Գաբրիել Ֆորե

ֆրանսիացի երգահան, երգեհոնահար, դաշնակահար և մանկավարժ

Գաբրիել Ուրբեն Ֆորե (ֆր.՝ Gabriel Urbain Faure, մայիսի 12, 1845(1845-05-12)[3][4][5][…], Պամիե[6] - նոյեմբերի 4, 1924(1924-11-04)[6][3][5][…], Փարիզ[6]), ֆրանսիացի երգահան, երգեհոնահար, դաշնակահար, խմբավար և մանկավարժ։

Գաբրիել Ֆորե
Բնօրինակ անունֆր.՝ Gabriel Urbain Fauré[1]
Ի ծնե անունֆր.՝ Gabriel Urbain Fauré[2]
Ծնվել էմայիսի 12, 1845(1845-05-12)[3][4][5][…]
Պամիե[6]
Երկիր Ֆրանսիա[7]
Մահացել էնոյեմբերի 4, 1924(1924-11-04)[6][3][5][…] (79 տարեկան)
Փարիզ[6]
ԳերեզմանՊասի գերեզմանատուն[2][8]
Ժանրերօպերա, ռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն[9][10] և դասական երաժշտություն
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, կոմպոզիտոր, երգեհոնահար, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, ուսուցիչ, դաշնակահար և Կապելմայստեր
Գործիքներերգեհոն
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
ԿրթությունNiedermeyer school in Paris?
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
ԱմուսինMarie Fauré?[2][11]
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Gabriel Fauré Վիքիպահեստում

Ծնվել է 1845 թ. մայիսի 12-ին Ֆրանսիայի Պամիե քաղաքում, մաթեմատիկայի ուսուցչի և նապոլեոնյան բանակի կապիտանի դստեր ընտանիքում։ Նա ընտանիքում վեցերորդ երեխան էր։ Իր առաջին երաժշտական փորձերը Ֆորեն կատարում է տեղի փոքրիկ եկեղեցու ֆիսհարմոնի վրա։ Տեսնելով նրա անասելի հակումը դեպի երաժշտությունը՝ ծնողները փոքրիկ Գաբրիելին ուղարկում են եկեղեցական երաժշտության ուսումնարանին կից գործող դպրոց, որը կաթոլիկ եկեղեցու կարիքների համար պատրաստում էր երգեհոնահարների և խմբավարների։ Դպրոցի տնօրենն էր ֆրանսիացի ականավոր երգահան և մանկավարժ Լուի Նիդերմեյերը (1802-1861 թթ.), իսկ դասավանդողների թվում էր ֆրանսիացի մեծ երգահան Քամիլ Սեն-Սանսը (1835-1921 թթ.), որի սաների թվում էր նաև Ֆորեն։ Դպրոցում ուսանելու 11 տարիները և հատկապես Սեն-Սանսի հետ մտերմությունը խիստ բարեբեր ազդեցություն են ունենում ապագա մեծ երգահանի ներաշխարհի վրա։ Սեն-Սանսի միջոցով նա նաև ծանոթանում է Ռոբերտ Շումանի, Ֆերենց Լիստի, Ռիխարդ Վագների և եվրոպական երաժշտության մյուս մեծերի ստեղծագործություններին, որոնք տվյալ ժամանակահատվածում այնքան էլ հայտնի չէին Ֆրանսիայում։ Որպես այս ամենին ի երախտիք՝ Ֆորեն Սեն-Սանսին է նվիրում դաշնամուրային մի մոտիվ, որը վերջինս օգտագործում է իր Դաշնամուրի և նվագախմբի երկրորդ կոնցերտի առաջին մասում (op. 22, 1868 թ.)։ Ֆորեի և իր ուսուցչի մտերմությունը շարունակվում է մինչև Սեն-Սանսի մահը՝ 1921 թվականը։

Ֆորեն ավարտում է Եկեղեցական դպրոցը երկու առաջին մրցանակներով՝ կոմպոզիցիայի և դաշնամուրի համար։ Դրանից հետո նա սկսում է շրջագայել քաղաքից քաղաք՝ եկեղեցիներում հանդես գալով որպես երգեհոնահար, ինչպես նաև զանազան սրահներում ներկայացնելով իր դաշնամուրային ստեղծագործությունները՝ արդեն որպես դաշնակահար։ 1870 թվականին, երբ սկսվում է ֆրանս-պրուսական պատերազմը, Ֆորեն զորակոչվում է բանակ և մասնակցում Փարիզի պաշտպանությանը։ Հետագայում, երբ Եկեղեցական երաժշտության ուսումնարանը տեղափոխվում է Շվեյցարիա, Ֆորեն միանում է նրանց և Ֆրանսիա վերադառնում միայն Փարիզի կոմունայի ճնշումից հետո։ Վերադառնալուց հետո Ֆորեն որոշ ժամանակ զբաղեցնում է Սեն-Սյուլպիս եկեղեցու երգեհոնահարի և խմբավարի պաշտոնը, իսկ 1874 թվականից տեղափոխվում Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցի՝ որպես Սեն-Սանսի օգնական (Սեն-Սանսն այստեղ աշխատում էր որպես խմբավար)։ 1877 թվականին Սեն-Սանսը անցնում է թոշակի, իսկ Ֆորեն զբաղեցնում է նրա տեղը։ Ի դեպ, նույն թվականին ստեղծվում է Ֆորեի վաղ ստեղծագործական շրջանի լավագույն գործերից մեկը՝ Ջութակի սոնատը (op. 13)։ Սեն-Սանսը, լինելով ստեղծագործության առաջին ունկնդիրներից մեկը, իր տպավորություններով կիսվում է ֆրանսիական հեղինակավոր «Journal de Musique» ամսագրում՝ սոնատն անվանելով «հանճարեղ ստեղծագործություն» և երաժշտական փայլուն ապագա խոստանալով Ֆորեին[13]։

Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում աշխատելու տարիներին է, որ Ֆորեն բացահայտվում է նաև որպես հոգևոր ստեղծագործությունների անզուգական հեղինակ։ Հենց այս տարիներին է ստեղծվում Ժան Բատիստ Ռասինի խոսքերով գրված նրա «Օրհներգը»՝ երգչախմբի և երգեհոնի համար (op. 11)։

1880-ական թվականները համարվում են Ֆորեի ստեղծագործական հասունության ժամանակահատված։ Նախ 1880 թվականին գրվում է նրա հանրահայտ «Էլեգիան» (op. 24, սկզբնապես գրվել է թավջութակի և դաշնամուրի համար, հետագայում Ֆորեն գործիքավորում է այն նվագախմբի համար), որը մինչ այժմ համարվում է Ֆորեի ամենասիրված երկերից մեկը։ Ապա 1886 թվականին ստեղծվում է նրա Երկրորդ դաշնամուրային կվարտետը (op. 45), որն ըստ նրա կենսագիր Ռոբերտ Օռլեջի՝ ջրբաժան հանդիսացավ երգահանի վաղ և հասուն ստեղծագործական շրջանների միջև։ Բացի այդ, սա Ֆորեի միակ խոշոր ստեղծագործությունն է, որտեղ օգտագործվում է ցիկլային ձևը։ Կվարտետի առաջին կատարումը տեղի է ունեցել 1887 թ. Փարիզում՝ հեղինակի (դաշնամուր), Գիյոմ Ռեմիի (ջութակ), Լուի Վան Վաֆելգեմի (ալտ) և Ժյուլ Դելսարի (թավջութակ) կատարմամբ։

1880-ականները բեկումնային են լինում նաև Ֆորեի անձնական կյանքում։ Մարիաննա Վիարդոյի (հայտնի օպերային երգչուհի Պոլինա Վիարդո-Գարսիայի դուստրը) հետ տարիներ տևած անհաջող սիրավեպից հետո Ֆորեն 1883 թ. ամուսնանում է Մարի Ֆրեմիեի հետ (վերջինս հայտնի քանդակագործ Էմանուել Ֆրեմիեի դուստրն էր)։ Զույգն ունենում է երկու որդի, որոնցից ավագը՝ Էմանուելը, հետագայում դառնում է ջրային կենսոլորտի խոշոր մասնագետ, իսկ կրտսերը՝ Ֆիլիպը, հայտնի արձակագիր։

1896 թ. Ֆորեն ստանձնում է Փարիզի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի պրոֆեսորի պաշտոնը, իսկ 1905 թ. դառնում է նույն կոնսերվատորիայի ռեկտորը։ 1989 թ. այցելում է Լոնդոն, որտեղ ներկայացնում է Մորիս Մետերլինկի «Պելլեասն ու Մելիսանդան» պիեսի համար գրված իր երաժշտությունը։ Ներկայացումն ունենում է մեծ հաջողություն։

Կյանքի վերջին 20 տարում մեծ երգահանը տառապել է աստիճանաբար զարգացող խլությամբ։ Հիվանդությունը սկսել է գլուխ բարձրացնել 1903 թ., իսկ ամբողջական խլությունը վրա է հասնում 1920 թ., և չնայած դրան, Ֆորեն համառորեն շարունակել է ստեղծագործական և մանկավարժական գործունեությունը։ Հիվանդության հենց այս դժվարին ժամանակատվածում՝ 1913 թվականին է ծնվում Ֆորեի «Պենելոպա» օպերան, որը փառքի գագաթնակետին հասցրեց իր հեղինակին։ Ժամանակակիցները այս օպերան դրեցին 20-րդ դարի ֆրանսիական թատրոնի համար բեկումնային հանդիսացած Կլոդ Դեբյուսիի «Պելլեասն ու Մելիզանդան» օպերայի կողքին, ընդ որում այս կարծիքը կիսում էին օպերայի առաջին ներկայացմանը գտնված Քամիլ Սեն-Սանսը, Իգոր Ստրավինսկին և հենց ինքը՝ Կլոդ Դեբյուսին։

Այդուհանդերձ օրեցօր ահագնացող խլությունը ավելի ու ավելի դժվար էր դարձնում ստեղծագործական և հատկապես մանկավարժական գործունեությունը։ Մանկավարժությունը Ֆորեն վերջնականապես թողեց միայն 1920 թ.՝ համեստ կենսաթոշակով անցնելով հանգստի և իրեն ամբողջովին նվիրելով ստեղծագործական գործունեությանը։

Ֆորեն կյանքից հեռանում է 1924 թ. նոյեմբերի 4-ին, Փարիզում, 79 տարեկան հասակում։

Ֆորեի ինքնագիրը (Ռեքվիեմ)

Ֆորեն ստեղծագործել է իր ժամանակին տարածված գրեթե բոլոր երաժշտական ժանրերում։ Նրա գլուխգործոցն է համարվում մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար գրված «Ռեքվիեմը» (op. 48, 1887-1890 թթ.), որն ունեցել է երեք հեղինակային խմբագրում՝ գրված 1888, 1893 և 1900 թվականներին։ Երգչախմբի համար գրված ուշագրավ գործերից է նաև «Մադրիգալը»՝ ըստ Արման Սիլվեստրի բանաստեղծությունների։ Նվագախմբային առավել հաջողված ստեղծագործություններից է «Պելլեասն ու Մելիսանդան» սյուիտը (op. 80, ըստ Մորիս Մետերլինկի պիեսի)։ Ֆորեի միակ սիմֆոնիայի (op. 40) ձեռագիրը կորսվել է և հետագայում հեղինակը դրա պատառիկները օգտագործել է ջութակի երկրորդ և թավջութակի առաջին սոնատներում (opp. 108 և 109)։ Ֆորեն գրել է նաև երկու օպերա՝ «Պրոմեթևս» (երեք գործողությամբ, 1900 թ.) և «Պենելոպա» (երեք գործողությամբ, 1913 թ.)։

Ֆորեն համարվում է ֆրանսիական ռոմանսի խոշորագույն ներկայացուցիչը։ Տարբեր հեղինակների խոսքերով նա գրել է շուրջ 100 ռոմանս, որոնցից ամենաուշագրավը «Արթնացումն» է՝ Ռոմեն Բյուսսինի բանաստեղծության հիման վրա (op. 7, No. 1, 1877 թ.)։ Ռոմանսը հայտնի է նաև ջութակի և թավջութակի գործիքային խմբագրումներով։ Ֆորեն ռոմանսներ է գրել նաև Լեկոնտ Դե Լիլի, Պոլ Վեռլենի, Շառլ Վան Լերբերգի և այլ հայտնի հեղինակների խոսքերով։

Ֆորեն հսկայական ավանդ ունի նաև ֆրանսիական դաշնամուրային դպրոցի կայացման գործում։ Նրա բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործություններից առանձնանում են հատկապես թվով 13 նոկտյուրնները, 13 բարկարոլլաները, 9 պրելյուդները, 6 էքսպրոմտները և 4 վալս-կապրիսները, որոնք առանձնանում են իմպրովիզացիոն թարմությամբ և ինքնատիպությամբ։ Նրա երկու դաշնամուրային կվարտետները (opp. 15 և 45), երկու դաշնամուրային կվինտետները (opp. 89 և 115), ինչպես նաև դաշնամուրային տրիոն (op. 120) մինչ այժմ էլ լավագույն գործիքային անսամբլների երգացանկում են ընդգրկված։ Սոնատային ժանրում խիստ բարձրարժեք են նաև Ֆորեի երկու ջութակի (opp. 13 և 108) և երկու թավջութակի (opp. 109 և 117) սոնատները։

Գաբրիել Ֆորեի «Ռեքվիեմի» անզուգական կատարողներից էր հայ մեծ դիրիժոր Օհան Դուրյանը։

Կարծիքներ կան, որ Ֆորեի նվագախմբային երկերը գործիքավորվել են ոչ թե իր, այլ աշակերտների կողմից (իհարկե՝ իր ցուցումներով)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nndb.com/people/370/000093091/
  2. 2,0 2,1 2,2 Notable Names Database — 2002.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Форе Габриель // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. http://www.nytimes.com/1985/12/08/arts/faure-s-requiem-in-chamber-form.html
  8. https://cimetiere-de-passy.com/personnalites/gabriel-faure/
  9. http://www.arkivmusic.com/classical/Name/Tom-Etheridge/Performer/390558-2
  10. http://www.sinfinimusic.com/uk/learn/composers/gabriel-faure
  11. marriage certificate
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 (unspecified title) — P. 4. — ISBN 0824070739
  13. Михайлович, Сигитов Сергей (2007). «Сокровенное искусство Габриеля Форе и творческие искания ХХ века». Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. 8 (34). ISSN 1992-6464.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Ֆորե» հոդվածին։