Բրոք Լեզնար

ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբիշ (ռեստլեր)

Բրոք Էդվարդ Լեզնար[4] (անգլ.՝ Brock Edward Lesnar, հուլիսի 12, 1977(1977-07-12), Webster, Հարավային Դակոթա, ԱՄՆ[4]), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), ընդհանուր մենամարտիկ (MMA)[5] կինոդերասան, նախկին ամերիկյան ֆուտբոլիստ և օլիմպիական ըմբիշ, WWE (աշխարհի ծանրքաշային) քառակի չեմպիոն, UFC ծանրքաշային չեմպիոն, NCAA I դիվիզիայի օլիմպիական ըմբշամարտի ծանրքաշային չեմպիոն։

Բրոք Լեզնար
Brock Lesnar
Լեզնարը 2015 թվականին
Ռինգային անուն(ներ)Բրոք Լեզնար
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ1,91 մ[1][2]
Իրական հասակ121 կգ[1][2]
Ծննդյան թվականհուլիսի 12, 1977 (46 տարեկան)[2]
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ալեքսանդրիա, Մինեսոտա, ԱՄՆ[2]
ԱպրելավայրԿանադա Ռեջայնա, Սասկաչևան, Կանադա
ՄարզիչԲրեդ Ռեյնգանս[3]
Քուրտ Հենիգ[3]
Դին Մալենկո[3]
Դագ Բաշամ[3]
Դեննի Դեյվիս[3][3]
Դեբյուտ2000
Ակտիվ շրջանՌեստլինգ՝ 2000–2007, 2012–այժմ
Ամերիկյան ֆուտբոլ՝ 2004
Խառնամարտ՝ 2006–2011
ԱմուսինՌենա «Սեյբլ» Լեզնար (2006-այժմ)
Երեխաներ4

Ծնվել է Ուեբստեր բնակավայրում (Հարավային Դակոտա նահանգ)։ Բիսմարկի նահանգային քոլեջում, իսկ այնուհետև Մինեսոտայի համալսարանում հաջող օլիմպիական ըմբշամարտի կարիերա անցկացնելուց հետ, 2000 թվականին պայմանագիր է կնքել «WWE»-ի (նախկինում՝ «World Wrestling Federation», «WWF») հետ։ Սկզբնապես հանդես գալով «Ohio Valley Wrestling» (OVW) կրտսեր առաջնությունում, երեք անգամ դարձել է OVW հարավային թիմային չեմպիոն (համալսարանային թիմակից Շելթոն Բենջամինի հետ)։ «WWE»-ի հիմնական կազմում 2002 թվականին հայտնվելուց հետո երեք տարբեր առիթներով կարողացել է նվաճել WWE չեմպիոնական տիտղոսը՝ առավելության հասնելով Քուրտ Էնգլի և երկու անգամ՝ Ռոքի նկատմամբ։ Առաջին WWE չեմպիոնական տիտղոսը կարողացել է նվաճել հիմնական կազմում կատարած դեբյուտից ընդամենը հինգ ամիս անց՝ 25 տարեկան հասակում, դառնալով տվյալ գոտու ամենաերիտասարդ կրողը։ Նվաճած գոտիներից զատ, կարողացել է հաղթանակ տանել նաև «Ռինգա արքա» (2002) և «Թագավորական մարտ» (2003) մրցույթներում։ «Ռեսլմանիա XX»-ի շրջանակներում Գոլդբերգի հետ ունեցած մենամարտից հետո Լեզնարը որոշում է կայացնում հեռանալ «WWE»-ից և հանդես գալ Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Մինեսոտա Վայկինգս» ամերիկյան ֆուտբոլի ակումբում։ Մասնակցելով թիմի նախամրցաշրջանային մարզումներին, 2004-05 մրցաշրջանին ընդառաջ Լեզնարը վերջ է դնում ամերիկյան ֆուտբոլի կարիերային և կրկին վերադառնում ռեստլինգի մրցասպարեզ՝ այս անգամ պայմանագիր կնքելով ճապոնական «New Japan Pro Wrestling» (NJPW) կազմակերպության հետ՝ անցկացրած առաջին իսկ մենամարտում նվաճելով IWGP ծանրքաշային տիտղոսը։ «NJPW»-ի հետ պայմանագրային որոշ խնդիրներից հետո, կարճատև ելույթներ է ունեցել նաև նույն երկրում տեղակայված «Inoki Genome Federation» (IGF) կազմակերպությունում[1]։

2006 թվականին Լեզնարը որոշում է ուժերը փորձել ընդհանուր մենամարտեր (MMA) մարզաձևում՝ պայմանագիր կնքելով «Hero's» մարտական կազմակերպության հետ։ Դեբյուտային մենամարտում (հունիս, 2007 թվական) մրցակցի հանդեպ առավելության հասնելուց[6] մի քանի ամիս հետո Լեզնարին հաջողվում է պայմանագիր կնքել ոլորտի առաջատար «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության հետ։ UFC-ի առաջնաելությում պարտություն կրելով Ֆրենք Միրի կողմից, Լեզնարին հաջողվում է հաղթանակի հասնել միայն հաջորդ մարտում՝ առավելության հասնելով Հիթ Հերինգի հանդեպ։ 2008 թվականի նոյեմբերին Լեզնարը պարտության է մատնում անհամեմատ ավելի փորձառու Ռենդի Կուտուրին և նվաճում UFC ծանրքաշային չեմպիոնական գոտին։ Միրի հետ ունեցած հաջող ռևանշային մարտից հետո Լեզնարի մոտ ծոցակաբորբ (դիվերտիկուլիտ) է հայտնաբերվում։ Ապաքինվելուց հետո «UFC 116» մրցույթում Լեզնարը պարտության է մատնում հավակնորդ Շեյն Կարվինին։ Այնումենայնիվ, Լեզնարը կորցնում է տիտղոսը «UFC 121»-ում Քեյն Վելասկեզին պարտվելուց հետո։ 2011 թվականին Լեզնարի մոտ կրկին ծոցակաբորբի ախտանիշներ են հայտնաբերվում։ Հաջող վիրահատումից[7] և ապաքինվելուց հետո Լեզնարը «UFC 141»-ում Ալիստար Օվերիմի հետ մարտը տանուլ տալուց հետո որոշում է կայացնում հեռանալ ընդհանուր մենամարտեր սպորտաձևից[8]։

UFC-ում հանդես եկած տարիներին համարվել է կազմակերպության պատմության ամենաեկամտաբեր մարտիկներից մեկը, ում մասնակցությամբ փեյ-փեր-վյու իրադարձությունները հաճախելիության և տնային վարձույթի ռեկորդային ցուցանիշներ էին գրանցում[9]։ 2010 թվականին Լեզնարը համարվել է UFC-ի ամենաբարձր վարձատրվող մենամարտիկը, ինչպես նաև ընդգրկվել «ESPN»-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում (ընդհանուր՝ 30 սպորտաձևում)։

2012 թվականի ապրիլին, ութ տարվա բացակայությունից հետո, Լեզնարը վերադառնում է «WWE»։ 2014 թվականին՝ «Ռելսմանիա XXX»-ի շրջանակներում Լեզնարը պարտության է մատնում Անդերթեյքերին և վերջ դնում Ռեսլմանիաներում վերջինիս 21 անընդմեջ հաղթանակների շարանին։ Նույն տարվա «Սամրսլեմում» պարտության է մատնում Ջոն Սինային և չորրորդ անգամ տիրում WWE աշխարհի ծանրքաշային տիտղոսին։

Ռեստլինգի գրեթե ողջ կարիերայի ընթացքում Լեզնարի հեռուստատեսային կերպարը թիմակցել է մենեջեր/ ուղեկցորդ Փոլ Հեյմանի հետ։ Թե՛ ռեստլինգում, և թե՛ խառը մենամարտերում Լեզնարը բազմաթիվ առիթներով ելույթ է ունեցել փեյ-փեր-վյու շոուների գլխավոր իրադաձրություններում (այդ թվում՝ «Ռեսլմանիա XIX», «Ռեսլմանիա 31», «UFC 116»)։

Վաղ կյանքը խմբագրել

Լեզնարը ծնվել և մեծացել է ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի Ուեբստեր բնակավայրում[10]՝ ֆերմերներ Ռիչարդ և Ստեֆանի Լեզնարների ընտանիքում։ Ունի երկու ավագ եղբայր՝ Թրոյ և Չադ անուններով, և մեկ կրտսեր քույր՝ Բրենդի անվամբ։ Լեզնարների ընտանիքն ունի գերմանական և լեհական ծագում[11]։ «Էդվարդ» միջնանունն ստացել է ի պատիվ հայրական պապի[12]։ Մեծացել է կաթնային ֆերմայում։ 17 տարեկանում Լեզնարը որոշում է միանալ ԱՄՆ ազգային գվարդիական ուժերին։ Կարմիր և կանաչ գույների հանդեպ ունեցած դալթոնիզմի պատճառով Լեզնարին արգելվեց պայթուցիկ նյութերի հետ աշխատել, ինչի պատճառով էլ գվարդիական ուժերում նա նշանակվեց գրասենյակային աշխատանքի.[10][13]։ Համակարգչային մուտքագրման թեստը ձախողելուց հետո Լեզնարն աշխատանքի անցավ շինարարական կազմակերպությունում[10]։

Հաճախել է Ուեբստերի ավագ դպրոց, որտեղ հանդես է եկել ամերիկյան ֆուտբոլի և օլիմպիական ըմբշամարտի դպրոցական հավաքականներում։ Դպրոցական տարիներին երկու անգամ ճանաչվել է սիրողական ըմբշամարտի նահանգային չեմպիոն՝ ավարտական տարում գրանցելով անպարտելի ելույթների 33–0–0 ցուցանիշ[14]։ Դպրոցն ավարտելուց հետո հաճախել է Բիսմարկի նահանգային քոլեջը, որտեղ անցկացրած երկրորդ տարում ճանաչվել է Կրտսեր քոլեջների համազգային սպորտային ասոցիացիայի (NJCAA) վարկածով ըմշամարտի ծանրքաշային չեմպիոն[15]։ Քոլեջում ուսանելու երրորդ տարվանից Լեզնարն ըմշամարտի սպորտային կրթաթոշակի ծրագրով փոխադրվում է Մինեսոտայի համալսարան։ Համալսարանային տարիներին ծանոթացել է «WWE»-ի ապագա աշխատակից Շելթոն Բենջամինի հետ, ով նաև Լեզնարի օգնական մարզիչն էր[10][16]։

Համալսարանի ավարտական տարում (2000 թվական) Լեզնարը ճանաչվում է Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի (NCAA) ըմբշամարտի I դիվիզիայի ծանրքաշային չեմպիոն։

Ամփոփելով սիրողական կարիերան, Լեզնարն երկուական անգամ ընդգրկվեց «NJCAA All-American» և «NCAA All-American» խորհրդանշական հավաքականներում, 1998 թվականին ճանաչվեց NJCAA վարկածով ծանրքաշային չեմպիոն, երկու անգամ ճանաչվեց «Big Ten» կոնֆերենցիայի ծանրքաշային չեմպիոն, ինչպես նաև 2000 թվականին նվաճեց NCAA վարկածով ծանրքաշային չեմպիոն՝ համալսարանային չորս տարիների համար գրանցելով հաղթանակների ու պարտությունների 106-5 հարաբերակցություն[17]։

Կարիերան պրոֆեսիոնալ ըմբշամարտում խմբագրել

World Wrestling Federation/Entertainment խմբագրել

Մարզումներ և առաջնաելույթ (2000–2002) խմբագրել

2000 թվականին Լեզնարը մարզական պայմանագիր կնքեց «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) կազմակերպության հետ և ուղարկվեց «Ohio Valley Wrestling» (OVW) կրտսեր առաջնություն։ Այստեղ Լեզնարը ծանոթացավ իր ապագա ընկերոջ և մենեջերի՝ պրոմոտեր Փոլ Հեյմանի հետ։ Շուտով իր համալսարանային թիմակից Շելթոն Բենջամինի հետ թիմ հիմնեց, որը ստացավ «Minnesota Stretching Crew» անվանումը։ Միասին, Լեզնարն ու Բենջամինը երեք անգամ նվաճեցին OVW հարավային թիմային տիտղոսը։ 2001 և 2002 թվականներին մի քանի չցուցադրված մենամարտերում հանդես գալուց հետո, Լեզնարն ի վերջո դուրս եկավ «WWF»-ի հիմնական կազմ[1]։

«WWF»-ում Լեզնարի հեռուստատեսային դեբյուտը տեղի ունեցավ «Raw» շաբաթական հաղորդաշարի 2002 թվականի մարտի 18-ի թողարկման ժամանակ, երբ նա ռինգային մենեջեր Փոլ Հեյմանի ուղեկցմամբ ներխուժեց Ալ Սնոուի, Մեյվենի և Սպայկ Դադլիի միջև անցկացվող մենամարտի մեջ և հարձակվեց բոլորի վրա՝ այդ կերպ ներկայացվելով որպես բացասական կերպար (հիլ)։ Կարճ ժամանակ անց, երբ «WWF»-ը որդեգրեց ապրանքանիշային տարբերակման քաղաքականությունը, Լեզնարը դրաֆթի արդյունքում հայտնվեց «Raw» ապրանքանիշում։ Հետագայում հաստատվեց, որ Փոլ Հեյմանը կստանձնի նրա ռինգային մենեջերի դերը։ Լեզնարի առաջին հակամարտությունն սկսվեց Հարդի եղբայրների հետ. ապրիլի 21-ին, «Backlash» իրադարձության ժամանակ Լեզնարը ծանր նոկաուտի ենթարկեց Ջեֆ Հարդիին։ Հաջորդ օրը, «Raw»-ի թողարկման ժամանակ, նույն բախտին արժանացավ Ջեֆի կրտսեր եղբայր Մեթ Հարդին։ Մայիսի 4-ին, «Insurrextion» շոուի ժամանակ, Լեզնարն ու Սթեն Ստասիակը տանուլ տվեցին Հարդիների դեմ ունեցած թիմային մարտն այն բանից հետո, երբ եղբայրներից մեկը պարտության մատնեց Ստասիակին։ Մարտից հետո գազազած Լեզնարը հարձակվեց բոլոր մասնակիցների վրա։ Մայիսի 19-ին, «Judgment Day» իրադարձության ժամանակ, Լեզնարն ու Հեյմանը պարտության մատնեցին Հարդի եղբայրներին։

WWE չեմպիոն (2002–2003) խմբագրել

2002 թվականի հունիսին՝ «King of the Ring» մրցույթի ժամանակ, Լեզնարն առաջին ռաունդում առավելության հասավ Բաբա Ռեյ Դադլիի, քառորդ եզրափակչում՝ Բուքեր Թիի, կիսաեզրափակչում՝ Թեստի և եզրափակչում՝ Ռոբ Վան Դամի նկատմամբ, այդ կերպ հնարավորություն ստանալով «Սամրսլեմ» իրադարձության շրջանակներում պայքարել WWE չեմպիոնական տիտղոսի համար։ «Vengeance» շոուի ժամանակ Լեզնարը որակազրկմամբ պարտվեց Ռոբ Վան Դամին՝ WWE միջմայրցամաքային տիտղոսի համար մղվող մենամարտում։ Հուլիսի 22-ից Լեզնարն սկսեց հանդես գալ «SmackDown!» ապրանքանիշի ներքո։ 2002-ի օգոստոսին Հոլիվուդ Հալկ Հոգանի հետ կարճատև հակամարտությունից հետո, Սամրսլեմի շրջանակներում Լեզնարը պարտության մատնեց գործող անվիճարկելի WWE չեմպիոն Ռոքին և 25 տարեկանում դարձավ կազմակերպության պատմության ամենաերիտասարդ WWE չեմպիոնը։ Այդ ժամանակահատվածում WWE անվիճարկելի տիտղոսը պաշտպանվում էր երկու ապրանքանիշում, ուստի «Raw»-ի գլխավոր մենեջեր Էրիկ Բիշոֆն անկնալում էր, որ Լեզնարը հաջորդ օրը վերադարձ կկատարի իր ապրանքանիշ։ Այնուամենայնիվ, «SmackDown!»-ի գլխավոր մենեջեր Ստեֆանի Մաքմահոնը հայտարարեց, որ Լեզնարը տվյալ տիտղոսը կպաշտպանի միմիայն «SmackDown!»-ի շոուներում, ինչի պատճառով Բիշոֆը ստիպված եղավ նոր չեմպիոնական տիտղոս ստեղծել (Աշխարհի ծանրքաշային տիտղոսը)[18]։

2002 թվականի Լեզնարի արագընթաց հաջողությունը հանգեցրեց նրա և Անդերթեյքերի հակամարտությանը, վերջիներիս մարտը տեղի ունեցավ սեպտեմբերի 22-ին՝ «Unforgiven» շուի շրջանակներում։ Մարտն ավարտվեց կրկնակի որակազրկմամբ, իսկ տիտղոսը մնաց Լեզնարին։ Մարզիկները կրկին ընդհարվեցին «No Mercy» շոուի ժամանակ, այս անգամ՝ «Hell in a Cell» ձևաչափի առանց որակազրկումների վանդակային մարտում։ Լեզնարը պրոպանի բալոնով կոտրեց Անդերթեյքերի ձեռքը[19]։ Այս անգամ ևս մենամարտն ավարտվեց Լեզնարի հաղթանակով։ Հոկտեմբերի 26-ին, «Rebellion» փեյ-փեր-վյուի ժամանակ, Լեզնարը (Հեյմանի ուղեկցությամբ) կրկին հաջող կերպով պաշտպանեց իր տիտղոսը Էդջի հետ մրցամարտում[20]։

Լեզնարի հաջորդ մրցակիցը Բիգ Շոուն էր։ Հեյմանն ամենից շատ համոզված էր, որ Լեզնարին չի հաջողվի հաղթանակ տանել, ուստի ամեն կերպ փորձում էր նրան ետ պահել տիտղոսը պաշտպանելուց։ Նոյեմբերի 17-ին՝ «Survivor Series» փեյ փեր վյուի ժամանակ Լեզնարը կիրառից իր Ֆ-5 ֆինիշերային հնարքը Շոուի վրա, սակայն Հեյմանը մրցավարին ռինգից դուրս քաշեց, ինչից հետո Շոուն Լեզնարիի վրա չոկսլեմ կիրառից՝ վերջինիս գցելով փակված մետաղյա աթոռի վրա:

 
Լեզնարի ձախողած հնարքը, ինչի պատճառով վերջինս գլխի և պարանոցի հատվածում ծանր վնասվածք ստացավ

Լեզնարն իր «WWE»-ի կարիերայում կրեց առաջին փինֆոլային պարտությունը՝ կազմակերպության գլխավոր տիտղոսը զիջելով Բիգ Շոուին։ Մրցամարտից հետո Լեզնարի կերպարը վերածվեծ դրականի (բեյբիֆեյս)։ «Survivor Series»-ից հետո Հեյմանը նշեց, որ Լեզնարը ռևանշի հնարավորություն չի ստանա՝ հիմնավորելով, որ այդպիսի կետ կա նրա պայմանագրում։ Բիգ Շուից և Փոլ Հեյմանից վրեժխնդիր լինելու համար, մեկ ամիս անց Լեզնարը ներխուժեց ռինգ այն ժամանակ, երբ «Armageddon»-ի շրջանականերում Շոուն առաջին անգամ պաշտպանում էր իր չեմպիոնական գոտին Քուրտ Էնգլի դեմ (դեկտեմբերի 15)։ Լեզնարը Ֆ-5 հնարքը կիրառց Շոուի վրա, ինչը հնարավորություն տվեց Էնգլին ծածկել նրան և տիրել WWE չեմպիոնական գոտուն։ Այնուամենայնիվ, «SmackDown!»-ի հաջորդ թողարկման ժամանակ, Էնգլը Փոլ Հեյմանին ներկայացրեց որպես իր նոր մենեջերի, և չնայած շոուի սկզբում խոստացավ տիտղոսային մենամարտ բաշխել Լեզնարին, ի վերջո իր խոստումը դրժեց։ Լեզնարի հակամարտությունը Հեյմանի և Բիգ Շոուի հետ շարունակվեց՝ հանգուցալուծվելով 2003հունվարի 29-ին՝ «Royal Rumble»-ի ժամանակ։ Մենամարտի հաղթողը պետք է ավելի ուշ մասնակցեր 30-հոգանոց թագավորական մարտին։ Լեզնարը պարտության է մատնում Շոուին և նախավերջին՝ 29-րդ համարի ներքո մուտք գործում թագավորական մարտ։ Նրան հաջողվում է ռինգից դուրս մղել Մեթ Հարդիին, և «Աշխարհի մեծագույն թիմի» անդամներ Չարլի Հաասին և OVW-ի նախկին թիմակից Շելթոն Բենջամինին։ Վերջում Լեզնարը դուրս է մղում Անդերթեյքերին և հաղթանակ տանում թագավորական մարտում՝ մնալով միակ մարզիկը ռինգում, ինչը նրան տիտղոսային մենամարտ երաշխավորեց «Ռեսլմանիա XIX»-ում։ «Royal Rumble»-ից հետո, «No Way Out» շոուի ժամանակ (փետրվարի 23) Լեզնարի և Քրիս Բենուայի թիմն առավելության հասավ Հաասի, Բենջամինի և Էնգլի թիմի հանդեպ։

«Ռեսլմանիա XIX»-ի ժամանակ (մարտի 30), Լեզնարը կոպիտ սխալ թույլ տվեց «շութինգ սթար պրես» կոչվող ակրոբատիկ հնարքը կատարելիս, ինչի պատճառով գլխի և պարանոցի հատվածում ծանր վնասվածք ստացավ։ Պարալիզացված վիճակում Լեզնարը և Էնգլը իմպրովիզացիայով ավարտեցին մենամարտը՝ Լեզնարի հաղթանակով։ Լեզնարը երկրորդ անգամ տիրեց WWE չեմպիոնական տիտղոսին։ Սխալ իրականացված հնարքի պատճառով Լեզնարի մոտ գլխուղեղի ցնցում էր արձանագրվել։

«Ռեսլմանիա XIX»-ից հետո Լեզնարն ուշադրությունը կենտրոնացրեց Ջոն Սինայի վրա, ով 2003 թվականի փետրվարին, Լեզնարի՝ ռինգաձողի վրա կատարած Ֆ-5-ի պատճառով գրեթե ճակատագրական վնասվածք էր ստացել և նոր էր վերադարձել ակտիվ կազմ։ Հակամարտությունն ավարտվեց «Backlash» իրադարձության ժամանակ։

Պրոֆեսիոնալ մարտացանկը ընդհանուր մենամարտեր (MMA) սպորտաձևում խմբագրել

Արդյունք Ցուցանիշ Հակառակորդ Տեսակ Իրադարձություն Ամսաթիվ Ռաունդ Տևողություն Վայր Նշումներ
ՉՄ
(հետ է շրջվել որոշումը)
5-3 Մարկ Հանթ Որոշում UFC 200 Հուլիսի 9, 2016 3 5:00   Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Սկզբնապես հայտարարվել է Լեզնարի հաղթանակը, սակայն հետագայում որոշումը հետ է շրջվել՝ Լեզնարի կողմից քլոմիֆինի դոպինգ թեսթը դրական հանձնելու համար
Պարտություն 5–3 Ալիստար Օվերիմ Տեխնիկական նոկաուտ (ոտքով հարված մարմնին և բռնցքային հարվածներ դեմքին) UFC 141 Դեկտեմբերի 30, 2011 1 2։ 26   Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Մարտից հետո հայտարարում է ընդհանուր մենամարտերից հեռանալու որոշման մասին
Պարտություն 5–2 Քեյն Վելասկեզ Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 121 Հոկտեմբերի 23, 2010 1 4։ 12   Անահայմ, Կալիֆորնիա, ԱՄՆ Կորցնում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 5–1 Շեյն Կարվին Հանձնվեցում (խեղդող հնարք) UFC 116 Հուլիսի 3, 2012 2 2։ 19   Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Պաշտպանում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 4–1 Ֆրենկ Միր Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 100 Հուլիսի 11, 2009 2 1։ 48   Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Պաշտպանում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 3–1 Ռենդի Կուտուր Տեխնիկական նոկաուտ (բռունցքներով) UFC 91 Նոյեմբերի 15, 2008 2 3։ 07   Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ Նվաճում է UFC ծանրքաշային տիտղոսը
Հաղթանակ 2–1 Հիթ Հերինգ Որոշում UFC 87 Օգոստոսի 9, 2008 3 5։ 00   Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Պարտություն 1–1 Ֆրենկ Միր Հանձնվեցում (ծնկով) UFC 81 Հունվարի 2, 2008 1 1։ 30   Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
Հաղթանակ 1–0 Մին Սու Կիմ հանձնվեցում (բռունցքներով) Dynamite!! USA Հունիսի 2, 2007 1 1։ 09   Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ

Ռեստլինգում խմբագրել

Ավարտող հնարքներ խմբագրել

  • Կիմուրա լոկ (2012-այժմ)
  • Ֆ-5 (2002-այժմ)
  • Բրոք լոկ (2003-2004)

Այցեքարտային հնարքներ խմբագրել

  • Սպայնբաստեր
  • Շութինգ սթար պրես
  • Սկուպ փաուրեսլեմ
  • Փաուերբոմբ
  • Գերմանական սուպլեքս
  • Կրկնակի/եռակի փաուերբոմբ
  • Ֆիշերմանի սուպլեքս
  • Կողային բեքբրեյքեր
  • Գլխավերևի իրանային սուպլեքս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Բրոք Լեզնարի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2007 թ․ ապրիլի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Բրոք Լեզնարի կենսագրությունը». «WWE». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Բրոք Լեզնար». Cagematch.net. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  4. 4,0 4,1 «Բրոք Լեզնարի կենսագրությունը». IMDB.com. Վերցված է 2009 թ․ Մարտի 23-ին.
  5. «UFC-ն պայմանագիր է կնքում նախկին WWE աստղ Բրոք Լեզնարի հետ». 411mania.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ Հոկտեմբերի 20-ին.
  6. «Բրոք Լեզնարն ընդդեմ Մին Սու Կիմի». UGO.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 22-ին.
  7. «Նախկին UFC ծանրքաշային չեմպիոն Բրոք Լեզնարը վիրահատվեկ է». MMAWeekly.com. 2011 թ․ մայիսի 28.
  8. «Բռոկ Լեզնարը որոշում է թոշակի անցնել «UFC 141»-ում տարած պարտությունից հետո». ESPN | Ընդհանուր մենամարտեր. 2011 թ․ դեկտեմբերի 31.
  9. «UFC-ի բոլոր ժամանակների ամենավաճառված ՓՓՎ-ները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Death Clutch: My Story of Determination, Domination, and Survival by Brock Lesnar (ISBN 978-0062023117)
  11. «ԱՄՆ մարդահամարի բյուրո»
  12. Բրոք Լեզնարի կենսագրություն(անգլ.)
  13. Շմալց, Ջիմ (2004). «Հարցազրույց Բրոք Լեզնարի հետ». Flex. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  14. "Athlete Look Back: HS coach says Brock Lesnar used to be a frail 98-pound wrestler", by Jason Jordan, USA Today
  15. «Բրոք Լեզնարի էջը». «SLAM! Sports». «Canadian Online Explorer». Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  16. «Ամեն ինչ Բենջամինի մասին». The Sun Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 13-ին.
  17. «Բրոք Լեզնարի էջը». «Կարմաս ռեստլինգ ռետրո». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  18. Michael McAvennie (2003). «WWE The Yearbook: 2003 Edition». Pocket Books. էջեր 220–222.
  19. Michael McAvennie (2003). «WWE The Yearbook: 2003 Edition». Pocket Books. էջ 281.
  20. «Pro Wrestling Illustrated presents: 2007 Wrestling almanac & book of facts». "Wrestling's historical cards". Kappa Publishing. 2007. էջեր 111–112.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրոք Լեզնար» հոդվածին։