Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բառ (այլ կիրառումներ)

Բառը լեզվի նվազագույն ազատ միավորը, որը կարող է առանձին արտասանվել՝ կրելով որոշակի իմաստային բովանդակություն, ի տարբերություն լեզվի ամենափոքր միավոր բառարմատի, որը թեև ունի իմաստային պարունակություն, բայց առանձին ազատ միավոր չէ։ Այն հնչյունը կամ հնչյունախումբը որն ունի արմատ,շեշտ և առանձին գործածություն կոչվում է բառ։ Բառը կարող է կազմված լինել միայն մի ձևույթից (օրինակ՝ օ՜հ, տուն, բու, նուռ) կամ՝ մի քանիսից (տներ, բվի, նռնենի)։ Ձևույթը գուցե և չունենա ինքնուրույն գործածություն, ինչպես բառերը (վերոնշյալ բառերում՝ -են, -ի, -ենի)։ Ածանցավոր բառերը հիմնականում կազմված են լինում արմատից և մեկ կամ ավելի ածանցներից (նռ-նենի, օգն-ական, բառ-արան), իսկ բարդ բառերը պարունակում են մեկից ավելի արմատներ (գր-ա-սեղան, առանձն-ա-տուն)։ Բառերը միավորվում են ստեղծելու համար լեզվի ավելի մեծ միավորներ՝ բառակապակցություններ (մեծ տուն), նախադասություններ՝ պարզ (Նա նետեց գրիչը։) և բարդ (Նա նետեց գրիչը, և Աննա բռնեց դա:)։

Պատկերազարդում, որը ներկայացնում է տառերի միացման արդյունքում «բառ» բառի ստեղծումը

Բառ տերմինը կարող է վերաբերել բանավոր ասված բառին կամ գրված բառին կամ որևէ մեկի նշանակած վերացական իմաստին։ Բանավոր բառերը արտասանվում են հնչյունային խմբերով՝ հնչույթներով, գրավոր բառերը կազմված է գրույթներից, նշաններից ինչպիսիք են օրինակ լեզվի այբուբենի տառերը։

Լեզվաբանության մեջ ամերիկացի լեզվաբան Լեոնարդ Բլումֆիլդն առաջինն է արտահայտել բառերի մասին նվազագույն ազատ ձևեր հասկացությունը կառուցվածքային լեզվաբանությանը նվիրված իր ազդեցիկ գիտական աշխատության մեջ[1]։

Սահմանումներ/նշանակություններ խմբագրել

Ամփոփագիր խմբագրել

Բառի վերծանման դժվարությունը կախված է լեզվից։ Բառարանները բաժանում են լեզվի բառային կազմը լեմմաների։ Սա ցույց է տալիս բառի իմաստը՝ ըստ լեզվակիր գրողների։ Բառի երկարությունը չափելու լավագույն ձևը վանկերի կամ ձևույթների քանակը հաշվելն է[2]։ Բազմիմաստ բառերը կարող են բարդություններ առաջացնել բանավեճերի կամ քննարկումերի ժամանակ[3]։

Բառերի հիմնական հատկություններ խմբագրել

Լեզվի մեջ բառը իր հնչյունական կազմով փոխանցում է հասկացության, առարկայի, գործողության, իրականության երևույթների, նրանց կառուցվածքի կամ փոխհարաբերությունների իմաստը։ Բառի մեջ զուգորդվում են հնչյունական, բառիմաստային, և քերականական հատկանիշներ՝ իմաստի որոշակիություն, ձևի կայունություն, արտասանության ամբողջականություն, բաղադրիչների համադրություն կամ հարադրություն։ Բառը այս հատկանիշներով տարբերվում է լեզվական այլ միավորներից, օրինակ ի տարբերություն լեզվի բառակապակցության և նախադասության, բառն ինքնուրույն կարող է արտահայտել առանձին ամբողջական իմաստ կամ հասկացություն, բառակապակցությունը նույնպես կարող է արտահայտել ամբողջական իմաստ սակայն երկու կամ ավելի կապակցված բառերի միջոցով, իսկ նախադասությունը՝ արտահայտում է ամբողջական միտք։ Բառերի ճնշող մեծամասնությունը արտահայտում է հասկացություններ (տուն, ծառ, քար, սեր, համբերություն, քաջարի, վազելով, գեղեցկություն, մահ, պատերազմ, մեծ, բարձր, վերևից, նկարել, ուտել, աշխատել, հարյուր, երկրորդ, պետություն)։ Որոշ բառեր հասկացությունները նշում են ոչ ուղղակիորեն, այլ ըստ իրադրության կամ հարաբերության (ես, դու, սա, այսպիսի), որոշ բառեր էլ արտահայտում են դատողական (թերևս, իհարկե, արդյոք և այլն), կամ զգացմունքային անմիջական վերաբերմունք (ա՛խ, ավա՛ղ, վա՛յ և այլն), կամ քերականական հարաբերություններ (մասին, համար, դեպի, բացի, որովհետև, որպեսզի, և այլն)[4]։

Բառերն այդպիսով գործում են որպես բնական լեզուների հիմնական նշանակալի միավորներ։ Մյուս բոլոր բնական լեզուների նման հայերենը բառերի լեզվով շփման միջոց է։ Քերականական կանոնների օգնությամբ առանձին բառերից կամ բառակապակցությունների մեջ միավորված բառերից կազմավորվում են նախադասություններ։ Նախադասություններն իրենց հերթին կառուցում են բովանդակություն կամ տեքստ՝ դառնալով կառուցվածքային ամբողջականությամբ բնորոշված հաղորդակցման ավելի մեծ միավորներ։

Բառային սահմաններ խմբագրել

Բառի բաղադրիչների տարորշման խնդիրը ներառում է որոշել, թե որտեղ է ավարտվում մի բառը և որտեղ սկսում մյուսը, այլ կերպ ասված, գտնել բառի սահմանները։ Կան մի քանի ձևեր, որոնց միջոցով կարելի է որոշել բառային սահմանները բանավոր խոսքում․

  • Պոտենցիալ դադար։ Հռետորին խնդրում են դանդաղորեն կրկնել տրված նախադասությունը դադարներ առնելով։ Հռետորը հակված կլինի ավելացնել դադարներ բառերի սահմաններից/ավարտից հետո։ Այդուհանդերձ, սա ամենահարմար մեթոդը չէ․ հռետորը կարող է հեշտորեն բաժանել բազմավանկ բառերը կամ դժվարանալ ճշտգրիտ տարանջատել երկու կամ ավել խիստ կապակցված բառերը։
  • Անտեսանելիություն։ Հռետորին խնդրում են բարձրաձայն արտասանել մի նախադասություն, հետո նորից արտսանել նույն նախադասությունը արդեն մի ավելացված բառով։ Օրինակ՝ «Ես ապրել եմ այս գյուղում տասը տարի» նախադասությունը կարող է դառնալ «Իմ ընտարինքն ու ես ապրել ենք այս գյուղում մոտավորապես տասը տարի»։ Այս հավելյալ բառերը կավելացվեն սկզբնական տեքստի բառերի սահմաններին։ Բայց որոշ լեզուներ ունեն միջածանցներ , որոնք դրվում են բառի մեջ։ Եվ մի շարք լեզուներում էլ կան բաժանված ածանցներ, օրինակ՝ գերմաներենի "Ich komme gut zu Hause an", նախադասության մեջ ankommen բայը բաժանված է։
  • Հնչյունաբանական սահմաններ։ Որոշ լեզուներ ունեն արտասանության որոշակի կանոններ, որոնք հեշտացնում են տարբերակել բառային սահմանները։ Օրինակ մի լեզվում, որտեղ բառային շեշտն ընկնում է բառի վերջին վանկի վրա, բառային սահմանները հանդիպում են ամեն շեշտված վանկից հետո։ Լեզուները, որոնք ունեն ձայնավորների հարմոնիա (օրինակ՝ թուրքերենը)[5], բառում առկա ձայնավորները կիսում են միևնույն հատկությունը, հետևաբար բառային սահմանը հանդիպում է ձայնավորային հատկության փոփոխության ժամանակ։ Այդուհանդերձ, ոչ բոլոր լեզուներն ունեն այսքան հարմարավետ հնչյունաբանական կանոններ և, եթե նույնիսկ ունեն, հաճախ լինում են բացառություններ։
  • Ուղղագրական սահմաններ։

Ուղղագրություն խմբագրել

Գրական ավանդույթ ունեցող լեզուներում ուղղագրության և բառի հասկացության միջև գոյություն ունի փոխադարձ կապ։ Բառերի բաժանարարները (հիմնականում բացատները) սովորական երևույթ են այբբենական գիր օգտագործող լեզուների ժամանակակից ուղղագրություններում, բայց սրանք հարաբերականորեն ավելի ժամանակակից զարգացում են։

Անգլերենի ուղղագրությունում բարդ արտահայտությունները կարող են բացատներ պարունակել։ Օրինակ՝ ice cream, air raid shelter, get up, սրանցից յուրաքանչյուրը, համարվում է, կազմված է մեկից ավելի բառից, քանի որ բաղադրիչներից յուրաքանչյուրը ունեն ինքնուրույն գործածություն։

Ոչ բոլոր լեզուներն են որոշակիորեն սահմանափակում բառերը։ Մանդարինյան չինարենը անալիտիկ լեզու է (մի քանի ածանցներով)՝ անհիմն դարձրենով սահմանափակել բառերն ուղղագրությամբ։ Այդուհանդերձ, Մանդարինյան չինարենում կան շատ բազմաձևույթ բարդություններ, ինչպես նաև մի շարք ձևույթներ, որոնք դժվարեցնում են որոշել բառի բաղադրիչները։

Երբեմն լեզուները, որոնք ունեն չափազանց մոտ քերականություն, տարբեր կերպ են հաշվի առնում բառերի միևնույն կարգը։ Օրինակ՝ ֆրանսերենում անդրադարձ բայերի անորոշ դերբայները առանձնանում են իրենց համապատասխան մասնիկներից՝ se laver (լվացվել), մինչ պորտուգալերենում դրանք տրոհված են՝ lavar-se, իսկ իսպաներենում միասին են գրվում՝ lavarse[6]։

Վիետնամական գիրը թեև օգտագործում է լատինական այբուբենը, ավելի հաճախ սահմանափակում է միավանկ ձևույթները, քան բառերը։

Տառերի կոդավորման մեջ բառային սեգմենտները կախված են այն հանգամանքից, թե որ բառերն են տարբերակված որպես բառային բաժանարաններ։

Բառերի դասակարգում խմբագրել

Ըստ իմաստի խմբագրել

Բառերն ունեն և՛ քերականական, և՛ իմաստաբանական նշանակություն։

Բառիմաստները մարդու գիտակցության մեջ իրականության ճանաչման արդյունքում արմատացած նշանակություններ են։

Իմաստաբանական նշանակությունը կարող է լինել բառի միակ նշանակությունը (մեկ իմաստ պարունակող բառերը կոչվում են մենիմաստ)։ Բառերը կարող են ունենալ նաև մի քանի նշանակություն և նման բառերը կոչվում են բազմիմաստ։ Գոյություն ունի իմաստաբանական նշանակությունների երեք հիմնական տեսակ։

  1. ուղիղ (անվանական),
  2. բառակապակցության մեջ կապված,
  3. շարահյուսությամբ պայմանավորված։

Բազմիմաստությունը լինում է պատմական զարգացումների ընթացքում մեկ առարկայի կամ հասկացության անվանումը մեկ այլ առարկայի կամ հասկացության փոխանցվելու արդյունքում։ Նման փոխանցումները տեղի են ունենում .

  1. հասկացությունների կամ առարկաների նմանության պատճառով.
  2. դրանց հարադրման կամ հարաբերման պատճառով,
  3. կիրառության կամ գործառնության մեջ կատարված փոփոխությունների պատճառով։

Լեզվաբանության մեջ զանազանում են իմաստային փոխանցման հետևյալ հիմնական տեսակները.

  1. Փոխաբերություն կամ մետաֆորա (երբ բառերը օգտագործվում է փոխաբերական իմաստով որևէ երկու առարկաների կամ երևույթների միջև եղած նմանության շնորհիվ, դրանց իմաստային փոխանցման արդյունքում),
  2. Փոխանունություն կամ մետոնիմիա (երբ որևէ առարկայի անվանումն օգտագործվում է մեկ այլ առարկայի համար դրանց միջև որևէ արտաքին կամ ներքին որոշակի կապի առկայության շնորհիվ),
  3. Մասնամբողջություն կամ սինեկդոխա (երբ ամբողջի անվանումը կիրառվում է մասի նկատմամբ, երբ ընդհանուրի անվանումը փոխանցվում է մասնավորին կամ ընդհակառակը)։

Ըստ կազմության խմբագրել

Սովորաբար բառը կազմված է լինում արմատից (կամ մեկից ավելի արմատներից) և զրո ու ավելի թվով ածանցներից (նախածանցներ, վերջածանցներ)։ Ըստ կազմության բառերը կարող են լինել պարզ և բաղադրյալ (զանազան ենթատեսակներով)։

Ըստ արտասանության խմբագրել

Ըստ արտասանության բառերը կարող են լինել շեշտավոր և անշեշտ (նախահար անշեշտ, վերջահար անշեշտ և այլն)։

Ըստ շարահյուսական կիրառության խմբագրել

Ըստ շարահյուսական կիրառության բառերը լինում են.

  • անկախ, կամ ինքնուրույն, որոնք կրում են որոշակի իմաստաբանական նշանակություն, և
  • սպասարկող, կամ օժանդակ, որոնք կապակցող դեր են կատարում այլ բառերի միջև։

Ըստ խոսքի մասերի խմբագրել

Գրեթե բոլոր բնական լեզուների բառապաշարը քերականական սկզբունքներով բաղդատվում է մի քանի բառային խմբերի կամ խոսքի մասերի։ Գրեթե բոլոր Բնական լեզուներում բառերը դասակարգվում են գոյականների և բայերի։

Այդ դասակարգման ավանդույթը սկսվել է դեռևս հին դարերի քերականագետ Դիոնիսիոս Թրակացուց (170-90 թթ. մ.թ.ա.), որը հին հունարենի խոսքի մասերը բաժանել է ութ կատեգորիաների՝ գոյական, բայ, ածական, դերանուն, նախդիր, մակբայ, քերականական կապ և ձայնարկություն։

Հնդկական քերականական ավանդույթով, սանսկրիտի քերականագետ Փանյինին բառերի նմանատեսակ հիմնարար դասակարգում է կատարել՝ բաժանելով դրանք անվանական և բայական կատեգորիաների[7]։

Ըստ ծագման խմբագրել

Ըստ ծագման բառերը լինում են.

  • Բնիկ բառեր, այսինքն, այնպիսի բառեր, որոնք այս կամ այն տեսքով գոյություն են ունեցել տվյալ լեզվակիրների նախնիների լեզվի մեջ,
  • Փոխառյալ բառեր, որոնք փոխառվել են որևէ օտար լեզվից։
  • Միջազգային բառեր, որոնք միջազգային ճանաչում ունեն և առանց փոփոխության ընդունված են բազմաթիվ լեզուների բառապաշարներում։

Ըստ ոճական կիրառության խմբագրել

  • Պատմական բառեր, որոնք մոռացվել են տվյալ առարկայի կամ հասկացության վերանալու պատճառով, օրինակ հայերեն՝ «բդեշխ» կամ «սակր»։
  • Հնաբանություններ կամ արխաիզմներ, որոնք հնացել ու փոխարինվել են այլ արդիական բառերով։
  • Նորաբանություններ կամ նեոլոգիզմներ, որոնք նույնպես քիչ են օգտագործվում զուտ նորության պատճառով։
  • Եզրեր, հատուկ բառեր են, որոնք օգտագործվում են որոշակի մասնագիտության տեր մարդկանց կողմից զուտ մասնագիտական հասկացությունների նշանակման համար։
  • Արգո, Ժարգոն, Սլենգ, որոնք օգտագործվում են մարդկանց ոչ պաշտոնական շփման ժամանակ, որոշակի սոցիալական, մասնագիտական և տարիքային խմբերի կողմից։
  • Նախատական, հայհոյական բառեր, կամ տաբուացված, արգելված բառեր
  • Մեղմախոսություններ կամ Էվֆեմիզմներ, որոնք օգտագործվում են տաբուացված բառերի փոխարեն, և այլն։

Ըստ գրական լեզվի հանդեպ ունեցած դիրքի խմբագրել

Բառերը լինում են.

  • Գրական բառեր, որոնք ընդունված են գեղարվեստական, պաշտոնական, ուսումնական, տեղեկատվական և լրատվական գրականության մեջ և օգտագործվում են ընդհանրապես կրթված հասարակության կողմից։
  • Խոսակցական բառեր, որոնք ընդունված չէ օգտագործել պաշտոնական, ուսումնական, տեղեկատվական և լրատվական գրականության մեջ և գեղարվեստական գրականության մեջ օգտագործվում են միայն հերոսների սոցիալական դիրքի կամ կերպարների մասին լրացուցիչ անուղղակի տեղեկություններ փոխանցելու համար և առօրյա կյանքում օգտագործվում են քիչ կրթված մարդկանց կողմից անկախ նրանց սոցիալական պատկանելության։
  • Բարբառային, բառեր, որոնք բնութագրական են որոշակի գավառի կամ տարածաշրջանի առօրյա խոսակցական բառապաշարին և սովորաբար օգտագործվում են միայն ծնունդով այդ գավառից, կամ շրջանից սերող քիչ կրթված մարդկանց կողմից, երբեմն կարող են օգտագործվել նաև գեղարվեստական գրականության մեջ զուտ դրանք օգտագործող մարդու ծագման կամ ակունքների մասին անուղղակի տեղեկություն տալու նպատակով։

Բառերի եզրաբանություն խմբագրել

Բոլոր բառերը կարելի է դասակարգել ըստ հետևյալ հիմնական տեսակների.

  • Հոմանիշ բառեր․ հոմանիշները կամ համանիշները կամ սինոնիմները բառեր են, որոնք մոտ են իմաստով՝ անվանելով նույն առարկան, իրականության երևույթը կամ գործողությունը իմաստային, ոճական և կիրառական փոքր տարբերություններով. Oրինակ՝ վախենալ - սարսափել - երկնչել - սահմռկել, թափառել - դեգերել - շրջել - քարշ գալ - զբոսնել - քայլել, տաք - թեժ - այրող, գործ - աշխատանք, անտարբեր - անհաղորդ - անուշադիր - անկարեկից, և այլն։ Հայերենում ընդունված է տարբերակել հոմանիշների մի քանի տարատեսակներ
  1. Ոճական հոմանիշներ, երբ հոմանիշները պատկանում են կիրառական տարբեր ոճերի, և այդ դեպքում տարբերակվում են ոճականորեն չեզոք և ոճականորեն տարբերակված հոմանիշներ. Օրինակ՝ զբոսնել (ընդհանուր գրական) – ճեմել (գրքային վերամբարձ), կատարել (ոճականորեն չեզոք) – ի կատար ածել (պաշտոնական, վարչական), ձի (ոճականորեն չեզոք) – նժույգ (հնացած, բանաստեղծական), մազ (ոճականորեն չեզոք) – վարս (գրքային) – հեր (բանաստեղծական), այտ (գրական) – թուշ (խոսակցական), և այլն։
  2. Իմաստային հոմանիշներ, երբ մոտ իմաստ պարունակող բառերն արտահայտում են երևույթի կամ հատկության դրսևորման տարբեր չափեր։ Օրինակ՝ հով, քամի, փոթորիկ, մրրիկ, երկնչել — վախենալ — սարսափել — սահմռկել, և այլն։
  3. Հուզարտահայտչական հոմանիշներ, երբ բառերի արտահայտած առանձնահատկությունը տարբերվում է դրանց մեջ դրված անձնական վերաբերմունքով և ունի հուզարտահայտչական տարբեր երանգներ։ Օրինակ՝ ուտել – խժռել, խմել – լակել, մահանալ – սատկել, թափառել – քարշ գալ, գոռալ — ոռնալ, և այլն։
  4. Բացարձակ հոմանիշները լեզվում շատ քիչ են. Օրինակ՝ տուն – շենք, խփել – հարվածել, ուտելիք - կերակուր, սարեր - լեռներ և այլն։
  5. Կեղծ հոմանիշները կամ կվազի-սինոնիմները թվացյալ հոմանիշներն են կամ մասնակի հոմանիշներ, որոնք մոտ են իմաստով, բայց միմյանց չեն փոխարինում բոլոր ենթատեքստերում ի տարբերություն հոմանիշների, որոնք պետք է փոխադարձաբար փոխարինելի լինեն ցանկացած ենթատեքստում. Օրինակ՝ ուղի — արահետ, շենք — տուն, տաղանդ — հանճար, և այլն։
  • Հականիշ բառեր. հականիշները կամ անտոնիմները բառեր են, որոնք տարբեր հնչողություն կամ ձև ունեն, և արտահայտում են միմյանց հակադիր իմաստներ (օրինակ՝ սև - սպիտակ, մեծ — փոքր, հաստ — բարակ և այլն)։
Հականիշները կարող են լինել ինքնուրույն բառեր. օրինակ՝ բարձր – ցածր, հեռու — մոտիկ, վերև - ներքև, թշնամի – բարեկամ և այլն,
կամ ածանցավոր կազմություններ. օրինակ՝ խելոք – անխելք, գեղեցիկ – տգեղ, գոհ – դժգոհ, բախտավոր – դժբախտ և այլն;
  • Նույնանուն բառերնույնանուններ կամ համանունները կամ հոմոնիմները այն բառերն են, որոնք համընկնում են հնչողությամբ և գրությամբ, բայց տարբեր եմ իմաստով.

    Oրինակ՝ հոտ — բուրմունք և հոտ — ոչխարի հոտ, տոն — իրադարձություն և տոն — խոսքի զգացմունքային կամ ոճական երանգ, փող — դրամ, փող — խողովակ և այլն։

Նույնանունները լինում են.
  • Բացարձակ կամ լրիվ նույնանուններ կամ համանուններ են կոչվում այն բառերը, որոնք համընկնում են և գրությամբ, և արտասանությամբ։ Օրինակ՝ կետ (ծովային կենդանի) – կետ (կետադրական նշան), հոտ (բույր) – հոտ (ոչխարի հոտ), փող (խողովակ) – փող (դրամ)։
  • Մասնակի նույնանուններ կամ համանունները տարբերակվում են երեք տեսակի.
  1. Համաձևեր (հոմոմորֆներ)' կամ համաձև նույնանուններ, այսինքն՝ արտաքնապես համընկնող քերականական տարբեր ձևերը.

    Օրինակ՝ արի (քաջ) – արի (եկ), հացի (հաց բառի սեռական հոլով) – հացի (հացենի, ծառատեսակ), կրի (շաղախանյութ, սեռական հոլով) – թող կրի (կրել բայի ձև), գնում է (գնալ բառից) – գնում է (գնել բառից), անարգել (առանց արգելքի) — անարգել (ստորացնել, անպատվել) և այլն,

  2. Համագիրներ (հոմոգրաֆներ) կամ համագիր նույնանուններ, որոնք գրվում են միատեսակ, բայց տարբեր են արտասանվում.

    Օրինակ՝ բարդ (երգիչ) – բարդ (ոչ պարզ, արտասանվում է բարթ), որդի ( որդի բառի ուղղական հոլով արտասանվում է որթի) — որդի (որդ բառի սեռական հոլով),

  3. Համահունչներ (հոմոֆոններ) կամ համահունչ նույնանուններ, որոնք տարբեր են գրվում, բայց միատեսակ են արտասանվում. Օրինակ՝ աղտ (կեղտ) – ախտ (հիվանդություն), ուղտ – ուխտ, հսկա ցանկ (մեծ ցանկ) — հսկացանկ (հսկման ենթակա ցանկ) և այլն։
  • Հարանուն բառեր. Հարանունները կամ պառոնիմները բառեր են, որոնք գրվում են տարբեր, ունեն տարբեր իմաստ, ու թեև բացարձակապես նույնահունչ չեն, բայց ունեն մոտ հնչող արտասանություն։ Հարանունները օգտագործվում են գեղարվեստական խոսքում հարանունություն կոչվող ոճական հնարք ստեղծելու նպատակով։

    Օրինակ՝ ծաղիկ — ցողիկ, հառաչել — շառաչել, աղեղ — ահեղ, և լուրթ – շուրթ, շշուկ – շրշույն, ճչալ շաչել, վայել – բայել – մայել և այլն)։ Հարանունները կարող են լինել պատահական բնույթի. օրինակ՝ մարդ – մարտ, հարդ – հարթ, կամ նույնարմատ բառերից. օրինակ՝ քարոտ - քարքարոտ, կոտրել - կոտրատել, մորթել – մորթոտել

  • Իմաստաոճաբանական տեսակետից հայերենում բառերը տարբերակվում են նաև որպես ընդհանուր անուններ և մասնավոր անուններ։
  • Մասնավոր անունները կամ հիպոնիմները բառեր են, որոնք ավելի նեղ իմաստով են անվանում առարկաները, դրանց հատկությունները կամ հատկանիշները որպես դասի (բազմության կամ ամբողջության) մի տարրի կամ մի մասի։ Օրինակ «բուլդոգ» բառը մասնավոր անուն կամ հիպոնիմ է «շուն» բառի համար, իսկ «շուն» բառն իր հերթին հիպոնիմ է «գազան» բառի համար
  • Ընդհանուր անունները կամ հիպերնիմները բառեր են, որոնք ավելի լայն իմաստով են անվանում առարկաները, կամ ավելի լայն իմաստ արտահայտելու համար օգտագործում են բառի նեղ իմաստները։ Օրինակ «գազան» բառը ընդհանուր անուն կամ հիպերնիմ է «շուն» բառի համար, իսկ «շուն» բառն իր հերթին ընդհանուր անուն կամ հիպերնիմ է «բուլդոգ» եզրի համար։
  • Ընդհանուր լեզվաբանության տեսության մեջ ընդունված է տարբերել բառերն ըստ ամբողջության և մասի իմաստային արտահայտման, և կա նաև բառերի հետևյալ իմաստաբանական դասակարգումը՝ հոլոնիմների և մերոնիմների։
  • Հոլոնիմները կամ ամբողջ անունները բառեր են, որոնք անվանում են որևէ հավաքական առարկայի, կամ առարկաների հավաքականության ամբողջությունը կամ ամբողջը։
  • Մերոնիմները կամ մաս անունները բառեր են, որոնք անվանում են որևէ հավաքական առարկայի, կամ առարկաների հավաքականության մասի անունը։ Օրինակ «մատ» բառը մերոնիմ, է «ձեռք» բառի համար, իսկ «դար» բառը հոլոնիմ է «տարի» բառի համար, որն իր հերթին հոլոնիմ է «ամիս» բառի համար, որն էլ իր հերթին հոլոնիմ է «շաբաթ» և «օր» բառերի համար և այլն։

Բառակազմություն խմբագրել

Սինթետիկ լեզուներում մեկ բառարմատը (օրինակ սեր) կարող է ունենալ մի շարք տարբեր ձևեր (օրինակ, սիրեցի, սիրով, սիրած, սիրող, սիրուց, սիրեց և այլն)։ Սակայն դրանք սովորաբար տարբեր բառեր չեն համարվում, այլ միևնույն բառի տարբեր ձևերը։ Ուստի ըստ կառուցվածքի «սինթետիկ» դասակարգվող լեզուներում բառերը բաղդատվում են մի շարք ձևույթների։ Մասնավորապես Հնդեվրոպական լեզուներում առանձնացվող ձևույթներն են.

Ձևաբանություն խմբագրել

Բառափոխություն

 
Տառեր և բառեր

Ձևաբանությունը ուսումնասիրում է բառաբարդումը և բառերի կառուցվածքը։ Սինթետիկ լեզուներում մի հիմքը (օրինակ՝ սեր) կարող է ունենալ մի քանի տարբեր ձևեր (օրինակ՝ սերեր, սիրո)։ Որոշ նպատակների համար հաճախ չկան տարբեր բառեր, բայց նույն բառի տարբեր ձևերը։ Այս լեզուներում բառերը, համարվում են, կազմված են մի քանի ձևույթներից։

Հնդեվրոպական լեզուներում տարբերակված ձևույթներն են․

  • Արմատը,
  • Ազատ ածանցներ,
  • Անուղղակի վերջածանցներ։

Հետևաբար, հնդեվրոպական նախալեզուն կվերլուծվի որպես կազմված

  1. արմատի զրո աստիճան
  2. արմատի ընդլայնում, որի հետևանքով ստեղծվում է բարդ արմատ
  3. թեմատիկ ածանց
  4. նեյտրալ սեռի ուղղական կամ հայցական վերջածանց

Բառերի փիլիսոփայություն խմբագրել

Փիլիսոփաների համար բառերը ներքին հմայք պարունակող խորհրդածության առարկա են եղել սկսած մ.թ.ա. առնվազն 5-րդ դարից՝ լեզվի փիլիսոփայության տեսության հաստատումից ի վեր։ Պլատոնը վերլուծում էր բառերի ծագումնաբանությունը և հնչյունաբանությունը, եզրակացնելով, որ որոշակի կապ պետք է լինի բառերի հնչողության և դրանց իմաստի միջև, թեև ժամանակի ընթացքում բառերը փոխվում են և ի վերջո կորցնում իրենց անդրենածին հնչողությունը։ Ջոն Լոքը գրել է, որ բառերն օգտագործվում են որպես «գաղափարների իմաստալից խորհրդանշաններ», թեև դրանց ընտրությունը կատարվում է «ոչ այն բնական կապի շնորհիվ, որը կա արտասանվող հնչյունների և որոշակի գաղափարների միջև, այլապես բոլոր մարդիկ ընդամենը մեկ լեզու կունենային, այլ կամայական ընտրությամբ, ինչը նշանակում է, որ հնչյունները պայմանականորեն են վերագրվում դրանք փոխանցող գաղափարներին»[8]։ Վիթգենշտայնը բառերի մասին ասել է, որ «ոչ թե բառերն են ներկայացնում իմաստ, այլ բառի իմաստը բնորոշվում է լեզվի մեջ դրա օգտագործումով»[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bloomfield, Leonard, Language 1933
  2. Taylor, John (2015). The Oxford Handbook of the Word. էջ 93.
  3. Chodorow, Martin S., Roy J. Byrd, and George E. Heidorn. "Extracting semantic hierarchies from a large on-line dictionary Արխիվացված 2018-02-15 Wayback Machine." Proceedings of the 23rd annual meeting on Association for Computational Linguistics. Association for Computational Linguistics, 1985.
  4. Սովետական մեծ հանրագիտարան, հատոր 2
  5. Bauer 9
  6. Note that the convention also depends on the tense or mood—the examples given here are in the infinitive, whereas French imperatives, for example, are hyphenated, e.g. lavez-vous, whereas the Spanish present tense is completely separate, e.g. me lavo.
  7. http://www.languageinindia.com/feb2004/panini.html The system of Panini
  8. http://www.rbjones.com/rbjpub/philos/classics/locke/ctb3c02.htm
  9. plato.stanford.edu/entries/wittgenstein

Գրականություն խմբագրել

  • Ղափանցյան Գ., Ընդհանուր լեզվաբանություն Ե.1939 թ.
  • Սևակ Երևան, Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Երևան, 1955
  • Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, 1965
  • Աղայան Է., Լեզավաբանության ներածություն 1967՝
  • Левковская К.А. Теория слова, М.1962
  • Аннушкин В. И. Язык — речь — слово в духовной литературе (размышления педагога-словесника)(չաշխատող հղում)
  • David Adger, Core Syntax։ A Minimalist Approach 2003 Oxford University Press
  • Barton, David, Literacy։ An Introduction to the Ecology of Written Language, Blackwell Publishing, 1994
  • Brown, Keith R. (Ed.) (2005) Encyclopedia of Language and Linguistics (2nd ed.). Elsevier. 14 vols.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 297