Բանան (Musa), ադամաթուզ, մշակաբույսերի ցեղին պատկանող ուտելի պտուղների տեսակ։ Սովորաբար այդ անվան տակ հասկանում են Musa acuminata-ն և Musa × paradisiaca-ն, ինչպես նաև Musa fehi-ն, Musa troglodytarum-ը և այլն։ Ինչպես նաև բանան են անվանում Ensete ventricosum-ի պտուղները (ճիշտն ասած՝ բանանների ընտանիքի այլ ցեղատեսակի պատկանող)[3][4]։ Բուսաբանության տեսանկյունից բանանը հանդիսանում է բազմասերմ և հաստակեղև պտուղ[5]։ Մշակովի ձևերում հաճախ բացակայում են սերմերը, որոնք պետք չեն վեգետատիվ բազմացման ժամանակ։ Ունենում են մինչև 15 սմ երկարություն՝ 3-4 սմ տրամագծով։ Պտղաբույլերը կարող են կազմված լինել 300 պտղից և ունենալ մինչև 50-60 կգ կշիռ[6]։

Բանան
ԵնթատեսակՀատապտղային բույսեր[1], tropical and subtropical fruit?[2] և միրգ[1]
 Bananas Վիքիպահեստում
Բանանի հասունացող պտուղներ, Վիետնամ
Տիպիկ ապրանքային բանաններ. Քավենդիշ սորտի կիսահաս բանաններ

Բանանը ամենահին մշակաբույսերից է, իսկ արևադարձային երկրների համար ամենակարևոր սննդային բույսը և արտահանման գլխավոր բաղադրիչն է։ Հասած բանանները ողջ աշխարհում լայնորեն կիրառվում են սննդի մեջ, դրանք օգտագործում են մեծաքանակ ճաշատեսակներ պատրաստելիս։ Բացի թարմ վիճակում կիրառումը՝ որոշ ժողովուրդների խոհանոցներում բանանը տապակվում կամ եփվում է թե՛ կեղևահանված վիճակում, թե՛ կեղևով[3][6]։ Բանանը նաև չորացնում են, պահածոյացնում, օգտագործում բանանի ալյուր, մարմելադ, օշարակ, գինի պատրաստելիս։ Բանանը կիրառվում է նաև որպես խոշոր եղջերավորների կեր։ Բանանի բույրը պայմանավորում են կատվախոտ-ամիլային և քացախ-ամիլային եթերները[6]։ Աճեցվում են տաք և խոնավ կլիմա ունեցող արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Գոյություն ունեն ուտելի բանանի բազմաթիվ տեսակներ[3]։

Չափսը, գույնը և ձևը կարող են զգալիորեն տարբերվել՝ կախված տեսակից կամ ցեղից, բայց ամենից հաճախ դրանք ունենում են երկարավուն գլանաձև կամ եռանիստ ձև՝ ձգված կամ կլորացած։ Պտղի երկարությունը տատանվում է 3-40 սմ-ի սահմաններում, հաստությունը՝ 2-8 սմ։ Կեղևի գույնը կարող է լինել դեղին, կանաչ, կարմիր կամ էլ նույնիսկ արծաթագույն։ Միջուկը՝ սպիտակ, կաթնագույն, դեղին կամ նարնջագույն։ Ոչ հասուն վիճակում այն կոշտ է ու կպչուն, բայց ըստ հասունացման աստիճանի՝ դառնում է փափուկ և հյութալի[7]։

Բազմաթիվ երկրներում բանանը հանդիսանում է սննդի հիմնական աղբյուրներից մեկը, օրինակ՝ միայն Էկվադորում 1 շնչի կողմից այս մթերքի տարեկան օգտագործումը կազմում է 73,8 կգ (համեմատության համար՝ Ռուսաստանում այս ցուցանիշը կազմում է 7,29 կգ)։ Բանանի սպառման զգալի մասը կազմում են Բուրունդիում (189,4 կգ), Սամոայում (85,0 կգ), Կոմորյան կղզիներում (77,8 կգ) և Ֆիլիպիններում (40,6 կգ)[8]։

Մշակում խմբագրել

Պատմություն խմբագրել

 
Մշակվող տեսակների բանանի բնական արեալներ: Musa acuminata արեալը ցույց է տրվում կանաչ գույնով, իսկ Musa balbisiana արեալը՝ նարնջագույն:

Բանանը ամենահին մշակաբույսերից է[9]։ Նրա հայրենիքն են համարվում Մալայան կղզեխմբի կղզիները, որտեղ, ինչպես ենթադրում են գիտնականները, հին ժողովուրդներն աճեցնում էին դրանք և սննդի մեջ կիրառում որպես ձկնային դիետայի լրացում[10]։ Ճանապարհորդելով Խաղաղ օվկիանոսի կղզիներով՝ նրանք պահեստավորում էին իրենց հայտնի միրգը և այդ կերպ նպաստում էին բանանի տարածմանը։ Ժամանակակից գիտնականներից առաջինը, ով հաստատեց բանանի աշխարհագրական ծագումը և դարձավ գիտական սելեկցիայի հիմնադիրներից մեկը, ակադեմիկոս Ն.Ի. Վավիլովն էր, ով 1920-1930-ական թվականներին հետազոտեց աշխարհի տարբեր տարածաշրջաններ և արդյունքները նկարագրեց «Մշակաբույսերի ծագման կենտրոններ»[11][12] աշխատության մեջ։

 
Բանանի մասին առաջին գրավոր հիշատակություններից մեկը պահպանվում է հին հնդկական «Մահաբհարաթա» ձեռագրերում:

Այս բույսի մասին ավելի վաղ հիշատակություններ մեզ հասել են հնդկական մշակույթի Ռիգվեդա արձանի միջոցով (մ.թ.ա. 17-11-րդ դարեր). հավանաբար այն ժամանակ ծովագնացների միջոցով բանանն արդեն ինտրոդուկցիայի էր ենթարկվել դեպի հնդկական ենթամայրցամաք։ Այս աղբյուրի մեջ բանանն անվանվել է մանգոյի և կոկռոշենու[9] կարգախմբին պատկանող ուտելի բույս։ Բույսի մասին հիշատակվում է հին հնդկական Մահաբհարաթա[13][14] և Ռամայանա[15] էպոսներում՝ ստեղծված մոտավորապես մ.թ.ա. 14-րդ դարում։ Մասնավորապես Ռամայանա ժողովածուի Արանյա-քանդա գրքում նշված է, որ կայսերական ընտանիքի անդամները կրում էին զգեստներ, որոնք հյուսված էին բանանի տերևների մանրաթելերից[9]։ Բուդդայական կանոնագրքում, որը գրված է պալի լեզվով, գտնվել է Ցեյլոնում և վերաբերում է մ.թ.ա. 5-4-րդ դարերին, նկարագրվում է, որ հոգևորականներին թույլատրվում է տոնական օրերին խմել բանանից[16] պատրաստված ըմպելիք։ Առաջին ոչ հնդկական գրավոր աղբյուրը, որում կարելի է գտնել բանանի մասին հիշատակություն, համարվում է մ.թ.ա. 4-րդ դարում ապրած հին հույն փիլիսոփա Թեոփրաստեսի «Բույսերի պատմություն»-ը։ Այս աշխատության մեջ փիլիսոփան կատարել է բույսերի համակարգային բնութագրման առաջին փորձը, ինչի շնորհիվ նրան համարում են բուսաբանության[17] հիմնադիրներից մեկը։ Չինացի մարտավար և գրող Յան Ֆուն (չինարեն՝ 楊阜), ով ապրել է չինական Լյան դինաստիայի ժամանակներում (502-557 թվականներին), իր «Զարմանահրաշ բաների հանրագիտարան»-ում հիշատակում է այս երկրում[9][18] բանանի աճեցման մասին։ Հռոմեացի գրող Պլինիոս Ավագը «Բնական պատմության» (77 թվական) մեջ հիշատակում է այն մասին, որ Ալեքսանդր Մակեդոնացին դեպի Հնդկաստան իր արշավանքի ժամանակ՝ մ.թ.ա. 327 թվականին փորձեց այդ միրգը և նույնիսկ իր հետ բերեց Եվրոպա[18]։ Եթե մինչ այդ արևմտյան աշխարհում չկա որևէ բացահայտ նշագրում բանանի մասին (հույները և հռոմեացիները դրա մասին խոսում են որպես «հնդկական պտղատու հրաշալի ծառի» մասին), ապա Պլինիոս Ավագի մոտ այն առաջին անգամ հիշատակվում է որպես «պալա» («pala»): Այս անվանումը մինչ օրս պահպանվել է մալայալամ[19] և պալի լեզուներում։

Որոշ գիտնականներ կարծում են, որ մինչ եվրոպացիների գալը՝ բանանը հայտնի է եղել նաև Հարավային Ամերիկայում։ Հաստատումները հիմնավորվում են նրանով, որ բանանի տերևների մնացորդները գտել են պերուական-հնդկական դամբարաններում։ Բացի այդ՝ ոմանք կարծում են, որ Հին Կտակարանում նշված «դրախտային միրգ»-ը, որը կերել էին Ադամն ու Եվան, կասկածվում է հենց բանանը[20][21]։ Վերջին հիմնավորումը ծայրաստիճան վիճելի է, քանի որ ո՛չ հին եգիպտացիները, ո՛չ հին հրեաները բանանի մասին ոչինչ չգիտեին։

650 թվականից հետո բանանը Հնդկաստանից արտահանվեց Պաղեստին և Աֆրիկայի արևելյան ափ. այս անգամ արաբների շնորհիվ, ովքեր ակտիվորեն զբաղվում էին ստրուկների և փղոսկրի վաճառքով (մինչ Մուհամմեդը՝ բանանի մասին արաբներին ոչինչ հայտնի չէր)։ Մուսուլմանների շրջանում բանանը հայտնի էր մուզ (արաբ․՝ موز‎‎, պարս.՝ موز, թուրքերեն՝ Muz) անվամբ։ Եվրոպացիների կողմից Արևմտյան Աֆրիկայի ակտիվ հետազոտման ժամանակ, որը տեղի ունեցավ XV դարում, բանանն այնտեղ արդեն բավականին հայտնի էր։ 1402 թվականից հետո պորտուգալացիները Գվինեայից Կանարյան կղզիներ բերեցին բանանը, որտեղ զբաղվում էին դրանց աճեցմամբ, իսկ 1516 թվականին՝ Կոլումբոսի կողմից Ամերիկան հայտնաբերելուց ընդամենը 24 տարի անց, այն ներմուծեցին նաև Հայիթի կղզի։ Վերջին ճանապարհորդությունը գլխավորում էր իսպանացի քարոզիչ, հոգևորական Թոմաս դե Բերլանգան (իսպ.՝ Tomas de Berlanga)[22]: Հարավային Ամերիկայում բանանի լայնամասշտաբ աճեցման մասին արդեն XVI դարում իր՝ «Պերուի քրոնիկան» աշխատության մեջ գրել է Պեդրո Սիոսա դե Լեոնը (1553 թվական)[23], իսկ մասնավորապես այն մասին, որ Պուերտո-Վիեխոյի հասարակածային շրջանում «կան նաև շատ իսպանական և տեղական սեխեր, բազմատեսակ բանջարեղեն և ընդեղեն, կան նարնջի և կիտրոնի բազմաթիվ ծառեր, և քիչ չեն բանանի ծառերը։ Որոշ վայրերում աճեցվում են արտասովոր արքայախնձորներ»։

Պտուղն ահա այսպես է նկարագրում 1686 թվականին Ֆիլիպիններ այցելած կապիտան Դամպիրը.

  Ոչ մեծ, պիզանգի երկարության կեսն ունեցող, բայց ավելի քաղցր ու փափուկ, ավելի քիչ հյութալի, ավելի նուրբ համով... Կարող եմ հաստատել, որ բանանը մյուս բոլոր պտուղների արքան է՝ չբացառելով անգամ կոկոսը.... Այն այնքան հիասքանչ է, որ իսպանացիները մյուս բոլոր պտուղների համեմատ նախապատվությունը տալիս են հենց դրան՝ որպես կյանքի համար ամենաօգտակար պտղի։ Այն աճում է 6-7 դյույմ երկարությամբ, մարդու ձեռքի հաստությամբ։ Կեղևը փափուկ է և պտղի հասունացմանը զուգահեռ դեղնում է... Պտուղն ավելի կոշտ չէ, քան յուղը ձմռանը և նույնպիսի դեղին գույն ունի, ինչպես յուղը։ Համը նուրբ է, այն հալչում է բերանի մեջ, ինչպես մարմելադը։  

Չնայած նրան, որ արևադարձային շրջաններում բանանը մեծ տարածում գտավ՝ եվրոպական և ամերիկյան երկրներում, որոնք ունեն բարեխառն կլիմա, բանանը շարունակում էր մնալ որպես հազվագյուտ արևադարձային մթերք, քանի որ դրա տեղափոխման և պահպանման հիմնական պահանջներից մեկը մշտական ջերմաստիճանն է, որը չպիտի գերազանցի 14 °C-ը[10]։ Միայն 19-րդ դարի երկրորդ կեսին՝ առաջին սառեցնող սարքավորումների հայտնագործմամբ և երկաթուղու կառուցմամբ, այդ միրգը ԱՄՆ-ի շուկաներ, ապա նաև Եվրոպա տեղափոխելու կայուն հնարավորություն ի հայտ եկավ։ 1866 թվականին Նյու Յորքի վաճառական Կառլ Ֆրանկն սկսեց ԱՄՆ ներկրել ոչ մեծ խմբաքանակով բանան, որն աճեցնում էին Պանամայի Կոլոն քաղաքի պլանտացիաներում։ 1870 թվականին ամերիկյան «Տելեգրաֆ» ձկնորսական նավի կապիտան Լորենսո Բեյքերը Պուերտո-Անտոնիոյից Ջամայկայով Նյու Ջերսի բերեց 160 ճութ բանան և շահավետ վաճառեց այն, ինչը հիմք դրեց այդ մրգի լայնամասշտաբ վաճառքին։ 1876 թվականին՝ ԱՄՆ-ի անկախության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ, որն անցկացվում էր Ֆիլադելֆիայում, բանանը վաճառվում էր հատիկով, փաթաթված անագաթերթի մեջ, մեկ հատիկի արժեքը 10 ցենտ էր, ինչն այն ժամանակվա համար շատ թանկ էր։ 1885 թվականին կապիտան Բեյքերը, բիզնեսմեն Էնդրյու Պրեստոնը և 9 ձեռներեցներ հիմնեցին Boston Fruit Company-ն, որը շրջադարձային էր Կարիբյան ծովում բանանի վաճառքի գործում։ 1899 թվականի մարտի 30-ին այն միացավ Մայնոր Քեյթի United Fruit Company[24] հետ։ Նույնիսկ մեր օրերում այս մրգի ոչ բոլոր տեսակներն են արտահանման համար պիտանի, և շատ պետություններ, ինչպես օրինակ՝ Չինաստանը, Հնդկաստանը, Թաիլանդը և Բրազիլիան, բանանն աճեցնում են միայն ներքին կիրառման համար կամ արտահանում են ոչ նշանակալի քանակությամբ[25]։

Աճեցում խմբագրել

 
Բանանի պլանտացիա

Որպես ուտելի մթերք՝ բանանը մշակվում է արևադարձային շրջաններում՝ մոտավորապես հս. լ. 30° և հվ. լ. 30°[3], ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա։ Բույսի աճեցման համար առավել նպաստավոր պայմաններ են համարվում ցերեկը 26-ից 35 °C-ը և գիշերը 22-ից 28 °C-ը[26]։ 16 °C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում աճն զգալիորեն դանդաղում է, իսկ 10 °C-ի դեպքում՝ առհասարակ դադարում։ Միայն եզակի տեսակներ, ինչպիսին է «Ռաջապուրի»-ն, ընդունակ է դիմակայելու է 0 °C-ից ցածր ջերմաստիճանին։ Ծովի մակերևույթից ունեցած բարձրությունը, որի վրա աճում է բույսը, կախված է աշխարհագրական լայնությունից՝ սովորաբար այն չի գերազանցում 920 մ-ը, չնայած Մաուի Հավայան կղզում դրանք աճում են 1000 մ բարձրության վրա, իսկ Նոր Գվինեայում՝ ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա[7]։ Այս մրգի մշակման համար մեծ նշանակություն ունի նաև խոնավության սահմանված ռեժիմը՝ չորային սեզոնը չպետք է ավելին լինի, քան տարեկան 3 ամիսը, իսկ տեղումների միջին քանակը պետք է կազմի ամսական 100 մմ-ից ոչ քիչ։ Հետևաբար, չորային կլիմայի[3] պայմաններում բանանի աճեցումը բացառված է։

 
Պտուղների տեղափոխում

Կարճատև ցրտելու դեպքում բանանի պլանտացիաները փորձում են ջերմացնել՝ դրանք ջրի տակ են առնում կամ ծխեցնում։ Բազմաթիվ մշակաբույսեր դյուրընկալ են ուժեղ քամու նկատմամբ՝ ոչ խորքային արմատային համակարգն անկարող է բույսն իր տեղում պահել, և միայն երկարաճյուղ տերևներն են փոքրացնում դրա ճնշումը։ Արդյունաբերական շրջաններում աճեցնելու համար պահանջվում է դրենաժավորում, ցանկալի է թթու հող։ Հողում, որը հարուստ չէ հանքանյութերով, լավ խնամքի դեպքում բույսերն էլի կաճեն, միայն թե այս դեպքում մշակումը տնտեսապես ձեռնտու չէ։ Պտուղների բերքատվությունը տարեկան կարող է հասնել 400 ց/հա[7]։

Տնկելուց սկսած մինչ պտուղների լիարժեք հասունացման ժամանակահատվածը սովորաբար կազմում է 10-12 ամիս, իսկ որոշ տեսակների համար՝ 17-19 ամիս։ Որպես պլանտացիա՝ ընտրում են ինչպես գետահովիտներում գտնվող բերքատու հողերը, այնպես էլ հարթ հողակտորները և բլուրների լանջերը։ Եթե հողն էրոզիայի ենթարկված չէ, տնկումից առաջ այն լավ փխրեցնում են։ Բազմացումը հիմնականում վեգետատիվ է, ավելի հազվադեպ՝ սերմերով։ Որպես կանոն՝ տնկումը տեղի է ունենում անձրևային սեզոնից առաջ կամ հետո, այս դեպքում տնկիներն ստանում են բավական քանակությամբ խոնավություն։ Տնկումների խտությունը տարբերվում է լայն սահմաններով և կախված է մի շարք գործոններից, օրինակ՝ ավելի խիտ տնկման դեպքում բարելավվում է քամուն դիմակայումը, սակայն մեծանում է հակումը հիվանդությունների նկատմամբ։ 1 հեկտարի վրա կարող է տեղավորվել 600-ից մինչև 4400 բույս[3]։

Պլանտացիայի աճի ժամանակ մոլախոտերի դեմ պայքարի համար կիրառվում են զանազան մեթոդներ, ինչպես, օրինակ, հերբիցիդների կիրառում, ցանքերի պաշտպանության նպատակով ցանքածածկում բանանի չոր տերևներով և նույնիսկ սագերի օգտագործում, որոնք ուտում են որոշ մոլախոտեր՝ չդիպչելով բանանին։ Եթե հողերը բավարար բերքատվություն չունեն, դրանք մշտապես բարելավում են. պարարտացման համար օգտագործվող հանքանյութերի բաղադրությունը կախված է յուրաքանչյուր առանձին դեպքից՝ դա կարող է լինել ազոտը, կալիումը կամ ֆոսֆորը։

Երբ բույսերը պտղաբերում են, դրանց համար անպայման փայտե կամ բամբուկե ձողերից հենարաններ են պատրաստում, որպեսզի դրանք չկոտրվեն պտուղների ծանրությունից, իսկ հենց պտուղները ծածկում են չորացած տերևներով, բրեզենտով, պարկացու կտորով կամ պլաստիկական զանգվածով։ Պտուղները քաղում են կանաչ ժամանակ, երբ դրանք հասունացել են ընդամենը 75 %-ով՝ այդ կերպ դրանք ավելի լավ են տեղափոխվում և պահպանվում։ Որպեսզի բանանը չկորցնի իր ապրանքային տեսքը, այն մշակում են կիտրոնի հյութով կամ թաթախում են ածխաթթվային հանքային ջրի մեջ[27]։ Որպես կանոն՝ միևնույն բույսը մշակվում է 5-6 տարվա ընթացքում, ինչից հետո նրա բերքատվությունը նկատելիորեն նվազում է. սովորական պայմաններում բանանը պտղաբերում է 25 և ավելի տարիների ընթացքում[3]։

Ռուսաստանում բանանն աճում է Սոչիի մերձակայքում, բայց պտուղները չեն հասունանում կերակրի մեջ պիտանի լինելու չափ, քանի որ ջերմաստիճանը ձմռանը զրոյից ցածր է լինում, իսկ հասունացման շրջանը շատ երկար է։ Ձմռանը բույսի մեծ մասը մահանում է, իսկ տաք օրերի մեկնարկի հետ դրանք կրկին վերականգնվում են։ Բանանի որոշ տեսակներ նախ և առաջ աճեցվում են որպես դեկորատիվ բույսեր։

Արդյունաբերություն խմբագրել

 
Բանանի փաթեթավորում Տեներիֆե կղզում, 1910 թվական
 
Բելիզում բանանը դասավորողներ, ովքեր բանանը պոկում են ճյուղերից, 2006 թվական

Բանանի արդյունաբերության ծաղկումն սկիզբ է առել XIX դարի երկրորդ կեսին, երբ սառեցնող սարքերի հայտնագործմամբ հնարավորություն ստեղծվեց այս ապրանքը բարեխառն կլիմա ունեցող տարածաշրջաններ փոխադրելու։ Դրա հիմնադիրներ են համարվում 2 ամերիկացիներ՝ Լորենցո Բեյքերը և Մայնոր Քեյթը, որոնք մեկը մյուսից անկախ 1870 և 1872 թվականներին զբաղվեցին այս մրգի՝ Լատինական Ամերիկայից դեպի ԱՄՆ փոխադրմամբ. առաջինը միրգը Ջամայկայից հասցրեց Բոստոն, իսկ երկրորդը Կոստա Ռիկայում պլանտացիա հիմնեց և ծովով մթերքը փոխադրում էր Նոր Օռլեան ու Նյու Յորք։ Առաջին փոխադրումները ռիսկային էին. անբարենպաստ քամու դեպքում նավերը հապաղում էին ճանապարհին, և մթերքն արագ փչանում էր։

Սակայն արդեն XX դարի սկզբին բիզնեսն սկսեց արագ զարգանալ, և ամերիկացի գրող Օ. Հենրիի («Արքաներ և կաղամբներ» պատմվածքների շարքը) թեթև ձեռքով նույնիսկ նոր հասկացություն ի հայտ եկավ՝ «բանանային հանրապետություն», որը վերաբերում էր տնտեսապես թույլ պետություններին, որոնք ամբողջովին կախված էին այդ մրգի արտահանումից։ Արդյունաբերության բուռն զարգացումը շարունակվեց նաև XX դարում՝ միայն 1961-ից 2001 թվականների ընթացքում ապրանքի արտադրությունը մեծացավ ավելի քան 3,5 անգամ[28]։

Ներկայումս բանան աճեցնում են խոնավ արևադարձային կլիմա ունեցող բոլոր երկրներում, հատկապես՝ զարգացող։ ՄԱԿպարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում աճեցված բանանի ընդհանուր ծավալը 2001 թվականին կազմել է մոտավորապես 99 մլն տոննա (թիվը մոտավորապես է, քանի որ հաշվարկում է ողջ բերքը, այդ թվում՝ տնամերձ հողատարածքները)։ Ոչ բոլոր պետություններն են զբաղվում այս մթերքի արտահանմամբ, օրինակ՝ Հնդկաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Թաիլանդը այն աճեցնում են միայն ներքին օգտագործման համար[25]։

Սակայն արտադրման ծավալով Հնդկաստանը և Չինաստանը, ինչպես նաև Ֆիլիպինները առաջնային դիրք են գրավում աշխարհում՝ Հնդկաստանի բաժինը կազմում է մոտ 25 %, իսկ Բրազիլիայի և Էկվադորի բաժինները՝ յուրաքանչյուրը 9 % (միջին ցուցանիշները՝ 2001-2005 թվականներ)[28]։ Ողջ արտահանման 80 %-ը բաժին է հասնում Լատինական Ամերիկային, մասնավորապես՝ Էկվադորին (28,5 %), Կոստա Ռիկային (13,9 %), Կոլումբիային (10,0 %) և Գվատեմալային (5,8 %)։ Արտահանման մեծ մասը բաժին է հասնում Ֆիլիպիններին (11,7 %) (2001-2005 թվականների միջին ցուցանիշներ, ՊԳԿ)։ Բազմաթիվ կղզիական պետություններում բանանը արտահանման շահույթի առյուծի բաժինն է բերում, օրինակ՝ Սենթ Լյուսիում այն կազմում է գրեթե կեսը (49,6 %)։ Մթերքի հիմնական ներկրողներն են՝ Եվրամիությունը (33,9 %), ԱՄՆ-ն(28,3 %) և Ճապոնիան (7,1 %) (2001-2004 թվականների միջին ցուցանիշները, ԳՊԿ)։

Բանանի համաշխարհային արտադրությունը՝ ըստ տարիների (հազար տոննա)
1965 26 395
1970 31 342
1975 31 350
1980 36 687
1985 39 736
1990 46 809
1995 56 610
2000 65 124
2005 78 873
2006 85 373
2007 89 822
2008 93 813
2009 97 378
2012 101 993
Աշխարհի՝ բանան արտադրող ամենախոշոր 15 պետությունները (հազար տոննա)
Աղբյուր՝ Գյուղատնտեսության և պարենի կազմակերպություն, ՄԱԿ
Պետություն 1985 1995 2005 2009 2012
  Հնդկաստան 5389 10182 18887 26996 24869
  Ֆիլիպիններ 3704 4236 6298 9013 9225
  Չինաստան 829 3297 6666 9006 10845
  Էկվադոր 1969 5403 6118 7637 7012
  Բրազիլիա 5007 5801 6703 6783 6902
  Ինդոնեզիա 1908 3805 5177 6273 6189
  Տանզանիա 155 130 2007 3219 2524
Կաղապար:GUA 484 780 1231 2544 2700
  Կոստա Ռիկա 1007 2122 1875 2365 2136
  Մեքսիկա 1995 2032 2250 2232 2204
  Կոլումբիա 1200 1631 1798 2020 1982
  Վիետնամ 1080 1282 1344 1532 1560
  Թաիլանդ 1580 1750 2000 1528 1650
  Պապուա Նոր Գվինեա 470 710 900 1187 1180
  Եգիպտոս 203 498 880 1100 1129

Կիրառում խմբագրել

Օգտագործումը սննդի մեջ խմբագրել

 
Տապակած պլանտան

Բազմաթիվ երկրներում բանանը հանդիսանում է կերակրի հիմնական աղբյուրներից մեկը, օրինակ՝ միայն Էկվադորում այս մթերքի տարեկան օգտագործումը կազմում է 73,8 կգ՝ բնակչության 1 շնչի հաշվով (համեմատության համար՝ Ռուսաստանում այս ցուցանիշը հավասար է 7,29 կգ)։ Բանանի օգտագործման մեծ բաժին է հասնում նաև Բուրունդիին (189,4 կգ), Սամոային (85,0 կգ), Կոմորյան կղզիներին (77,8 կգ) և Ֆիլիպիններին (40,6 կգ)[8]։

Բանանի ուտելի տեսակները պայմանականորեն բաժանվում են 2 հիմնական խմբերի՝ աղանդերային՝ հիմնականում հում կամ չոր վիճակում կիրառվող, և պլատանո, որոնք օգտագործումից առաջ պահանջում են ջերմային մշակում։ Աղանդերային տեսակների միջուկը շատ քաղցր համ ունի, պարունակում է մեծ թվով ածխաջրեր, վիտամին C և օրգանիզմի համար անհրաժեշտ որոշ հանքանյութեր, ինչպիսիք են՝ ֆոսֆորը, երկաթը, կալիումը, կալցիումը և մագնեզիումը (տես. սննդային առանձնահատկությունների աղյուսակն ստորև)։ Պլատանոն (իսպաներեն plátano՝ սոսի բառից, որն իր հերթին ծագում է լատիներեն plantāgin՝ եզան լեզվի[29] ցողուն), որպես կանոն, կանաչ կամ կարմիր կեղևով, օսլայաշատ, կոշտ և ոչ քաղցր միջուկով, մինչ կերակուրների մեջ օգտագործելը տապակում են յուղի մեջ, եփում կամ շոգեխաշում։ Բացի սննդի մեջ կիրառումը՝ պլանտանները հաճախ կիրառում են նաև որպես ընտանի կենդանիների անասնակեր[10]։

Մեր օրերում աճեցվող գրեթե բոլոր բանանները (ինչպես աղանդերային տեսակները, այնպես էլ պլատանո) հանդիսանում են մշակաբույսերից (մարդու կողմից ստեղծված արհեստական տեսակի) մեկի՝ Musa × paradisiaca-ի տարատեսակներ, որը հանդիսանում է սրածայր բանանի (Musa acuminata), Բալբիսա բանանի (Musa balbisiana) և Մակլայա բանանի (Musa maclayi)[10][30] հիբրիդը։

Տեսակներ խմբագրել

Ընդհանուր առմամբ հայտնի է բանանի 500 մշակովի տեսակ, սակայն նրանց մի մասը քիչ հայտնի է կամ այլևս չի մշակվում՝ հիվանդություններով վարակվելու պատճառով։ Աշխարհում բանանի ամենամեծ հավաքածուն, որն ներառում է ավելի քան 470 տեսակ և շուրջ 100 ձև, գտնվում է Հոնդուրասի[3] Լա-Լիմա մունիցիպալիտետում։

  • Երկպլոիդներ (միջուկում երկպլոիդային հավաքածու ունեցող տեսակներ (2n)).
    • Լեդի Ֆինգեր, կամ Կանացի մատ («Lady Finger», «Date», «Fig», «Dedo de Dama» և այլն)՝ բույս, որն ունի մինչև 7,5 մ բարձրություն, բարակ ցողուն և լավ զարգացած արմատային համակարգ։ Պտուղները մեծ չեն՝ 10-12,5 սմ երկարությամբ, բաց դեղնավուն՝ կարմրա-շագանակագույն կետ-գծիկներով, հաստ կեղևով, աննշան շերտավոր։ Մի ողկույզն ունենում է 12-20 պտուղ։ Միջուկը փափուկ է, շատ քաղցր։ Լայնամասշտաբ մշակում ունի Ավստրալիայում, ինչպես նաև տարածված է Լատինական Ամերիկայում։ Տեսակը կայուն է երաշտի, պանամյան հիվանդության, բրնձային երկարաճիթ բզեզի (Sitophilus oryzae) նկատմամբ։ «Գրո-Միշել» տեսակի համեմատ ավելի քիչ փոխադրելի է։
 
Բանանի տարբեր տեսակներ
  • Եռապլոիդներ (միջուկում եռապլոիդ հավաքածու ունեցող տեսակներ (3n)).
    • Գրո-Միշել («Gros Michel»)՝ անցյալում Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երկրներում բանանի ամենաշատ վաճառվող տեսակներից մեկը։ Մշակվում է Կենտրոնական Ամերիկայի և Կենտրոնական Աֆրիկայի պետություններում։ Բարձր բույս է, պտուղները հաստ կեղև ունեն, խոշոր են, դեղին, քաղցր, օսլայի մեծ քանակությամբ։ Օժտված է լավ փոխադրելիությամբ։ Բույսն արագ դեգրադացիայի ենթարկվեց Fusarium oxysporum սնկի ազդեցությամբ, որն առաջացրեց «պանամյան հիվանդություն»։ Վերջին շրջանում ընդհանրապես չի մշակվում։
    • Գաճաճային Կավենդիշ («Dwarf Cavendish»)՝ ոչ բարձր (1,8—2,4 մ), լայն տերևներով բույս։ Կայուն է ցածր (մինչև 0 °C) ջերմաստիճանի նկատմամբ։ Պտուղները վառ դեղին են, միջին չափի, նրբակեղև[31]։ Արտաքնապես այս տեսակը տարբերվում է նրանով, որ ի տարբերություն մյուսների՝ ծաղկման շրջանում իր արական ծաղիկները չեն թափվում, այլ չորանում են, արդյունքում՝ բույսը ծաղկած տեսք է ունենում։ Հասած պտուղների կեղևի վրա (ինչպես և Կավենդիշ խմբի այլ տեսակների մոտ) առաջանում են դարչնագույն մանր ցաներ։ Աճում է Արևմտյան Աֆրիկայում և Հարավային Աֆրիկայում, ինչպես նաև Կանարյան կղզիներում։ Այս տեսակը դյուրընկալ է սև երկարաճիթ բզեզի (Cosmopolites sordidus) և կլոր որդերի (Nematoda) նկատմամբ։
    • Հսկա Կավենդիշ («Giant Cavendish», «Mons Mari», «Williams», «Williams Hybrid»)՝ 2,5—5 մ բարձրությամբ բույս։ «Գաճաճային Կավենդիշ»-ի համեմատությամբ՝ պտուղներն ավելի հաստ կեղև ունեն և ավելի խոշոր են։ Մշակվում է Թայվանում, Հավայան կղզիներում, Կոլումբիայում, Ավստրալիայում, Մարտինիկայում և Էկվադորում։
    • Լակատան («Lacatan», «Pisang masak hijau»)՝ Կավենդիշ խմբի ամենաբարձր բույսը՝ բարձրությունը կազմում է 420—490 սմ, պտղի երկարությունը՝ 15-20 սմ։ Աճում է Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում, Մալազիայում և Ջամայկայում։ Տերևներն ունեն կարմիր ծայրեր։ Զգայուն է սև երկարաճիթ բզեզի և կլոր որդերի նկատմամբ։ Ներկայումս արդյունաբերական շրջաններում չի աճեցվում՝ պտուղների վատ պահպանելիության պատճառով։
 
Պլատանոն զգալի խոշոր է երևում՝ աղանդերային տեսակների համեմատությամբ:
    • Ռոբուստա («Robusta»)՝ Կավենդիշ խմբի ևս մեկ տեսակ, որը մոտ է «Լակատան» տեսակին, սակայն ի տարբերություն վերջինիս՝ ավելի ցածրահասակ է։ Արդյունաբերական շրջաններից մշակվում է Բրազիլիայում, Սամոայում, Ֆիջիում և Ավստրալիայում։ Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ է աճեցվում Կարիբյան կղզիներում և Կենտրոնական Ամերիկայում, որտեղից դուրս են մղվում «Լակատան»-ը և «Գրո-Միշել»-ը։
    • Վալերի («Valery»)՝ Կավենդիշ խմբի ամենաբարձր բույսերից մեկը։ Ըստ սննդային հատկանիշների՝ գրեթե չի տարբերվում «Ռոբուստա»-ից, բայց պտուղը, ի տարբերություն այս խմբի մյուս տեսակների, պատրաստման ժամանակ կոշտանում է և ըստ խտության՝ հիշեցնում է մոմանյութ։ Կայուն է «պանամյան հիվանդության» նկատմամբ, սակայն դյուրընկալ է սև երկարաճիթ բզեզի և կլոր որդերի նկատմամբ։
    • Այս Քրիմ («Ice Cream», «Cenizo», «Krie»)՝ երկար, ծաղկավոր ցողունով բարձր (300—450 սմ) բույս։ Աճեցվում է Հավայան կղզիներում, Ֆիլիպիններում և Կենտրոնական Ամերիկայում։ Պտուղն ունի 17,5—22,8 սմ երկարություն, ի տարբերություն այլ տեսակների՝ խակ վիճակում ունի բաց կապտավուն և արծաթագույն երանգավորում, իսկ հասունանալիս դառնում է գունատ դեղին։ Միջուկն սպիտակ ու քաղցր է։
    • Մայսուր («Mysore», «Fillbasket», «Poovan»)՝ հնդկական տեսակ՝ 420—480 սմ բարձրությամբ, այս երկրում զբաղեցնում է բանանի արդյունաբերության շուրջ 70 %-ը։ Անվանակոչված է ի պատիվ Մայսուր քաղաքի, որն իր մեծությամբ Կառնատակա նահանգի 2-րդ քաղաքն է։ Ինչպես նաև աճեցվում է Բիրմայում, Թաիլանդում, Մալազիայում և Ցեյլոնում։ Կայուն է «պանամյան հիվանդության» նկատմամբ։ Պտուղները միջին չափի են, նրբակեղև, վառ դեղին, թթվաքաղցրավուն համով։
    • Ռաջապուրի («Rajapuri»)՝ նույնպես հնդկական տեսակ է՝ 210-240 սմ բարձրությամբ։ Աճեցվում է դաշտերի ծայրամասային հողակտորներում, կայուն է ուժեղ քամու, ոչ պտղաբեր հողի և նույնիսկ թեթև սառնամանիքների նկատմամբ։ Այլ տեսակների համեմատ՝ տերևներն ավելի լայն են՝ մինչև 90 սմ։ Պտուղը խոշոր է և շատ քաղցր։

Սննդային արժեք խմբագրել

Բանանի սննդային հատկանիշները՝ մթերքի 100 գ[3]՝

Աղանդերային բանան Պլատանո
Հասած Կանաչ Չորացրած Ալյուր (կանաչ) Հասած Կանաչ Չորացրած
(կանաչ վիճակում)
Էներգետիկ արժեք (կալորիականություն (կկալ)) 65,5—111 108 298 340 110,7—156,3 90,5—145,9 359
Ջուր (գ) 68,6—78,1 72,4 19,5—27,7 11,2—13,5 52,9—77,6 58,7—74,1 9,0
Սպիտակուցներ (գ) 1,1—1,87 1,1 2,8—3,5 3,8—4,1 0,8—1,6 1,16—1,47 3,3
Ճարպեր (գ) 0,016—0,4 0,3 0,8—1,1 0,9—1,0 0,1—0,78 0,10—0,12 1,4
Ածխաջրեր (գ) 19,33—25,8 25,3 69,9 79,6 25,50—36,81 23,4—37,61 83,9
Դիետիկ մանրաթելեր (գ) 0,33—1,07 1,0 2,1—3,0 3,2—4,5 0,30—0,42 0,40—0,48 1,0
Մոխիր, այդ թվում՝ կալիում (գ) 0,60—1,48 0,9 2,1—2,8 3,1 0,63—1,40 0,63—0,83 2,4
Կալցիում (մգ) 3,2—13,8 11 30—39 5,0—14,2 10,01—12,2 50
Ֆոսֆոր (մգ) 16,3—50,4 28 93—94 21,0—51,4 32,5—43,2 65
Երկաթ (մգ) 0,4—1,50 0,9 2,6—2,7 0,11—0,40 0,56—0,87 1,1
β-կարոտին (մգ) 0,006—0,151 0,11—1,32 0,06—1,38 45
Թիամին (վիտամին B1) (մգ) 0,04—0,54 0,04—0,11 0,06—0,09 0,10
Ռիբոֆլավին (լակտոֆլավին, վիտամին B2) (մգ) 0,05—0,067 0,04—0,05 0,04—0,05 0,16
Վիտամին B3 (PP), (Նիկոտինաթթու) (մգ) 0,60—1,05 0,48—0,70 0,32—0,55 1,9
Ասկորբինաթթու (մգ) 5,60—36,4 18—31,2 22,2—33,8 1,0
Տրիպտոֆան (մգ) 17—19 8—15 7—10 14,0
Մեթիոնին (մգ) 7—10 4—8 3—8
Լիզին (մգ) 58—76 34—60 37—56

Ճաշատեսակներ խմբագրել

 
Ածխի վրա տապակված բանաններ: Ինդոնեզիայի Սումատրա կղզում բանանի պատրաստման ավանդական եղանակ:

Բարեխառն կլիմա ունեցող պետություններում բանանն ավելի հաճախ ընդունվում է որպես աղանդերային մթերք, որը սննդի մեջ օգտագործում են կեղևահանված վիճակում կամ էլ օգտագործում են հրուշակագործության և պաղպաղակի պատրաստման ժամանակ՝ որպես հավելում։ Սակայն արևադարձային երկրներում ավելի հաճախ կիրառում են պլանտանները՝ բանաններ, որոնք որոշակի ջերմային մշակման կարիք ունեն։ Մշակվող բանանի շուրջ 80 %-ը պատկանում է հենց այս կատեգորիային[32]։

Կարիբյան ծովի կղզիներում այն եփում են կեղևով՝ դրան ավելացնելով բոլոր հնարավոր համեմունքները՝ աղ, քացախ, սև պղպեղ, ձիթապտղի յուղ, սոխ, սխտոր և այլն։ Կոստա Ռիկայում բանանից պատրաստում են այսպես կոչված «մեղր»՝ թանձր մրգահյութ, որը ձևավորվում է կեղևահանված պտուղների երկար եփման արդյունքում։ Ձիթապտղի յուղի մեջ տապակված բանանը սովորական խավարտ է համարվում տարատեսակ ճաշատեսակների մատուցման ժամանակ։ Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում (Հոնդուրասում, Դոմինիկյան Հանրապետությունում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Կուբայում, Նիկարագուայում, Պանամայում, Պերուում, Պուերտո Ռիկոյում, Տրինիդադում և Տոբագոյում, Էկվադորում և Ջամայկայում) տարածված է մադուրոս (maduros) անվամբ ճաշատեսակը՝ հասած և կեղևազրկված պլանտանները կտրտում են կոր բլթակներով՝ 3-4 մմ հաստությամբ, աղ են ցանում և յուղի մեջ տապակում՝ մինչ ոսկեգույն-շագանակագույն թաղանթի ձևավորվելը։ Գործածելուց առաջ դնում են սրբիչով[33][34] ծածկված ափսեի մեջ։ Վենեսուելայում հայտնի է յո-յո (Yo-Yo) ազգային ճաշատեսակը՝ տապակած բանանի 2 բլիթների մեջ դրվում է մի կտոր փափուկ, սպիտակ պանիր, և այդ ամենն ամրացնում են փայտե ատամնափորիչով։

Պերուում որպես ամենօրյա ճաշատեսակ տարածված է պլատանոսից պատրաստված ուտեստը՝ չապպո-ն։ Կանաչ պլանտաններից մաքրում են կեղևը, եփում մոտ 20 րոպե, ինչից հետո ճզմում են։ Ստացված խյուսն էլ հենց չապպոն է։ Լինում է 2 տեսակի՝ սովորական և քաղցր։ Քաղցր տարբերակի համար վերցվում են կանաչ պլանտանները՝ մադուրոս-ը (maduros):

 
Բանանի չիպս

Պոլինեզիայում և Խաղաղ օվկիանոսի այլ կղզիներում անհաս պտուղները թխում են քարերի վրա։ Երբ բանանը հասունանում է, պտուղները բաժանում են բլթակների, ավելացնում կոկոս կամ կոկոսի կրեմ, փաթաթում են բանանի տերևների մեջ և թխում վառարանում։ Պոլինեզիացիների մոտ մասի (masi) ճաշատեսակ պատրաստելու ավանդույթ կա՝ բանանի կամ հացի ծառի պտուղների պահածոներ, որոնք պատրաստված են սովահարության դեպքերի համար։ Նախ՝ փոսի հիմքում փռում են տերևներ։ Հետո՝ փոսի մեջ շերտերով դասավորում են պտուղները, որոնք փաթաթված են լինում հելիկոնիայի տերևների մեջ։ Փոսը ծածկվում է բանանի տերևների ևս մեկ շերտով, և վերևում դրվում է ճնշաքար։ Երբ զանգվածի խմորումն ավարտվում է, այն արդեն 1 ամսից պատրաստ է օգտագործման համար և պահպանվում է 1 տարվա ընթացքում։ Օգտագործելուց առաջ նրան թխվածքաբլիթի կամ բլիթի տեսք են տալիս և թխում վառարանի մեջ[3][4]։

Կոտ դ'Իվուարում տարածված է ալոկո (Aloco) նավամբ ճաշատեսակ՝ պլանտանների բլթակները լոլիկների, կտրտած սոխի և կարմիր պղպեղի հետ միասին տապակում են արմավենու յուղի մեջ և մատուցում են գրիլի մեջ տապակված ձկան[35][36]. В Западной Африке հետ, և հատկապես Նիգերիայում հայտնի է եվա-դոդո (Ewa dodo) ուտելիքը՝ դրա մեջ բանանը թյուննոսի կամ իրական ծովախեցգետնի համար որպես խավարտ է ծառայում։ Գանայում եգիպտացորենի ալյուրից և բանանից պատրաստված խմորին ավելացնում են համեմունքներ՝ սոխ, կոճապղպեղ և պղպեղ, պատրաստում են յուղաբլիթներ, որոնք հայտնի են «ֆաթալ» (fatale) անվամբ։ Ռագու «ֆուֆու»-ն (fufu), որը կիրառվում է ապուրի հետ միասին, այդ թվում ներառում է բանան[3]։

 
Ճեղքված բանան

Ֆիլիպիններում տարածված է այսպես կոչված «բանանային կետչուպ»-ը, որն ի հայտ է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ ճապոնական օկուպացիայի ժամանակ, երբ սովորական լոլիկային կետչուպը դեֆիցիտ էր։ Այն պատրաստվում է բանանային խյուսից, որն ներառում է շաքարավազ, քացախ, համեմունքներ և սննդի կարմիր ներկանյութ։

ԱՄՆ-ում տարածված է «ճեղքված բանան» կերակրատեսակը։ Այն իրենից ներկայացնում է բանանի բլթակներ, որոնք ափսեի մեջ են դրվում պաղպաղակի հետ միասին, իսկ վրայից ավելացվում է հարած սերուցքը:Այսպիսի աղանդերը հաճախ կիրառվում է ռեստորանի «ձևական» ճաշից հետո։

Բացի բանանի պտուղից՝ Բենգալիայում և Կերալայում սննդի մեջ կիրառում են նաև ծաղկման շրջանի ծաղիկը՝ կա՛մ հում վիճակում՝ այն թաթախելով սոուսի մեջ, կա՛մ եփած վիճակում՝ ապուրներում և եփահյութերում (այսպես կոչված՝ «կերրի» կամ «կարրի»)։

Բանանը մտնում է մանկական սննդի, ջեմերի, բանանի հացի, սուռոգատային սուրճի, պաղպաղակի և չիպսի արտադրության մեջ։ Բանանի ալյուրը հանդիսանում է հրուշակագործության բաղադրիչներից մեկը։ Պտուղներից պատրաստում են զանազան ըմպելիքներ, այդ թվում նաև՝ ալկոհոլային խմիչք՝ գարեջուր և գինի։ Չորացված բանանը հայտնի է որպես «բանանային թուզ», կարող է պահպանվել բավականին տևական ժամանակ։ Բացի հենց պտղից՝ սննդի մեջ կարող են կիրառվել նաև բույսերի մատղաշ ընձյուղները. օրինակ՝ Հնդկաստանում դրանք ուտում են որպես բանջարեղեն և ավելացնում են կարրի սոուսի մեջ։

Բժշկության մեջ և կոսմետոլոգիայում խմբագրել

Բանանի բոլոր մասերը իրենց գործածումն են գտնում բժշկության մեջ։ Բույսի ծաղիկները կիրառում են դիզենտերիայի, ստամոքսի խոցի և բրոնխիտի բուժման ժամանակ։ Ծաղիկների թուրմը խմում են շաքարային դիաբետի ժամանակ։ Տտիպ հյութն օգնում է նյարդային խանգարումների, էպիլեպսիայի, բորի, ստամոքսի խանգարումների, առատ արյունահոսության դեպքում։ Մատղաշ բույսի տերևներն օժտված են այրվածքներն ու մաշկի վերքերն ամոքելու հատկությամբ։ Արմատներն օգտագործում են մարսողության խանգարումների և դիզենտերիայի[3] դեպքում։ Ունենալով մի շարք օգտակար հանքանյութեր՝ բանանի պտուղները կարող են օգնել անեմիայի (դրանց մեջ պարունակվող երկաթն անհրաժեշտ է հեմոգլոբինի արտադրման համար), արյան բարձր ճնշման (դրանցում առկա կալիումը նպաստում է դրա իջեցմանը), ընկճախտի, այրոցի (գիտնականների հետազոտությունների համաձայն՝ բանանի մեջ առկա տրիպտոֆանը նպաստում է մարսողության բարելավմանը) և նախադաշտանային սինդրոմի դեպքերում։ Կոսմետոլոգիայի մեջ բանանի կեղևն օգտագործում են որպես գորտնուկների հեռացման բնական միջոց[37][38]։

Որպես անասնակեր խմբագրել

Մշակովի տեսակի մնացորդները, ինչպես նաև այս բույսի՝ սննդի մեջ չօգտագործվող որոշ ձևեր, հաճախ օգտագործվում են որպես տնային կենդանիների անասնակեր։ Անհաս պտուղներով հաճախ կերակրում են մոտակայքում գտնվող խոշոր եղջերավոր անասուններին, չնայած նման պտուղները որոշակի թուլացնող ազդեցություն ունեն։ Եփված մնացորդները, ինչպես նաև բանանի ալյուրը մեծապես օգտագործում են տնային խոզերի կերի մեջ։ Ինչպես նաև բանանը կազմում է մսացու ճտերի[3] ռացիոնի մի մասը։

Այլ կիրառումներ խմբագրել

 
Հինդուիստական ավանդական արարողակարգերի ժամանակ աստվածությանը առաջարկվող կերակուր՝ պրասադ, որը կարող է մատուցվել բանանի տերևի վրա:

Ոչ իսկական ցողուններն օգտագործվում են լաստանավերի և նստատեղերի[39] բարձիկների պատրաստման ժամանակ։ Արևմտյան Աֆրիկայում այս ցողուններից պատրաստում են ձկնորսական սարքեր։ Ֆիլիպիններում ցողուններն ավելացնում են թափանցիկ գործվածքին, որոնցից կարում են կանացի բլուզներ և տղամարդու վերնաշապիկներ։ Բանանի չորացված կեղևը, իր մեջ պարունակվող տանինի մեծ քանակի շնորհիվ, օգտագործում են որպես կաշվե արտադրանքի սև ներկանյութ։ Այն նաև օգտագործվում է օճառի պատրաստման ժամանակ, քանի որ նրա մոխիրը պարունակում է կալիումի կարբոնատ։

Մեծ տարածում է գտել տեքստիլային բանանը կամ աբական (Musa textilis)՝ ոչ իսկական ցողունից ստացված փափուկ և դիմացկուն մանրաթել, որը հայտնի է որպես մանիլային կանեփ, օգտագործվում է ծովային խարսխապարանների և ձկնորսական ցանցերի պատրաստման ժամանակ։ Այսպես կոչված հոբուսյան բանանը (Musa ensete), որը հաճախ վերագրում են Ensete (Ensete ventricosum) ցեղին, աճեցնում են Աֆրիկայում՝ որպես սննդային և միաժամանակ տեքստիլ բույս[40]։

Բանանի տերևները հաճախ որպես դեկորատիվ տարր են օգտագործում բուդդայական և հինդուական մշակութային արարողակարգերում։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Հնդկաստանը և Շրի Լանկան, դրանք կիրառվում են նաև որպես սկուտեղ կամ ափսե՝ ավանդական հարավասիական կերակուրը մատուցելու համար, որը գործածում են առանց սեղանի սպասքի։ Հնդկացիները կարծում են, որ բանանի տերևը, որի վրա մատուցվում է ճաշը, ինքնատիպ համ[41] է տալիս կերակուրին։

Մեքսիկայի հարավում բանանի տերևները հաճախ կիրառվում են ավանդական «տամալե» ճաշատեսակի պատրաստման ժամանակ՝ դրան ավելի բնորոշ եգիպտացորենի տերևի փոխարեն (տերևի մեջ փաթաթում են մսի կամ ընդեղենի միջուկը, և այդ «կարկանդակիկը» հետո եփում են կաթսայի մեջ)։ Բանանի տերևները հաճախ կիրառվում են որպես մթերքը փաթաթելու և փաթեթավորելու հումք և որպես այդպիսին՝ «անձրևանոց» կամ «անջրանցիկ վերարկու»՝ անձրևից[39]։ Լատինական Ամերիկայի երկրներում բանանով Fe'i banana[en] ծածկում են տանիքները և անգամ կիրառում են որպես փաթեթավորման թուղթ՝ ծխախոտ[39] պատրաստելիս։ Բացի այդ՝ բանանի տերևը կիրառվում է նաև որոշ հնդկացիների կողմից՝ որպես զուգարանի թուղթ։ Որոշ ագարակատերեր բանանն աճեցնում են բացառապես բերքի տերևները հավաքելու նպատակով։

Բրազիլիայի Կենսաբանական գիտությունների ինստիտուտից Գուստավո Կաստրոն և նրա գործընկերներն առաջարկեցին բանանն օգտագործել խմելու ջուրը ծանր մետաղներից (պղնձից և կապարից) մաքրելու համար։ Դրա համար տակառի մեջ ավելացնում են բանանի չորացված և մանրացված կեղև, որը 10 րոպեի ընթացքում մաքրում է ջուրը։ Բանանի կեղևից պատրաստված ֆիլտրերը կարող են աշխատել 11 ցիկլ՝ առանց հատկությունները կորցնելու։ Այս եղանակը ավելի լավ արդյունք ցուցաբերեց մի քանի այլ եղանակներից, սակայն այն համապատասխանում է միայն արդյունաբերական կիրառմանը[42]։

Հիվանդություններ և վնասատուներ խմբագրել

Երկար տարիների ընթացքում մարդիկ, բանանի աճեցմամբ զբաղվելով, կարողացան առանձնացնել տեսակներ, որոնք օժտված են լավագույն համային որակներով, սակայն, այդուհանդերձ, զգալի չափով նվազեցրին դրա տարատեսակությունը՝ մնացածն ուղղակի չդիմակայեցին մրցակցությանը։ Արդյունքում մեծ տարածում գտան հիվանդությունները և մակաբույծները, որոնք վարակում էին միայն այդ տեսակները։ Ի տարբերություն վայրի տեսակների՝ մշակովի բույսերը ունակ են զարգանալու միայն վեգետատիվ եղանակով, քանի որ նրանց պտուղները գրեթե չեն պարունակում սերմեր։ Դրանով էլ պայմանավորված՝ նոր տեսակների առանձնացումը, որոնք կայուն լինեին հիվանդությունների և մակաբույծների նկատմամբ, բավականին խնդրահարույց եղավ. սելեկտիվ ընտրության համար պահանջվում են սերմեր, իսկ երեք հարյուր պտղից ստացվում է ընդամենը մեկ սերմ։ Արդյունքում՝ այս մրգի մշակումը հայտնվեց դադարեցման սպառնալիքի ներքո[43]։

Հիվանդություններ խմբագրել

Բանանի արդյունաբերության ամենամեծ սպառնալիքներից մեկը հանդիսանում է այսպես կոչված «պանամյան հիվանդություն»-ը՝ հիվանդություն, որը հարուցվում է Fusarium oxysporum f.sp. cubense[en] սնկի միջոցով։ Առաջին անգամ այս սունկը հայտնաբերվել է Սուրինամում, և 1920-ական թվականներին դրանով վարակվեցին Կենտրոնական Ամերիկայում գտնվող բանանի բոլոր պլանտացիաները, ներառյալ՝ Հոնդուրասը՝ այդ տարիների ամենախոշոր արտահանողը։ Սունկն ապրում է հողում, սակայն վարակված արմատների միջոցով թափանցում է տերևների մեջ և դրանք ներկում դեղին, ինչից հետո մեռուկանում է։ 1950-ական թվականներին ամենահայտնի տեսակներից մեկը՝ «Գրո-Միշել»-ը, գործնականում իսպառ ոչնչացավ՝ այս հիվանդության ազդեցությամբ[44][45]։ Թայվանի՝ Բանանի հետազոտական ինստիտուտի տնօրեն Խուան Սին-Չուանի խոսքերով՝ «պանամյան հիվանդությունը կարծես քաղցկեղ է։ Հստակ հայտնի չէ՝ ինչից է այն առաջանում, և նրա դեմ արդյունավետ միջոցներ չկան»[46]։ Այս հիվանդության տարածումից խուսափելու միակ եղանակը վարակված բույսը մեկուսացնելն է կամ նոր՝ չօգտագործված հողակտորների օգտագործումը։ Այս սնկի հետ պայքարի արդյունքում ոչնչացվեցին միլիոնավոր ակրերով խոնավ արևադարձային անտառներ[45]։

Սիգատոկա, հիվանդություն, որը հարուցվում է Mycosphaerella musicola[en] սնկի միջոցով (կոնիդիալ փուլում՝ Cerospora musae): Առաջինը ֆիքսվել է 1902 թվականին Ինդոնեզիայում՝ Ճավա կղզում։ Անվանումն ստացել է Ֆիջի կղզու վրա գտնվող Սինգատոկա հովտից, որտեղ հիվանդությունն ի հայտ է եկել 1913 թվականին։ Ավելի ուշ սունկը հայտնվեց նաև Լատինական Ամերիկայում, որտեղ մեծ վնաս հասցրեց տեղի բանանի պլանտացիաներին։ Վարակման դեպքում այն սկզբում դեղնաշագանակագույն ցաներ է առաջացնում տերևների վրա, որոնք հետո ավելի են մեծանում իրենց չափսերով ու ստանում մուգ մանուշակագույն երանգ։ Վարակված բույսի պտուղները դառնում են թթու։ Հիվանդությունը բարեհաջող բուժվում է սնկասպանների միջոցով։

Սև սիգատոկա, սովորական սիգատոկայի համեմատ՝ ավելի լուրջ հիվանդություն, առաջանում է Mycosphaerella fifiensis var. difformis սնկի միջոցով։ Վատ է բուժվում, նոր սնկասպանների դեմ ստեղծում է դիմադրողականություն և սպառնում է ամբողջովին ոչնչացնելու աճեցված բոլոր բանանները[44]։ Հիվանդությունը հայտնաբերվել է Հոնդուրասում 1969 թվականին, ինչից հետո արագ տարածում գտավ Լատինական Ամերիկայի այլ պետություններում, իսկ 1973 թվականին ընդգրկեց Պոլինեզիան, Հավայան կղզիները, Մալազիան և Թայվանը[3]։ Այժմ գիտնականները փորձում են գտնել նոր հակասնկային միջոցներ կամ աճեցնել նոր տեսակներ, որոնք կայուն կլինեն այս հիվանդության նկատմամբ։

Հիվանդություն մոկո կամ մանրէական թոշնում, ի հայտ է գալիս Pseudomonas solanacearum մանրէներից։ Վարակում է նաև այլ մշակաբույսեր՝ սմբուկը, պղպեղը, լոլիկը և ծխախոտը[47]։ Առաջացնում է բույսի հյուսվածքների քայքայում։ Մոկո հիվանդությունը հիմնականում տարածված է արևմտյան կիսագնդում, որը որոշ ժամանակ առաջ տնտեսական մեծ վնաս կրեց։

Վնասատուներ խմբագրել

Վնասատուների մեջ բանանի համար առավել վտանգավոր են կլոր որդերը կամ նեմատոդները (Nematodes). հողի մեջ ապրող այս մակաբույծները ներթափանցում են բույսերի արմատների մեջ, ինչի միջոցով նպաստում են դրանցում Fusarium oxysporum սնկի առաջացմանը և հետագա փտմանը։ Պլանտացիաներին ավելի մեծ վնաս են բերում նեմատոդի հետևյալ ձևերը՝ Pratylenchus coffaea, Meliodogyne incognita, Scutellonema brachyurum, Helicotylenchus multicinctus, Helicotylenchus nannus, Radopholus similis[3]:

Բանանին վնասող և հաճախ հանդիպող հաջորդ վնասատուն սև երկարաճիթ բզեզն (Cosmopolites sordidus) է. այս բզեզը կրծում է բույսերի ցողունը և դրա միջոցով իր համար թունել է բացում դեպի վեր։

Բանանն արվեստում խմբագրել

 
Պարուհի Ժոզեֆինա Բեյքերը հագնված է բանանային պարի համար (Danse banane), Փարիզ, 1927 թվական:

Բանանը մեծ տարածում գտավ արվեստում։ XX դարի սկզբում բանանը հասարակության կողմից ընդունվում էր որպես արևադարձային երկրներից բերված էկզոտիկ միրգ, ուր բնիկները գործնականում գնում են բոկոտն։ Ամերիկացի մուլատ պարուհի Ժոզեֆինա Բեյքերը (անգլ.՝ Josephine Baker), նվագակցելով այդպիսի տրամադրությանը, հանդես եկավ բանանից պատրաստված կոստյումով, ինչի արդյունքում դարձավ Ֆրանսիայի ամենահայտնի արտիստներից մեկը[48]։

The Velvet Underground ռոք խմբի դեբյուտային ալբոմի կազմի վրա պատկերված էր հասած, դեղին բանան։ Այդ նկարը, որն արել էր Էնդի Ուորհոլը, համարվում է ամենահայտնի և ճանաչելի ալբոմի կազմերից մեկն աշխարհում[49]։

Դիփ Փարփլ (Deep Purple) խմբի ստուդիական 17-րդ ալբոմը կոչվում է «Bananas»[50]:

Բանանը հաճախ կիրառվում է կինեմատոգրաֆիայում և մուլտիպլիկացիայում։ Մուլտֆիլմերում տարածված է այն տեսարանը, որտեղ հերոսը սայթաքում է բանանի կեղևի վրա։ Գեղարվեստական ֆիլմերի կատակերգական տեսարաններում հաճախ կիրառվում է որպես ֆալլոս (օրինակ՝ Վուդի Ալենի «Աստղ (հռչակավոր մարդ)» ֆիլմում)։

Փաստեր խմբագրել

  • «Բանան» բառի արտասանությունը ժամանակակից եվրոպական լեզուներում ամենայն հավանականությամբ փոխառնված է պորտուգալացիներից կամ իսպանացիներից 1590-1600-ական թվականներին՝ արևմտաաֆրիկյան վոլոֆ, մանդինկա («banana») կամ վաի («bana»)[51] լեզուներից։
  • Սահմանադրության ընդունման 2005 թվականի Քենիական հանրաքվեի կողմնակիցները որպես իրենց խորհրդանիշ օգտագործում էին բանանը, իսկ հակառակորդները՝ նարինջը[52]։
  • Բաշավոր գայլ, գիշատիչ կաթնասունների շնազգիների ընտանիք, որն ուտում է բանան[53]։
  • 1930-ական թվականներին Նացիստական Գերմանիայում բանանը հայտարարվեց «ոչ հայրենասիրական» միրգ (դրա գնման համար անհրաժեշտ արժեքը այլ նպատակով էր օգտագործվում)։ Այս կազմակերպության շրջանակներում գերմանացի բժիշկները հանդես եկան բանանի «վտանգավորության մասին նախազգուշացմամբ»՝ իբր թե բանանի օգտագործումը բերում է ստամոքսի անանցանելիության։ Մրգի խանութների կարգադրիչները պետք է պաստառներ փակցեին՝ այսպիսի նշագրումով. «Իսկական հայրենասերն ուտում է միայն գերմանական խնձորներ»[54][55]։
  • Բանանի նմանությամբ, հացի ծառի անհաս պտուղներն օգտագործվում են որպես բանջարեղեն, իսկ հասած, ավելի քաղցր պտուղները՝ որպես միրգ։
  • Հյուսիսային բևեռային շրջանի մոտ տեղակայված Իսլանդիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զբաղվում են բանանի աճեցմամբ։
  • Չինաստանում արգելված է ուղիղ հեռարձակմամբ «գայթակղիչ կերպով բանան ուտելը»[56]։
  • Բանանը, ինչպես և շատ այլ մթերքներ (կարտոֆիլը, ընդեղենը, արևածաղկի սերմը, ընկույզը) ունեն ռադիոակտիվության միջինից բարձր մակարդակ՝ բարձրացած կալիում-40-ի պատճառով։ Որպես ճաշատեսակ պատրաստված բանանը չի բարձրացնում օրգանիզմի ճառագայթման մակարդակը, քանի որ բանանից ստացված ավելցուկային կալիումը նյութափոխանակության ընթացքում օրգանիզմից դուրս է հանում համարժեք իզոտոպ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.aprifel.com/fr/fiche-nutritionnelle/banane/
  2. https://www.fellah-trade.com/fr/filiere-vegetale/fiches-techniques/bananier
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Morton, Julia F. Fruits of Warm Climates. — Florida Flair Books, 1987. — P. 29–46. — 505 p. — ISBN 978-0961018412
  4. 4,0 4,1 Grattan. F. J. H. An Introduction to Samoan Custom. — Apia, Western Samoa: Samoa Printing & Publishing, 1948. — P. 69.
  5. «Fruit Identification Outline». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 Банан // Ангола — Барзас. — М. : Советская энциклопедия, 1970. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 2).
  7. 7,0 7,1 7,2 «Musa species (banana and plantain)» (PDF). Species Profiles for Pacific Island Agroforestry. traditionaltree.org. 2006. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. 8,0 8,1 данные FAO, 2005 год
  9. 9,0 9,1 9,2 9,3 Pillay, Michael (Editor); Tenkouano, Abdou (Editor) Banana Breeding: Progress and Challenges. — CRC Press, 2011. — P. 24—26. — 383 p. — ISBN 1439800170
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Bananas and plantains (Musa spp.)». Hands with yellow fingers. Mildred E. Mathias Botanical Garden. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  11. Вавилов, Н. И. Ботанико-географические основы селекции. — М. — Л.: Государственное издательство совхозной и колхозной литературы, 1935.
  12. Петунин, О. В. «Селекция и биотехнология». Интересные факты из жизни растений. bio.1september.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  13. Buck, William Mahabharata. — Motilal Banarsidass, 2000. — P. 159. — 430 p. — ISBN 8120817192
  14. Uberoi, Meera Mahabharata. — Ratna Sagar, 1996. — P. 422. — 472 p. — ISBN 8170702313
  15. Buck, William Ramayana. — Motilal Banarsidass, 2000. — P. 88. — 432 p. — ISBN 8120817206
  16. Thurlow, Clifford The Amazingly Simple Banana Diet. — Alma House, 1995. — 96 с. — P. 7. — ISBN 1899830006
  17. Reynolds, Philip Keep Earliest Evidence of Banana Culture. — American Oriental Society, 1951. — P. 9. — 28 p.
  18. 18,0 18,1 Heldstab, Celeste Rayne The Kitchen Grimoire. — 2002. — Т. 4. — P. 195. — 600 p. — ISBN 097747223X
  19. Roche, Julian The International Banana Trade. — Woodhead Publishing Limited, 1998. — P. 27. — 271 p. — ISBN 1855734052
  20. Gewertz, Ken (2007 թ․ նոյեմբերի 1). «Taxonomist Carl Linnaeus on show at HMNH». Гарвардский университет. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  21. «Linnaeus grows bananas and comes up with a "modern" thermometer». Uppsala Universitet, Sweden. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  22. Близко европейцы познакомились с бананом только после выхода в свет в 1592 в Венеции иллюстрированной книги Просперо Альпини De Plantis Aegypti liber (Venezia, F. de Franceschi di Siena, 1592).
  23. Педро Сьеса де Леон. (2008 թ․ հուլիսի 24). «Хроника Перу. Часть Первая». www.kuprienko.info (А. Скромницкий). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  24. Леонов Н.С. Очерки новой и новейшей истории стран Центральной Америки. — М.: Мысль, 1975. — С. 165—166.
  25. 25,0 25,1 «The Origin of Bananas». Complete Guide to Bananas. banana.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  26. Meiser, G.Gaelen. «Musa "Banana"». texasriviera.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  27. «Food Lover's Companion information about banana». Barron’s Educational Series, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  28. 28,0 28,1 «Market». ЮНКТАД. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  29. «plantain». Dictionary.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  30. Шипунов, А. Б. (2004). «Класс Однодольные. Банан» (PDF). Moscow State University Botanical Server. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  31. «Dwarf Banana Musa acuminata 'Dwarf Cavendish'». davesgarden.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  32. «How to Grow Bananas». Complete Guide to Bananas. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  33. Rosengarten, David It's All American Food: The Best Recipes for More than 400 New American Classics. — Little, Brown and Company, 2005. — P. 142. — 512 p. — ISBN 978-0316159203
  34. «Maduros (plantain)». food.com. 2004. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  35. Bewer, Tim; Carillet, Jean-Bernard; Clammer, Paul; Filou, Emilie West Africa (Multi Country Travel Guide). — Lonely Planet, 2009. — P. 264—265. — 904 p. — ISBN 978-1741048216
  36. «Aloco». The Congo Cookbook (African recipes). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  37. Facts and Comparisons Patient Information on Conditions, Herbs & Supplements: Quick Access. — Lippincott Williams & Wilkins, 1999. — P. 101. — 266 p. — ISBN 978-0967077284
  38. «The amazing banana». scionofzion.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  39. 39,0 39,1 39,2 Morton, J. «Banana». hort.purdue.edu. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  40. Банан // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.(Ստուգված է 7 Ապրիլի 2014)
  41. Priya, Amrita. Indian Cuisine. — Orchard Academy Press, 2005. — 200 с. — ISBN 1590921070
  42. Юлия Рудый (16 марта 2011). «Бразильцы предложили очищать воду банановой кожурой» (ռուսերեն). Membrana. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
  43. Бананы вымирают?. — Наука и жизнь, 2006. — № 4.
  44. 44,0 44,1 «Бананы могут исчезнуть». Технологии. Би-би-си. 2003 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  45. 45,0 45,1 Koeppel, Dan (2005 թ․ հունիսի 19). «Can This Fruit Be Saved?». popsci.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  46. «Борьба за конкурентоспособность». Government Information Office, Republic of China (Taiwan). Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  47. Momol, Tim; Pradhanang, Prakash; Lopes, Carlos A. «Bacterial Wilt of Pepper». University of Florida. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  48. «Biography». Официальный сайт Жозефин Бейкер. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  49. Wolf, Reva Andy Warhol, Poetry, and Gossip in the 1960s. — University Of Chicago Press, 1997. — 226 p. — ISBN 978-0226904931
  50. «Bananas». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
  51. «Banana». Dictionary.com Unabridged. Random House, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  52. «Q&A: Kenya referendum». BBC News. 2005 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  53. Consorte-McCrea, Adriana G. The Maned Wolf in Captivity // Canid news. — 1994. — Т. 2. Архивировано из первоисточника 2007 թ․ մարտի 28.
  54. Guenther, Irene Nazi 'Chic'?: Fashioning Women in the Third Reich (Dress, Body, Culture). — Berg Publishers, 2004. — P. 97. — 320 p. — ISBN 978-1859737170
  55. «История бананов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  56. «В Китае запретили стримить поедание бананов». geektimes.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 270