Բույսերի ֆիզիոլոգիան և կենսաքիմիան Հայաստանում

Բույսերի ֆիզիոլոգիան և կենսաքիմիան։ Բույսերի ֆիզիոլոգիայի զարգացմանը Հայրենական Մեծ պատերազմի (1941-1945 թվականներին) տարիներին հանրապետությունում զգալիորեն նպաստել է Ս. Չայլախյանի գործունեությունը։ Հետազոտություններ են կատարվել ԵՊՀ-ում, գյուղատնտեսական, բուսաբանության, հետագայում նաև խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության, երկրագործության ԳՀՀ-ներում։ Աոռաջին խոշոր աշխատությունը նվիրված է միամյա բույսերի ծերացման ֆիզիոլոգիական բնույթի պարզաբանմանը։ Նոր պատկերացումների հետագա զարգացման հիման վրա Վ. Ղազարյանը մշակել է բարձրակարգ բույսերի ծերացման ընդհանուր տեսություն, բացահայտել, որ ծառերից դեպի խոտերը էվոլյուցիան ընթացել է արմատատերևային տարածության կրճատման և կենսընթացների ակտիվացման ուղղությամբ։ Էկոֆիգիոլոգիական բնույթի աշխատություններում պարզաբանվել են հանրապետության տարբեր անտառաբուսական շրջաններում վայրի պտղատու, ինչպես նաև ինտրոդուկցված ծառատեսակների կենսընթացների ակտիվությունը և հարմարվողականությունը (Վ. Ղագարյան)։ Բուսաբանության ինստիտուտում մշակվել են «Հայաստանի անտառապատման և կանաչապատման գիտական հիմունքները» (1974 թվական)։ Ուշագրավ հետազոտություններ են ծավալվել նաև երկրաբուսաբանության և էկոլոգիայի ոլորտներում։ Հ. Մաղաքյանը, Շ. Աղաբաբյանը, Ե. Ղագարյանն ուսումնասիրել են հանրապետության գլխավոր մարգագետնարոտավայրային զանգվածների բուսականությունը, Գ. Յարոշենկոն, Լ. Մախատաձեն՝ հաճարենու և կաղնու անտառները, Ա. Թախտաջյանը՝ չորասեր բուսականությունը և բուսականության հիմնական տիպերը, Ա. Բարսեղյանը՝ ջրաճահճային, Ա. Ֆեոդորովը, Ս. Նարինյանը, Վ. Ոսկանյանը, Ս. Բալոյանը, Ա. Զիրոյանը՝ ալպիական, Գ. Ֆայվուշը՝ տափաստանային բուսականությունը։ Կազմվել են Հայաստանի բուսական ծածկոցի, կերային հանդակների և անտառային բուսականության քարտեզները։ Վերջին տարիներին կարևոր աշխատանքներ են կատարվում հազվագյուտ բուսական համակեցությունների ուսումնասիրության, ինչպես նաև էկոհամակարգերի վրա կլիմայի գլոբալ փոփոխության ներգործման ու ինվազիվ բույսերի տեսակների տարածման ուղղությամբ (Գ. Ֆայվուշ)։ Հայաստանը հարուստ է նաև երկրաբանական տարբեր դարաշրջանների բուսատեսակներով, որոնք ներկայացված են բույսերի տարբեր օրգանների դրոշմներով, մնացորդներով կամ քարացուկներով։ Դրանց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս վերականգնելու ՀՀ տարածքի հնագույն ֆլորայի պատկերը։ Հնէաբանության բնագավառում առաջին աշխատանքները կատարել են Ի. Պալիբինը, Ա. Կրիշտոֆովիչը, Ա. Թախտաջյանը, հետագայում՝ Մ. Հարությունյանը, Ն. Գոխթունին, Լ. Մանուկյանը, Հ. Գաբրիելյանը։ Հայտնաբերվել են 350-ից ավելի բրածո բուսատեսակներ, նկարագրված են գիտության համար նոր՝ մոտ 30 բրածո տեսակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։