Բժշկական քարտ, բժշկական փաստաթուղթ, որը անհրաժեշտ է առաջին հերթին հիվանդի տվյալները համակարգելու, ինչպես նաև տեղեկատվության մատչելիությունը ապահովելու համար, քանի որ հազվադեպ է հիվանդին մեկ բժիշկ բուժում։

Բժշկական քարտի ձևերը խմբագրել

Տարբերում են երկու հիմնական բժշկական քարտ՝

  1. ամբուլատոր հիվանդի բժշկական քարտ կամ պարզապես ամբուլատոր քարտ,
  2. ստացիոնար հիվանդի բժշկական քարտ կամ հիվանդության պատմագիր։

Ամբուլատոր հիվանդի բժշկական քարտ խմբագրել

Ամբուլատոր հիվանդի բժշկական քարտը կամ ամբուլատոր քարտը փաստաթուղթ է, որը կազմվում է ամբուլատոր պայմաններում հետազոտվող և բուժում ստացող հիվանդի համար։

Ստացիոնար հիվանդի բժշկական քարտ խմբագրել

Ստացիոնար հիվանդի բժշկական քարտը կամ հիվանդության պատմագիրը փաստաթուղթ է, որը կազմվում է ստացիոնարում գտնվող յուրաքանչյուր հիվանդի համար և նախատեսված է հիվանդի՝ ստացիոնարում գտնվելու ընթացքում հիվանդության ախտորոշման, հիվանդության ընթացքի, ելքի և բուժկանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տվյալները գրանցելու համար։ Հիվանդության պատմագիրն ունի մի քանի բաժիններ՝

  • տիտղոսաթերթ,
  • ընդունարանի բժշկի զննման տվյալները,
  • բաժանմունքի բժշկի առաջնային զննման տվյալները,
  • օրագրերի գրառումները,
  • լրացուցիչ հետազոտման մեթոդների արդյունքները և մասնագետների խորհրդատվությունները,
  • էպիկրիզը (փուլային և դուրսգրման)։

Օրագիր խմբագրել

Օրագրում ամենից առաջ հարկավոր է արտացոլել գանգատների դինամիկան և տարբեր օրգան-համակարգերի կողմից հայտնաբերվող փոփոխությունները։ Օրագրում կարող են լրացումներ լինել անամնեզի, հիվանդության մասին բժշկի սեփական տպավորության և հիվանդության ընթացքի վրա ազդող հավանական գործոնների վերաբերյալ, այն մասին, թե ինչպես է հիվանդը տանում բուժումը, ինչպես նաև դեղերի արդյունավետության և դրանց կողմնակի ազդեցությունների վերաբերյալ եզրակացությունը։

Ջերմաչափման թերթիկ խմբագրել

Շատ կարևոր է ջերմաչափման թերթիկի ճիշտ ձևակերպումը, որն անհրաժեշտ է միաժամանակ գրանցել նաև օրագրում։ Ջերմաչափման թերթիկում ամրագրվում է առավոտյան և երեկոյան ժամերի մարմնի ջերմաստիճանը, կարմիր գույնով նշվում է պուլսը, անհրաժեշտության դեպքում շնչառության հաճախությունը, գրանցվում են զարկերակային ճնշման ցուցանիշները, օրական դիուրեզը և ընդունած հեղուկի քանակը (հեղուկի օրական հաշվեկշիռ), դեֆեկացիայի հաճախությունը, մարմնի զանգվածը։

Նշանակման թերթիկ խմբագրել

Այս բաժնում բժիշկը նշում է դեղորայքային և այլ բուժումները։

Էպիկրիզ խմբագրել

Տարբերում են փուլային (էտապային) և դուրսգրման էպիկրիզներ։ Փուլային էպիկրիզում պարբերաբար (7-10 օրը մեկ անգամ) գնահատվում է հիվանդի վիճակը, նշումներ են կատարվում հետագա հետազոտությունների և բուժման մեջ կատարվող փոփոխությունների վերաբերյալ։ Դուրսգրման էպիկրիզը ձևակերպվում է հիվանդին հիվանդանոցից դուրս գրելիս, որում նշվում է ախտորոշումը, սեղմ ներկայացվում է անամնեզը, զննման և հետազոտման տվյալները (ախտաբանական և տարբերակիչ ախտորոշման համար կարևոր տվյալները), նկարագրվում է բուժումը, հիվանդի վիճակի դինամիկան, նշվում են հետագա բուժկանխարգելիչ միջոցառումների, աշխատունակությունը վերականգնելու նպատակով տրված խորհուրդները։ Հատուկ նշանակություն է տրվում ախտորոշման հիմնավորմանը։

Արտաքին հղումներ խմբագրել