Գյուղական բնակավայրերի զարգացման փուլեր

ՀՀ գյուղական բնակավայրերի զարգացման փուլային մոդելը կառուցվել է հիմքում ունենալով անձանց սեփական շահի առկայությանը և սոցիալական ձեռնարկատիրության գաղափարները։ Բուրգի առաջին մակարդակում զարգացումը տեղի է ունենում համայնքի և տեղական ինքնակառավարման համակարգի միջոցով։ Տեղական ինքնակառավարման մարմինները միայն սեփական ուժերով իրականացնում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները։ ՀՀ-ում յուրաքանչյուր համայնք ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով պետական բյուջեից ստանում է ֆինանսական համահարթեցման դոտացիա, որն ուղղված է ֆունկցիոնալ խնդիրների լուծմանը, քանի որ դեռևս ՀՀ համայնքները չեն կարողանում ինքնուրույն ապահովել սեփական բյուջեի մուտքերը։ Հաջորդ մակարդակը համայնք և պետություն փոխհամագործակցությունն է։ ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն հորիզոնական համագործակցության նոր ձևաչափ է, որը ենթադրում է համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասի համաֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից։ Պայմանավորված կոնկրետ ծրագրի ոլորտով, առանձնահատկությամբ, աշխարհագրական դիրքով, ինչպես նաև տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ՝ պետական բյուջեից համաֆինանսավորվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքի 30-ից 70 տոկոսի չափով։ Սուբվենցիաների տեսքով պետական աջակցությունն ուղղված է համայնքներում ենթակառուցվածքների ստեղծմանն ու բարելավմանը (փողոցների ասֆալտապատում, ջրագծերի անցկացում, լուսավորության համակարգի կառուցում, համայնքի սեփականություն հանդիսացող կառույցների վերանորոգում և այլն), ինչը թեև խրախուսում, սակայն չի ապահովում ձեռնարկատիրության զարգացումը համայնքներում։ Այս փուլում ևս առկա են խնդիրներ։ Որքան էլ պետությունը փորձի միջոցներ ձեռնարկել և նախադրայլներ ստեղծել համայնքի զարգացման և կայունացման համար, միևնույն է՝ այսօր սահմանափակ քանակությամբ համայնքներ են օգտնվում սուբվենցիայից, քանզի այն համաֆինանսավորում է պահանջում, իսկ համայնքների մեծամասնությունն ունի կա՛մ ֆինանսների, կա՛մ բավարար գիտակցության, կա՛մ մոտիվացիայի պակաս։ Այդ իսկ պատճառով ՀՀ-ում զարգացման համայնք-պետություն փուլը բավարար արդյունավետ չէ[1]։ Գյուղական բնակավայրերի զարգացման հաջորդ փուլում քաղաքացիական հասարակությունը միջնորդի դեր է կատարում համայնքի ու պետության և/կամ այլ անձանց միջև։ Թեև քաղաքացիական հասարակությունը հսկայական դեր ունի համայնքների զարգացման մեջ, այնուամենայնիվ, առանց անձնական շահի և մոտիվացիայի, կամավորականությունը երկարաժամկետ հատվածում չի կարող հիմք հանդիսանալ համայնքի զարգացման համար։ Այս փուլում կարևոր նշանակություն ունի սոցիալական ձեռնարկատիրությունը։ Ընդ որում, վերջինս կարող է հիմնվել ինչպես քաղաքացիական հասարակության (հասարակական կազմակերպություններ), այնպես էլ՝ համայնքի բնակիչների կողմից[2]։ Սոցիալական ձեռնարկատիրությունը թեև նպաստում է գյուղական բնակավայրերում զբաղվածության աճին, սակայն չի ապահովում համայնքի զարգացման կայունությունը։ Վերջինիս հիմնական գրավականը խոշոր ներդրումներն են, որն էլ մոդելի վերջին՝ 5-րդ մակարդակն է։

Գյուղական բնակավայրերի զարգացման փուլերը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն/Սուբվենցիայի ծրագրեր http://mtad.am/hy/mtad21.5 Արխիվացված 2020-09-21 Wayback Machine
  2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ, Աշխարհը վերափոխող ձեռնարկությունների ստեղծման և զարգացման ձեռնարկ https://armenia.savethechildren.net/