Բարձունքային հիվանդություն

Բարձունքային հիվանդություն, հիվանդագին վիճակ, առաջանում է բարձրությունների վրա (3000 մ–ից բարձր), երբ ներշնչվող օդում նվազում է թթվածնի մասնակի (պարցիալ) ճնշումը։

Բարձունքային հիվանդություն

Նկարագրություն խմբագրել

Բարձունքային հիվանդությունը սկիզբ է առնում առանձին օրգանների, համակարգերի, առաջին հերթին կենտրոնական նյարդային համակարգի բջիջների գործունեության խախտման ժամանակ, որն առաջանում է թթվածնային քաղցի՝ թերթթվածնարյունության՝ հիպօքսիայի պատճառով։ Մինչև 3000 մ բարձրության վրա օրգանիզմում թթվածնային անբավարարությունը փոխհատուցվում է թոքային գազափոխանակության ուժեղացմամբ (շնչառության հաճախացում և խորացում), էրիթրոցիտների, հեմոգլոբինի քանակության մեծացմամբ և արյան հոսքի արագացմամբ։ Ծովի մակերևույթից 3–4 կմ–ից ավելի բարձրության վրա հիպօքսիան խորանում է։ Շրջապատող օդում թթածնի անբավարարությունը թոքերում առաջացնում է թթվածնի մասնակի ճնշման զգալի անկում և նվազեցնում զարկերակային արյան թթվածնային հագեցածությունը։ Բարձունքային հիվանդության բնորոշ ախտանիշներն են՝ հևոց, սրտխփոց, գլխապտույտ, աղմուկ ականջներում, գլխացավ, սրտխառնոց, մկանային թուլություն, քրտնարտադրություն, աշխատունակության անկում, քնկոտություն, տեսողության վատացում ևն։ Ախտանշանների զարգացումը կրում է փուլային բնույթ և կախված է բարձրանալու արագությունից և օրգանիզմի մարզվածության աստիճանից։ 6–8 կմ բարձրության վրա հիվանդագին ախտանիշները դառնում են խիստ վտանգավոր։ Ծովի մակերևույթից 8,5–9 կմ այն սահմանն է, որից ավելի մարդն առանց թթվածնային հարմարանքների ի վիճակի չէ բարձրանալ։ Բուժումը՝ բարձրությունից իջեցում, սրտային դեղամիջոցներ, մուգ թեյ կամ սուրճ, ծանր դեպքերում՝ թթվածնի ներշնչում։ Կանխարգելումը՝ բարձրություններ բարձրանալիս, հատուկ սարքերի օգնությամբ թթվածնի ներշնչում։ Բարձունքային հիվանդության տարատեսակներից է լեռնային հիվանդությունը, որի առաջացմանը նպաստում են ոչ միայն թթվածնի անբավարարությունը, այլև ֆիզիկական հոգնածությունը, սառեցումը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը և այլն։ Բարձունքային կլիմայավարժեցումը թուլացնում է ախտանշանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 331