Գրիգոր Դեյիրմենճյան
Գրիգոր Դեյիրմենճյան (1882 - անհայտ), հայ բժիշկ։
Ծնվել է | 1882 |
---|---|
Ծննդավայր | Բրուսայի մարզ, Նիկոմիդիայի գավառակ, Օվաջըկ գյուղ |
Մահացել է | անհայտ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Օվաջըկի ազգային վարժարան Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն խմբագրել
Գրիգոր Դեյիրմենճյանը ծնվել է 1882 թվականին, Բրուսայի մարզ Նիկոմիդիայի գավառակի Օվաջըկ գյուղում։ 1900 թվականին ավարտել է Օվաջըկի ազգային վարժարանը։ 1907 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանը։
Մի գիշեր թուրք լրտես Քեմալը նրան ձերբակալել է ընկերոջ՝ Հակոբ Արսենյանի հետ՝ «Պրո-Արմենիա», «Դրօշակ», «Անահիտ» և այլ հեղափոխական թերթեր ընթերցելու մեղադրանքով։ Նաև ամբաստանվել է իբր վտանգավոր հեղափոխական և գաղտնի ռումբ պատրաստող։ Զինված ոստիկանների խստիվ հսկողությամբ, շղթայակապ տարվել են կենտրոնական բանտ, ուր, չգործած մեղքերի խոստովանություն կորզելու համար, ստորացուցիչ հարցաքննությունների և ահավոր չարչարանքների են ենթարկել նրան։ 21 օր բանտարկված մնալուց հետո ազատ են արձակվել։ Ազատվելուց հետո Գրիգոր Դեյիրմենճյանն ուղարկվել է Մանասթըր և Գրչովա գավառի թաղապետական բժիշկ նշանակվել։ Այստեղ մի հեղափոխական կռվի ժամանակ վտանգավոր օրեր է անցկացրել։
1908 թվականին օսմանյան սահմանադրության վերահաստատումից հետո Կ. Պոլիս է տեղափոխվել։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Յալովայի մոտ գտնվող և 1000 տնից բաղկացած զուտ հայաբնակ Չենկիլեր գյուղը և բժիշկ աշխատել։ Այստեղ ամուսնացել է պարտիզակցի մանկապարտիզպանուհի օրիորդ Արաքսի Միքայելյանի հետ։
1911 թվականի հոկտեմբերին Սիվրիհիսարի թաղապետական բժիշկ է նշանակվել։ Այստեղ բժիշկը միաժամանակ եղել է Սիվրիհիսարի վարժարանների հոգաբարձության և Օգնական միության ատենապետը, Լսարանի վարչության անդամ։
1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրավիրվել է Անկարա և զորակոչվել օսմանյան բանակ՝ հարյուրապետի աստիճանով։ Սկզբում Կ. Պոլսում զինվորական բժիշկ է ծառայել։ 1915 թվականի փետրվարին ուղարկվել է Մեզիրե և զինվորական ծառայությունն այնտեղ շարունակել։
Այդ ժամանակ արդեն Մեզիրե էին եկել «Թեշքիլաթ-ի մախսուսե»-ի («Հատուկ կազմակերպություն») արյունարբու չեթեները և սկսել 4000 անզեն ու անմեղ հայ զինվորականների ձերբակալություններն ու սպանությունները։ Նրանք այնուհետև ձերբակալել, բանտարկել ու սպանել են Խարբերդի 400 հայ երևելիների, որից հետո մնացած հայությունը Եդեսիա է աքսորվել։
Այդ դեպքերից մի քանի օր հետո Տիգրանակերտի ճանապարհին դաժանորեն սպանվել են հայ կաթոլիկ առաջնորդը, 5 հայ մայրապետներ և զինվորությունից ազատված 5 հայ բժիշկներ։ Այդ ընթացքում բժիշկ Գրիգորը 3 ամիս թաքնվել է Կարինի հիվանդանոցում աշխատող և զինվորությունից չազատված բժիշկ Միքայել Քեշիշյանի ընտանիքի բնակարանում (Քեշիշյանն ու նրա ընտանիքի անդամները Մեզիրեում ապրելու արտոնված էին)։ Ընդհանուր աքսորից առաջ բժիշկ Գրիգորի ընտանիքը Պարտիզակից եկել էր Սիվրիհիսար և, որպես բժիշկ-սպայի ընտանիքի անդամներ, զերծ մնացել աքսորից ու այդտեղ մնացել մինչև 1918 թվականը։ Այնուհետև բժիշկը Խարբերդից տեղափոխվել է Սեբաստիա և ծառայել տեղի հիվանդանոցում։ Սեբաստիայում ծառայելու ընթացքում կարողացել է Դեյր-էլ-Զորի սպանդից ազատել իր ազգականներից 7-ին, սակայն ավելի քան 100-ը նահատակվել են թուրքերի ձեռքով։
1918 թվականին զինադադարից հետո վերադարձել է Նիկոմիդիա, ուր զբաղվել է ազգային հասարակական եռանդուն գործունեությամբ. եղել է Ազգային միության անդամ, վարժարանի հոգաբարձության ատենապետ, Հայաստանի օգնության կոմիտեի տեղի մասնաճյուղի և Հայ Կարմիր խաչի գանձապահ։ 1922 թվականի հուլիսին քեմալականները Նիկոմիդիայի վրա մեծ հարձակում են գործել։
Գրիգորն ստիպված է եղել փախչել Միտիլլի, այստեղից՝ Զմյուռնիա, ապա՝ Մանիսա։ 1922 թվականի սեպտեմբերի առաջին օրերին սկսվել է Զմյուռնիայի աղետը և բժիշկը շոգենավով փախել է Միտիլլի։ 1922-1923 թվականներին Միտիլլիում եղել է դպրոցի հոգաբարձության ատենապետ և Գաղթականության հանձնաժողովի անդամ։ 1923-1926 թվականներին բնակվել է Հունաստանի հյուսիսային Թրակիա շրջանում։ 1926-1931 թվականներին ապրել է Հունաստանի Քոմոթինի քաղաքում և եղել նորաստեղծ Կապույտ խաչի ատենապետ և Գաղթականության հանձնաժողովի անդամ։
1931 թվականին տեղափոխվել է Դրամայի շրջան և այնտեղ հաստատվել։
Աղբյուրներ խմբագրել
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն խմբագրել
- Տէր Յովհաննէսեան Գրիգոր, Պատմագիրք Սիվրի-Հիսարի հայոց, Պէյրութ, 1965։