Գրեյֆրայերս Բոբի
Գրեյֆրայերս Բոբի (անգլ.՝ Greyfriars Bobby), սկայտերիեր ցեղատեսակի շուն, որը համբավ է ձեռք բերել 19-րդ դարում Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում տասնչորս տարի՝ մինչև 1872 թվականի հունվարի 14-ը՝ իր իսկ մահը, իր մահացած տիրոջ գերեզմանը հսկելուց հետո։
Գրեյֆրայերս Բոբի | |
---|---|
Տեսակ | շուն |
Սեռ | արու |
Ծնվել է | ոչ վաղ քան 1855 և ոչ ուշ քան 1856 |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Սատկել է | հունվարի 14, 1872 |
Սատկելու վայր | Գրեյֆրայերս |
Թաղվել է | Գրեյֆրայերս |
Տեր | John Gray? |
Greyfriars Bobby Վիքիպահեստում |
Շան մահից մեկ տարի անց բարոնուհի Անժելա Բուրդետ-Քույթսն ի պատիվ Բոբիի կառուցել է արձան և շատրվան։
Բոբիի կյանքի հիման վրա ստեղծվել են տարբեր գրքեր ու կինոնկարներ, այդ թվում՝ Էլեոնոր Ատկինսոնի «Գրեյֆրայերս Բոբի» ֆիլմը։
Պատմություն խմբագրել
Բոբին պատկանում էր Էդինբուրգի քաղաքային ոստիկանությունում որպես գիշերային հերթապահ աշխատող Ջոն Գրեյին։ Նրանք մոտավորապես երկու տարի ապրել են անբաժան[1]։ 1858 թվականի փետրվարի 15-ին Ջոն Գրեյը վախճանվել է տուբերկուլյոզից։ Հուղարկավորվել է Էդինբուրգում՝ քաղաքի հին հատվածում գտնվող Ֆրանցիսկյան եկեղեցու Գրեյֆրայերս գերեզմանատանը։
Բոբին, որը տիրոջից 14 տարի երկար է ապրել, մնացած տարիներն անցկացրել է նրա գերեզմանի մոտ։ Միայն երբեմն գերեզմանոցից ոչ հեռու գտնվող ռեստորան է գնացել, որտեղ սեփականատերը կերակրել է նրան, երբեմն էլ մոտակա տներում պաշտպանվել է ցրտից։
1867 թվականին, երբ Բոբիին սպառնում էին ոչնչացնել որպես տեր չունեցող շան, Էդինբուրգի լորդ-քաղաքապետ սըր Ուիլյամ Չեմբերսը (որը նաև Կենդանիների նկատմամբ դաժանության կանխարգելման շոտլանդական ընկերության նախագահն էր), վճարել է Բոբիի արտոնագրի երկարացման համար և նրան վերցրել քաղաքապետարանի պատասխանատվության տակ։ Բոբին հաստ արույրե թերթի վրա փորագրությամբ վզնոց է ստացել, որի վրա գրված էր՝ «Գրեյֆրայերս Բոբի, լորդ-քաղաքապետից, 1867, թույլատրվում է»։ Այս վզնոցն այժմ ցուցադրվում է Էդինբուրգի Թագավորական մղոն փողոցում գտնվող «Huntly House» թանգարանում։
Բոբին մահացել է 1872 թվականին և, քանի որ նրան չէին կարող թաղել Գրեյֆրայերս գերեզմանատան ներսում, նրան թաղել են դարպասի առջև՝ Ջոն Գրեյի գերեզմանի մոտ։
Հիշատակ խմբագրել
Գրեյֆրայերս Բոբիի իրական չափսեր ունեցող արձան է տեղադրված Greyfriars Kirkyard-ի մոտ գտնվող «Գրեյֆրայերս Բոբի» բարի դիմաց։
Բոբիի արձանը պատրաստելը բարեգործ Անժելա Բուրդետ-Քույթսը հանձնարարել է Ուիլյամ Բրոդին[2]։ Հուշարձանը ստեղծվել է Բոբիի կենդանության օրոք՝ 1871 թվականին, և բացվել է նրա մահից հետո՝ առանց արարողության, 1873 թվականի նոյեմբերին[3]։
Բոբիի գերեզմանի վրա կարմիր գրանիտե տապանաքար է տեղադրվել Շոտլանդիայի «Շների օգնության միության» կողմից և հանդիսավոր բացվել Գլոստերի դուքս Ռիչարդ Վինձորի կողմից 1981 թվականի մայիսի 13-ին։ Քարի վրա գրված է. «Գրեյֆրայերս Բոբի, մահացել է 1872 թվականի հունվարի 14-ին, 16 տարեկան, թող նրա հավատարմությունն ու նվիրվածությունը դաս լինի բոլորիս համար»[4]։
Գրքեր և ֆիլմեր խմբագրել
Բոբիի անհավատալի հավատարմությունը նրան սիրելի է դարձրել շնասերների շրջանում, որոնք էլ տարածել ու ճոխացրել են նրա պատմությունը։ Նրա պատմության վրա ուղղակիորեն կամ անուղղակի կերպով հիմնված գրքերն ու ֆիլմերն են․
- Էլեոնոր Ատկինսոնի «Գրեյֆրայերս Բոբի» գիրքը, որտեղ գրողն զգալիորեն ճոխացրել է պատմությունը և Ջոն Գրեյին դարձրել «Ծեր Ջոկ» անվամբ հայտնի ֆերմայի աշխատող[5]։ 1961 թվականին նկարահանված «Գրեյֆրայերս Բոբի» ֆիլմը հիմնված է այս գրքի վրա[6]։
- Ջոն Մակեյի հեղինակած Գրեյֆրայերս Բոբիի պատկերազարդ պատմությունը
- «Գրեյֆրայերս Բոբիի արկածները» ֆիլմը Մեծ Բրիտանիայում թողարկվել է 2006 թվականի փետրվարին։ Գլխավոր դերերը կատարել են Օլիվեր Գոլդինգը և Քրիստոֆեր Լին[7]։ Էդինբուրգյան դղյակի տեսարաններն այս ֆիլմի համար նկարահանվել են հարակից Ստերլինգյան դղյակում։ Բոբիի դերը խաղացել է Ուեսթ հայլանդ ուայթ տերիեր ցեղատեսակի մի շուն։ Ավելացվել են նոր հերոսներ, և դուրս է թողնվել Բոբիի կյանքի ամենակարևոր կերպարներից մեկը՝ Ջոն Թրեյլանդը[8]։
- «Լեսիի մարտահրավերը» 1949 թվականին Էլեոնոր Ատկինսոնի գրքի հիման վրա նկարահանված ավելի հին ֆիլմ է, որտեղ Բոբիին փոխարինել է Լեսին[9]։
Այլ հիշատակումներ խմբագրել
- Շոտլանդականադական The Real McKenzies փանկ ռոք խումբը գրել է «The Ballad of Greyfriars Bobby» հուշ-երգը, որը ներառվել է 2008 թվականին թողարկված Off the Leash ալբոմում։
- Թերրի Պրաթչեթի «Շարժվող նկարներ» գրքում ևս անդրադարձ կա այս պատմությանը․ դա Գասպոդ անունով շան պատմությունն է, թեև հեղինակը պատմությունը այլ կերպ է վերաիմաստավորել.
«Այս առակը պատմում է իր տիրոջ հանդեպ շան խորը, հարատև նվիրվածության մասին,- արհամարհանքով պատասխանեց Գասպոդը՝ ատամների արանքից արտաբերելով բառերը։
- Բայց դուք, իհարկե, չե՞ք հավատում այս առակին:
- Ինչպե՞ս ասեմ։ Մի բանի եմ ես հավատում՝ այն փաստին, որ եթե շան պոչը թողնեն տապանաքարի տակ, նա ոչ մի տեղ չի հեռանա գերեզմանից։ Նստելու է այնտեղ և ոռնալու է մինչև իր մահը։»
- Grand Theft Auto V խաղում նույնպես հղում կա Բոբիի պատմությանը, առավոտյան ժամը տասին տեղի գերեզմանոցում կարելի է տեսնել սկայտերիեր ցեղի մի փոքրիկ շան, որը դանդաղորեն մոտենում է մի փոքրիկ գերեզմանի և երկար նստում դրա մոտ։
Տես նաև խմբագրել
- Հավատարմության հուշարձան
- Հաչիկո, ակիտա ինու ցեղատեսակի շուն, որը Ճապոնիայում հավատարմության ու նվիրվածության խորհրդանիշ է։
- Բալտո
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «The Story of Scotland’s Most Faithful Dog» Արխիվացված 2012-02-14 Wayback Machine, Dogs in the News, 4 July 2001, retrieved 20 March 2007.
- ↑ «Greyfriars Bobby, by William Brodie (Edinburgh)». www.victorianweb.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Read, Benedict. Victorian Sculpture. New Haven & London: Yale University Press, 1982.
- ↑ Red granite headstone Արխիվացված 2007-09-28 Wayback Machine, источник: GreyfriarsBobby.co.uk website.
- ↑ Eleanor Atkinson Greyfriars Bobby. — 2001-07-01.
- ↑ «Greyfriars Bobby: The True Story of a Dog». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «The Adventures of Greyfriars Bobby». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Premiere for new Greyfriars film» (բրիտանական անգլերեն). 2006 թ․ փետրվարի 7. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Challenge to Lassie». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Greyfriars Bobby Walking Theatre
- The Story
- Greyfriars Kirkyard photographs
- Greyfriars Kirkyard Trust Արխիվացված 2004-08-28 Wayback Machine
- The Adventures of Greyfriars Bobby (2005) Film website
- and other venerable animals @ Ward’s Book of Days website
- Greyfriars Bobby Statue Location at Waymarking.com website
- Greyfriars Bobby YouTube-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեյֆրայերս Բոբի» հոդվածին։ |