստիարակություն» վեպի «Դամոն և Պիթիաս» վերնագրված երկրորդ գլուխը պատմում է Ֆրեդերիկ Մորյոյի և Չառլզ Դեսլորյեի ընկերության մասին։
  • Շեքսպիրի Համլետն իր մտերիմ ընկեր Հորացիոյին ասում է․ «Օ, սիրելի Դամոն»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ferguson, Kitty (2008). Pythagoras His Lives and the Legacy of a Rational Universe. Walker. էջ 119.
  2. Die Bürgschaft – Wikisource. De.wikisource.org. Retrieved 2012-02-16.
  3. Terhune, Albert Payson (1915). The Story of Damon and Pythias. Grosset and Dunlap Publishers.
  4. Damon and Pythias (1914)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  5. "Damon and Pythias Unlimited," in New Orleans Sketches, ed. Carvel Collins, Rutgers University Press, 1958; reprinted 2002, 2009 by University Press of Mississippi, pp. 19-27.
  6. New Orleans Sketches, ed. Carvel Collins, Rutgers University Press, 1958; reprinted 2002, 2009 by University Press of Mississippi, pp. xi-xxxv.
  7. «Bummer and Lazarus/The Damon and Pythias of San Francisco». 1865. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամոն և Պիթիաս» հոդվածին։