«Գարնանային ջրեր» (ռուս.՝ «Вешние воды»), Իվան Տուրգենևի վիպակը, որը պատմում է ռուս կալվածատիրոջ սիրո մասին։

Գարնանային ջրեր
ռուս.՝ Вешние воды
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
Ձևվեպ
ՀեղինակԻվան Տուրգենև
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1872
ՏեսարանԳերմանիա
ՀրատարակչությունVestnik Evropy?
Հրատարակվել է1873

Համատեքստ խմբագրել

1860-ական թվականների վերջին և 1870-ական թվականների առաջին կեսին Տուրգենևը գրել է մի շարք վիպակներ, որոնք դասվում էին հեռավոր անցյալի հիշողությունների շարքին («Բրիգադիրը», «Լեյտենանտ Երգունովի պատմությունը», «Դժբախտը» (ռուս.՝ «Несчастная»), «Տարօրինակ պատմություն», «Տափաստանային արքա Լիր» (ռուս.՝ «Степной король Лир»), «Стук, стук, стук», «Գարնանային ջրեր», «Պունին և Բաբուրին», «Стучит» և այլն)։ Դրանցից «Գարնանային ջրեր» վիպակը, որի հերոսը Տուրգենևի կամազուրկ մարդկանց պատկերասրահի ևս մեկ հետաքրքիր լրացում է, դարձել է այս շրջանի ամենանշանակալի աշխատանքը։

«Вешние» բառը «весенние» (թարգմ.՝ գարնանային) բառի հնացած ձևն է[1]։

Գործող անձինք խմբագրել

  • Դմիտրի Պավլովիչ Սանին – ռուս կալվածատեր
  • Ջեմմա Ռոզելի (հետագայում՝ Սլոկոմ) – հրուշակեղենի խանութի տիրուհու դուստրը
  • Էմիլ – Ջեմմայի եղբայրը, ֆրաու Լենորեի որդին
  • Պանտալեոնե – ծեր ծառա
  • Լուիզա – աղախին
  • ֆրաու Լենորե – հրուշակեղենի խանութի տանտիրուհի, Ջեմմայի մայրը
  • Կառլ Կլյուբեր – Ջեմմայի փեսացուն
  • բարոն Դյոնգոֆ – գերմանացի սպա, հետագայում՝ մայոր
  • ֆոն Ռիխտեր – բարոն Դյոնգոֆի համհարցը
  • Իպոլիտ Սիդորովիչ Պոլոզով – Սանինի ընկերը գիշերօթիկ դպրոցում
  • Մարիա Նիկոլաևնա Պոլոզովա – Պոլոզովի կինը, կալվածքի գնորդ

Սյուժե խմբագրել

Հիմնական պատումը ներկայացվում է որպես 52-ամյա ազնվական և կալվածատեր Սանինի հիշողություններ 30 տարի առաջ կատարված իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել նրա կյանքում, երբ նա ճանապարհորդում էր Եվրոպայում։

Իտալիայում ապրելով հեռավոր ազգականի ժառանգության հաշվին՝ Սանինը մեկնում է հայրենիք։ Ճանապարհին նա այցելում է Ֆրանկֆուրտ. այնտեղ նա մտնում է հրուշակեղենի խանութ, որտեղ օգնում է տանտիրուհու երիտասարդ դստերը ուշաթափված կրտսեր եղբորը ուշքի բերելու հարցում։ Ընտանիքը համակրանք է զգում Սանինի հանդեպ, և նա անսպասելիորեն մի քանի օր անցկացնում է նրանց հետ։ Երբ Սանինը Ջեմմայի և նրա փեսացուի հետ զբոսնում էր, գերմանացի երիտասարդ սպաներից մեկը, որը նստած էր մոտակա պանդոկի սեղանի մոտ, իրեն անպատկառ արարք է թույլ տալիս, և Սանինը նրան մենամարտի է հրավիրում։ Մենամարտը բարեհաջող ավարտ է ունենում երկու մասնակիցների համար։ Այնուամենայնիվ, այս միջադեպը մեծապես ցնցում է աղջկան։ Նա մերժում է փեսացուին, որը չէր կարողացել պաշտպանել իր արժանապատվությունը, և Սանինը հանկարծ հասկանում է, որ սիրում է նրան։ Այդ զգացմունքը Սանինին ստիպում է մտածել ամուսնանալու մասին։ Նույնիսկ Ջեմմայի մայրը, որն սկզբում սարսափում էր փեսացուից Ջեմմայի բաժանվելուց, աստիճանաբար համակերպվում է և սկսում է ծրագրեր կազմել նրանց հետագա կյանքի վերաբերյալ։ Իր ունեցվածքը վաճառելու և համատեղ կյանքի համար գումար ստանալու համար Սանինը գնում է Վիսբադեն՝ գիշերօթիկի իր դասընկեր Պոլոզովի հարուստ կնոջ մոտ, որին նա պատահաբար հանդիպում է Ֆրանկֆուրտում։ Հարուստ և երիտասարդ ռուս գեղեցկուհի Մարիա Նիկոլաևնան իր քմահաճույքի համար գայթակղում է Սանինին և նրան դարձնում իր սիրեկաններից մեկը։ Չկարողանալով դիմակայել Մարիա Նիկոլաևնայի ուժեղ բնավորությանը՝ Սանինը նրա հետևից գնում է Փարիզ, բայց շուտով պարզվում է, որ նո բոլորովին ավելորդ է և ամոթահար վերադառնում է Ռուսաստան, որտեղ անցկացնում է իր կյանքը աշխարհիկ եռուզեռի մեջ։ Միայն 30 տարի անց նա պատահաբար գտնում է հրաշքով պահպանված նռնաքարե խաչը, որն իրեն նվիրել էր Ջեմման։ Նա շտապում է Ֆրանկֆուրտ, որտեղ պարզում է, որ Ջեմման այդ իրադարձություններից երկու տարի անց ամուսնացել է և երջանիկ ապրում է Նյու Յորքում ամուսնու և հինգ երեխաների հետ։ Նա գրում է Ջեմմային՝ ներողություն խնդրելով, և այն ստանում է Ջեմմայի դստեր լուսանկարի հետ միասին. վերջինս շատ նման է այն երիտասարդ իտալացի աղջկան, որին ժամանակին Սանինն առաջարկել էր իր սերը։

Էկրանավորումներ խմբագրել

  • 1915 – «Գարնանային ջրեր» (Ռուսաստան, ֆիլմը չի պահպանվել)
  • 1924 – «Գարնանային ջրեր» / Frühlingsfluten (Германия), ռեժիսոր՝ Նիկոլայ Մալիկով
  • 1950 – «Գարնանային ջրեր» / Torrents of Spring (ԱՄՆ), ռեժիսոր՝ Ֆրանկլին Շեֆներ (հեռուստասերիալ, Studio One)
  • 1957 – «Գարնանային ջրեր» / Chun chao (Հոնկոնգ), ռեժիսոր՝ Չինգ Դոու
  • 1959 – «Գարնանային ջրեր» / The Torrents of Spring (Մեծ Բրիտանիա)
  • 1962 – «Գարնանային ջրեր» / Proljetne vode (Հարավսլավիա), ռեժիսոր՝ Անտե Վիկուլին
  • 1968 – «Գարնանային ջրեր» / Jarní vody (Չեխոսլովակիա), ռեժիսոր՝ Վացլավ Կրշկա
  • 1971 – «Գարնանային ջրեր» / Aguas primaverales (Իսպանիա), «Hora once» սերիալ
  • 1974 – «Գարնանային ջրեր» / Frühlingsfluten {ԳՖՀ), ռեժիսոր՝ Վոյտեխ Ռասնի]
  • 1976 – «Ֆանտազիա» (ԽՍՀՄ), ռեժիսոր՝ Անատոլի Էֆրոս, ֆիլմ-բալետ «Գարնանային ջրեր» վիպակի մոտիվներով
  • 1989 – «Գարնանային ջրեր» / Torrents of Spring) (Իտալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա), ռեժիսոր՝ Եժի Սկոլիմովսկի
  • 1989 – «Ուղևորություն դեպի Վիսբադեն» (ռուս.՝ «Поездка в Висбаден», ԽՍՀՄ, Ավստրիա, Չեխոսլովակիա), ռեժիսոր՝ Եվգենի Գերասիմով

Արվեստի ստեղծագործություններ խմբագրել

  • «Գարնանային ջրեր» սիմֆոնիկ պոեմ (գերմ.՝ Frühlingswogen, 1891), հեղինակ՝ գերմանացի կոմպոզիտոր Ֆիլիպ Շարվենկա[2], առաջին անգամ կատարվել է 1891 թվականի դեկտեմբերի 12-ին Նյու Յորքում Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից՝ Անտոն Զայդլի ղեկավարությամբ[3]։
  • «Գարնանային ջրեր» բալետ երկու գործողությամբ (կոմպոզիտոր՝ Վլադիմիր Կոբեկին, լիբրետոյի հեղինակներ՝ Վլադիմիր Կոբեկին և Կիրիլ Սիմոնով), Սարատովի օպերայի և բալետի թատրոն (պարուսույց՝ Կիրիլ Սիմոնով, դիրիժոր-բեմադրիչ՝ Յուրի Կոչնև, նկարիչներ՝ Եկատերինա Զլայա և Ալեքսանդր Բարմենկով, պրեմիերան կայացել է Սոբինովսկի 31-րդ փառատոնի շրջանակներում 2018 թվականի մայիսի 23-ին)[4]։
  • «Ռուս մարդը rendez-vous-ում» ներկայացում (բեմադրության ղեկավար՝ Եվգենի Կամենկովիչ), Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց, պրեմիերան կայացել է 2011 թվականի հոկտեմբերի 21-ին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. вешний(ռուս.) // Викисловарь. — 2017-07-13. Архивировано из первоисточника 26 հունվարի 2022.
  2. Scharwenka: Frülingswogen; Arkadische Suite; Liebesnacht Արխիվացված 2021-06-02 Wayback Machine // The Gramophone, 2007.
  3. Henry Edward Krehbiel. The Philharmonic Society of New York Արխիվացված 2021-06-02 Wayback Machine — Novello, Ewer & Company, 1892. — P. 163.
  4. «Мировая премьера балета «Вешние воды» в рамках Собиновского музыкального фестиваля». www.operabalet.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
  5. «Русский человек на rendez-vous». Мастерская Петра Фоменко (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել