Գարո Թավիջյան

դաշնակահար, թմբկահար,

Գարո Գարաբեթի Թավիջյան (հունիսի 24, 1982(1982-06-24), Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), դաշնակահար, թմբկահար, ջազ երաժիշտ[1]։

Գարո Թավիջյան
Ծնվել էհունիսի 24, 1982(1982-06-24) (41 տարեկան)
ԾննդավայրՍկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մասնագիտություներաժիշտ, թմբկահար և դաշնակահար

Կենսագրություն խմբագրել

Գարո (Կարո) Թավիջյանը ծնվել է 1982 թվականի հունիսի 24-ին, Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում։ Նա թմբկահար Գարաբեթ Թավիջյանի որդին է և դաշնակահար Դիրան Թավիջյանի եղբայրը[2], որի հետ հանդես է գալիս որպես «Թավիջյան եղբայրներ» դուետով։ Վաղ հասակից սկսել է տիրապետել հարվածային գործիքների և նվագել է դաշնամուր։ Գարոն հայտնի է նաև վիրտուոզ և սեփական իմպրովիզ կատարումներով, հատկապես մակեդոնական ժողովրդական երաժշտության ասպարեզում։ Ուսում է ստացել Սկոպիեի երաժշտական դպրոցում` որպես դաշնակահար և թմբկահար։ Բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Սկոպիեյի երաժշտական ակադեմիայի, նվագախմբի, ջազ անսամբլի և մի շարք փոփ խմբերի հետ։ Ուսման տարիների ընթացքում մասնակցել է մի շարք մրցույթների, փառատոների, հանդես եկել մենահամերգներով և արժանացել մի շարք մրցանակների, այդ թվում նաև Մակեդոնիայի մշակույթի նախարարության «Անկախ արտիստ» կոչման (2002թ.): Դպրոցն ավարտելուց հետո դարձել է Բոստոնի Բերքլիի երաժշտական բարձրագույն դպրոցի կրթաթոշակառու։

Գարոն ելույթ է ունեցել մի շարք հանրաճանաչ երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Չիկ Կորեան, Ջո Զավինուլը, Ջեյմս Իսթը, Անդրեա Պլազզոն, Ռոզան Վիտրոն, Բրենֆորդ Մարսալիսը, Մորիս Փլեժրը (Earth, Wind & Fire), Վլադկո Ստեֆանովսկին, Լարի Մոնրոն, Ռոն Սևեջը և այլք։ 1997 թվականից ձայնագրել է 2 սկավառակ՝ «A bre Makedonche» և «Paramecium Live», ունեցել է ավելի քան 400 համերգային ելույթ։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային համերգների Անգլիայում, ԱՄՆ-ում, Խորվաթիայում, Սերբիայում, Սլովենիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Ալբանիայում, Գերմանիայում և այլուր։ Որպես երգահան հայտնի է նաև էլեկտրո երաժշտության ոլորտում, որի շրջանակներում ձայնագրել է անհատական ձայնասկավառակ՝ «Urban Groove», իսկ «Թավիջյան եղբայրներ»-ով (եղբոր` Դիրանի հետ համատեղ) ձայնագրել է «Tavitjan Brothers Trio» սկավառակը, որը Մեծ Բրիտանիայի «Սոնի» միջազգային երաժշտական մրցույթի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին[3]։

Գարո Թավիջյանը նաև գրել է երաժշտություններ մի շարք ֆիլմերի և թատերական ներկայացումների համար, որոնցից է «Ալեքսանդր Մակեդոնացի» ներկայացումը։ 2012 թվականին եղբոր հետ միասին, արժանացել են «Մակեդոնիայի երաժշտության դեսպաններ» կոչմանը։

2013 թվականին առաջին անգամ այցելել է Երևան, որտեղ համերգով հանդես է եկել եղբոր հետ՝ հայկական ջազի 75-ամյակի համերգի ժամանակ[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դու գործիք ես՝ Աստծո կողմից ուղարկված. Գարո Թավիջյանի «երաժշտական» բանաձեւը (Ֆոտո)». news.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  2. «Ջազի կնքահայր Հերբի Հենկոկն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհակալական նամակներ էին ուղարկել Երևան». www.aravot.am. 24․06․2021.
  3. «AV Production - Գարո Թավիջյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  4. «Հայ հանդիսատեսը երաժշտական բարձր ճաշակ ունի. Թավիջյան եղբայրներ». style.news.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  5. «Հայերն ուժեղ են ամենուր. Թավիջյան եղբայրներ». armenpress.am. 24․06․2021.

Արտաքին հղումներ խմբագրել