Գասպար Կարոյան

հայ բժիշկ

Գասպար Մկրտչի Կարոյան (1884 (կամ 1888), Փերչենճ, Խարբերդի նահանգ - 17 հունիսի, 1957, Բոստոն), հայ բժիշկ։

Գասպար Կարոյան
Ծնվել է1884 կամ 1888
ԾննդավայրՓերչենճ, Խարբերդի նահանգ
Մահացել էհունիսի 17, 1957(1957-06-17)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
ԿրթությունԲեյ­րու­թի Սեն Ժո­զեֆ Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1884 (1888) թվականին Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Փերչենճ գյուղում։ Հայրը զոհվել է Մեծ Եղեռնի ընթացքում։

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի նախակրթարանում։ 1895 թվականին մազապուրծ փրկվել է կոտորածից։ Հայրը նրան տարել է Խարբերդի նահանգի Մեզիրե քաղաքի ֆրանսիացի կապուչին հայրերի որբանոցը, որտեղ և շարունակել է ուսումը։ Այնուհետև միջնակարգ կրթությունն ստացել է նույն հաստատության քոլեջում։ 1900 թվականին ավարտել է քոլեջը։ 1900-10 թվականներին հարազատ քոլեջում պատմության, հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան դասատու է աշխատել։ Ապա սովորել է Վենետիկում։

1910-14 թվականներին սովորել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետում։

1914 թ. սկսված Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, դեռևս ուսումը չավարտած, զորակոչվել է օսմանյան բանակ և ծառայել որպես զինվորական բժիշկ։ Ծառայել է Սիրիայի և Պաղեստինի շրջաններում։ Օսմանյան բանակում իր հայրենակից պաշտոնակից ների պես անցել է անհամար վտանգների միջով։ Բանակի բժշկական հոգսերով տարված՝ ենթարկվել է բազում սպառնալիքների ու դավադրությունների և հրաշքով փրկվել։ Պաղեստինի ռազմաճակատում գերի է ընկել առաջացող անգլիական բանակին։ Եգիպտոսի հայոց առաջնորդարանի միջամտությամբ ազատ է արձակվել։ Որոշ ժամանակ ծառայել է Կիպրոսում, որտեղ զբաղվել է թուրք ռազմագերիների բուժամբ ու խնամքով։

1918 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, մեկնել է Բեյրութ և ուսումը շարունակել Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1919 թվականին ավարտել է համալսարանը և բժշկի վկայական ստացել։ 1919 թվականին մեկնել է Փարիզ և մասնագիտացման դասընթաց անցել առաջատար բուժհաստատություններում։

1919-20 թվականներին աշխատել է Փարիզի հիվանդանոցներից մեկում։ 1920 թվականի օգոստոսին մեկնել է ԱՄՆ և հաստատվել Մասաչուսետս նահանգի Բոստոն քաղաքում։ Բոստոնի համալսարանում հանձնել է բժշկական քննությունները և բժշկի հավատարմագիր ստացել։ Բոստոնում բացել է իր բուժարանը և բժիշկ աշխատել։ Շուտով վայելել է շրջապատի սերն ու հարգանքը։ Մոտիկից հետևել է ազգային-մտավորական շարժմանը։ Երկար տարիներ թղթակցել է ամերիկահայ թերթերին։ Եղել է «Հայ­րե­նիք» պարբերականի գնահատված աշխատակիցներից մեկը և բժշկական, գիտական, գրական, հանրային, քաղաքական բազմաթիվ հոդված ներ հեղինակել։

Տիրապետել է հայերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներին։

1957 թվականին՝ մահից մի քանի ամիս առաջ լույս է տեսել նրա երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունքը հանդիսացող «Մեծ Եղեռ­նի նա­հա­տակ հայ բժիշկ­նե­րը (անոնց պատ­գամ­նե­րը)» արժեքավոր գիրքը։

1957 թ. հունիսի 17-ին Բոստոնում մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ մոտ 71 տարեկանում։

Աշխատություն խմբագրել

  • Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։

Գրականություն խմբագրել

  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Գէորգեան Կարօ, Ամէնուն տարեգիրքը, Դ. տարի, 1957, Պէյրութ, 1958։
  • Տոքթ. Գ. Մ. Կարոյեանի մահը, Ֆրեզնօ, «Աս­պա­րեզ», 27-06-1958
  • Վահէ Հայկ, Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը, Նիւ Եորք, 1959։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։