Գլաձորի մանրանկարչության դպրոց

Գլաձորի մանրանկարչության դպրոց, հայկական մանրանկարչական դպրոցներից մեկն է։ Գործել է Գլաձորի վանքում, Գլաձորի համալսարանին կից գրչատան նկարչական արվեստանոցում։ 13-րդ դարի վերջից մինչև 14-րդ դարի կեսը, երբ քաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմանների պայմանով համալսարանը փակվել է Հովնան Որոտնեցին մի խումբ աշակերտների հետ տեղափոխվել է Տաթևի մենաստան։

Մոմիկ, 1302 թ

Ստեղծման նախադրյալները խմբագրել

Մոնղոլների արշավանքի հետևանքով 13-րդ դարի 20-30-ական թվականներից Հայաստանում մշակութային կյանքը ընդհատվել էր և միայն 13-րդ դարի վերջին Պռոշյան և Օրբելյան տոհմերի հզորացման և մոնղոլների հետ տարվող խելոք քաղաքականության շնորհիվ հնարավոր դարձավ վերսկսել ստեղծագործ կյանքը։ Սյունիքի առաջավոր կենտրոն Գլաձորի վանքում սկսեց և մոտ 60 տարի բուռն զարգացավ մանրանկարչությունը։

Մանրանկարիչները խմբագրել

Սկզբնական փուլը կապված է այսպես կոչված ավագ սերնդի մանրանկարիչներ Հովհաննեսի ու Մատթեոսի գործունեությանը։ Դպրոցի կրտսեր սերնդի վարպետները Մոմիկը և Թորոս Տարոնացին յուրացնելով Կիլիկիայի և մայր Հայաստանի արվեստների ավանդույթները, հայ մանրանկարչության պատմության մեջ թողել են անջնջելի հետք։

Առանձնահատկությունները խմբագրել

Գլաձորի մանրանկարչության դպրոցը հայ միջնադարյան գրքարվեստի այն դպրոցներից էր, որ առավել սերտորեն է առնչվել մոնումենտալ արվեստի և մշակույթի մյուս բնագավառներին։ Գլաձորի մանրանկարչությունը Կիլիկիայի և մայր Հայաստանի արվեստների մի յուրատիպ համադրություն էր, որը, սակայն չյուրացրեց Կիլիկիայի մանրանկարներին բնորոշ զուտ գրքային, պալատական շքեղությամբ հագեցված ոճը և միևնույն ժամանակ հեռացավ մայր Հայաստանի արվեստին հատուկ կոթողայնությունից ու հստակությունից։ Զարդանկարներում ամբողջովին լինելով Կիլիկյան վարպետների ազդեցության տակ՝ տերունական մանրանկարներում, սակայն, թե ոճի, թե պատկերագրության ոլորտներում Գլաձորի վարպետները հաճախ հանդես են բերել ինքնուրույնություն։ Գլաձորի մանրանկարչության համար առավել բնորոշն ու տարբերիչը ներկապնակն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 91