Գրիգորե Պրեոտեասա
Գրիգորե Պրեոտեասա (ռումիներեն՝ Grigore Preoteasa, 25 օգոստոսի, 1915, Բուխարեստ, Ռումինիայի Թագավորություն – 4 նոյեմբերի, 1957, Մոսկվա, ԽՍՀՄ), ռումինացի պետական գործիչ, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարար (1955-1957)։
Գրիգորե Պրեոտեասա ռումիներեն՝ Grigore Preoteasa | ||
| ||
---|---|---|
4 հոկտեմբերի, 1955 թվական - 14 հուլիսի, 1957 թվական | ||
Նախորդող | Սիմիոն Բուգիչի | |
Հաջորդող | Իոն Գեորգե Մաուրեր | |
Կուսակցություն՝ | Ռումինիայի կոմունիստական կուսակցություն | |
Կրթություն՝ | Բուխարեստի համալսարան | |
Մասնագիտություն՝ | լրագրող, դիվանագետ և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | օգոստոսի 25, 1915 | |
Ծննդավայր | Բուխարեստ, Ռումինիա | |
Վախճանի օր | նոյեմբերի 4, 1957 (42 տարեկան) | |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Ռումինիա | |
Կենսագրություն խմբագրել
Գրիգորե Պրեոտեասան ծնվել է 1915 թվականի օգոստոսի 25-ին Բուխարեստում, երկաթուղագործի ընտանիքում։ 1930-ական թվականներին սովորել է Բուխարեստի համալսարանի բանասիրական ֆակուլտետում[1]։ Որպես Կոմունիստական երիտասարդական միության անդամ՝ Գրիգորե Պրեոտեասան մասնակցել է Գրիվիցայի արհեստանոցների փետրվարյան (1933) գործադուլին[2]։ Հաջորդ տարի ձերբակալվել ու դատապարտվել ազատազրկման։
1936 թվականին Գրիգորե Պրեոտեասան դարձել է Դեմոկրատական ուսանողական ճակատի ղեկավարության անդամ, որ հակաֆաշիստական կազմակերպություն էր և ստեղծվել էր Ռումինիայի կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ ի հակադրություն Երկաթե գվարդիայի, որ գլխավորում էին Գեորգե Ռադուլեսկուն, Միրոն Կոնստանտինեսկուն ու Կոնստանտա Կրաչունը[3]։
Արգելված România Libera կոմունիստական թերթում աշխատելու պատճառով Գրիգորե Պրեոտեասան ձերբակալվել է ու ուղարկվել Տիրգու Ժիու համակենտրոնացման ճամբար, որտեղ մնացել է գրեթե մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ 1944 ամռանը նա փախել է ճամբարից իր ընկերոջ՝ Նիկոլաե Չաուշեսկուի հետ։ Կուսակցության ներսում ծավալված պայքարում սատարել է Գեորգե Գեորգիու-Դեժին, ով աշխատել էր իր հոր հետ։
1944-1946 թվականներին Գրիգորե Պրեոտեասան եղել է România Liberă թերթի գլխավոր խմբագիր, իսկ 1945 թվականից՝ Քարոզչության նախարարության մամուլի կցորդ։ Իր ելույթներում բազմիցս քննադատել է վարչապետ Պետրու Գրոզային և նրա ղեկավարած Ռումինիայի Ազգային լիբերալ կուսակցությունը։
1947 թվականին Գրիգորե Պրեոտեասան նշանակվել է գլխավոր քարտուղար, ապա եղել է արտաքին գործերի նախարարի տեղակալ (1949-1954), վարչապետի օգնական արտաքին գործերի գծով (1954-1955)։ 1955 թվականին նշանակվել է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի նախարար․ այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1957 թվականը։ Գրիգորե Պրեոտեասան ակտիվորեն աջակցել է Ռումինիայի տարածքում գտնվող Հունգարական հեղափոխության (1956) ակտիվ մասնակիցների ձերբակալմանը, որոնց թվում էին Իմրե Նադն ու Դյորդ Լուկաչը[4]։
Գրիգորե Պրեոտեասան 1957 թվականի հուլիսից եղել է Ռումինիայի բանվորական կուսակցության ԿԿ քարտուղար, Քաղբյուրոյի անդամ։
Գրիգորե Պրեոտեասան զոհվել է 1957 թվականի նոյեմբերի 4-ին՝ Վնուկովո օդանավակայանում տեղի ունեցած Իլ-14 ինքնաթիռի վթարի ժամանակ, որով Ռումինիայի կառավարության պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու Հոկտեմբերյան հեղափոխության 40-ամյակին նվիրված միջոցառումներին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Vladimir Tismăneanu, Stalinism for All Seasons: A Political History of Romanian Communism, University of California Press, 2003, p.267․ ISBN 0-520-23747-1
- ↑ Lavinia Betea, Cristina Vohn, "Inedit - Primul ziar legal al PCdR a fost falsificat" ("Never Before Published - The First Legal PCdR Newspaper Was Forged"), in Jurnalul Naţional, October 25, 2005, p.210․
- ↑ Paula Mihailov Chiciuc, "Comunism – «Cui dăm votul şi încrederea noastră?»" ("Communism – «To Whom Do We Give Our Vote and Our Confidence?»"), in Jurnalul Naţional, June 20, 2006, p.267․
- ↑ Dennis Deletant, Ceausescu and the Securitate, M.E. Sharpe, Armonk, New York, 1995, p.111․ ISBN 1-56324-633-3
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորե Պրեոտեասա» հոդվածին։ |