Բորիս Պաշ

ամերիկացի բանակի սպա

Բորիս Թեոդոր Պեշ (անգլ.՝ Boris Theodore Pash, նաև Բորիս Ֆյոդորովիչ Պաշկովսկի, հունիսի 20, 1900(1900-06-20), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մայիսի 11, 1995(1995-05-11), Greenbrae, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ռուսական ծագմամբ ամերիկացի ռազմական հակահետախուզության սպա։ Առանցքային դեր է խաղացել Մանհեթենյան նախագծի, «Սկրեպկա» և «Ալսոս» օպերացիաների իրականացման և վերահսկողության գործում[1][2]։

Բորիս Պաշ
հունիսի 20, 1900(1900-06-20) - մայիսի 11, 1995(1995-05-11) (94 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահվան վայրGreenbrae, Մարին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ բանակ
Կոչումգնդապետ
Հրամանատարն էրAlsos Mission?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և Springfield College?
Պարգևներ
Մեդալ նշանակալի ավանդի համար և Պատվո լեգիոնի շքանշանակիր

Կենսագրություն խմբագրել

Բորիս Թեոդոր Պեշը ծնվել է 1900 թվականի հունիսի 20-ին, Սան Ֆրանցիսկոյում։ Նրա հայրը` Ֆյոդոր Պաշկովսկին, եղել է ռուս ուղղափառ քահանա (1934-1950 թվականներին Ամերիկայի և Կանադայի միտրոպոլիտ Թեոֆիլուս), որը 1894 թվականին Եկեղեցու կողմից ուղարկվել էր Կալիֆոռնիա[3]։ Մայրը՝ Էլլա Դաբովիչը, Չեռնոգորիայից էր, ծնվել էր Կալիֆոռնիայում, այդ պատճառով էլ Բորիսը մանկուց տիրապետում էր անգլերենին և սերբախորվաթերենին՝ հետագայում նաև գերմաներենին ու ֆրանսերենին։

Երիտասարդությունը Ռուսաստանում խմբագրել

1913 թվականին ընտանիքը վերադարձել է Ռուսաստան։ Բորիսը սովորել է Մոսկվայի 12-րդ գիմնազիայում։ Առաջին աշխարհամարտի տարիներին նրա հայրը 52-րդ հետևակային դիվիզիայում ծառայել է որպես ռազմական քահանա։ 1916 թվականի օգոստոսից մինչև 1917 թվականի մայիսը Բորիսը ծառայել է 52-րդ հրետանային բրիգադայում և մասնակցել մարտերին։ 1918 թվականի գարնանը նա աշխատել է YMCA-ում և սովորել Սիմֆերոպոլի գիմնազիայում։ 1920 թվականի ձմռանը նա ծառայության է անցել Սպիտակ բանակի ռազմածովային ստորաբաժանումներում, «Գեներալ Կորնիլով» հածանավի հրամանատարությունում որպես թարգմանիչ բրիտանացիների հետ բանակցություններում։ Նա պարգևատրվել է Գեորգիևյան խաչի 4-րդ աստիճանի շքանշանով։

Արտագաղթ ԱՄՆ խմբագրել

1920 թվականին Բորիսն ամուսնացել է Լիդիա Իվանովայի հետ, և երբ պարզվեց, որ երկրում իշխանությունը վերջապես անցել է բոլշևիկների ձեռքը, նա որոշեց տարհանվել Վրանգելի հետ։ 1921 թվականին նա համագործակցում էր Բեռլինի Երիտասարդների քրիստոնեական ասոցիացիայի հետ, որտեղ հունիսի 14-ին ծնվել է նրա որդին՝ Էդգար Կոնստանտին Բորիս Պաշկովսկին (հայտնի է նաև որպես Էդգար Կ. Բ. Պեշ)։

Ընտանիքի հետ Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո Պաշկովսկին ընդունվել է Սփրինգֆիլդի քոլեջ (Մասաչուսեթս նահանգ), որտեղ ստացել է ֆիզկուլտուրայի բակալավրի աստիճան։ 1924 թվականի սեպտեմբերին նա ազգանունը կրճատել է «Պաշկովսկի»-ից «Պեշ»։ Շարունակելով ուսումը՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Պեշը ֆիզկուլտուրա է դասավանդել և բեյսբոլիստների մարզել Լոս Անջելեսում` Հոլիվուդի բարձրագույն դպրոցում դառնալով մարզական բաժնի ղեկավար։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Դեռևս 1930 թվականին Բորիսը մտել է ԱՄՆ բանակի պահեստազոր, երդվել և ստացել 2-րդ կարգի լեյտենանտի կոչում։ 1940 թվականի մայիսին ամսական զորակոչն ավարտելուց հետո նա մեկ տարի ժամկետով զորակոչվել է զինված ուժեր։ 1941 թվականի մարտին ծառայության ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով։ Դեկտեմբերին Միացյալ Նահանգները մտել են համաշխարհային հակամարտության մեջ, իսկ Պեշը 9-րդ կորպուսից տեղափոխվել է Արևմտյան ռազմական շրջանի շտաբ և 4-րդ բանակ, որտեղ կապիտան Պեշը դարձել է հետախուզության շտաբի պետի ութ օգնականներից մեկը։ Պերլ Հարբորի գրոհից հետո Պեշը մասնակցել է ծնունդով ամերիկացի ճապոնացիների ներկալման թեմայով խորհրդակցություններին։ 1942 թվականի սեպտեմբերին Պեշը ստանձնել է ռազմական շրջանի հակահետախուզության պետի պաշտոնը։ 1943 թվականի գարնանը ՀԴԲ-ի հետ միասին Պեշը պայքարել է կոմունիստների Սան Ֆրանցիսկո և Բերկլի ներթափանցման դեմ։ 1943 թվականի հուլիսին նա դիտարկել է ամերիկյան արձակի դասական Ջոն Ստեյնբեկի գործը, Բորիսը չէր վստահում հայտնի գրողին և կարծում էր, որ նրա զինվորական ծառայության դիմումը չպետք է բավարարվի։

1943 թվականի գարնանը նա զբաղվել է Լոս Ալամոսում Մանհեթենյան նախագծի անվտանգության հարցերով։ 1943 թվականի օգոստոսին Պեշն անձամբ հարցաքննել է Մանհեթենյան նախագծի ղեկավար Օպենհեյմերին՝ ԱՄՆ կոմունիստական կուսակցության գաղտնի անդամ լինելու կասկածանքով։ Պեշը հնարավոր է համարել, որ Օպենհեյմերը լրտես է եղել և տեղեկատվություն է փոխանցել Խորհրդային Միությանը։ Իր հերթին, Օպպենհեյմերը, որին միանշանակ առաջարկներ էին արել Մոսկվայի հետ համագործակցելու համար, «կերակրել» է Պեշին մի ամբողջ տեսություն այն մասին, որ լաբորատորիայում կարող է գոյություն ունենալ հետախուզական ցանց։ Նման կասկածների հիման վրա նա ուսումնասիրել է գիտնականների կապը Կոմունիստական կուսակցության հետ Բերկլիի Էռնեստ Լոուրենսի լաբորատորիայում։ Բորիսի գործընկերները հիշում են նրան որպես իր գործի մոլեռանդ սիրահար, ով անկեղծորեն ատում էր կոմունիստներին։

«Ալսոս» առաքելություն խմբագրել

1943 թվականի վերջին Պեշը նշանակվել է «Ալսոս» առաքելության ղեկավար։ Այդ օպերացիայի նպատակն է եղել պարզել, թե որքանով են առաջ անցել Առանցքի տերությունները միջուկային զենքի մշակման գործում, ինչպես նաև չեզոքացնել միջուկային հումքը և տիրանալ այն գիտնականներին, ովքեր աշխատում էին Նացիստական Գերմանիայի միջուկային ծրագրի վրա։ «Ալսոս I» առաքելության շրջանակներում Պեշը մասնագետների մի փոքր խմբի հետ մեկնել է Իտալիա` գերմանական միջուկային ծրագրի վերաբերյալ նախնական տվյալներ հավաքելու նպատակով։ «Ալսոս»-ի երկրորդ ավելի լայնամասշտաբ առաքելությունն իրականացվել է Ֆրանսիայում, Բելգիայում և Գերմանիայում։ «Ատոմային հատուկ նշանակության ջոկատները» բացահայտել են տասնյակ տոննա ուրանի հանքաքար, ինչպես նաև տիրապետել են ամենաթանկարժեք տվյալների գերմանացի մասնագետների վերաբերյալ, այդ թվում՝ Օտտո Հանի, Մաքս ֆոն Լաուեի և Վերներ Հեյզենբերգի։

Պատերազմից հետո խմբագրել

1946 թվականի կեսերին Պեշին ուղարկել են Տոկիո, որտեղ նա ծառայել է գլխավոր շտաբում` գեներալ Դուգլաս Մակարթուրի հրամանատարությամբ, որպես Արտաքին կապերի բաժնի ղեկավար։ Պեշը մասնակցել է ընդունելությանը, այդ թվում՝ խորհրդային պատվիրակությունների։ Մակարթուրի աջակցությամբ և Բորիս Պեշի ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել կանխել ճապոնական Ուղղափառ եկեղեցու փոխանցումը Մոսկվայի պատրիարքարանի ենթակայության ներքո։ Դրա փոխարեն Պեշի հայրը` գործնականում անկախ Ամերիկյան թեմի ղեկավար միտրոպոլիտ Թեոֆիլը (Պաշկովսկի), եպիսկոպոս Բենիամինին (Բասալիգա) ուղարկել է Ճապոնիա, իսկ Բորիսը համոզել է ճապոնացի հավատացյալներին, որ նրանց համար ավելի հարմար կլինի Միացյալ Նահանգների ենթակայության ներքո։ 1946 թվականի դեկտեմբերին ՌՈՒԵ ՄԹ-ի բանագնացներին թույլ չեն տվել մուտք գործել Ճապոնիա, իսկ 1947 թվականի հունվարի 6-ին Բենիամինը հասել է Տոկիո։ Բորիսը վերադարձել է Եվրոպա 1949 թվականի գարնանը, երբ նշանակվել է ԿՀՎ-ում ԱՄՆ բանակի ներկայացուցիչ։ Պեշը դարձել է «7–րդ ծրագրային բաժնի» (ԾԲ-7) ղեկավարը, որը զբաղվել է կրկնակի գործակալների ոչնչացմամբ և հիմնական թշնամու թիկունքում իրականացրել է դիվերսիոն գործողություններ։ Այսպիսով, 1949 թվականի գարնանը Պեշին առաջարկել են գաղափարներ այն մասին, թե ինչպես հեղաշրջում իրականացնել Ալբանիայում, որը հունիսի վերջին ստացել է «Հրեշ» օպերացիա անվանումը։ Մեկնարկը թանկ է ստացվել, բայց անհաջող։ Բացի այդ, Պեշը մասնակցել է խորհրդային ներխուժման դեպքում Ավստրիայում պարտիզանական պատերազմ նախապատրաստելուն («Գլադիո» օպերացիա)։

1953 թվականի վերջին Պեշը վերադարձել է Սան Ֆրանցիսկո, որտեղ ստանձնել է 6-րդ բանակի քրեական հետաքննության վարչության պետի պաշտոնը։ 1954 թվականի գարնանը Պեշը եղել է Օպենհայմերի դատավարության առանցքային վկաներից մեկը։ Ճնշման տակ «միջուկային ռումբի հայրը» խոստովանել է, որ 1943 թվականին հարցաքննության ժամանակ ստել է Պեշին, որի արդյունքում Օպենհայմերը զրկվել է գաղտնիքներից օգտվելու հնարավորությունից։

Պաշտոնաթողություն խմբագրել

Բորիս Պեշը թոշակի է անցել 1963 թվականի հունիսին և պարգևատրվել «Ակնառու ծառայության համար» մեդալով։ Նա բացել է թարգմանչական գրասենյակ, ակտիվորեն մասնակցել Վաշինգտոնում ուղղափառների կյանքին։ 1959 թվականին ընտրվել է Սուրբ Նիկոլայ տաճարի եկեղեցական կորպորացիայի նախագահ, որի վերակազմավորման նախագիծը ղեկավարել է Պեշը։ Եղել է հուշագրությունների հեղինակ և ակտիվ կապ է պահպանել նախկին գործընկերների հետ։ 70-ականներին Պեշը դարձել է Վոթերգեյթի սկանդալի մեղադրյալ, երբ Հովարդ Հանտը ցուցմունք է տվել Բորիսի դեմ ՊO-7-ի գործունեության հետ կապված։ 1981 թվականին Պեշը հարցաքննվել է ճապոնական ծագմամբ ամերիկացիներ ներկալման գործի շրջանակներում։ 1987 թվականին գնդապետ Պեշը հավերժացվել է ԱՄՆ ռազմական հետախուզության փառքի սրահում։ Օգոստոսյան խռովությունից հետո նա այցելել է Ռուսաստան։ Մահացել է Կալիֆոռնիայի Գրինբրեյ քաղաքում, 94 տարեկան հասակում։ Թաղված է Կոլմ քաղաքի գերեզմանատանը (Սան Ֆրանցիսկոյի արվարձան)։

Մարմնավորումը գրականությունում և կինոյում խմբագրել

Օլեգ Բասիլաշվիլին խաղացել է Բորիս Պեշի դերը «Նպատակի ընտրություն» (1974) խորհրդային գեղարվեստական ֆիլմում, որը նկարահանվել է Դանիիլ Գրանինի համանուն վեպի հիման վրա և նվիրված է ատոմային ռումբի ստեղծման պատմությանը։ Պեշը նաև «Մարդասպանի հավատամքը» տիեզերական համակարգչային խաղի կոմիքսների շարքի հերոսներից է։

Աշխատություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Goudsmit, Samuel A. (1947). Alsos : The failure in German science. New York: H. Schuman. ISBN 978-1-56396-415-2.
  • Groves, Leslie R. (1962). Now It Can Be Told: The Story of the Manhattan Project. New York: Da Capo Press. ISBN 978-0-306-80189-1.
  • Mahoney, Leo J. (1981). A History of the War Department Scientific Intelligence Mission (ALSOS), 1943–1945. Ph.D. Dissertation, Kent State University.
  • Pash, Boris T. (1980). The Alsos Mission. New York: Charter Books. ISBN 978-0-441-01790-4.
  • The National Cryptologic Museum and the Military Intelligence Corps Hall of Fame

Ծանոթագրություններ խմբագրել

  1. W. H. Allison Portrait of Col. Boris Pash, the military head of ALSOS Արխիվացված 2014-02-27 Wayback Machine (անգլ.)
  2. ««За веру и бомбу»: удивительная жизнь полковника Бориса Пашковского-Пэша» (ռուսերեն). НЛО. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
  3. «Metropolitan Theophilus». Saint Herman of Alaska Orthodox Church. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Պաշ» հոդվածին։