Բաոբաբ
Բաոբաբ
Բաոբաբ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Փիփերթազգիներ (Malvaceae)
Ենթաընտանիք Bombacoideae
Ցեղ Adansonia
Տեսակ Բաոբաբ (A. digitata)
Միջազգային անվանում
Adansonia digitata

Բաոբաբ (լատին․՝ Adansonia digitata), փիփերթազգիների ընտանիքի ծառատեսակ է, որը հիմնականում տարածված է Աֆրիկայի չոր արևադարձային սավաննաներում։ Նույնն է՝ վարազածառ, կապկածառ։

Adansonia ցեղն իր անվանումն ստացել է ֆրանսիացի բնախույզ և բուսաբան Միշել Ադանսոնի պատվին (1727 - 1806 թթ.), «digitata» (լատին․՝ digitus՝ մատ) տեսակի անվանումը պայմանավորվում է տերևների ձևով՝ դրանք ունեն մատների ձև՝ մեկ տերևին՝ 5-7 «մատ»։ Ծաղիկները` խոշոր ու սպիտակ, պտուղները՝ երկար, վարունգանման, հյութալի, քաղցրահամ միջուկով, որը կարելի է ուտել։

Արտաքին տեսքը և կառուցվածքը խմբագրել

 
Բաոբաբի ծաղիկը

Բաոբաբն աշխարհի ամենահաստաբուն ծառերից է։ Հայտնի է Բաոբաբի 8 տեսակ, որոնցից 7-ն աճում է Աֆրիկայի չոր սավանաներում, իսկ մեկն՝ Ավստրալիայում։ 10 մ բնի շրջանագիծ ունեցող ծառն ունի ընդամենը 18-25 մ բարձրություն։ Էլ ավելի մեծ է ծառի սաղարթը. գրեթե հորիզոնական դիրքով տարածվող հաստ ճյուղերը, որոնք սկիզբ են առնում ծառաբնի վերին մասից, կազմում են մինչև 40 մ տրամագծով սաղարթ։ Ծառը չի այրվում, որովհետև նրա բնափայտը հագեցած է ջրով։ Ձմռանը, երբ Աֆրիկայում չորային շրջան է, ծառի տերևները թափվում են և Բաոբաբն ընդունում է արտասովոր տեսք՝ այն նմանվում է արմատներն ի վեր աճող ծառի։

Ըստ աֆրիկյան ժողովուրդների առասպելի՝ Արարիչը Բաոբաբին տնկեց Կոնգո գետի հովտում, սակայն ծառը բողոքեց բարձր խոնավությունից։ Այնուհետև Արարիչը Բաոբաբին տնկեց Լուսնի լեռան լանջին, սակայն նա շարունակում էր բողոքել։ Տերը, զայրանալով, պոկեց ծառն ու նետեց աֆրիկյան չոր հողի վրա։ Այդ օրվանից Բաոբաբն աճում է արմատները դեպի վեր։

Բաոբաբն ունի փխրուն բնափայտ, որը, անձրևների շրջանում, սպունգի նման կուտակում է ջուրը։ Ծառի հաստ՝ 10 սմ-ի հասնող կեղևը ջուրը պաշտպանում է գոլորշանալուց։ Կուտակված ջուրը ծախսվում է չորային շրջանում։ Հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին Բաոբաբը ծաղկում է։ Ծաղիկներն խոշոր են (20 սմ), սպիտակ, հնգաթերթ, վառ կարմիր առեճներով։ Նրանք բացվում են երեկոյան, ապրում են մեկ գիշեր՝ իրենց հոտով գրավելով չղջիկներին, որոնք էլ փոշոտում են ծաղիկները։ Առավոտյան ծաղիկները թոշնում են, արձակելով տհաճ հոտ և թափվում են։ Այնուհետև զարգանում են երկարավուն՝ սեխի կամ վարունգի նմանվող պտուղներ, որոնք պատված են հաստ, մազմզոտ կեղևով։ Պտուղներն ուտելի են, ունեն թթվաշ համ։ Դրանք շատ են սիրում կապիկները, հատկապես՝ պավիանները, որի պատճառով ծառն անվանում են նաև «կապիկների հացի ծառ»։

Կիրառումը խմբագրել

 
Պտուղը հասնում է մինչև 25 սմ երկարության և օգտագործվում է սննդի և զովացուցիչ ըմպելիքի պատրաստման համար

Մարդիկ օգտագործում են Բաոբաբի բոլոր մասերը՝ բնափայտը, տերևը, կեղևը և պտուղները։ Ծառի կեղևից պատրաստում են կոշտ թելեր, պարաններ, ձկնորսական ցանցեր, գործվածքներ։ Մատղաշ տերևներն օգտագործում են սննդի մեջ՝ պատրաստում են աղցան և ապուր։ Պտուղները չորացնում են, աղում և պատրաստում են լիմոնադ հիշեցնող զովացուցիչ ըմպելիք, որի պատճառով ծառը ստացել է իր երրորդ անունը՝ «լիմոնադի ծառ»։ Բաոբաբի պտուղներից, տերևներից և արմատներից պատրաստում են դեղամիջոցներ։

Կյանքի տևողությունը խմբագրել

Բաոբաբի կյանքի տևողությունը վեճերի առարկա է, քանի որ այն չունի ծառերին հատուկ տարեկան օղակներ։ Ըստ ռադիոածխածնային անալիզի (ըստ С14-ի), 4,5 մ բնի հաստություն ունեցող ծառը ապրում է ոչ պակաս քան 5500 տարի, թեև ըստ ավելի զգույշ ուսումնասիրողնեի նա աճում է «ընդամենը» 1000 տարի։

Այլ տեսակներ խմբագրել

Գոյություն ունի Ադոնսոնիայի ընտանիքի 8 տեսակ՝

  • Adansonia digitata
  • Adansonia gregorii (հոմ. A. gibbosa) - ոչ բարձր (մինչև 10 մ) ծառ է, տարածված է Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում,.
  • Adansonia grandidieri
  • Adansonia madagascariensis
  • Adansonia perrieri
  • Adansonia rubrostipa (հոմ. A. fony)
  • Adansonia suarezensis
  • Adansonia za էնդեմիկ է Մադագասկարում։

Բաոբաբն համարվում է Մադագասկարի բնիկների ազգային ծառը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 297  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաոբաբ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաոբաբ» հոդվածին։