Գրամոլություն, Գրաֆոմանիա (հունարեն՝ γράφω - «գրում եմ», հունարեն՝ μανία - «կիրք, խելագարություն»), ստեղծագործելու հիվանդագին կիրք[1]։

Գրամոլությունն առաջանում է ստեղծագործական աշխատանքի մասին ունեցած թյուր պատկերացումից, թե իբր այն թեթև և բոլորին հասու գործ է։ Այդ պատկերացումն առաջանում է նաև սեփական ստեղծագործական հնարավորությունների գերագնահատման պատճառով։ Հաճախ գրամոլությունը (որի տարրերը կարող են լինել պրոֆեսիոնալ գրողների ստեղծագործության մեջ) ծնվում է այնպիսի ազդակներից, ինչպիսիք են՝ հնչեղ անուն վաստակելը, գրական միջավայրին պատկանելը և այլն։ Ռուսական գրականության պատմության մեջ որպես գրամոլ լայն ճանաչում ստացավ Ա. Պուշկինին իր ժառանգորդը համարող, բացասական կերպար դարձած կոմս Դ. Ի. Խվոստովը, որն ինքն էր գնում իր իսկ երկերը։ Գրամոլը կարող է լինել գրական կերպար. այսպես՝ պոետներ Ա. Կ. Տոլստոյը և Ա. Մ. Ժեմչուժնիկով ու Վ. Մ. Ժեմչուժնիկով եղբայրները կերտել են Կոզմա Պրուտկովի՝ պոետ-գրամոլի բացասական կերպարը, Ավ. Իսահակյանը՝ գրամոլ Մարտինի կերպարը («Գրական նախանձ»)։

Գրամոլներին բնորոշ է իրենց քննադատաբար չգնահատելու հատկանիշը, գրական մեծության մոլուցքն ու ուրիշների կարծիքը չընդունելը։ Այստեղից էլ նրանց անսովոր ակտիվությունը, ինչ գնով էլ լինի տպագրվելու հիվանդագին ձգտումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Ե., «Վան Արյան», 2009։

Գրականություն խմբագրել