Աղբյուր, որը պարբերաբար շատրվանում է տաք ջրով և գոլորշիով։ Ջերմաբուխները հրաբխային ուշ փուլերի դրսևորումներից են։ Տարածված են արդի հրաբխային գործունության տարածաշրջաններում։ Ջերմաբուխի արտավիժման շիթի բարձրությունը հաճախ գերազանցում է մի քանի տասնյակ մետր, ջրի ջերմաստիճանը 80—100 °C է։

Պատկերների հաջորդականությունը վերցված է 2012 թ. Մեծ ջերմաբուխի ժայթման ժամանակ
Մեծ ջերմաբուխի ժայթքումը
Մեծ ջերմաբուխի ժայթքումը 2009 թ. ամռանը։

Ջերմաբուխների անվանումը այլ լեզուներում խմբագրել

Հայերեն «ջերմաբուխ» եզրը կազմված է հայ. «հրաբուխ» բառի կաղապարով։

Ջերմաբուխի՝ աշխարհի լեզուների մեծ մասում ընդունված անվանումը ծագում է Իսլանդիայի Գեյսիր ջերմաբուխի անունից, որը «Ոսկի օղակի» ջերմաբուխներից մեկն է (իսլ․ geysa — բխել)։ Սակայն մի շարք լեզուներում «ջերմաբուխ» հասկացությունը ինչպես և հայերենում թարգմանվում է․

Հունարեն՝ Θερμοπίδακας («ջերմային շիթ»)։

կորեյերեն՝ 간헐천 [ganheolcheon] («երկրաջերմային»)

ճապոներեն՝ 間欠泉 [jiānqiànquán]

վիետնամերեն՝ Mạch nước phun («ջրաշիթ»)

Հետաքրքիր է, որ նաև իսլանդերենում՝ որից բացմաթիվ լեզուներ փոխառել են «geyser» բառը, ընդնունված է այդ արմատի այլ տարբերակը՝ goshver։

Նկարագրությունը խմբագրել

Ջերմաբուխները կարող են ոչ մեծ՝ թեք լանջերով հատած կոների, ցածր, աննշան ուռուցիկությամբ գմբեթների, անձև փոսերի և այլ տեսքի լինել։ Դրանց հատակին կամ պատերում գտնվում են խողովակաձև ճեղքեր, որոնք հաղորդակցվում են ընդերքի տաք շերտերի հետ։ Ջերմաբուխի գործունեությունը բնորոշվում է հանգստի, ջրով խառնարանը լցվելու և ապա՝ ջրի և ջրագոլորշային խառնուրդի ուժգին շատրվանելու և հաջորդող հանգստի պարբերական կրկնությամբ։ Զանազանվում են կանոնավոր պարբերականությամբ և ոչ կանոնավոր ջերմաբուխներ։ Տարբեր ջերմաբուխների դեպքում ժայթքման տևողությունը կարող են տատանվել մի քանի րոպեից մի քանի տասնյակ րոպե, իսկ դադարները մի քանի ժամից, մինչև մի քանի օր։

Ժայթքող ջրի քիմիական կազմը խմբագրել

Ժայթքող ջուրը համեմատաբար մաքուր է, քիչ հանքայնացված (1—2 գրամ՝ լիտրում), քիմիական կազմով՝ քլորա-նատրիումային կամ քլորա-հիդրոկարբոնատա-նատրիումային է, կայծքարահողի մեծ պարունակությամբ, որից ջերմաբուխի խողովակի ելքի մոտ և լանջերին գոյանում է ծիածանաքարին նման ապար՝ գեյզերիտ։ Ջերմաբխի ջրի հիմնական զանգվածը՝ մթնոլորտային ծագում ունի․ հնարավոր է՝ մագմայական ջրի հավելմամբ։ Ջերմաբխի գործունեությունը ընդհանուր առմամբ կարճատև է և կախված է մի շարք պայմաններից՝ ջերմային հոսքի նվազեցման, ջերմաբխային խողովակների մատույցում ստորգետնյա ջրերի շարժման դադարի հետ և այլն։

Գտնվելու վայրերը խմբագրել

Խոշոր ջերմաբուխներ հայտնի են հետևյալ երկրներում․

Ռուսաստան, Կամչատկա (Ջերմաբուխների հովիտ)

Իսլանդիա («ջերմրաբուխների երկիր»)

ԱՄՆ ( «Ելլոուսթոուն» ազգային զբոսայգի՝ Վայոմինգ, Մոնթանա և Այդահո նահանգներում)

Նոր Զելանդիա (Հյուսիսային կղզու հյուսիսային մասում, Ռոտռուա քաղաքի շրջակայքում)

Չիլի (Էլ-Տատիո ջերմաբուխների հովիտ Ատակամա անապատում՝ 4200-4300 մ բարձրության վրա, Բոլիվիայի սահմանի մոտ՝ Սան-Պեդրո-դե-Ատակամայի մոտակայքում)

Ոչ մեծ ջերմաբուխներ կան նաև Չինաստանում և Ճապոնիայում։

Զբոսաշրջության տեսակետից մեծ հետաքրքրություն են ներկայացնում։

Հայտնի ջերմաբուխներ խմբագրել

Կամչատկայում մեծ ջերմաբուխներ հայտնաբերել է Տատյանա Ուստինովան 1941 թվականի հուլիսի 25-ին, Ջերմաբխային գետի հովտում (Ջերմաբուխների հովիտ)՝ Կիխպինիչ հրաբուխի մոտակայքում։ Աշխարհի այլ ջերմաբխային դաշտերի համեմատ սա ամենախիտն է․ ընդամենը 4 քառակուսի կիլոմետրի վրա կա մի քանի հարյուր տրոփող աղբյուրներ և ջերմաբուխներ։ Ամենամեծը Հսկան է՝ որից ժայթքող ջուրը բարձրանում է շուրջ 40 մետր, իսկ գոլորշին՝ մինչև մի քանի հարյուր մետր։

Իսլանդիայում գործում է շուրջ 30 ջերմաբուխ, որոնցից հայտնի են Ցատկող վհուկը (Գրիլա), որի ջուրն արձակվում է շուրջ 15 մետր բարձրության վրա՝ յուրաքանչյուր 2 ժամը մեկ։ Այստեղ են նաև աշխարհի ամենագործուն ջերմաբուխը՝ Ստրոկկուրը, որը ժայթքում է յուրաքանչյուր 5—10 րոպեն մեկ և Գեյսիրը (Հին Գեյսիրը)։

Ելլոուսթոունի շուրջ 200 ջերմաբուխներից ամենամեծն են Հսկան և Ծեր Հավատարիմը։ Առաջինը արձակում է ջուրը մինչև 40 մետր բարձրության վրա՝ 3 օր պարբերականությամբ, իսկ երկրորդը՝ 42 մետրի՝ յուրաքանչյուր 53—70 րոպեն մեկ։

Նոր Զելանդիայի ամենամեծ և գեղեցիկ ջերմաբուխն էր Տետարատան, որը գտնվում է վարդագույն կայծքարային տուֆե բլրի վրա, սակայն անհայտացավ Տարավերա հրաբխի 1886 թվականի ժայթքման հետևանքով։ Եվս մի անհայտացած ջերմաբուխը՝ Ուաիմանգուն գործում էր ոչ կանոնոբար՝ 5-ից 30 ժամ պարբերությամբ՝ 1899-ից 1904 թվականը։ Յուրաքանչյուր ժայթքման ընթացքում այն արձակում էր 800 տոննա ջուր, իսկ ջերմաշիթով արձակված քարերը բարձրանում էին մինչև 457 մետր բարձրություն։ Ջերմաբուխը դադարեց գործել մոտակա Տարավերա լճի մակարդակի 11 մետրով նվազելու հետևանքով։ Ժամանակակից նորզելանդական ջերմաբուխներից առանձնանում է Պոհուտուն, որը պարբերաբար շատրվանում է 20 մետր բարձրությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 7  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեյզեր» հոդվածին։