«Գրաֆալո»-ն անգլիացի գրող Ջուլիա Դոնալդսոնի մանկական հեքիաթն է, որը նկարազարդել է Աքսել Շեֆլերը։ Այն լույս է տեսել 1999 թվականին՝ ներկայացնելով նոր հերոսի՝ անտառի թավամազ և ժանիքավոր բնակչին՝ Գրաֆալոյին։ Գրքի տեքստը չափածո է և կազմված հանգավորված երկտողերից։ Հեքիաթը նախատեսված է 3-7 տարեկան երեխաների համար։

Գրաֆալո
անգլ.՝ The Gruffalo
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական գրականություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՋուլիա Դոնալդսոն
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ԿերպարներGruffalo? և Mouse?
ՀրատարակչությունKinneret Zmora-Bitan Dvir?
Հրատարակվել էմարտի 23, 1999
ՀաջորդThe Gruffalo's Child?
 Gruffalo

Գիրքը մեծ ժողովրդականության է արժանացել Մեծ Բրիտանիայում և թարգմանվել մի քանի տասնյակ լեզուներով։ "Գրաֆալո"-յի տպաքանակները կազմել են մի քանի միլիոն օրինակ, այն դարձել է պատմության մեջ ամենաշատ վաճառվողներից մեկը[1]։

2009 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է անիմացիոն ֆիլմ։ Ստեղծվել է նաև գրքի աուդիո տարբերակը և նրա հիման վրա բեմադրվել են մի քանի թատերական ներկայացումներ։

Գիրքը հայերենով թարգմանվել է 2020 թ․ Զանգակ հրատարակչության կողմից, թարգմանիչ՝ Մարիա Սադոյան։

Պատմություն խմբագրել

Ջուլիա Դոնալդսոնի խոստովանությամբ՝ Գրուֆալոյի մասին գրքի գաղափարի նախնական մշակումը տևել է շուրջ մեկ տարի, իսկ հենց գրելը՝ երկու շաբաթ։ Սյուժեի հիմքում ընկած է չինական հեքիաթ աղջկա և վագրի մասին. վագրը գնում է աղջկա հետքերով, և աղջիկը մտածում է, որ բոլոր գազանները վախենում են իրենից, այնինչ իրականում նրանք վախենում էին վագրից[2]։

Սկզբում գրողը ենթադրում էր, որ իր գրքի հերոսը նույնպես կլինի վագր, սակայն չի կարողացել գտնել "tiger" բառի հետ հագնավորվող բառ և արդյունքում հորինել է «Գրաֆալո» նոր կերպարը, որը անգլերենով հանգավորվում է Know «իմանալ» բառի հետ հետևյալ երկտողում.

Silly old Fox, doesn’t he know
There’s no such thing as a …

Գրաֆալոյի արտաքին տեսքի մանրամասները նույնպես մասամբ պայմանավորված էին նրանով, որ որոշակի հանգեր ավելի հեշտ է ընտրել համատեքստի համար[3]։

Տեքստն ավարտելուց հետո Դոնալդսոնն այն ուղարկել է հրատարակչություն, սակայն մեկ տարի շարունակ պատասխան չի ստացել։ Այդ ժամանակ նա դիմել է նկարազարդող Աքսել Շեֆլերին, ում հետ մինչ այդ ծանոթ չէր։ Մեկ շաբաթ անց նա առաջարկ է ստացել հրատարակել գիրքը՝ նույնիսկ եթե Շեֆլերը հրաժարվեր այն նկարազարդել։

Սյուժե խմբագրել

Մկնիկը քայլում է անտառում և հերթով հանդիպում աղվեսին, բուին և օձին։ Նրանցից յուրաքանչյուրը, տեսնելով մկանը, ցանկանում է ուտել նրան և հրավիրում է հյուր։ Սակայն մուկը հրաժարվում է այն պատրվակով, թե հանդիպում ունի Գրաֆալոյի հետ։ Երբ զրուցակիցները հետաքրքրվում են, թե ով է Գրաֆալոն, մուկը նկարագրում է նրան, որպես խոշոր սարսափելի գազանի, որն ունի հսկայական ատամներ, ժանիքներ, ճանկեր, թունավոր գորտնուկ քթի վրա և սուր փշերով մեջք։ Նա նաև ասում է, որ Գրաֆալոն սիրում է ուտել աղվեսներ, բուեր և օձեր, ինչի պատճառով մկնիկի զրուցակիցները սարսափով փախչում են։

Ծիծաղելով հիմար գազանների վրա, որոնք հավատում են իր հորինվածքին, մկնիկը թավուտում անսպասելիորեն հանդիպում է Գրաֆալոյին, որը լիովին համապատասխանում է իր նկարագրությանը։ Գրաֆալոն մկնիկին հայտնում է, որ պատրաստվում է նրանից բուտերբրոդ պատրաստել և ուտել, սակայն մկնկիկը զգուշացնում է Գրուֆալոյին, որ նա գործ ունի անտառի ամենասարսափելի կենդանու հետ։ Դա ապացուցելու համար մուկը կրկին անցնում է անտառով, այս անգամ՝ Գրաֆալոյի հետ և ցույց է տալիս վերջինիս, թե ինչպես են օձը, բուն և աղվեսը սարսափով փախչում իրենից։ Այնուհետև մկնիկն ասում է, որ դեմ չէ ուտել նաև Գրաֆալոյին։

Համոզվելով, որ գործ ունի սարսափելի և վտանգավոր գազանի հետ, Գրաֆալոն փախչում է, ինչից հետո մկնիկը կարող է հանգիստ նստել և համեղ ընկույզ ուտել։

Մրցանակներ խմբագրել

  • 1999 – Nestlé Smarties Book Prize, մրցանակ մինչև հինգ տարեկան երեխաների համար նախատեսված տարվա լավագույն գրքի համար,
  • 2000 – Blue Peter Book award, մրցանակ երեխաների համար բարձրաձայն կարդալու լավագույն գրքի համար։
  • 2000 – Nottingham / Experian Children ' s Book award։

2000 թվականին գիրքը եղել է ամենաշատ վաճառվողը Մեծ Բրիտանիայում։

2009 թվականի նոյեմբերին BBC Radio 2-ի ունկնդիրների քվեարկության արդյունքում գիրքը հաղթել է «քնից առաջ լավագույն ընթերցանություն» անվանակարգում[4]

2010 թվականի բրիտանական հարցումների համաձայն՝ գիրքն առաջին տեղն է զբաղեցրել ամենասիրված մանկական գրքերի ցուցակում[5]։

Արձագանքներ խմբագրել

Իր բլոգի գրախոսականում Օլգա Զլատոգորսկայան նշել է, թե «չնայած գրքի դրական տրամադրվածությանը, կարդալուց հետո մնում է տհաճ նստվածք» այն պատճառով, որ մուկն իր խնդրի լուծումը գտնում է սուտ ասելով. «Տողերի արանքում կարդացվում է բարոյախոսությունը. ստելը լավ է։ Եթե դու փոքր ես և թույլ, խաբիր և կեցցես»[6]։

Էկրանավորում խմբագրել

2009 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է կես ժամ տևողությամբ «Գրաֆալո» անիմացիոն ֆիլմը։ Ֆիլմում ավելացվել է լրացուցիչ կերպար՝ սկյուռ, որը սկյուռիկներին պատմում է մկան և Գրաֆալոյի մասին։

Լև Դանիլկինին տված հարցազրույցում Ջուլիա Դոնալդսոնը խոստովանել է, որ ինքն ստացել է էկրանավորման այլ առաջարկներ ևս, որոնք մերժել է[7].

  ...մեզ մոտ է եկել ամերիկացի մի պրոդյուսեր։ Առաջարկում էր նկարահանել 90 րոպեանոց ֆիլմ, բայց ասաց, որ ռիթմը, հանգերն ու ընդհանրապես պատմությունը իրենք պահպանել չեն կարող։ Ուրիշ մարդիկ ցանկանում էին նկարահանել 30 փոքր էպիզոդներ՝ Գրուֆալոյի և մկնիկի, ինչպես են նրանք ընկերացել, ինչպես են նրանք միասին սովորում գույները... Բայց ես ասացի՝ ոչ, չեմ ուզում։ Փոքրիկ հեռուստաֆիլմ՝ այո, խնդրեմ։  

Աուդիոտարբերակ խմբագրել

2002 թվականին լույս է տեսել «Գրաֆալո» աուդիոգիրքը, որը հնչյունավորել է դերասանուհի Իմելդա Սթոնթոնը[8]։ Հրատարակությունը ներառում է նաև «Գրաֆալոյի երգը»։ Աուդիոգիրքը արժանացել է Spoken Book մրցանակի 2002 թվականին որպես երեխաների համար նախատեսված լավագույն աուդիոգիրք[9]։

Զանգվածային մշակույթում խմբագրել

  • «Գրաֆալո» գիրքը կարդում է բրիտանական «Դոկտոր Ով» սերիալի 5-րդ եթերաշրջանի 8-րդ էպիզոդի («Սոված Երկիր») հերոսներից մեկը։

Ծանոթագրություն խմբագրել

  1. «английская детская писательница». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  2. «The Making of the Gruffalo. Julia Donaldson's The Gruffalo bends all the rules for writing marketable picture books». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. «Information on Julia Donaldson, children's author and creator of The Gruffalo». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  4. BBC - Radio 2 - Jeremy Vine - Jeremy Vine's Bedtime Stories
  5. «Gruffalo tops list of children's favorite books». BBC News. 2010 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. Журнал Ольги Златогорской
  7. Джулия Дональдсон. Кто, если не мышь (2 сентября 2010)
  8. The Gruffalo (story and song). With Imelda Staunton. Macmillan Digital Audio, 2002. ISBN 1405005181
  9. «Audio books written by children's author, Julia Donaldson». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաֆալո» հոդվածին։