«Բանվոր», քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ (հետագայում՝ եռօրյա, օրաթերթ)։ Հանդիսացել է Ամերիկայի բանվորական կուսակցության հայկական հատվածի, այնուհետև՝ԱՄՆ-ի կոմկուսի պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1922 թվականից 1924 և 1930 թվականից 1938-ին Նյու Յորքում։ Խմբագիրներ՝ Ս. Սնարյան, Խաչիկ Քյոսայան, Պատրիկ Սելյան։

Կոմունիստական դիրքերից փորձել է արտացոլել ամերիկահայ բանվորների առօրյան, լուսաբանել ԱՄՆ-ի կոմկուսի և դրա հայկական բյուրոյի, Կոմինտերնի գործունեությունը, «համաամերիկյան բանվորական շարժումը»։ Ընթերցողներին ծանոթացրել է Խորհրդային Հայաստանի անցուդարձին։ Սատարել է ՀՕԿ-ի գործունեությանը, խրախուսել հայրենակցական միությունների շինարարական աշխատանքները։ Երկրորդ համաշխարային պատերազմի նախօրյակին «Բանվորը» մեծ տեղ է հատկացրել հակաֆաշիստական ընդհանուր ճակատ ստեղծելու ԱՄՆ-ի կոմկուսի փորձերին, տպագրել նյութեր Իսպանիայում կռվող ամերիկահայ կամավորների մասին։ Զետեղել է հրապարակախոսական նյութեր, արձակ և չափածո գրական ստեղծագործություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։