Գելտիշչևայի առանձնատուն

Լ. Ի. Գելտիշչևայի առանձնատուն (ռուս.՝ Особняк Л. И. Гельтищевой), շենք Մոսկվայի կենտրոնում (Սրեդնի Օվչիննիկովսկի նրբանցք, տուն 8, շինություն 1)։ Կառուցվել է 1904 թվականին ճարտարապետ Ֆ. Ֆ. Վոսկրեսենսկու կողմից մոդեռն ոճով։ Լ. Ի. Գելտիշչևայի առանձնատունն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Գելտիշչևայի առանձնատուն
Տեսակտեսարժան վայր, մեծ առանձնատուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԶամոսկվորեչիե
ՎայրՍրեդնի Օվչիննիկովսկի նրբանցք
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1904
ՃարտարապետՖլեգոնտ Վոսկրեսենսկի
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1834 թվականին «վաճառականի որդի» Ստեբնևը Սրեդնի Օվչիննիկովսկի նրբանցքում կառուցեց երկհարկանի քարե տուն։ XX դարի սկզբին այդ տունը պատկանել է Լ. Ի. Գելտիշչևային։ Նրա պատվերով ճարտարապետ Ֆ. Ֆ. Վոսկրեսենսկին էապես վերակառուցել է առանձնատունը։ Ստեբնևի նախկին տունը դարձել է նրա միջին մասը, կողքերից ավելացվել են կցակառույցներ[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Լ. Ի. Գելտիշչևայի առանձնատունը մոսկովյան մոդեռնի վառ նմուշներից մեկն է։ Ձևավորման մեջ լայնորեն օգտագործված են բուսական մոտիվներ։ Ոչ մեծ շինության ճակատը ծածկված է փիրուզագույն ջնարակված սալիկներով։ Պատուհանների եզրակալման մեջ օգտագործված են բազմաթիվ ծեփածո դեկորատիվ մանրամասներ (կռատուկի ծաղիկներ և տերևներ)։ Շքամուտքի որմնախորշը ձևավորված է տոսկանական օրդերի սյուներով։ Տանիքին անսովոր ձևավորմամբ լսողական պատուհաններ են։ Ատտիկոսին տեղադրված են գնդերով մի քանի կարճասյուներ, ինչպես նաև տակդիրով դեկորատիվ ջահ[4]։

Գլխավոր ճակատի կենտրոնում երկմասանի «իտալական» պատուհան է, որը բաղկացած է երկու կիսաշրջանաձև պատուհանիկներից, որոնք միավորված են կամարաձև խորշով։ Այս պատուհանի վերևում խճանկարային մեծանկար է, որտեղ ոսկեգույն ֆոնի վրա պատկերված են խոլորձներ[4]։ Ճակատին նկատելի է նաև առանձնատան սեփականատեր Լ. Ի. Գելտիշչևայի միացագիրը[3]։ Կիսանկուղային հարկի պատուհանները փակված են հիրիկի ծաղիկներով կռածո երկաթե վանդակաճաղերով։ Շենքի ինտերիերը պահպանվել է գրեթե անփոփոխ տեսքով, այն ձևավորված է խեցեղենի, մետաղական և ծեփածո տարրերի օգտագործմամբ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. «Жилой дом, конец XIX — начало ХХ вв». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 16-ին.
  3. 3,0 3,1 Романюк С. К. Переулки старой Москвы. — М.: ЗАО Издательство Центрполиграф, 2013. — С. 760—761. — ISBN 978-5-227-04274-3
  4. 4,0 4,1 4,2 Москва: Архитектурный путеводитель / И. Л. Бусева-Давыдова, М. В. Нащокина, М. И. Астафьева-Длугач. — М.: Стройиздат, 1997. — С. 239. — 512 с. — ISBN 5-274-01624-3